Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1080-02.02.2011-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 18-րդ հոդվածի 2-րդ մասի «եւ ֆիզիկական անձ» բառերը փոխարինել «, ինչպես նաեւ ֆիզիկական անձ» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասը «ակտով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 128-րդ հոդվածով նախատեսված ժառանգներ չլինելու դեպքի» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի  «3-րդ, 7-րդ եւ 11-րդ կետերով» բառերը փոխարինել «3-րդ եւ 7-րդ  կետերով» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 114-րդ հոդվածի  4-րդ մասի 4-րդ  կետը «ռասան» բառից հետո լրացնել «տարիքը,» բառով:

Հոդված 6. Օրենսգրքի 114-րդ հոդվածի  4-րդ մասի 5-րդ  կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի «113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ եւ 11-րդ կետերով» բառերը փոխարինել  «113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 7-րդ  կետերով» բառերով, իսկ  129-րդ հոդվածի 1-ին մասի «113-րդ հոդվածի  3-րդ, 7-րդ եւ 11-րդ կետերով» բառերը` «113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 7-րդ  կետերով» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ  պարբերությունը «աշխատատեղը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի:» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) տեղ գտած որոշ հակասություններ եւ անճշտություններ վերացնելու, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի 2009թ. փետրվարի 24-ի ՍԴՈ-792 որոշմամբ արտահայտված դիրքորոշումն իրացնելու անհրաժեշտությամբ:

Այսպես, Օրենսգրքի`

ա) 18-րդ  հոդվածի 2-րդ  մասում  առաջարկվող «եւ  ֆիզիկական անձը» բառերը

«, ինչպես նաեւ ֆիզիկական անձը» բառերով փոխարինելու փոփոխության անհրաժեշտությունը բխում է այդ մասի հստակեցման նկատառումից, ինչպես նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի երրորդ պարբերության պահանջից: Մասնավորապես, նշված մասով սահմանվում է թե ովքեր կարող են լինել գործատուներ (այսինքն` իրավաբանական եւ ֆիզիկական անձինք), սակայն առկա շարադրանքի պայմաններում, ինչպես նաեւ հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի երրորդ պարբերության[1] պահանջը, ստացվում է, որ ֆիզիկական անձ հանդիսանալը իրավաբանական անձի բնութագրման պարտադիր պայմաններից մեկն է, ինչն էլ ոչ միայն աղավաղում է «իրավաբանական անձ» հասկացության բովանդակությունը, այլեւ թույլ չի տալիս ֆիզիկական անձանց դիտարկել որպես առանձին գործատուներ: Հետեւաբար, անհրաժեշտ է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տարանջատել որպես առանձին գործատուներ, ինչը հնարավոր է կատարել դրանց «ինչպես նաեւ» բառերով առանձնացնելու եւ թվարկելու միջոցով,

բ) 109-րդ հոդվածի 2-րդ մասը «ակտով» բառից հետո «, բացառությամբ սույն օրենսգրքի 128-րդ հոդվածով նախատեսված ժառանգներ չլինելու դեպքի» բառերով լրացնելը հստակեցնում է այն դեպքը, երբ պայմանագրի լուծումը չի կարող ձեւակերպվել գործատուի ընդունած անհատական իրավական ակտով:

գ) 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը եւ 114-րդ հոդվածի  4-րդ մասի 5-րդ  կետը ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաեւ 113-րդ հոդվածի 2-րդ մասի «3-րդ, 7-րդ եւ 11-րդ կետերով» բառերը «3-րդ եւ 7-րդ  կետերով» բառերով փոխարինելու առաջարկությունը բխում է ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. փետրվարի 24-ի ՍԴՈ-792 որոշմամբ արտահայտված դիրքորոշումից: Այսպես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն գործատուն իր նախաձեռնությամբ տարբեր հիմքերով կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը, օրինակ` կազմակերպության լուծարման, արտադրության ծավալների եւ այլ արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կամ հաստիքների կրճատման, աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու, աշխատողի կողմից իր պարտակատականությունները չկատարելու, աշխատողի նկատմամբ վստահությունը  կորցնելու եւ այլ դեպքերում, որոնց հիմքում օրենսդիրը նախատեսել է կոնկրետ չափանիշներ: Մինչդեռ, եթե կենսաթոշակային տարիքի հասած անձը կատարում է աշխատանքային պայմանագրով եւ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված  պարտականությունները, համապատասխանում է  զբաղեցրած պաշտոնին եւ չի կորցրել գործատուի վստահությունը, ապա կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելը  խնդրահարույց է եւ հակասում է Սահմանադրությամբ երաշխավորված տարիքային խտրականության արգելման սկզբունքի իրացմանը:

Վերլուծելով վերոհիշյալ դրույթների բովանդակությունը եւ անդրադառնալով աշխատանքի ազատ, անխտրական ընտրության իրավունքի իրացման  միջազգային փորձին, ՀՀ սահմանադրական դատարանը 2009թ. փետրվարի 24-ի ՍԴՈ-792 որոշմամբ արձանագրել է, որ կենսաթոշակային տարիքի հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման հարցում օրենսդիրը դրսեւորել է իմպերատիվ (հրամայական) մոտեցում եւ գործատուին լիազորել  է աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու փաստի ուժով աշխատանքային պայմանագիրը միակողմանիորեն լուծելու հայեցողական իրավունքով՝ բացառելով անձի աշխատունակության (աշխատանքային պիտանիության) գնահատման որեւէ գործոնի կիրառման հնարավորություն, հետեւաբար՝ խտրական է եւ սահմանափակում է անձի` աշխատանքի ընտրության ազատությունը:

Վերոգրյալը հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը` այնքանով, որքանով չի երաշխավորում հավասար եւ ոչ խտրական իրավապայմանագրային հարաբերություններ աշխատողի եւ գործատուի միջեւ, ինչպես նաեւ 114-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետը «բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատողը ձեռք է բերել ծերության կենսաթոշակ ստանալու իրավունք կամ ստանալու է այդ կենսաթոշակը» մասով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-րդ. եւ 32-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր:  Մինչդեռ, ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (24.06.2010թ. ՀՕ-117) ՀՀ օրենքով 113-րդ հոդվածը խմբագրվել է, որի 1-ին մասի 11-րդ կետը կրկին գործատուին իրավունք է վերապահում իր նախաձեռնությամբ լուծել աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում, եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, իսկ 114-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետը խմբագրվել եւ «տարիքը» բառից հետո լրացվել է «բացառությամբ oրենքով uահմանված դեպքերի» բառերով:

դ) 114-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետը  «ռասան» բառից հետո «տարիքը,» բառով լրացնել համահունչ է Սահմանադրության 14.1.-րդ կետին, ինչպես նաեւ 114-րդ հոդվածի 4-րդ մասին, համաձայն որի  շխատանքային պայմանագրի լուծման oրինական պատճառ չի կարող համարվել, ինչպես սեռը, ռասան, այնպես էլ տարիքը:

ե) 171-րդ հոդվածի 2-րդ  պարբերությունը «աշխատատեղը» բառից հետո «, բացառությամբ «սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի:» բառերով լրացնելը նպատակ ունի կարգավորել կազմակերպության լուծարման դեպքում նպատակային արձակուրդում գտնվողի   հարցը, այսինքն, այս դեպքում գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպեu նաեւ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`

է) 173-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչելը կապված է 113-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու հետ:

Առաջարկվող փոփոխությունները ՀՀ աշխատանքային օրենսդրությունը կհամապատասխանեցնի նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային-իրավական փաստաթղթերին ու ստանձնած պարտավորություններին:

Նախագիծը քննարկվել է պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: