Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1078-26.01.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի   263-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի երրորդ նախադասությունը հանել,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով.

«3.Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը դրա պատճենն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել դատարան։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության  քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին

«Հայաստանի Հանրապետության  քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Սահմանադրական դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 21-ի ՍԴՈ-930 որոշմամբ արտահայտած դիրքորոշումից, որի համաձայն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` «Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը դրա պատճեն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել դատարան» դրույթը` նույն օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման հետ անհամապատասխանության պայմաններում եւ կոնկրետ գործով դատական պրակտիկայում դրան տրված բովանդակության շրջանակներում ճանաչել է Հայաստանի Հանրապետության սահմանադրության 18-րդ հոդվածին հակասող եւ անվավեր։

Նկատի ունենալով, որ Սահմանադրական դատարանը քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածում ամրագրված 7 օրյա ժամկետը 290 հոդվածի մեկ ամսվան հակասելն է ճանաչել հակասասահմանադրական, հետեւաբար գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը պետք է բողոքարկվի դատարան մեկ ամսվա ընթացքում։

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը  2010 թվականի հուլիսի 23-ին` Հայարփի Միշայի Աթոյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացրած որոշման մեջ ղեկավարվելով ,Իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջով, այն է. «Հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջեւ հակասության դեպքում պետական (...) մարմինները ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար նախընտրելի նորմատիվ-իրավական ակտը կամ դրա մասը», նախապատվությունը տվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասին, որպես քաղաքացիների համար ավելի նախընտրելի նորմ։ Այս որոշումով ձեւավորվել է նախադեպ եւ ներկայումս պրակտիկայում դատարանները, մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս, ղեկավարվում են վճռաբեկ դատարանի ձեւավորած նախադեպով` կիրառվում է քրեական հետապնդման մարմինների որոշումների եւ գործողությունների (անգործության) դատարան բողոքարկելու մեկամսյա ժամկետը։ Հետեւաբար նպատակահարմար է, որպեսզի ձեւավորված պրակտիկան պահպանվի։