Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1075-19.01.2011-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի  հունիսի 4 ջրային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 3-րդ կետով.

«3)  տալիս է եզրակացություն`

ա. ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվությունների  տրման վերաբերյալ.

բ. ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման նպատակով ջրօգտագործման թույլտվությունները 5 տարուց մինչեւ 15 տարի ժամկետով տրման վերաբերյալ:»:

Հոդված 2. Օրենսգրքի  33-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության  գործողության ժամկետը չի կարող 5 տարուց ավել լինել, բացառությամբ շահագործման նպատակով փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող  ջրօգտագործման թույլտվությունների:

Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվությունները տրվում են Հայաստանի Հանրապետության Ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության  դեպքում:

Ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության  դեպքում` ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվությունները տրվում են  5 տարի ժամկետով, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման նպատակով` մինչեւ 15 տարի ժամկետով:

Ջրօգտագործման թույլտվությունների տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ  օրվանից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում  եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

ՀՀ ջրային օրենսգրքում լրացումն ու փոփոխությունը կատարվում է 2010թ. հունիսի 17-ի Մշտապես գործող տարածքային զարգացման եւ բնապահպանական նախարարական կոմիտեի նիստի N24.9/[40336]-10 արձանագրության 6-րդ եւ սույն թվականի օգոստոսի 5-ի N24.6/[44357]-10 արձանագրության 3-րդ կետերի հանձնարարականներն ապահովելու նպատակով:

2002 թվականի հունիսի 4-ին ընդունված Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 33-րդ հոդվածում ամրագրված է, որ մինչեւ «Ջրի ազգային ծրագրի» ընդունումը ջրօգտագործման թույլտվությունները վավեր են 3 տարուց ոչ ավելի ժամկետով: Ջրի ազգային ծրագրի մասին օրենքն ընդունվել է 2006 թվականի նոյեմբերի 26-ին:

Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի նույն 33-րդ հոդվածի Ջրի ազգային ծրագրի մասին օրենքն ընդունելուց հետո ջրավազանային կառավարման պլան ունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվությունների գործողության ժամկետը չի կարող 25 տարուց ավել լինել, իսկ ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվությունների գործողության ժամկետը չի կարող 5 տարուց ավել լինել: Վերջինս հակասության մեջ է մտնում 2001 թվականի մարտի 7-ին ընդունված «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի հետ, որի 59-րդ հոդվածի 1-ին կետի գ) ենթակետում սահմանված է, որ «Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից տասնհինգ տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ) կողմից եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների կիրառմամբ արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման` շուկայի կանոններով սահմանված կարգով»:

Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության 15 տարի գործունեության ժամկետով լիցենզիան եւ ոչ երկար գործողության ժամկետով տրամադրված ջրօգտագործման թույլտվությունը չի կարող երաշխավորել ՓՀԷԿ-երի սեփականատերերի ներդրումների վերադարձելիությունը եւ նոր ներդրողների համար ՓՀԷԿ-երի կառուցման գրավչությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կառուցված եւ կառուցվող ՓՀԷԿ-երի զգալի մասը վարկավորվել է միջազգային ֆինանսական դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրված արտոնյալ վարկերից, ապա այս պարագայում վտանգի տակ են նաեւ վարկավորող այդ գործընթացները:

Առաջարկվում է լրացնել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 8-րդ հոդվածը 3-րդ կետով`

«3) տալիս է եզրակացություն`

ա. ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվությունների  տրման վերաբերյալ.

բ. ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման նպատակով ջրօգտագործման թույլտվությունները 5 տարուց մինչեւ 15 տարի ժամկետով տրման վերաբերյալ:»:

Առաջարկվում է խմբագրել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը եւ շարադրել հետեւյալ կերպ`

«Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության  գործողության ժամկետը չի կարող 5 տարուց ավել լինել, բացառությամբ շահագործման նպատակով փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող  ջրօգտագործման թույլտվությունների:

Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվությունները տրվում են Հայաստանի Հանրապետության Ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության  դեպքում:

Ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության  դեպքում` ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվությունները տրվում են  5 տարի ժամկետով, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման նպատակով` մինչեւ 15 տարի ժամկետով:»: