Հոդված 1. «Հայկական ատոմային էլեկտրակայան փակ բաժնետիրական ընկերությունը մինչեւ 2003 թվականի հունվարի 1-ը իրականացրած ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում սույն օրենքի ընդունման օրվա դրությամբ հաշվարկված եւ չվճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մարումն իրականացնում է մինչեւ 2009 թվականի հուլիսի 1-ը:
Հոդված 2. Ազատել «Հայկական ատոմային էլեկտրակայան փակ բաժնետիրական ընկերությանը նախորդ տարիների (ներառյալ մինչեւ 2003 թվականի հունվարի 1-ը) ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով սույն օրենքի ընդունման օրվա դրությամբ հաշվարկված եւ չվճարված տույժերից եւ տուգանքներից՝ սույն օրենքի 1-ին հոդվածում նախատեսված վճարումները ժամկետին կատարելու դեպքում:
Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված արտոնությունները չեն տարածվում «Հայկական ատոմային էլեկտրակայան փակ բաժնետիրական ընկերության ապահովագրական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած յուրաքանչյուր աշխատողի համար կատարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վրա:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի -ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ էլեկտրաէներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների (այսուհետ՝ Ընկերություններ) 2003-2007 թվականների ֆինանսական առողջացման ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)՝ հիմնվելով ՀՀ վարչապետի 2002 թվականի մայիսի 7-ի N271 որոշմամբ հաստատված հանձնաժողովի համակարգմամբ մշակված «Հանրային ծառայությունների ոլորտների ինտեգրացված ֆինանսական առողջացման ծրագրի» (ԻՖԱԾ) դրույթների վրա, նպատակաուղղված է համապատասխան միջոցառումներրի իրականացման միջոցով բարելավել Ընկերությունների ֆինանսատնտեսական վիճակը, կառուցվածքային եւ կառավարման մեխանիզմները՝ առաջիկա 3-5 տարիներին ֆինանսական կենսունակության ապահովման նպատակով:
Ծրագրի շրջանակներում մշակված Ընկերությունների 2003-2007թթ ֆինանսական հոսքերի կանխատեսումների համաձայն առկա չեն այն դրական ֆինանսական հոսքերը, որոնց հիման վրա կարող են մարվել «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի մինչեւ 2003 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում կուտակված ավելացված արժեի հարկի եւ շահութահարկի գծով հաշվարկված եւ չվճարված պարտավորությունները (այդ թվում՝ տույժ, տուգանքները), ինչպես նաեւ Ծրագրի շրջանակներում Ընկերությունների միջեւ պարտքերի վերակառուցումների, «ՀՀ 2003 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 20-րդ կետով նախատեսված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումերի ստացման եւ ՀՀ պետբյուջեի նկատամամբ պարտավորությունների մարման մեխանիզմի կիրառման արդյունքում շահութահարկի եւ ավելացված արժեքի հարկի գծով առաջացող պարտավորությունները:
Բացի այդ, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի առաջիկա տարիների ֆինանսական հոսքերը չեն բավարարարում նաեւ մինչեւ 2003 թվականի հունվարի 1-ն իրականացրած գործունեության արդյունքում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով կուտակված պարտավորությունների մարմանը:
Հետեւաբար, Ծրագրով նախատեսված Ընկերություններում ինստիտուցիոնալ բարեփոխումների ներդրման, արդյունավետ գործունեության իրականացման եւ նոր պարտքեր չկուտակելու նպատակով պետության կողմից անհրաժեշտ է Ընկերություններին համապատասխան օրենքներով տրամադել արտոնություններ:
Բացի վերը նշվածից, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հետագա բնականոն ֆինանսատնտեսական գործունեությունը ապահովելու համար` սույն օրենքի նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է ընկերությանը ազատել 2.6 մլրդ դրամի տույժերից:
2002 թվականի հունվարի 1-ից` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի ուժը կորցնելուց հետո (մինչեւ 01.01.2002թ. բնական գազի տեղափոխման եւ բաշխման գործառույթների համար գործում էր ԱԱՀ-ի վճարման «դրամարկղային մեթոդը», համաձայն որի ԱԱՀ-ի վճարման պարտավորության ծագման պահը որոշվում էր մատակարարաված ապրանքների եւ մատուցված ծառայությունների դիմաց վճարման պահով) «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն հայտնվել է մի իրավիճակում, երբ մի կողմից ամբողջությամբ վճարման ենթակա է դառնում ընթացիկ մատակարարվող ապրանքի (բնական գազ) գծով հաշվարկված ԱԱՀ-ն («հաշվեգրման սկզբունք»), եւ միաժամանակ (քանի որ գնորդների կողմից կատարված վճարումներով առաջնահերթ մարվում էր նախորդ պարտքերը) վճարման ենթակա էր դառնում նաեւ ԱԱՀ-ի հետաձգված (24-րդ հոդվածի ուժով) պարտավորությունները: Ըստ էության 2002 թվականի ընթացքում ընկերությունը պարտադրված է եղել հաշվեգրել «կրկնակի» հարկային պարտավորություններ (տես կից տեղեկանքը), այսպես.
2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընկերության ապառքը ԱԱՀ-ի գծով կազմել է 2061.0 մլն դրամ, տույժը 102.0 մլն դրամ, իսկ հետաձգված հարկը` 3675.0 մլն դրամ: 2002 թվականին հետաձգված հարկից վճարման ենթակա է դարձել 2492.0 մլն դրամի պարտավորություն, ընթացիկ մատակարարված բնական գազի դիմաց հաշվեգրվել է եւս 5812.0 մլն դրամ ԱԱՀ-ի պարտավորութուն (ընդամենը 8304.0 մլն դրամ), որոնց դիմաց վճարվել է 7774.0 մլն դրամ: Միաժամանակ 2002թ. ընթացքում հաշվարկվել է 1525.0 մլն դրամի տույժ:
2003 թվականի տասն ամսվա ընթացքում հաշվեգրվել է 5344.0 ապառք, վճարման ենթակա է դարձել 79.0 մլն հետաձգված hարկ, որոնց դիմաց վճարվել է 7528.0 մլն դրամ: Նույն ժամանակահատվածում հաշվարկվել է 973.0 մլն դրամի տույժ: 2003 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ընկերությունը ԱԱՀ-ի գծով ունի հետեւյալ պարտավորությունները` ապառք 500.0 մլն դրամի, հետաձգված պարտք 1104.0 մլն դրամի եւ 2576.0 մլն դրամի տույժ:
2002 թվականին եւ 2003 թվականի տասն ամսվա ընթացքում ընկերությունը մարել է եւ ընթացիկ մատակարարված բնական գազի դիմաց ԱԱՀ-ի հաշվեգրված պարտավորությունները, եւ հետաձգված ԱԱՀ-ի պարտքից վճարման ենթակա դարձած գումարները, ըստ էության կուտակելով (ի վիճակի չլինելով ֆինանսական հոսքերով սպասարկել) 2.6 մլրդ դրամհաշվեգրված տույժերը: