Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1065-11.01.2011-ԱՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության`1996 թվականի մայիսի 29-ի թիվ ՀՕ-61 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ բաժնի 9-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ, ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ԵՎ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ (ՎԻԶԱՆԵՐ) ՏԱԼՈՒ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ»

Հոդված 2. Օրենքը լրացնել 37.1 հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 37.1. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց եւ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող քաղաքացիություն չունեցող անձանց տալիս է Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականներ:

Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականի նկարագիրը եւ տրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը.

Մարդու` իր սեփական երկիր վերադառնալու իրավունքը միջազգայնորեն ճանաչված եւ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներից է:

ՀՀ սահմանադրության 25-րդ հոդվածի համաձայն, յուրաքանչյուր քաղաքացի եւ Հայաuտանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաuտանի Հանրապետություն վերադառնալու իրավունք:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր մարդ իրավունք ունի վերադառնալ իր երկիրը:  Իրավաբանորեն պարտադիր «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի» 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր սեփական երկիրը մուտք գործելու իրավունքից, իսկ Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիայի 4-րդ արձանագրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ոչ ոք չի կարող զրկվել  այն պետության տարածք մուտք գործեու իրավունքից, որի քաղաքացին է:

Վերադարձի վկայականը միջազգային պրակտիկայում հայտնի` միակողմանի (միայն սեփական երկիր վերադառնալու համար) ճամփորդական փաստաթուղթ է, որն ապահովում է անձի` իր երկիր վերադառնալու իրավունքի իրացումը: Այն տրամադրվում է այն դեպքում, երբ անձը, անձնագիրը կամ ճամփորդական փաստաթուղթը կորցնելու, ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով, այլ հնարավորություն չունի շտապ վերադառնալ իր երկիրը:

Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ վերադարձի վկայականը հիշատակվում է միայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, որը բնականաբար, բավարար չէ վերադարձի վկայականի տրամադրման հետ կապված հարցերը պատշաճ կարգավորելու համար:

Օրենքի նախագծի ընդունումն նպատակ ունի լրացնել օրենսդրական բացը, ստեղծել վերադարձի վկայականների տրամադրման համար կայուն իրավական հիմք:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հուլիսի 27-ի թիվ 595-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական որոշ ծառայությունների մատուցման ընթացակարգերի հստակեցման միջոցառումների ցանկի» համաձայն նախատեսվում է մշակել վերադարձի վկայականների տրման կարգը, որը հնարավոր է վերադարձի վկայականի տրամադրումն, օրենքով ամրագրելու միջոցով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Պրակտիկայում, որն ամրագրված է ՀՀ ԱԳՆ շրջաբերական ցուցումներով, անխափան կերպով ապահովվում է անձի` Հայաստան վերադառնալու իրավունքի իրացումը:  Համապատասխան օրենսդրական կարգավորումը կնպաստի վերադարձի վկայականի տրամադրման գործընթացի հստակ կազմակերպմանը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ լինելով մարդու իրավունքներն հարգելու եւ պաշտպանելու իր պարտավորություններին, օտարերկրյա պետություններում իր դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով տրամադրում է ՀՀ վերադարձի վկայականներ ՀՀ քաղաքացիներին եւ ՀՀ-ում բնակվելու իրավունք ունեցող այլ անձանց` փախստականներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց: Վերադարձի վկայականը, որպես  միակողմանի ճամփորդական փաստաթուղթ, տրամադրվում է այդ անձանց անձնագիրը կամ ճամփորդական փաստաթուղթը կորցնելու, ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքում, եթե անձը պետք է շտապ վերադառնա Հայաստան:

Վերադարձի վկայականի տրամադրումը նախատեսված է նաեւ Հայաստանի Հանրապետության ընդունման (ռեադմիսիայի) վերաբերյալ միջազգային պայմանագրերով, եւ տրամադրվում է օտարերկրյա պետությունից Հայաստան վերադարձվող, սակայն վավեր անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ չունեցող անձանց:

Առաջարկվող նախագծով այդ քաղաքականության մեջ փոփոխություն չի կատարվում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Ինչպես նշվել է վերեւում, այն նպատակ ունի լրացնել օրենսդրական բացը, ստեղծել վերադարձի վկայականների տրամադրման համար իրավական հիմք եւ օրինականացնել գործող պրակտիկան:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական եւ իրավաբանական վարչությունների կողմից:

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կստեղծվի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մարմինների կողմից ՀՀ վերադարձի վկայականների տրամադրման իրավական հիմքը, որը թույլ կտա մշակել ոլորտը կարգավորող այլ օրենսդրական ակտեր: