Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10641-11.01.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 233-րդ հոդվածի երկրորդ նախադասությունում «եւ պահպանելու համար` գրավառուի կատարած եւ բռնագանձելու հետ կապված ծախսերի հատուցումը» բառերը փոխարինել «, պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու եւ իրացնելու համար գրավառուի կատարած կամ կատարվելիք ծախսերի` ներառյալ գրավի առարկան իրացնելու հետ կապված հարկերի գումարների հատուցումը, որոնք գրավառուն պարտավոր է վճարել որպես գրավատուի հարկային գործակալ» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 251-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`

«Հոդված 251. Գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարը բաշխելը

1. Գրավ դրված գույքի իրացունից ստացված գումարից կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած  գույքի արժեքից` այդ գույքի վրա բռնագանձում տարածելու եւ իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո բավարարվում են գրավառուի գրավով ապահովված պահանջները, իսկ մնացած գումարը տրվում է գրավատուին: Գրավառուի` գրավով չապահովված պահանջները սույն կետով նախատեսված գումարից (արժեքից) բավարարվում են սույն օրենսգրքով եւ օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

2. Եթե գրավ դրված գույքն իրացնելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած  գույքի արժեքը բավարար չէ գրավառուի պահանջները բավարարելու համար, նա իրավունք ունի պակաս գումարն ստանալ պարտապանի այլ գույքից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Ընդ որում, այդ գույքի նկատմամբ գրավառուն չի օգտվում գրավի վրա հիմնված նախապատվության իրավունքից:

3. Այն դեպքում, երբ քաղաքացուն պատկանող գրավ դրված գույքն ի սեփականություն անցել է գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը), գրավ դրված գույքը, սույն հոդվածի իմաստով, համարվում է իրացված`

1) բանկի (վարկային կազմակերպության) կողմից այդ գույքի հետագա օտարման օրը` օտարման գնով, եթե նման օտարումը տեղի է ունեցել գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, ընդ որում, եթե գույքն օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա գույքը համարվում է իրացված օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնով, կամ

2) գույքն ի սեփականություն վերցնելուն հաջորդող վեցամսյա ժամկետի վերջին օրը` այդ օրվա դրությամբ գույքի շուկայական գնով, եթե այդ վեցամսյա ժամկետում գույքը չի օտարվել, ընդ որում, բանկը (վարկային կազմակերպությունը) պարտավոր է իր հաշվին ապահովել գույքի շուկայական գնի որոշումն անկախ գնահատողի կողմից:

4. Բանկը (վարկային կազմակերպությունը) եւ քաղաքացի գրավատուն կարող են համաձայնվել, որպեսզի սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված գրավ դրված գույքը, սույն հոդվածի իմաստով, իրացված համարվի այն բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու օրը` այդ օրվա դրությամբ անկախ գնահատողի կողմից որոշված շուկայական գնով: Սույն կետով նախատեսված համաձայնությունը կնքվում է գրավոր ձեւով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  Սույն օրենքը տարածվում է միայն այն գույքի հետ կապված հարաբերությունների վրա, որը գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը) սեփականության իրավունքով անցել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման

««Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի նպատակն է լուծել գրավի առարկա գույքի բռնագանձման ժամանակ առաջացող հարկային խնդիրները, որոնք բազմիցս բարձրացվել են ինչպես ՀՀ վարչապետի մոտ կայացած մշտապես գործող ֆինանսատնտեսական կոմիտեի նիստում, այնպես էլ շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկումների ժամանակ: Խոսքը մասնավորապես վերաբերում է այն հանգամանքին, որ թեեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում գրավի առարկայի արտադատական կարգով բռնագանձման վերաբերյալ դրույթների ներմուծմանը, որն ուղղված էր գրավի ինստիտուտի զարգացմանը, այսօր ՀՀ-ում գործող բանկերը կանգնած են մեծ խնդիրների առջեւ, ինչը մեծապես արժեզրկում է արտադատական իրացման ընթացակարգերի կիրառման գրավչությունը: Այդ խնդիրները կապված են այն հանգամանքի հետ, որ գրավի առարկայի արտադատական իրացման` բանկերի համար առավել ձեռնտու եղանակը` գույքը բանկին ի սեփականություն վերցնելը` հետագա իրացման նպատակով, գործող հարկային օրենսդրության շրջանակներում դիտվում է իբրեւ գրավատուի կողմից այդ գույքի իրացում, որն առաջացնում է եկամտահարկի վճարման պարտավորություն: Նման հանգամանքն անհավասար դրություն է ստեղծում իրացման այլ եղանակների հետ, որոնց դեպքում ֆիզիկական անձանց պատկանող գույքի իրացումը այլ ֆիզիկական անձի (առանց բանկի միջնորդության, քանի որ բանկն այստեղ հանդես է գալիս լոկ որպես միջնորդ` առանց գույքի ձեռքբերման նպատակի) չի առաջացնում եկամտահարկի վճարման պարտավորություն: Մինչդեռ այստեղ բանկը, հանդես գալով իբրեւ հարկային գործակալ, ստիպված է լինում իր միջոցների հաշվին վճարել եկամտահարկը, քանի որ գրավի առարկայի հետագա իրացումը թույլ չի տալիս ծածկել ինչպես գրավով ապահովված պարտավորությունը, այնպես էլ վերոհիշյալ հարկի գումարը: Ստացվում է, որ գրավը չի իրականացնում իր նախնական կոչումը, այն է` ապահովված պահանջի առաջնահերթ բավարարումը: