Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1079-31.01.2011-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թ-ի մարտի 4-ին ՀՕ-42 օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 24. Ախտաբանաանատոմիական գործունեություն

1. Ախտաբանաանատոմիական գործունեությունը  իրականացվում է  ախտաբանաանատոմիական հետազոտությունների,  ախտաբանաանատոմիական հերձումների եւ  ախտաբանաանատոմիական փորձաքննության միջոցով:

2. Ախտաբանաանատոմիական հետազոտությունները իրականացվում են համապատասխան մասնագետ-բժիշկների կողմից լիցենզավորված բժշկական հաստատություններում հիվանդությունների ախտորոշման նպատակով: Լիազոր մարմինը հաստատում է ախտաբանաանատոմիական հետազոտությունների ցանկը եւ անցկացման կարգը:

3. Ախտաբանաանատոմիական հերձումները իրականացվում են համապատասխան մասնագետ-բժիշկների կողմից լիցենզավորված բժշկական հաստատություններում անձի մահվան պատճառը  որոշելու եւ նրա հիվանդության ախտորոշումը ճշգրտելու նպատակով: Ախտաբանաանատոմիական հերձումների իրականացման կարգը հաստատվում է կառավարության կողմից:

4. Ախտաբանաանատոմիական հերձումները կարող են չիրականացվել` հիմք ընդունելով մահացածի կյանքի օրոք հայտնած կամքը, կամ նրա հարազատների  կամ օրինական ներկայացուցչի գ?րավոր դիմումը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

5. Ախտաբանաանատոմիական հերձումները պարտադիր կարգով իրականացվում են  կառավարության կողմից հաստատված շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում: Պարտադիր կարգով իրականացվող  ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը սահմանվում է կառավարության կողմից:

6. Հիվանդանոցում մահացած անձանց դիակները ենթարկվում են ախտաբանաանատոմիական հերձումների, եթե դրանք չեն հանդիսանում օրենսդրությամբ սահմանված դատաբժշկական փորձաքննության դեպքեր:

7. Մահվան կամ հիվանդության ախտորոշման վերաբերյալ ախտաբանաանատոմիական հետազոտության եզրակացությունը կցվում է բժշկական փաստաթղթերին, իսկ դրա պահանջի դեպքում տրվում է հարազատներին, օրինական ներկայացուցչին կամ իրավապահ մարմիններին` կառավարության կողմից սահմանված կարգով:

8.  Ախտաբանաանատոմիական փորձաքննությունը իրականացվում է լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով համապատասխան մասնագետի եւ այլ բժշկական մասնագետների մասնակցությամբ` ախտաբանական հտազոտությունների արդյունքների եւ կլինիկական տվյալների համադրման եւ վերջնական ախտորոշման հաստատման նպատակով:

9. Ախտաբանաանատոմիական հետազոտությունների,  եւ փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

10. Ախտաբանաանատոմիական թափոնների ոչնչացման կարգը հաստատում է կառավարությունը:»

ՀՈԴՎԱԾ  2. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների  ընդունման անհրաժեշտության մասին

Ախտաբանաանատոմիական գործունեությունը` հանդիսանալով բուժական եւ ախտորշման անբաժանելի մասնիկ,  կարեւոր դեր ունի հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման եւ բուժման գործընթացում: Ախտաբանաանատոմիական գործունեության շնորհիվ հայտնաբերվում է հիվանդության բնույթը, բնակչության հիվանդացության եւ մահացության կառուցվածքը: Վերջինը թույլ է տալիս իրականացնել միջոցառումներ ուղղված բնակչության առողջության պահպանմանը, ձեւավորել պետական չափորոշիչները եւ ախտաբանաանատոմիական գործունեության ֆինանսավորման գերակայությունները: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում առողջապահության զարգացումը ենթադրում է բուժհաստատություններում որակյալ ախտորոշիչ եւ բուժական ծառայությունների տրամադրում: Իսկ մասնագիտացված բժշկական ծառայությունը իր մեջ ներառում է ախտաբանաանատոմիական հետազոտությունների իրականացում:

Ախտաբանաանատոմիական գործունեությունը մինչ այժմ կարգավորվում էր «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքով, որն ընդունվել է 1996 թվականին: Օրենքի 24-րդ հոդվածը սահմանում է միայն  ախտաբանաանատոմիական հերձումների իրականացման համար կառավարության կողմից սահմանվելիք կարգի պահանջը: Ախտաբանաանատոմիական գործունեության օրենսդրության թերի կարգավորումը խոչընդոտում է սույն ոլորտի նորմալ գործնության իրականացմանը: Բացի այդ օրենքով կարգավորված  չեն այնպիսի սկզբունքային հարցեր, ինչպիսիք են մարդու իրավունքը  ախտաբանաանատոմիական հերձումներից հրաժարվելու վերաբերյալ, ախտաբանաանատոմիական հետազոտությունների եւ հերձումների անցկացման վայրը եւ մասնագետների պահանջը,  ախտաբանաանատոմիական թափոնները եւ այլ հարցեր:

Ներկայացված օրենդրական նախաձեռնությունը ուղղված է լուծելու վերոնշյալ հարցերը` հաշվի առնելով ինչպես ներկա համակարգում առկա հիմնախնդիրները, այնպես էլ միջազգային փորձը եւ պահանջները: