ՀՈԴՎԱԾ 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի նոյեմբերի 1-ի ՀՕ-121 oրենքի (այuուհետ` oրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«ՀՈԴՎԱԾ 1. ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Մթնոլորտային օդի պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկան է` մթնոլորտային օդի մաքրության ապահովումը, մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների նվազեցումն ու կանխումը, այդ բնագավառում հասարակական հարաբերությունների կարգավորումը:
Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդի պահպանության հարցերը կարգավորվում են սույն օրենքով, Հայատանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով:»
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. մթնոլորտ` երկիր մոլորակը շրջապատող գազային թաղանթ, որի ստորին սահմանը շփվում է երկրի ջրային եւ ցամաքային մակերեսին եւ տարածվում մինչեւ մերձերկրային տիեզերական տարածություն,
2. մթնոլորտային օդ` մթնոլորտը կազմող գազերի բնական խառնուրդ, գտնվում է շենքերից եւ սենքերից դուրս,
3. վնասակար ներգործություն` մթնոլորտային օդի վրա վնասակար նյութերի արտանետումների եւ վնասակար ֆիզիկական ներգործությունների ազդեցություն,
4. վնասակար նյութ` նյութ, որը հայտնվելով մթնոլորտում որոշակի պայմաններում եւ քանակներով կարող է առաջացնել մթնոլորտի բնական հատկությունների եւ բաղադրության շեղումներ,
5. աղտոտող նյութ` քիմիական նյութ գազային վիճակում կամ պինդ մասնիկներ (փոշի) կամ աէրոզոլի, որը, հայտնվելով մթնոլորտային օդում, կարող է որոշակի կոնցենտրացիաների դեպքում անմիջական վնասակար ազդեցություն ունենալ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա,
6. մթնոլորտային օդի աղտոտում` մթնոլորտային օդ թափանցած կամ այնտեղ առաջացած աղտոտող նյութեր, որոնք հանգեցնում են մթնոլորտային օդում այդ նյութերի բնական մակարդակի գերազանցում:
7. մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործություն մթնոլորտային օդի վրա` մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի ջերմային, ճառագայթային, եղանակային, կլիմայական եւ մթնոլորտի այլ ֆիզիկական բնական հատկությունների փոփոխությանը հանգեցնող աղմուկ, վիբրացիա, իոնիզացնող եւ այլ բարձր հաճախականության ճառագայթում
8. օդերեւութաբանական անբարենպաստ պայմաններ` օդերեւութաբանական պայմաններ, որոնք նպաստում են վնասակար նյութերի կուտակմանը մթնոլորտի գետնամերձ շերտում,
9. արտանետման աղբյուր` օբյեկտ կամ սարքավորում, որից անջատվում է աղտոտող նյութը եւ թափանցում (արտանետվում) մթնոլորտ,
10. արտանետումներ մթնոլորտ` արտանետման աղբյուրներից մթնոլորտ արտանետվող նյութեր,
11. արտանետման անշարժ աղբյուր` որոշակի տարածքում ամրակայված անփոփոխ տարածական դիրքով կազմակերպված եւ անկազմակերպ արտանետման աղբյուր,
12. արտանետման շարժական աղբյուր` տարածական տեղադիրքը փոփոխող արտանետման աղբյուր,
13. մթնոլորտային օդի մոնիթորինգ (կամ դիտանց)` մթնոլորտային օդի վիճակի , նրա բաղադրության եւ նրանում կատարվող բնական երեւույթների, ինչպես նաեւ մթնոլորտային օդի աղտոտվածության, մթնոլորտի վրա ֆիզիկական ներգործությունների դիտարկման, գնահատման եւ ուսումնասիրության գործընթաց,
14. մթնոլորտային օդն ազտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիա (խտություն)` մթնոլորտային օդում աղտոտող առանձին նյութի այն առավելագույն կոնցենտրացիան, որը չգերազանցելու դեպքում այդ նյութը ուղղակիորեն կամ միջնորդավոր ձեւով ներգործելիս բացասական ազդեցություն չի գործում մարդու առողջության եւ բնական ու մարդածին շրջակա միջավայրի վրա սույն օրենքի իմաստով,
15. սահմանային թույլատրելի արտանետում` թույլատրելի արտանետման քանակություն, որի դեպքում աղտոտման աղբյուրից կամ աղբյուրների խմբից արտանետվող աղտոտող նյութի արտանետման հետեւանքով ձեւավորված գետնամերձ կոնցենտրացիան չի գերազանցում տվյալ նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան,
16. մթնոլորտի վրա սահմանային թույլատրելի վնասակար ներգործություն` այնպիսի վնասակար ներգործություն, որը չի հանգեցնում մթնոլորտի վրա ֆիզիկական վնասակար ներգործության սահմանային թույլատրելի մակարդակի գերազանցմանը
17. մթնոլորտի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակ` մթնոլորտի վրա վնասակար ֆիզիկական ներգործության այն առավելագույն աստիճան, որը չգերազանցելու դեպքում այդ ներգործությունը բացասական ազդեցություն չի գործում մարդու առողջության եւ բնական միջավայրի վրա
18. լավագույն հասանելի տեխնոլոգիա`գիտատեխնիկական ժամանակակից նվաճումների վրա հիմնված արտադրական տեխնոլոգիական լուծումներ, գործընթացներ եւ ռեժիմներ, որոնք հաստատել են իրենց գործնական կիրառելիությունը եւ որոնց կիրառումը նպաստում է բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը եւ շրջակա միջավայրի վրա (մթնոլորտ, ջրային օբյեկտներ, հողային ծածկույթ, կենսոլորտ) վնասակար ներգործության նվազեցմանը,
19.մթնոլորտի եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործություն` մթնոլորտի բնական վիճակի, եղանակի, նրանում ընթացող պրոցեսների բնական ընթացքը փոփոխելու նպատակով իրականացվող արհեստական ներգործության, որը կատարվում է համապատասխան համակարգերի, կայանքների, սարքերի, քիմիական ռեագենտների եւ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ:
20. օդի պահանջվող օգտագործում` մաքուր օդի այն ծավալը, որը անհրաժեշտ է աղտոտող նյութերի արտանետումները մինչեւ սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների մակարդակը նոսրացնելու համար,
21. աղտոտման աղբյուրների խումբ` որոշակի տարածքում տեղաբաշխված 1-ից ավելի անշարժ աղբյուրներ, որոնցից արտանետվող վնասակար նյութերի վերադրման հետեւանքով մթնոլորտի գետնամերձ շերտում ձեւավորվում է միասնական աղտոտում
22. շրջակա բնական միջավայր` տվյալ տարածքի` բնական ծագում ունեցող արոտավայրեր, խոտհարքեր, անտառներ, արգելոցներ, հատուկ պահպանվող տարածքների արգելոցային գոտիներ, բնության հուշարձաններ, բնական ջրային օբյեկտներ, վայրի բնության կենդանիներ ու բուսականություն, բնական հողածածկույթ,
23. շրջակա մարդածին միջավայր` տվյալ տարածքի ստեղծված կառույցներ, առանձին շինություններ ու պատմամշակութային հուշարձաններ, այգիներ, անտառտնկարկներ, անտառպուրակներ, բուսաբանական այգիներ, արհեստական լճակներ:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 5-րդ հոդվածից հանել
«- մթնոլորտային օդի վիճակի դիտանցի (մոնիթորինգ) կազմակերպումը,
- մթնոլորտային օդի պահպանության կարգի սահմանումը,
- մթնոլորտային օդի աղտոտման համար վարձի սահմանումը» բառերը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակության 5.1-5.2 հոդվածներով
ՀՈԴՎԱԾ 5.1 ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
«Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազորված մարմինների իրավասություններն են.
-մթնոլորտային օդի պահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության մշակումը,
-մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
-արտանետումներ կատարելու հայտ ներկայացրած կազմակերպություններին մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակների տրամադրումը,
-մթնոլորտային օդի պահպանության նորմատիվամեթոդաական փաստաթղթերի ձեւավորումը
-մթնոլորտային օդն աղտոտող նյութերի եւ արտանետումների պետական հաշվառումը,
-մթնոլորտային օդի վիճակի մոնիթորինգի (դիտանցի) կազմակերպումը եւ վարումը,
-իր իրավասությունների սահմաններում միջազգային համագործակցության իրականացումը,
-օրենքով սահմանված այլ լիազորությունների իրականացումը:
ՀՈԴՎԱԾ 5.2 ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում տարածքային կառավարման մարմինների իրավասություններն են.
-մարզերի բնապահպանական ծրագրերում մթնոլորտային օդի պահպանության բաղադրիչի մշակումը, ներառումը եւ իրականացման ապահովումը,
-մարզերի ազդակիր համայնքներում միջհամայնքային համագործակցության կազմակերպումը,
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
« ՀՈԴՎԱԾ 13. ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների եւ սահմանային թույլատրելի ֆիզիկական վնասակար ներգործությունների նորմատիվները սահմանվում են այնպես, որպեսզի, հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի զարգացման հեռանկարները, տվյալ տարածքից ու մյուս բոլոր աղբյուրներից աղտոտող նյութերի արտանետումները եւ ֆիզիկական վնասակար ներգործությունները չհանգեցնեն մթնոլորտային օդում աղտոտվող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների եւ ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների գերազանցմանը:
Սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները սահմանվում են այն արտանետման աղբյուրների կամ դրանց խմբերի համար, որոնց արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշների հիման վրա հաշվարկված օդի պահանջվող օգտագործումը մեկ տարում` գերազանցում է երկու միլիարդ խորանարդ մետր չափանիշը կամ վարկյանում` գերազանցում է երկու հազար խորանարդ մետր չափանիշը:
Արգելվում է մթնոլորտի եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործությունները որոնց համար սահմանված չեն համապատասխան նորմատիվներ:
Մթնոլորտի եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործությունները, իրականացվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով :
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«ՀՈԴՎԱԾ 14. ԱՂՏՈՏՄԱՆ ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Աղտոտման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները ընդունվում կամ մերժվում են լիազորված մարմնի կողմից`ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով` աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների կողմից դիմելու օրվանից 30 օրվա ընթացքում:»
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 15-րդ հոդվածում « աշխատանքը« բառից հետո ավելացնել «հետեւողականորեն բարելավել տեխնոլոգիական պրոցեսները, ներդնելով լավագույն հասանելի տեխնոլոգիաներ» բառերը եւ «(մոնիթորինգ)» բառը հանել:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 16-րդ հոդվածում «իրավունք ունեն» բառերը փոխարինել «օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են » բառերով:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 14-րդ, 16-րդ, 19-րդ, 21-րդ, 30-րդ, 34-րդ, 39-րդ եւ 41-րդ հոդվածներում «հատկապես լիազոր պետական» բառերը փոխարինել «լիազոր» բառով:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
« ՀՈԴՎԱԾ 20. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՅՆՊԻՍԻ ՎԻՃԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ, ՈՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ
Կանխատեսվող օդերեւութաբանական անբարենպաստ պայմաններում, երբ մթնոլորտային օդում սպասվում է աղտոտող նյութերի քանակի մեծացում, կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում են արտանետումների նվազեցման միջոցառումներ:
Եթե օդերեւութաբանական անբարենպաստ պայմաններում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների եւ մթնոլորտային օդի վիճակի վրա այլ վնասակար ներգործությունների անբարենպաստ զուգորդության հետեւանքով առանձին շրջաններում սպառնալիք է առաջանում մարդկանց կյանքի եւ առողջության համար, մթնոլորտային օդն աղտոտող օբյեկտներ ունեցող կազմակերպություննրը եւ շրջակա բնական միջավայրի աղտոտման նկատմամբ հսկողության եւ վերահսկողության ծառայությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են մարդու կյանքի ու առողջության սպառնալիքների վերացմանը նպատակաուղղված ազդարարման ու արձագանքման միջոցառումներ:»
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 40-րդ հոդվածում «իսկ կողմերի անհամաձայնության դեպքում` դատարանը կամ պետական արբիտրաժը» բառերը փոխարիներ «իսկ անհամաձայնեցման դեպքում` դատարանը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 4-րդ, 6-8, 33 եւ 38 հոդվածները ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 14. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է գործող օրենքը, որը ընդունվել է 1994թ., արդիականացնելու, ինչպես նաեւ մթնոլորտի պահպանության բնագավառում Եվրամիության քաղաքականությանը այն մոտեցնելու նպատակով:
1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` Օրենք) ընդունվել է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից 1994 թ.մայիսի 25-ին: Օրենքում ամրագրված որոշ դրույթներ ներկայումս չեն համապատասխանում 1994թ.-ից ի վեր տեղի ունեցած քաղաքական եւ օրենսդրական փոփոխություններին: Մասնավորապես, Օրենքում բացակայում կամ անբավարար են հատկապես լիազորված եւ տարածքային կառավարման պետական մարմինների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակները: Բացակայում է հիմնական հասկացությունների հոդվածը: Կան կրկնություններ եւ իրականացման տեսակետից ոչ հստակ դրույթներ, ինչպես նաեւ դրույթներ, որոնք ներկայումս կարգավորվում են այլ իրավական ակտերով:
1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է վերը նշված թերությունները վերացնելու նպատակով: Մասնավորապես, առաջարկվել են նոր հոդվածներ, որոնք կհստակեցնեն հատկապես լիազորված եւ տարածքային կառավարման պետական մարմինների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասությունները, կբացառեն երկիմաստությունը, կնպաստեն Եվրամիությունում կիրառվող «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» սկզբունքների ներդրմանը Հայաստանում: Առաջարկվել է նաեւ ուժը կորցրած ճանաչել մի շարք հոդվածներ, որոնց դրույթները ներկայումս կարգավորվում են այլ օրենքներով: Կատարվել են խմբագրական փոփոխություններ` այդ թվում նաեւ որոշ հոդվածների դրույթների խմբավորում մեկ հոդվածում: Առաջարկվող փոփոխությունները պարզեցնում եւ միաժամանակ հստակեցնում են Օրենքը:
2.Կարգավորման առարկան
Տվյալ իրավական ակտը կարգավորում է հասարակական հարաբերությունները մթնոլորտի վրա վնասակար ներգործություն ունեցող իրավական եւ ֆիզիկական անձանց ու պետական եւ տարածքային կառավարման մարմինների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ` մթնոլորտի պահպանության կառավարման բնագավառում:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Տվյալ իրավական ակտի ընդունման դեպքում «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքը կդառնա ավելի հստակ, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը: Այնտեղ կամրագրվեն մթնոլորտի պահպանության ժամանակակից գաղափարներին եւ զարգացումներին համահունչ դրույթներ եւ հասկացություններ, ինչպես նաեւ կհստակեցվեն մթնոլորտի պահպանության կառավարման գործընթացում ներգրավված մարմինների լիազորությունները: