Armenian ARMSCII Armenian
Կ-1075-19.01.2011-ԳԲ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի  հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3)  տալիս է եզրակացություն`

- ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվություններ  տալու վերաբերյալ,

- ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման նպատակով ջրօգտագործման թույլտվությունները 5 տարուց մինչեւ 15 տարի ժամկետով տալու վերաբերյալ:»:

Հոդված 2. Օրենսգրքի  33-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության  գործողության ժամկետը չի կարող 5 տարուց ավելի լինել, բացառությամբ շահագործման նպատակով փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող  ջրօգտագործման թույլտվությունների:

Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվությունները տրվում են Հայաստանի Հանրապետության Ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության  դեպքում:

Ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության  դեպքում ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվությունները տրվում են  5 տարի ժամկետով, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման նպատակով` մինչեւ 15 տարի ժամկետով:»:

Ջրօգտագործման թույլտվություններ տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: