Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10763-19.01.2011-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի N ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 19–րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«19. որոշում է ընդունում Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի, դրա փոփոխությունների, ինչպես նաեւ` նախագծման առաջադրանքի վերաբերյալ.».

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը «նախագծերի» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ` նախագծման առաջադրանքի վերաբերյալ» բառերը.».

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  նոր` 20.1-րդ կետով.

«որոշում է ընդունում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին.».

Հոդված 4. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9.  Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի եւ դրա փոփոխությունների, ինչպես նաեւ  նախագծման առաջադրանքի նախագծերը` օրենսդրությամբ սահմանված կարգով.».

Հոդված 5. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը «գոտիավորման» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ` նախագծման առաջադրանքի  նախագծերը» բառերը.

Հոդված 6. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 10.1-րդ կետով.

«հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին նախագծերը` օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում.».

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության

1. Անհրաժեշտությունը

«Քաղաքաշինության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում եւ   «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի մշակումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 87-րդ կետով:  Փաթեթում ներառված դրույթների գերակշիռ մասը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած` «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման եւ հաստատման գործընթացի բարեփոխման հայեցակարգի» դրույթներից եւ վերջինիս իրագործման միջոցառումների ժամանակացույցից (ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1471-Ն որոշում): Նախագծային փաթեթը ենթարկվել է լրամշակման` Հայաստանի Հանրապետության  վարչապետի 2010  թվականի   նոյեմբերի  8-ի  N 945 -Ա  որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից` ՀՀ կառավարության մշտապես գործող տարածքային զարգացման եւ բնապահպանական նախարարական կոմիտեի 28.10.2010 թ. N 24.11/[51365]-10 նիստի արձանագրության 3-րդ կետի 2-րդ ենթակետի հանձնարարականին համապատասխան:

Նախագծի մշակումը նպատակաուղղված է`

1) Հայաստանի Հանրապետության համայնքներում  անվտանգ եւ բնականոն քաղաքաշինական զարգացումն ապահովող տարածական պլանավորման փաստաթղթերի լիարժեք բազայի ձեւավորմանը` դրանց մշակման եւ հաստատման գործառույթների հստակեցման, ինչպես նաեւ խթանման համապատասխան լծակների ամրագրման միջոցով.

2) տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը.

3) տարածական պլանավորման փաստաթղթերի մշակմանն ու հաստատմանն առնչվող` տարբեր օրենսդրական ակտերում ներկայումս առկա անհամապատասխանությունների վերացմանը.

4) «Գործարարությամբ զբաղվելը» բարեփոխումների շրջանակներում, Հայաստանի վարկանիշի բարձրացմանը` կառուցապատման ընթացակարգերի մասով.

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ներկայացվում են «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի հետ համատեղ:

Նախագծերի մշակման  անհրաժեշտությունը  պայմանավորված է «Քաղաքաշինության մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում» առաջարկվող  փոփոխություններով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխությունները սահմանում են «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 6-րդ հոդվածով նախախատեսված (օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ կետի) պահանջը չկատարելու դեպքում վարչական պատասխանատվությունը:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է վերը նշված փաթեթով նախատեսվող փոփոխություններին «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխանեցման անհրաժեշտությունից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Համայնքային մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերին առնչվող խնդիրներում առկա են օրենսդրական հակասություններ, փոխհատումներ` մասնավորապես գլխավոր հատակագծերի հաստատման սահմանված կարգի առնչությամբ:

Բացի այդ, գլխավոր հատակագծերի եւ գոտիավորման նախագծերի կազմումը` տեղական ինքնակառավարման դեռեւս ոչ կատարյալ ինստիտուտի պայմաններում` դժվար իրագործելի խնդիր է դարձել այն դեպքում, երբ բազմաթիվ համայնքներում կատարվում է չկանոնակարգված կառուցապատում: Այս իրավիճակն անհրաժեշտ է շտկել` խնդրո առարկա հարցին առնչվող օրենսդրական ակտերում համապատասխան խթանող մեխանիզմներ եւ միասնական սկզբունքներ ամրագրելու միջոցով:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման գործընթացի պարզեցում, համայնքների ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում, գործող իրավական ակտերում բովանդակային կրկնությունների բացառում, միջազգային նորմերին մոտարկում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծերի փաթեթով առաջարկվում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին առնչվող մասով վերացնել օրենսդրական ակտերում առկա անհամապատասխանություններն ու փոխհատումները, ապահովել  ոլորտին առնչվող գործառույթների հստակեցումն ու արդյունավետության բարձրացումը` հիմք ընդունելով եվրոպական փորձի վերլուծության արդյունքները:

Նախագծերի փաթեթն ուղղված է տարածական պլանավորմանն առնչվող օրենքների դրույթների պահանջների միմյանց համապատասխանեցման, ինչպես նաեւ համայնքներում պլանավորման փաստաթղթերի դերի բարձրացման եւ դրանց մշակման ու հաստատման գործընթացների խթանման խնդիրների կանոնակարգմանը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

ՀՀ քաղաքաշինության նախարարություն,

ՀՀ վարչապետի 2010-11-08-ի N945-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբ

6. Ակնկալվող արդյունքը

Կատարելագործված եւ միասնական մոտեցումներ ամրագրող օրենսդրություն` քաղաքաշինական գործունեության օպտիմալացում, ծրագրային փաստաթղթերի մշակման մատչելիության եւ արդյունավետության ապահովում, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման գործընթացի խթանում, համայնքների ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում, ինչպես նաեւ կառուցապատման ընթացակարգերի թվի ու ծախսվող ժամանակի կրճատում:

7.  Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)