Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 11. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
«Ներկայացուցչի լիազորությունները պետք է հաստատված լինեն նոտարի կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից վավերացված լիազորագրով: Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձեւով եւ վավերացման ենթակա չէ:
Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է օրենքով նախատեսված կարգով:»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «Ներկայացվողի անունից տրված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինեն ներկայացուցչի հետեւյալ լիազորությունները» բառերը փոխարինել «Ներկայացուցիչը կարող է իրականացնել հետեւյալ լիազորությունները, եթե դրանց մասին հատուկ նշում կա լիազորագրում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածում`
1. 1-ին մասի 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Պարտապանի անձնագրային տվյալները, ինչպես նաեւ պարտապան- իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը եւ պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը կարող են չնշվել, եթե գործի քննության ընթացքում դատարանը չի կարողացել uտանալ այդ տվյալները:»:
2. 1-ին մասի 7-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Այն դեպքերում, երբ արդարադատության արդյունավետության, այլոց իրավունքների պաշտպանության կամ դատական ակտի կատարման շահերից ելնելով հիմնավորված է կատարողական գործողությունների կատարումը ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաեւ գիշերային ժամերին, դատարանը այդ մասին նշում է կատարում կատարողական թերթում:»:
Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածում`
1. 1-ին մասը «կատարողական թերթը» բառերից հետո լրացնել «առաջին անգամ» բառերով:
3. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3-րդ մաս.
«Սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով պահանջատիրոջը վերադարձված կատարողական թերթը չի կարող կրկին կատարման ներակայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո:»:
Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «պաշտոնը եւ անունը» բառերը փոխարինել «պաշտոնը, անունը եւ ազգանունը» բառերով:
Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` պահանջատիրոջից կամ նրա ներկայացուցչից, իսկ օտարերկրյա դատարանի դատական ակտը ՀՀ տարածքում ճանաչելու եւ կատարելու վերաբերյալ միջնորդությունը ՀՀ իրավասու դատարանի կողմից ճանաչվելու դեպքում` տվյալ դատարանից, կատարողական թերթ ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:»:
Հոդված 7. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը «որոշումը» բառից հետո լրացնել «կամ կատարողական թերթը ներկայացնելիս չեն պահպանվել սույն օրենքի 11-րդ, 12-րդ կամ 20-րդ հոդվածներով նախատեսված պահանջները» բառերով:
Հոդված 8.
Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով.
«4) դա նախատեսված է կատարողական թերթով:»:
Հոդված 9. Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Բարդ եւ ծավալուն կատարողական գործողություններ պահանջող վարույթների ընթացքը արդյունավետ լուծելու համար Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կամ հարկադիր կատարման ծառայության մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի պետի որոշմամբ կարող է ստեղծվել հարկադիր կատարողների խումբ: Հարկադիր կատարողների խմբի ղեկավարին նշանակում է հարկադիր կատարողների խումբ ստեղծելու մասին որոշում կայացրած պաշտոնատար անձը:»:
Հոդված 10. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 2-րդ մասով.
«2. Եթե բռնագանձում է տարածվել մեկից ավելի գույքի նկատմամբ, ապա գույքն արգելանքից հանելու մասին դատարան հայց ներկայացվելու դեպքում կատարողական վարույթը կասեցվում է այդ գույքի վրա բռնագանձում տարածելու մասով:»:
Հոդված 11. Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը «բանկերին» բառից հետո լրացնել «եւ դեպոզիտարիա» բառերով:
Հոդված 12. Օրենքի 41-րդ հոդվածում`
1. 1-ին մասում`
1) 2-րդ կետից հանել «կամ նրա գույքի» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 2.1-րդ եւ 4.1-րդ կետերով.
«2.1) անհնարին է պարզել պարտապանի գույքի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի եւ (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.
4.1) պահանջատիրոջը գրավոր առաջարկություն է արվել ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասը առանձնացնելու պահանջ ներկայացնել դատարան.».
3) 7-րդ կետը «անբավարարության պատճառով» բառերից հետո լրացնել «կամ պարբերական վճարումների վերաբերյալ վճռի կատարման դեպքում» բառերով.
2. 3-րդ մասում`
1) «5-րդ կետով սահմանված դեպքի» բառերը փոխարինել «2-րդ եւ 5-րդ կետերով սահմանված դեպքերի» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նախատեսված արգելքի վերացման դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում ավարտված կատարողական վարույթը վերսկսելու մասին:»:
Հոդված 13. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում`
1. 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) պահանջատերը հրաժարվել է կատարողական թերթի պահանջների կատարումից.»,
2. 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) պարտապանը դատարանի վճռով ճանաչվել է սնանկ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.»,
3. 9-րդ կետը «պարտապան-իրավաբանական անձը» բառերից հետո լրացնել «կամ պահանջատեր-իրավաբանական անձը» բառերով,
Հոդված 14. Օրենքի 67-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 8-րդ մասով.
«8. Կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվում, եթե կատարողական վարույթը կարճվել է կատարողական թերթի պահանջները «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան` դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի մուրհակներ տրամադրելու միջոցով կատարված լինելու հիմքով:»:
Հոդված 15.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ
««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) կիրառման ընթացքում առաջացած հարաբերությունները կանոնակարգելու, առանձին հոդվածներում առկա թերություններն ու բացթողումները վերացնելու, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներում կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու, հարուցված կատարողական վարույթներով կատարողական գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:
Օրենքի 11-րդ հոդվածում առաջարկվող փոփոխության նպատակն է բացառել ֆիզիկական անձանց ներկայացուցիչների կողմից հասարակ գրավոր ձեւով ներկայացված լիազորագրերով ստանալ պահանջատիրոջ կամ պարտապանի անվամբ ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվում գտնվող դրամական միջոցները:
Օրենքի 12-րդ հոդվածում առաջարկվող փոփոխության նպատակն է հստակություն մտցնել նշված դրույթի ձեւակերպման մեջ, քանի որ վերը նշված հոդվածում նախատեսված լիազորությունները կարող են իրականացվել, եթե լիազորողը լիազորագրում հատկապես նշել է այդ մասին: Այլապես դրանք կարող է իրականացնել միայն անձամբ լիազորողը:
Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ անհրաժեշտ է նշված կետը համապատասխանեցնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության հետ: Մասնավորապես, եթե գործի քննության ընթացքում դատարանը չի կարողացել uտանալ օրենքով նախատեսված որոշակի տեղեկություններ եւ ՀՀ քաղ. դատ. օրենսգրքով հնարավորություն է տրված այդ տեղեկությունները վճռի ներածական մասում չնշելու համար, ապա նման հնարավորություն պետք է տրվի նաեւ կատարողական թերթի տրման դեպքում:
Օրենքի 23-րդ հոդվածում առաջարկվող լրացման նպատակ է հստակեցնել կատարողական թերթի ներկայացման վերջնաժամկետը:
Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում առաջարկվող փոփոխության նպատակն է լրիվությամբ նշել հարկադիր կատարողի պաշտոնը, կոչումը, անունը եւ ազգանունը:
Օրենքի 30-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունն անհրաժեշտ է, որպեսզի հարկադիր կատարողն հնարավորություն ունենա կատարողական վարույթ հարուցել նաեւ դատարանի կողմից ներկայացվող կատարողական թերթի հիման վրա: Նշված փոփոխությամբ հնարավորություն կտրվի կատարելու նաեւ օտարերկրյա դատական այն ակտերը, որոնք կճանացվեն ՀՀ տարածքում համապատասխան ՀՀ դատարանի կողմից:
Օրենքի 31-րդ հոդվածում առաջարկվող լրացման նպատակն է օրենսդրական կարգավորման ենթարկել հարկադիր կատարողի գործողություններն այն դեպքում, երբ կատարողական թերթ ներկայացնելիս պահպանված չեն Օրենքի 11-րդ, 12-րդ եւ 20-րդ հոդվածների պահանջները:
Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվող լրացման նպատակն է իրավունք վերապահել հարկադիր կատարողին կատարողական գործողությունները իրականացնել նաեւ ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաեւ գիշերային ժամերին այն դեպքերում, երբ դա նախատեսված է կատարողական թերթով, մասնավորապես` երեխաների տեսակցությունը կազմակերպելու դեպքերում:
Օրենքի 34-րդ հոդվածում առաջարկվող փոփոխության նպատակն է հարկադիր կատարողների խումբ ստեղծելու լիազորություն ընձեռել նաեւ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին, հատկապես այն դեպքերի համար, երբ հարկադիր կատարողների խմբում ներգրավվում են հարկադիր կատարողներ տարբեր բաժիններից:
Օրենքի 37-րդ հոդվածում առաջարկող լրացման նպատակն է բացառել կատարողական վարույթի, այսինքն` բոլոր կատարողական գործողությունների կասեցումն այն դեպքում, երբ բռնագանձում է տարածվել մեկից ավելի գույքերի վրա, սակայն արգելանքից հանելու մասին հայց է ներկայացվել դրանցից մեկի կամ մի մասի վերաբերյալ: Այդ դեպքում նախընտրելի է, որ հարկադիր կատարողը կասեցնի կատարողական վարույթը միայն այդ գույքի վրա բռնագանձում տարածելու մասով, իսկ մնացած կատարողական գործողությունները շարունակի:
Օրենքի 40-րդ հոդվածում առաջարկվող լրացման նպատակն է պարտապանի գույքի վերաբերյալ հարցումները Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ուղարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տրամադրած հատուկ կապուղով:
Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում առաջարկվող փոփոխության, նոր` 2.1 կետ ավելացնելու, ինչպես նաեւ 3-րդ մասում առաջարկվող փոփոխության եւ լրացման արդյունքում կատարողական թերթը պահանջատիրոջը չի վերադարձվի նաեւ այն դեպքում, երբ պարտապանի հետախուզման պարագայում կատարողական վարույթն ավարտվում է: Այդ պարագայում, եթե պարտապանը հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա, հարկադիր կատարողը ոչ միայն հնարավորություն կունենա, այլեւ պարտավոր կլինի վերսկսել կատարողական վարույթը եւ շարունակել կատարողական գործողությունները:
Նույն հոդվածի 1-ին մասը նոր` 4.1 կետով լրացնելու նպատակն է կատարողական վարույթի ավարտման հիմք համարել հարկադիր կատարողի կողմից պահանջատիրոջը կատարված գրավոր առաջարկությունն այն մասին, որ վերջինս քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կարող է բաժնային կամ համատեղ սեփականություն հանդիսացող ընդհանուր անշարժ գույքից պարտապանի բաժնեմասը առանձնացնելու պահանջ ներկայացնել դատարան:
Նույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում առաջարկվող լրացման նպատակն է կատարողական վարույթի ավարտման հիմք համարել պարբերական մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռների կատարումը, քանի որ այդ դեպքում հարկադիր կատարողի կողմից նոր կատարողական գործողությունների իրականացման անհրաժեշտություն չկա:
Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում առաջարկվող փոփոխության նպատակն է հստակեցնել օրենքի ձեւակերպումը, քանի որ վարույթի կարճման հիմք պետք է համարել ոչ միայն գույքային վարույթներով պահանջատիրոջ կողմից բռնագանձումից հրաժարումը, այլեւ բոլոր վարույթներով (ինչպես գույքային, այնպես էլ ոչ գույքային) պահանջատիրոջ կողմից կատարողական թերթի պահանջների կատարումից հրաժարվելը:
Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում առաջարկվող փոփոխության նպատակն է կատարողական վարույթի կարճման հիմք համարել ոչ միայն պարտապան-իրավաբանական անձին դատարանի վճռով սնանկ ճանաչելը, այլեւ ֆիզիկական անձին նույն կարգով սնանկ ճանաչելը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի):
42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում առաջարկվող փոփոխության նպատակն է պահանջատեր-իրավաբանական անձի լուծարումը նույնպես կարճման հիմք համարել այնպես, ինչպես նախատեսված է պարտապան-իրավաբանական անձի համար:
Օրենքի 67-րդ հոդվածում առաջարկվող փոփոխություններն օրենքի ձեւակերպումն ավելի կոնկրետ եւ հստակ դարձնելու, ինչպես նաեւ կատարողական գործողությունների կատարման արդյունավետության բարձրացման եւ համակարգի զարգացման նպատակ ունեն: Բացի այդ, նույն հոդվածը նոր` 8-րդ մասով լրացնելը նպատակ ունի բացառելու ԴԱՀԿ ծախսերի գանձումը այն դեպքում, եթե կատարողական թերթի պահանջները կատարվել են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան` դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի մուրհակներ տրամադրելուն միջոցով: