Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 233-րդ հոդվածի երկրորդ նախադասությունում «եւ պահպանելու համար` գրավառուի կատարած եւ բռնագանձելու հետ կապված ծախսերի հատուցումը» բառերը փոխարինել «, պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու եւ իրացնելու համար գրավառուի կատարած կամ կատարվելիք ծախսերի` ներառյալ գրավի առարկան իրացնելու հետ կապված հարկերի գումարների հատուցումը, որոնք գրավառուն պարտավոր է վճարել որպես գրավատուի հարկային գործակալ» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 251-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`
«Հոդված 251. Գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարը բաշխելը
1. Գրավ դրված գույքի իրացունից ստացված գումարից կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքից` այդ գույքի վրա բռնագանձում տարածելու եւ իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո բավարարվում են գրավառուի գրավով ապահովված պահանջները, իսկ մնացած գումարը տրվում է գրավատուին: Գրավառուի` գրավով չապահովված պահանջները սույն կետով նախատեսված գումարից (արժեքից) բավարարվում են սույն օրենսգրքով եւ օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
2. Եթե գրավ դրված գույքն իրացնելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքը բավարար չէ գրավառուի պահանջները բավարարելու համար, նա իրավունք ունի պակաս գումարն ստանալ պարտապանի այլ գույքից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Ընդ որում, այդ գույքի նկատմամբ գրավառուն չի օգտվում գրավի վրա հիմնված նախապատվության իրավունքից:
3. Այն դեպքում, երբ քաղաքացուն պատկանող գրավ դրված գույքն ի սեփականություն անցել է գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը), գրավ դրված գույքը, սույն հոդվածի իմաստով, համարվում է իրացված`
1) բանկի (վարկային կազմակերպության) կողմից այդ գույքի հետագա օտարման օրը` օտարման գնով, եթե նման օտարումը տեղի է ունեցել գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, ընդ որում, եթե գույքն օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա գույքը համարվում է իրացված օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնով, կամ
2) գույքն ի սեփականություն վերցնելուն հաջորդող վեցամսյա ժամկետի վերջին օրը` այդ օրվա դրությամբ գույքի շուկայական գնով, եթե այդ վեցամսյա ժամկետում գույքը չի օտարվել, ընդ որում, բանկը (վարկային կազմակերպությունը) պարտավոր է իր հաշվին ապահովել գույքի շուկայական գնի որոշումն անկախ գնահատողի կողմից:
4. Բանկը (վարկային կազմակերպությունը) եւ քաղաքացի գրավատուն կարող են համաձայնվել, որպեսզի սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված գրավ դրված գույքը, սույն հոդվածի իմաստով, իրացված համարվի այն բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու օրը` այդ օրվա դրությամբ անկախ գնահատողի կողմից որոշված շուկայական գնով: Սույն կետով նախատեսված համաձայնությունը կնքվում է գրավոր ձեւով:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքը տարածվում է միայն այն գույքի հետ կապված հարաբերությունների վրա, որը գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը) սեփականության իրավունքով անցել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո: