Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1901-10.12.2003-ՍԱ,ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայրենական Մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 02-ի N ՀՕ-267 օրենքի 4 հոդվածը շարադրել հետեւյալ խմագրությամբ.

«Հոդված 4. Վետերանների սոցիալական պաշտպանվածության իրավունքը

Վետերանների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

Վետերաններին առողջարանի կամ հանգստյան տան ուղեգիր ձեռք բերելու, բնակարանի վարձակալության դիմաց, կոմունալ վճարումները (գազ, ջերմամատակարարում, ջրամատակարարում, ջրահեռացում, աղբահանություն, հեռախոսի վարձ, էլեկտրաէներգիա) վճարելու, ինչպես նաեւ տրանսպորտից օգտվելու համար տրվում է դրամական օգնություն ամսական 2000 դրամի, իսկ հաշմանդամ վետերաններին՝ 3500 դրամի չափով: Վետերաններն իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն եւ բժշկական սպասարկում, իսկ հաշմանդամ վետերանները՝ ստանալ անվճար պրոթեզա-օրթոպեդիկ օգնություն եւ վերականգնողական պարագաներ:

Վետերանն ստանում է 4500 դրամ ամենամսյա պատվովճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Պատվովճարի գումարը հարկման ենթակա չէ եւ չի հաշվառվում վետերանների կամ նրանց ընտանիքների սոցիալական կարիքավորության աստիճանը որոշելիս:

Սույն հոդվածով սահմանված արտոնությունների իրականացման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի մեկից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 


 


«Հայրենական Մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում օրենքով առանձին խմբերի քաղաքացիների համար նախատեսված անվճար եւ զեղչ սակագներով ծառայություններից օգտվելու արտոնությունները փոխարինել դրամական օգնության տրամադրելով:

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ-փաստաթղթերի տեսչության բաժնի պետ Ա. Մնացականյանի կողմից: