Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքում (այսուհետ` Օրենք) կատարել հետեւյալ լրացումները.
1. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի թ) կետում «կնիքը» բառից հետո լրացնել` «եթե իրավաբանական անձը կնիք ունի» բառերով,
2. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի է) կետում «կնիքը» բառից հետո լրացնել` «եթե իրավաբանական անձը կնիք ունի» բառերով,
3. Օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ եւ 4-րդ պարբերությունները «կնիքով» բառից հետո լրացնե`լ «եթե իրավաբանական անձը կնիք ունի» բառերով,
4. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետը «փաստաթուղթ» բառից հետո լրացնել «եթե իրավաբանական անձը կնիք ունի» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Օրենքի նախագծերի փաթեթի մշակումը նպատակ ունի ապահովել ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի թիվ 97-Ն որոշմամբ հավանության արժանացած « Գործարարությամբ զբաղվելը Հայաստանում» բարեփոխումների հուշագրի հիման վրա կազմված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի իրականացումը: Մասնավորապես նշված միջոցառումների ծրագրի 3.10 կետը նախատեսում է կնիքի օգտագործման պարտադիր պահանջի աստիճանաբար վերացում, որի նպատակն է վերլուծել այն իրավական ակտերը, որտեղ սահմանվում է փաստաթուղթը պարտադիր կնքելու պահանջ, ներկայացնել կնիքին փոխարինող անհատականցման այլ մեխանիզմների վերաբերյալ առաջարկ, օրինակ` ստորագրության նմուշների էլեկտրոնային բազայի ստեղծում, որոնք հնարավորություն կտան թե' ժամկետների եւ թե' փաստաթղթաշրջանառության առումով բավականին հեշտացնել մասնավոր հատվածի հարաբերությունները պետական մարմինների հետ: 2009 թվականին ՀՀ կառավրության կողմից հավանության արժանացած մեկ այլ փաթեթի հիման վրա հնարավորություն է ստեղծվել ձեռք բերել էլեկտրոնային թվային ստորագրություններ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ միջազգային չափանիշներին համապատասխանող հավատարմագրման կենտրոններց: Էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառումը ապահովում է փաստաթղթերի բավարար պաշտպանվածության եւ ստորագրողի նույնականացում: Այդ առումով փաստաթղթերի պարտադիր կնքված լինելու պահանջի վերացումը այս փուլում համարում ենք հիմնավորված եւ նպատակահարմար: