Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-1087-10.02.2011-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 1

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Ընտրությունների հիմունքները

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

2. Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման օրինականության համար:

3. Քաղաքացիների ընտրական իրավունքը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ սույն օրենսգրքով:

Հոդված 2. Ընտրելու իրավունքը

1. Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիները: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչեւ քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունենալու դեպքում:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ սույն օրենսգրքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձանց վրա:

3. Քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար  քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով  կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է սահմանել լրացուցիչ հնարավորություններ` ապահովելով քվեարկողի կամքի ազատ արտահայտման հնարավորությունը եւ քվեարկության գաղտնիությունը:

4. Ընտրել եւ ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող քաղաքացիները:

5. Պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները, ձերբկալված կամ կալանավորված անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները տեղական ինքնակառավարման մարմինների եւ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ քվեարկություններին չեն կարող մասնակցել:

6. Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները համապետական ընտրությունների ժամանակ (համապետական են Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունները) քվեարկությանը մասնակցում են սույն օրենսգրքով սահմանված կարգով ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու դեպքում:

Հոդված 3. Հավասար ընտրական իրավունքը

1. Ընտրողներն ընտրություններին մասնակցում են հավասար հիմունքներով:

2. Պետությունը հավասար պայմաններ է ապահովում ընտրողների ընտրական իրավունքի իրականացման համար:

3. Ընտրողները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ընտրելու եւ ընտրվելու իրավունք ունեն: Այդ հիմքերով ընտրական իրավունքի ցանկացած սահմանափակում հետապնդվում է օրենքով:

Հոդված 4. Ուղղակի ընտրական իրավունքը

Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ Երեւանի քաղաքապետի, ընտրվում են անմիջականորեն:

Հոդված 5. Քվեարկության գաղտնիությունը

Քվեարկությունը գաղտնի է: Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլեւ պարտականություն: Քվեարկողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է եւ հետապնդվում օրենքով:

Հոդված 6. Ընտրությունների հրապարակայնությունը

1. Ընտրությունները նախապատրաստվում եւ անցկացվում են հրապարակայնորեն:

2.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անհատական որոշումներն ընդունվելուց հետո` 3 օրվա ընթացքում, հրապարակվում են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, իսկ նորմատիվ որոշումները հրապարակվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անհատական որոշումներն ընդունվելուց, իսկ նորմատիվ որոշումները` օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո` մեկ օրվա ընթացքում տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:

Հասցեն` www.elections.am:

3. Համապետական ընտրությունների նշանակումից հետո թեկնածուները, կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը` էլեկտրոնային եղանակով, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում տեղադրելու համար: Սույն կետի դրույթները վերաբերում են նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին:

4. Թեկնածուները գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 5 օրվա ընթացքում, համապատասխան ընտրական հանձնաժողով ներկայացնում են հայտարարագիր` իրենց գույքի եւ եկամուտների մասին, իսկ  Հանրապետության Նախագահի թեկնածուները` նաեւ ինքնակենսագրություն եւ մեկ լուսանկար:

Կուսակցությունները (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները) ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 5 օրվա ընթացքում, կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են կուսակցության գույքի եւ ֆինանսական միջոցների մասին հայտարարագիր:

Հայտարարագրերի ձեւերը, ժամկետները եւ ներկայացման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

5. Հանրապետության Նախագահի թեկնածուների, կուսակցությունների  հայտարարագրերը եռօրյա ժամկետում տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում, իսկ մյուս թեկնածուների հայտարարագրերի պատճենները կարող են տրամադրվել վստահված անձանց, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, դիտորդներին:

6. Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ եւ քվեարկության նախորդ օրը, Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմինը հրապարակում է Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաեւ յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը:

7. Ընտրողներն սույն օրենսգրքով սահմանված կարգով տեղեկացվում են ընտրական հանձնաժողովների կազմի, գտնվելու վայրերի, աշխատաժամերի, ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետի, թեկնածուների առաջադրման, գրանցման, քվեարկության օրվա, քվեարկության եւ ընտրությունների արդյունքների մասին:

8. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովները պարտավոր են երեքժամյա պարբերականությամբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով տվյալներ հաղորդել քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի մասին: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները այդ տվյալներն ամփոփում, հրապարակում եւ կենտրոնական ընտրական հանձնաժողով են հաղորդում նույն պարբերականությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապետական ընտրությունների ժամանակ քվեարկության օրը` ժամը 9.00-ին, տեղեկություններ է հրապարակում ընտրությունների ընթացքի մասին, իսկ ժամը 12.00-ից սկսած մինչեւ ժամը 21.00-ն, երեքժամյա պարբերականությամբ` ըստ մարզերի (մարզում` նաեւ ըստ մարզկենտրոնների եւ մարզի` 10000-ից ավել ընտրող ունեցող համայնքների) եւ Երեւան քաղաքի հրապարակում է տեղեկություններ մինչեւ նախորդ ժամն ընտրություններին մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ: Այդ տեղեկությունները  հրապարակումից հետո տեղադրվում են  հանձնաժողովի ինտերնետային կայքում`  նաեւ ըստ ընտրատարածքների:

Քվեարկության օրը` ոչ ուշ, քան ժամը 24.00-ից սկսած` կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացնում է քվեարկության արդյունքների աղյուսակավորում ըստ ընտրական տեղամասերի: Քվեարկության նախնական արդյունքների աղյուսակավորումը կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտում եւ ընտրությունների նախնական արդյունքները հանձնաժողովի ինտերնետային կայքում տեղադրում է ընտրական տեղամասից քվեարկության արդյունքերի մասին վերջին տեղեկությունները  ստանալուց հետո` ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան քվեարկության ավարտից հետո` 24 ժամվա ընթացքում:

9. Ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ քվեարկության ամբողջ ընթացքում, տեղամասային կենտրոնում սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն ներկա գտնվելու վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

10. Սույն հոդվածի 8-րդ կետով նախատեսված դեպքերում կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալները հրապարակում է Հայաստանի հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքից:

ԳԼՈՒԽ 2

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

Հոդված 7. Ընտրողների ցուցակներ կազմելը եւ վարելը

1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը կազմում եւ վարում է բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` ընտրողների ռեգիստրի հիման վրա:

2. Ընտրողների ցուցակը մշտապես վարվող փաստաթուղթ է, որի` սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան վարելու համար պատասխանատու է լիազոր մարմինը:

3. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը կազմում եւ վարում է ըստ մարզերի եւ համայնքների` որպես մեկ միասնական ցուցակ, այն է՝ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստր: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնակչության ռեգիստրում ընդգրկված, Հայաստանի Հանրապետության որեւէ համայնքում հաշվառված եւ ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

4. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում եւ կարգով ընտրողների ցուցակներ կազմում են նաեւ քրեակատարողական հիմնարկների ղեկավարները եւ զինվորական մասերի հրամանատարները:

5. Լիազոր մարմինը տարին 2 անգամ՝ հունիս եւ նոյեմբեր ամիսներին, Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրն ըստ համայնքների եւ մարզերի, իսկ համապետական ընտրությունների դեպքում քվեարկության օրվանից առնվազն 41 օր առաջ՝ նաեւ ըստ ընտրական տեղամասերի, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքի մշտական եւ անբաժանելի մասն է:

Հոդված 8. Ընտրողներին ցուցակում ընդգրկելը

1. Ընտրողների ցուցակում ընդգրկվում են սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն համապատասխան ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:

2. Ընտրողը ընդգրկվում է միայն մեկ համայնքի ընտրողների ցուցակում` միայն մեկ անգամ:

3. Համապետական ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողները քվեարկության օրվանից մինչեւ 7 օր առաջ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացնում են դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Դիմումի ձեւը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին տրամադրում է տեղեկանք` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից նրա տվյալները հանելու եւ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: Տեղեկանքի ձեւը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

4. Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողները համապետական ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար քվեարկության օրվանից մինչեւ 7 օր առաջ լիազոր մարմին ներկայացնում են դիմում` ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին, նշելով քվեարկության օրը Հանրապետությունում բնակվելու վայրի հասցեն: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին ընդգրկում է նրա ժամանակավոր բնակության վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում եւ այդ մասին նրան տրամադրում տեղեկանք: Դիմումի եւ տեղեկանքի ձեւերը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

5. Համապետական ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քվեարկության օրվանից առնվազն 4 օր առաջ՝ մինչեւ ժամը 14.00-ն, կազմում է քվեարկության օրն ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների ցուցակը` դրանում նշելով ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը եւ օրը (այսուհետ` ամսաթիվ) եւ հաշվառման վայրի հասցեն: Լիազոր մարմինը, ըստ այդ ցուցակների, ոստիկանության ծառայողներին հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից, սույն օրենսգրքի 9-րդ հոդվածով ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան կազմում է տեղամասում քվեարկող ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակ՝ ստորագրելով եւ կնքելով այդ ցուցակի յուրաքանչյուր էջը, եւ քվեարկության օրվանից 2 օր առաջ ընտրողների ցուցակի հետ միասին տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:

6. Համապետական ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատության ղեկավարը քվեարկության օրվանից առնվազն 5 օր առաջ՝ մինչեւ ժամը 14.00-ն, լիազոր մարմնին է ներկայացնում ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրողների ցուցակը` դրանում նշելով ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը եւ հաշվառման վայրի հասցեն:

Լիազոր մարմինը՝ ըստ ներկայացված ցուցակների, ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողներին հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից, սույն օրենսգրքի 9-րդ հոդվածով ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան կազմում է ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ՝ ստորագրելով եւ կնքելով այդ ցուցակի յուրաքանչյուր էջը, եւ քվեարկության օրվանից 2 օր առաջ ընտրողների ցուցակի հետ միասին տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:

7. Համապետական ընտրությունների ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները, ծառայությունից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված լինելու դեպքում, իրենց մշտական բնակության վայրերում կարող են ընդգրկվել ընտրողների ցուցակում սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին հայտ ներկայացնելու դեպքում: Հայտի ձեւը եւ դրան կից փաստաթղթերի ցանկը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

8. Համապետական ընտրությունների ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայողները, ինչպես նաեւ զորամասերի տեղակայման տարածքում հաշվառված պայմանագրային զինծառայողները եւ նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները, վարժական հավաքներ անցնող ընտրողները ընդգրկվում են զորամասի ընտրողների ցուցակում:

9. Համապետական ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առնվազն 50 օր առաջ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը համայնքի ղեկավարին, լիազոր մարմին ու կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են զինվորական մասերում հաշվառված ընտրողների թիվը` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

10. Զորամասի տարածքից դուրս հաշվառված պայմանագրային զինծառայողները ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:

11. Կալանավորված անձանց պահելու վայրում գտնվող ընտրողների ցուցակներ կազմում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարը քվեարկության օրվանից 3 օր առաջ:

Հոդված 9. Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները

1. Ընտրողների ցուցակները կազմվում են ըստ ընտրողների հաշվառման հասցեների:

2. Ընտրողների ցուցակում նշվում է մարզի եւ համայնքի անվանումը, իսկ առանձին սյունակներում՝ ընտրողի՝

1) ցուցակում հերթական համարը.

2) ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը` առկայության դեպքում).

3) ծննդյան տարեթիվը, օրը եւ ամիսը.

4) հաշվառման վայրի հասցեն, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների դեպքում` քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում բնակվելու վայրի հասցեն:

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրվող ընտրողների ցուցակներում սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված համարակալումը կատարվում է ըստ տեղամասերի, ցուցակների յուրաքանչյուր թերթի վրա նշվում է նաեւ ընտրական տեղամասի համարը, նախատեսվում է եւս 4 լրացուցիչ սյունակ. 1-ինը` ընտրողի անձը հաստատող փաստաթղթի սերիայի եւ համարի (այսուհետ` համար), 2-րդը` ընտրողի ստորագրության, 3-րդը` հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամի անհատական կնիքի եւ 4-րդը` լրացուցիչ նշումների համար: Ընտրողների ցուցակում լրացուցիչ սյունակի լրացման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

4. Միաժամանակ մեկից ավելի ընտրությունների դեպքում յուրաքանչյուր քվեարկության համար նախատեսվում է ընտրողի ստորագրության առանձին սյունակ:

5. Ընտրողների ցուցակները կազմվում են մատյանի ձեւով եւ էջակալվում մինչեւ 1000 ընտրողի քանակով, բայց այն հաշվարկով, որ 1000-ից ավելի ընտրող ունեցող ընտրական տեղամասին հատկացվող ընտրողների ցուցակների յուրաքանչյուր մատյան ընդգրկի մոտավորապես հավասար թվով ընտրողների տվյալներ: Ընտրողների ցուցակի յուրաքանչյուր էջում կարող է նշվել առավելագույնը 20 ընտրողի վերաբերյալ տվյալներ: Ընտրողների ցուցակը կազմում, էջակալում, ցուցակի յուրաքանչյուր էջ ստորագրում եւ կնքում է լիազոր մարմինը:

Հոդված 10. Ընտրողների ցուցակներն ընտրական հանձնաժողովներին եւ տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրելը

1. Լիազոր մարմինը քվեարկության օրվանից առնվազն 40 օր առաջ տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրում է ընտրողների ցուցակների մեկ օրինակ, որը վերջին էջում պարունակում է տեղեկանք` ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի, ժամանակի եւ պայմանների մասին` տեղամասային կենտրոնում փակցնելու համար: Տեղեկանքի ձեւը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

2. Լիազոր մարմինը քվեարկության օրվանից 10 օր եւ 3 օր առաջ, համապետական եւ Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում` կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների եւ Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների դեպքում` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ` ըստ ընտրատարածքների եւ ընտրական տեղամասերի:

3. Ընտրողների  ցուցակները` ըստ տեղամասերի եւ տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները` տպագրված երկու օրինակից (ընտրողների ցուցակների 1-ին օրինակը` կազմված մատյանի ձեւով, 2-րդ օրինակը` տեղամասային կենտրոնում փակցնելու համար), ինչպես նաեւ սույն օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված ընտրողների լրացուցիչ ցուցակներ կազմելու համար անհրաժեշտ ձեւաթղթերը լիազոր մարմինը քվեարկության օրվանից 2 օր առաջ տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին:

4. Լիազոր մարմինը սույն հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով սահմանված ժամկետներում ընտրողների ցուցակներն էլեկտրոնային կրիչով, տրամադրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իսկ ըստ ընտրատարածքների` համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին:

5. Զորամասի հրամանատարը զինվորական մասում հաշվառված ընտրողների ցուցակներն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին տրամադրում է քվեարկության օրվանից 3 օր առաջ, զմռսված ծրարով, որը բացվում է միայն քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովում:

6. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը քվեարկության օրվանից 2 օր առաջ ընտրողների ցուցակը հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին։

Հոդված 11. Ընտրողների ցուցակների մատչելիությունը

1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ զինվորական մասերում, կալանավորված անձանց պահելու վայրերում կազմվող, ինչպես նաեւ  ընտրողների կողմից ստորագրված ցուցակների, ազատ է ծանոթության համար:

Ընտրողների կողմից ստորագրված ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից պատճեններ չեն հանվում:

2. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակն ըստ մարզերի եւ համայնքների, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նաեւ` ըստ ընտրական տեղամասերի, տեղադրում է ինտերնետում` ներբեռնելու հնարավորությամբ:

3. Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը քվեարկության օրվանից 40 օր առաջ ընտրողների ցուցակը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում:

4. Ընտրողների ցուցակի  օրինակը, այդ թվում` լրացուցիչ ցուցակները, քվեարկության օրվանից 2 օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Այս ցուցակները տեղամասային կենտրոնում մնում են փակցված մինչեւ տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունների դադարման օրը:

5. Զինվորական մասերում հաշվառված ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից 10 օր առաջ փակցվում են զորամասերում՝ զինծառայողների համար տեսանելի տեղում:

6. Համայնքում մեկից ավելի ընտրական տեղամաս կազմավորվելու դեպքում լիազոր մարմինն ընտրողներին ուղարկում է ծանուցագրեր` քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, քվեարկության տեղի եւ ժամանակի մասին, ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 3 օր առաջ:

Հոդված 12. Ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու, քննարկելու եւ ցուցակները ճշտելու կարգը

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քվեարկության օրվանից մինչեւ 5 օր առաջ ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու մասին դիմում ներկայացնելու լիազոր մարմին:

2. Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ քան քվեարկության օրվանից մինչեւ 4 օր առաջ, սույն օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարում է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:

3. Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

4. Քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում եւ քվեարկության օրն ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու, ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումների վերաբերյալ վճիռները կայացվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը:

5. Քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում եւ քվեարկության օրը ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին վճռի կամ լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա ընտրողների ցուցակում լրացում կատարում է տեղամասային ընտրական հանձնաժողովը` քվեարկության օրը, սույն օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով՝ լրացուցիչ ցուցակ կազմելու միջոցով:

6. Ընտրական հանձնաժողովներն իրավունք չունեն սեփական նախաձեռնությամբ որեւէ փոփոխություն՝ ճշտում կամ լրացում կատարելու ընտրողների ցուցակներում, այդ թվում` լրացուցիչ ցուցակներում` բացառությամբ տառասխալների եւ տեխնիկական վրիպակների:

Հոդված 13. Ընտրողների լրացուցիչ ցուցակները

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքով սահմանված կարգով կազմում է ընտրողների լրացուցիչ ցուցակ:

2. Տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվում են դատարանի վճիռներ ներկայացրած ընտրողները, ինչպես նաեւ տվյալ ընտրական տեղամասի տարածքում հաշվառված, սակայն ընտրողների ցուցակում չընդգրկված ընտրողները` լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա: Տեղամասային ընտրական հանձնաժողովին ներկայացվող` ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին լիազոր մարմնի տեղեկանքի ձեւը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

3. Ընտրողների լրացուցիչ ցուցակները կազմվում են տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեարկության համար տրվող ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան` ավելացվելով մեկ սյունակ՝ դատարանի վճռի կամ լիազոր մարմնի տեղեկանքի համարը եւ ամսաթիվը նշելու համար:

4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակի յուրաքանչյուր էջ ստորագրում եւ կնքում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, իսկ քվեարկության ավարտից հետո ցուցակի վերջում հանձնաժողովի նախագահը նշում է լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը: Ընտրողին ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը կցվում են լրացուցիչ ցուցակին:

ԳԼՈՒԽ 3

ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

Հոդված 14. Ընտրական տեղամասերը

1. Լիազոր մարմինը համայնքի ղեկավարի եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ կազմավորում է ընտրական տեղամասեր քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ` հաշվի առնելով տեղական եւ այլ պայմաններ, նպատակ ունենալով առավել նպաստավոր պայմաններ ստեղծել քվեարկության համար:

2. Ընտրական տեղամասերը կազմավորվում են հերթական համարակալմամբ:

3. Ընտրական տեղամասն ընդգրկում է ոչ ավելի, քան 2000 ընտրող: Սույն կետով սահմանված թիվը կարող է փոփոխվել ընտրողների ցուցակների ճշգրտման եւ սույն օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

4. Ընտրական տեղամասը չի կարող ընդգրկել տարբեր  բնակավայրեր:

Հոդված 15. Տեղամասային կենտրոնը

1. Քվեարկությունը անցակացվում է այդ նպատակով սահմանված տեղամասային կենտրոնում:

2. Տեղամասային կենտրոնը պետք է հնարավորին չափ մոտ լինի ընտրական տեղամասում գտնվող բնակելի շենքերին եւ տներին: ՏԵղամասային կենտրոնը պետք է ընտրվի այնպես, որ ապահովվի քվեարկության բնականոն ընթացքը: Ընտրական տեղամասում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող համապատասխան շենքերի, շինությունների բացակայության պատճառով, ընտրողների համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով տեղամասային կենտրոնի տեղակայման համար համայնքի ղեկավարը կարող է վարձակալել համապատասխան տարածքներ: Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրի պատշաճ ընտրության եւ անհրաժեշտ կահավորման համար պատասխանատու է համայնքի ղեկավարը:

3. Տեղամասային կենտրոնը չի կարող գտնվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմական ուսումնական հաստատությունների, զորամիավորումների եւ առողջապահության հիմնարկների զբաղեցրած շենքերում:

4. Համապետական ընտրությունների ժամանակ տեղամասային կենտրոններ կազմավորվում են նաեւ կալանավորված անձանց պահելու  վայրերում:

5. Տեղական ինքնակառավարման մարմինները սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար տեղամասային կենտրոններում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ:

Հոդված 16. Տեղամասային կենտրոն սահմանելը

1. Համայնքի ղեկավարը, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նաեւ քրեակատարողական հիմնարկի ղեկավարը, ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 43 օր առաջ, սահմանում է տեղամասային կենտրոն: Համայնքի ղեկավարը այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին, համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին եւ տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին:

2. Տեղամասային կենտրոնում քվեարկության պատշաճ կազմակերպման կամ քվեարկության անցկացման անհնարինության դեպքում համայնքի ղեկավարը պարտավոր է քվեարկության օրվանից առնվազն 5 օր առաջ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով փոխել տեղամասային կենտրոնի գտնվելու տեղը, իսկ բացառիկ դեպքերում (տարերային աղետ, վթար, հրդեհ կամ անհաղթահարելի ուժ)` նաեւ քվեարկության օրը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով` տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը փոխելու դեպքում համայնքի ղեկավարն ընտրողներին տեղեկացնում է անհապաղ:

4. Սույն օրենսգրքի 15-րդ եւ 16-րդ հոդվածներով սահմանված գործառույթները համայնքի ղեկավարի համար պարտադիր լիազորություն են, իսկ դրանց չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը հիմք` համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար: 

ԳԼՈՒԽ 4

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ

Հոդված 17. Ընտրատարածքները

1. Հայաստանի Հանրապետության տարածքում կազմավորվում են Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորների թվին հավասար թվով ընտրատարածքներ:

2. Ընտրատարածքները կազմավորում եւ համարակալում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ընտրատարածքը միասնական տարածք է եւ չի կարող ընդգրկել ոչ սահմանակից բնակավայրեր:

3. Ընտրատարածքի սահմանները որոշվում են հաշվի առնելով մարզերի սահմանները, տարածքի աշխարհագրական, տեղագրական եւ ֆիզիկական առանձնահատկությունները, հաղորդակցության միջոցների առկայությունը, գոյություն ունեցող սոցիալական եւ այլ գործոնները: Յուրաքանչյուր մարզում կազմավորվում է առնվազն մեկ ընտրատարածք, բայց այն պայմանով, որ ընտրատարածքը չընդգրկի տարբեր մարզերի համայնքներ:

Մարզում կազմավորված ընտրատարածքներից յուրաքանչյուրում ընտրողների թիվը չպետք է գերազանցի կամ պակաս լինի մարզի ընտրողների ընդհանուր թվի եւ այդ մարզում կազմավորված ընտրատարածքների թվի հարաբերության 10 տոկոսից: Սույն պարբերության դրույթները տարածվում են նաեւ Երեւան քաղաքում կազմավորվող ընտրատարածքների վրա:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրատարածքների գծապատկերները (նկարագիրը) հրապարակում է հանձնաժողովի ինտերնետային կայքում եւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, ընտրատարածքների թվի (սահմանների) փոփոխության մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 7 օրվա ընթացքում:

5. Ազգային ժողովի արտահերթ կամ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ժամանակ ընտրատարածքի սահմանները փոփոխության չեն ենթարկվում:

ԳԼՈՒԽ 5

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 18. Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները

1. Պետությունն ապահովում է նախընտրական քարոզչության ազատ իրականացումը: Այն ապահովում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները` նախընտրական ժողովներ, թեկնածուների հետ ընտրողների հանդիպումներ եւ ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով նրանց դահլիճներ եւ այլ շինություններ տրամադրելու միջոցով: Դրանք թեկնածուներին ու կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին (այսուհետ` կուսակցություն)  տրամադրվում են հավասար հիմունքներով, անվճար` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

Համապետական ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 20 օր հետո մարզպետը, Երեւանում` Երեւանի քաղաքապետը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում այն դահլիճների եւ այլ շինությունների ցանկը, որոնք թեկնածուներին ու կուսակցություններին տրամադրվում են անվճար: Այդ ցանկը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում: Սույն պարբերության դրույթները վերաբերում են նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին:

2. Ընտրողները, թեկնածուները, կուսակցությունները իրավունք ունեն օրենքով չարգելված ձեւերով քարոզչություն կատարել թեկնածուի, կուսակցության օգտին կամ դեմ:

3. Զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու համար թեկնածուներին, կուսակցություններին երաշխավորվում են հավասար պայմաններ` եթերաժամանակ կամ ծավալ, սակագին եւ այլն:

4. Թեկնածուները, կուսացությունները ընտրություն նշանակվելուց հետո կարող են կազմավորել ընտրական շտաբեր: Ընտրական շտաբերը չեն կարող տեղակայվել պետական կառավարչական հիմնարկներին պատկանող շենքերում եւ վարձակալվել այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները: Ընտրական շտաբերի վրա մինչեւ նախընտրական քարոզչության սկսվելը քարոզչական նյութեր (պաստառներ) փակցվել չեն կարող, բացառությամբ այն պաստառների, որոնք չեն պարունակում թեկնածուին, կուսակցությանը կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր եւ դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, իսկ յուրաքանչյուր պաստառի (ցուցանակի) չափը` 6 քառ. մետրը: Այս պաստառները սույն օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն կարող համարվել:

5. Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`

1) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ պետական եւ համայնքային ծառայողներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս.

2) սահմանադրական դատարանի անդամներին, դատավորներին, ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության, դատախազության մարմինների աշխատակիցներին (ծառայողներին), զինծառայողներին.

3) բարեգործական եւ կրոնական կազմակերպություններին.

4) օտարերկրյա կազմակերպություններին եւ քաղաքացիներին (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող ընտրողների) .

5) ընտրական հանձնաժողովի անդամներին։

6. Նախընտրական քարոզչությունն սկսվում է թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով նախատեսված վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը եւ ավարտվում` քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Քվեարկության եւ դրան նախորդող օրը ցանկացած քարոզչություն արգելվում է:

7. Նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին, կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ համայնքների, ընտրողների համար բարեգործություն չեն կարող իրականացնել:

8. Թեկնածուները,  կուսակցությունները, ինչպես նաեւ ընտրությունների մյուս մասնակիցները պարտավոր են պահպանել նախընտրական քարոզչության կազմակերպման սահմանված կարգը: Ընտրական հանձնաժողովները հսկում են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանումը: Թեկնածուների,  կուսակցությունների կողմից այդ կարգի խախտման դեպքում թեկնածուին, կուսակցության ընտրական ցուցակը գրանցած հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններ` դրանք կանխելու կամ կիրառում նախազգուշացում խախտում թույլ տված թեկնածուի, կուսակցության նկատմամբ` տալով եռօրյա ժամկետ խախտումը վերացնելու համար: Նշված ժամկետում խախտումը չվերացնելու դեպքում հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:

9. Ձերբակալված եւ կալանքի տակ գտնվող թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են ընտրական գործընթացներում իրենց ներկայացնող վստահված անձանց միջոցով: Այդ նպատակով` ձերբակալված եւ կալանքի տակ գտնվող թեկնածուներն իրավունք ունեն նախընտրական քարոզչության ընթացքում օրական մինչեւ 2 ժամ տեւողությամբ ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրերում հանդիպումներ ունենալու իրենց մինչեւ 3 վստահված անձանց հետ:

Հոդված 19. Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով

1. Հանրապետության Նախագահի թեկնածուները եւ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ունեն հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության եթերաժամերից հավասար պայմաններով անվճար եւ վճարովի (այդ թվում՝ ուղիղ եթերով) օգտվելու իրավունք:

2. Հանրային ռադիոյից եւ հանրային հեռուստատեսությունից Հանրապետության Նախագահի թեկնածուներին, կուսակցություններին անվճար եւ վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը եւ ժամանակացույցը յուրաքանչյուր համապետական ընտրության համար սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` հաջորդ օրը:

3. Հանրային հեռուստաընկերությունը եւ հանրային ռադիոն, պահպանելով համամասնական հավասարության սկզբունքը, պարտավոր են թեկնածուների,  կուսակցությունների համար ապահովել հավասար պայմաններ:

Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոյի լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների նախընտրական քարոզարշավի վերաբերյալ պետք է ներկայացվի անկողմնակալ եւ գնահատականներից զերծ տեղեկատվություն` ապահովելով համամասնական հավասարության սկզբունքը:

 Թեկնածուի, կուսակցության կողմից միջոցառումներ չկազմակերպելը կամ այդ միջոցառումների մասին տեղեկատվության բացակայությունը հիմք չէ զանգվածային լրատվության միջոցի համար ընտրությունների մյուս մասնակիցների քարոզարշավի մասին տեղեկություններ չհրապարակելու համար:

4. Համապետական եւ Երեւանի ավագանու ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո, հանրային ռադիոյով եւ հանրային հեռուստատեսությամբ հրապարակվում է վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, որը չի կարող գերազանցել մինչեւ ընտրությունների նշանակումը վերջին վեց ամսվա համար առեւտրային գովազդի միջին գինը եւ մինչեւ  նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:

5. Թեկնածուները, կուսակցություններն իրավունք ունեն հավասար պայմաններով օգտվելու նաեւ այլ ռադիոընկերությունների եւ հեռուստաընկերությունների եթերաժամերից:

Սույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված դրույթները հավասարապես տարածվում են նաեւ թեկնածուներին, կուսակցություններին քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող մյուս ռադիոընկերությունների եւ հեռուստաընկերությունների վրա` անկախ սեփականության ձեւից:

6. Արգելվում է նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները եւ հեռուստահաղորդումներն ընդմիջել ապրանքների կամ ծառայությունների գովազդով:

7. Նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները եւ հեռուստահաղորդումները եթեր հեռարձակելիս ձայնագրվում եւ տեսագրվում են: Դրանք պահպանվում են առնվազն երեք ամիս:

8. Հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը:

9. Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը համապետական եւ Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացնում է հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից թեկնածուների, կուսակցությունների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մշտադիտարկում (մոնիտորինգ): Այդ նպատակով Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը մշակում եւ համապետական ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 20 օր հետո հրապարակում եւ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուների, կուսակցությունների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդիկա:

10. Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը համապետական եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, ոչ ուշ, քան նախընտրական քարոզչության համար սահմանված ժամկետի 10-րդ եւ 20-րդ օրը, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից 2 օր առաջ, հրապարակում եւ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածում սույն հոդվածի պահանջների կատարման մշտադիտարկման արդյունքները եւ հանձնաժողովի եզրակացությունը հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ:

11. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հիմնադրած թերթերը եւ ամսագրերը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պահպանելով համամասնական հավասարության սկզբունքը, պարտավոր են թեկնածուների,  կուսակցությունների համար ապահովել հավասար պայմաններ:

Հոդված 20. Քարոզչական պաստառների եւ այլ նյութերի օգտագործման կարգը

1. Թեկնածուները, կուսակցություններն իրավունք ունեն հավասար հիմունքներով անարգել տարածելու պաստառներ, քարոզչական այլ տպագիր նյութեր: Քարոզչական պաստառներ փակցնելու համար տեղեր առանձնացնում է համայնքի ղեկավարը:

2. Ընտրություններ նշանակվելուց հետո` 10 օրվա ընթացքում, համայնքի ղեկավարը որոշում է ընդունում համայնքի տարածքում քարոզչական պաստառների համար տեղեր առանձնացնելու մասին, սահմանելով այնպիսի պայմաններ, որոնք թեկնածուների, կուսակցությունների համար կապահովեն հավասար հնարավորություններ: Այս որոշումը մինչեւ 10000 ընտրող ունեցող համայնքի դեպքում ներկայացվում է ընտրատարածքային ընտրական, իսկ 10000 եւ ավելի ընտրող ունեցող համայնքի դեպքում` կենտրոնական ընտրական հանձնաժողով` որոշումն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում:

3. Եթե ընտրություններ նշանակվելուց հետո` 10 օրվա ընթցքում, համայնքի ղեկավարը որոշում չի ընդունում համայնքի տարածքում քարոզչական պաստառների համար տեղեր առանձնացնելու մասին, ապա քարոզչական պաստառ փակցնելու համար տեղերը  համայնքի ղեկավարը առանձնացնում է թեկնածուի, կուսակցության կամ լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա` դիմումը ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Քարոզչական պաստառ փակցնելու մասին դիմումը համայնքի ղեկավարին կարող է ներկայացվել  թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դիմումը պետք է պարունակի տեղեկություններ պաստառի չափսերի, պաստառների քանակի մասին, եւ պետք է կցված լինի պաստառի գծապատկերը:

Քարոզչական պաստառների համար տեղեր առանձնացնելիս համայքի ղեկավարը պարտավոր է բոլոր թեկնածուների, կուսակցությունների համար համայնքի տարածքում ապահովել հավասար պայմաններ եւ պաստառների հավասար բաշխվածություն: Համայնքի տարածքում հավասար պայմաններ ապահովելու նպատակով պաստառի չափսերը թեկնածուների, կուսակցությունների կողմից պետք է  համապատասխանեցվեն համայնքի ղեկավարի կողմից պաստառի փակցման համար առանձնացված տեղերին:

Քարոզչական պաստառ փակցնելու մասին դիմումի բացակայությունը կամ դիմումներում պաստառների փակցման համար տեղերի քանակների տարբերությունը հիմք չէ մյուս թեկնածուների, կուսակցությունների դիմումները մերժելու կամ նրանց քարոզչական պաստառները փակցնելու համար տեղերի թիվը սահմանափակելու համար:

Քարոզչական պաստառների փակցման համար սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված տեղերը թեկնածուներին, կուսակցություններին տրամադրվում են անվճար:

4. Համայնքի ղեկավարը կարող է նաեւ քվեարկության օրվանից առնվազն 40 օր առաջ ընդունել որոշում` համայնքի տարածքում վահանակներ կամ ժամանակավոր այլ հարմարանքներ տեղադրելու միջոցով վճարովի հիմունքներով քարոզչական պաստառներ փակցնելու համար տեղեր առանձնացնելու մասին, ապահովելով սույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ սահմանված պայմանները եւ հավասար սակագին թեկնածուների, կուսակցությունների համար: Մինչեւ 10000 ընտրող ունեցող համայնքի ղեկավարն ընդունած որոշման օրինակն առաքում է ընտրատարածքային ընտրական, իսկ 10000 եւ ավելի ընտրող ունեցող համայնքի ղեկավարը` կենտրոնական ընտրական հանձնաժողով` որոշումն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում:

5. Մինչեւ քարոզչական պաստառի փակցնելը դրա նմուշը պետք է ներկայացվի թեկնածուին, կուսկացության ընտրական ցուցակը գրանցող ընտրական հանձնաժողով: Ընտրական հանձնաժողովի կողմից եռօրյա ժամկետում պաստառի փակցնելն արգելելու վերաբերյալ որոշում չընդունելու դեպքում, պաստառը կարող է փակցվել:

6. Արգելվում է սույն օրենսգրքով նախատեսված եւ համայնքի ղեկավարի կողմից առանձնացված տեղերից բացի այլ տեղերում, այդ թվում պետական կառավարչական հիմնարկների կամ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, հասարակական օբյեկտների, հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում, քարոզչական պաստառներ փակցնելը: Արգելվում է համայնքի ղեկավարի կողմից առանձնացված տեղերում փակցված պաստառները պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ ցանկացած այլ եղանակով վնասելը:

Սույն հոդվածի դրույթների խախտմամբ փակցված պաստառները վերացնում է համայնքի ղեկավարը, անհրաժեշտության դեպքում` ոստիկանության աջակցությամբ: Սույն գործառույթը համայնքի ղեկավարի համար պատվիրակված լիազորություն է:

7. Արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները քարոզչական պաստառների տեղադրման դեպքում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուների, կուսակցությունների համար պետք է ապահովեն հավասար պայմաններ եւ սահմանեն հավասար սակագներ:

Համապետական եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակները թեկնածուներին, կուսակցություններին տրամադրելու համար, ընտրությունները նշանակվելուց հետո` քսանօրյա ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են տեղեկատվություն ազատ վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի եւ վարձավճարների վերաբերյալ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս տեղեկությունները տեղադրում է հանձնաժողովի ինտերնետային կայքում` ի գիտություն թեկնածուների, կուսակցությունների: Թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում թեկնածուները, կուսակցությունները կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են հայտ գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար` նշելով անհրաժեշտ վահանակների քանակը: Այս տեղեկությունների հիման վրա արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը թեկնածուների, կուսակցությունների միջեւ բաշխվում է  կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ` թեկնածուների, կուսակցությունների համար ապահովելով հավասար պայմաններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա թեկնածուն, կուսակցությունը արտաքին գովազդային վահանակը տնօրինող կազմակերպության հետ կնքում է պայմանագիր քարոզչական պաստառը փակցնելու համար:

8. Համայնքի ղեկավարը, արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունների ղեկավարներն ապահովում են, որ գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված թեկնածուների, կուսակցությունների` սույն հոդվածի դրույթներին համապատասխան փակցված քարոզչական պաստառները վերացվեն:

9. Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ:

10. Արգելվում է անանուն քարոզչական տպագիր նյութեր տարածելը: Անանուն կամ կեղծ քարոզչական տպագիր նյութեր հայտնաբերելու դեպքում իրազեկ ընտրական հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններին` ապօրինի գործողությունները դադարեցնելու համար:

Հոդված 21. Ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության արգելումը

1. Ռադիոընկերությունների եւ հեռուստաընկերությունների որպես թեկնածու գրանցված աշխատակիցներին արգելվում է ընտրությունների լուսաբանումը, ռադիո կամ հեռուստահաղորդումների վարումը կամ դրանցով հանդես գալը, բացառությամբ սույն օրենսգրքի 19-րդ հոդվածով սահմանված դեպքերի:

2. Նախընտրական քարոզչության ժամանակ պետական եւ համայնքային ծառայողներին, զանգվածային լրատվության միջոցների աշխատակիցներին արգելվում է իրենց վերապահված լիազորությունները (իրավունքները) գործադրել թեկնածուների, կուսակցությունների միջեւ անհավասար պայմաններ ստեղծելու, կողմնակալություն ցուցաբերելու միջոցով  ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործելու նպատակով:

3. Թեկնածուների, կուսակցությունների  վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելիս հարցումն իրականացնող կազմակերպությունը պարտավոր է նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը եւ ընտրանքի ձեւը, հավաքման ձեւը եւ վայրը, հարցի ճշգրիտ ձեւակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը եւ պատվիրատուին:

Քվեարկության օրվան նախորդող 7 օրվա ընթացքում, ներառյալ քվեարկության օրը` մինչեւ ժամը 20.00-ն, արգելվում է թեկնածուների, կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելը։

Արգելվում է մինչեւ քվեարկության ավարտը հրապարակել ընտրողների հարցման արդյունքներ այն մասին, թե ում օգտին են քվեարկել:

4. Քվեարկության եւ դրան նախորդող օրն արգելվում է այն շենքի ներսում, մուտքի մոտ կամ շենքի շուրջը, որտեղ գտնվում է տեղամասային կենտրոնը, ընտրողների վրա որեւէ ձեւով ազդեցություն գործել:

5. Արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչեւ 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը: Սույն կետի դրույթների կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից:

Հոդված  22. Քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական,  կամ համանքային ծառայող հանդիսացող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները

Քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային ծառայող հանդիսացող թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են հետեւյալ  սահմանափակումների հաշվառմամբ.

1) արգելվում է նախընտրական քարոզչության իրականացումը պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար.

2) արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածքների, տրանսպորտային եւ կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող միջոցառումների։

Նախընտրական քարոզչության նպատակով պետական սեփականությունն այս թեկնածուների կողմից օգտագործվում է ընդհանուր հիմունքներով:

3) արգելվում է զանգվածային լրատվության միջոցներով այս թեկնածուների գործունեության լուսաբանումը, բացառությամբ Սահմանադրությամբ սահմանված դեպքերի, պաշտոնական այցերի եւ ընդունելությունների, ինչպես նաեւ տարերային աղետների ընթացքում վերջիններիս իրականացրած գործունեության:

Եթե իրականացվում է սույն հոդվածում նշված թեկնածուի այլ գործունեության լուսաբանում, ապա զանգվածային լրատվության միջոցն այն պետք է հաշվի առնի մյուս թեկնածուների գործունեությունը լուսաբանելիս` լուսաբանման հավասարության սկզբունքը պահպանելու համար:

ԳԼՈՒԽ 6

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 23. Ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ֆինանսավորումը

1. Ընտրությունների կազմակերպման եւ անցկացման (ներառյալ` ընտրողների ցուցակները կազմելը, ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների կազմակերպումը), ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովների գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Այդ ծախսերը նախատեսվում են պետական բյուջեում` առանձին հոդվածով եւ պետության կարիքների համար գնումների պլանում ներառվում մեկ տողով:

Ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար հատկացված ֆինանսական միջոցների հաշվին գնումներ կատարելիս գնման ընթացակարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

2. Արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում ընտրությունները ֆինանսավորվում են պետական բյուջեի պահուստային ֆոնդից, իսկ դրա անհնարինության դեպքում` կենտրոնական բանկի պահուստային ֆոնդից` hետագայում պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցելու պայմանով:

3. Եթե բյուջետային միջոցները ժամանակին չեն տրամադրվում, կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահուստային ֆոնդում միջոցներ չկան, կամ տրամադրված միջոցները չեն բավարարում ընտրությունները կամ ընտրությունների երկրորդ փուլը ֆինանսավորելու համար, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի մրցութային հիմունքներով վարկ ստանալու մասնավոր բանկերից կամ օգտագործելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցները` վարկը կամ ընտրական գրավների հատուկ հաշվեհամարից օգտագործված միջոցները կառավարության կողմից եռամսյա ժամկետում մարելու (վերականգնելու) պայմանով:

4. Ընտրությունների համար նախատեսված ֆինանսական միջոցները, այդ թվում` հանձնաժողովների պահպանման համար նախատեսված միջոցները, հատկացվում են «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը սույն օրենսգրքին եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ֆինանսական միջոցները եւ պատասխանատու է այդ միջոցները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նախահաշիվներին համապատասխան օգտագործելու համար:

5. Ընտրություններից հետո` 20-օրյա ժամկետում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ֆինանսական միջոցների ծախսման վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատ ներկայացնում է հաշվետվություն կատարված ծախերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում:

Հոդված 24. Ընտրական գրավը

1. Թեկնածուները, կուսակցությունները կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ:

2. Ընտրական գրավի գումարը դիմումը ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, վերադարձվում է.

1) ընտրվելու կամ համամասնական ընտրակարգով մանդատների բաշխմանը մասնակցելու,

2) ընտրությունների արդյունքում թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու,

3) մինչեւ թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումն ինքնաբացարկ ներկայացնելու,

4) ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվելու եւ նոր ընտրություն նշանակվելու դեպքերում, եւ

5) ժառանգներին` թեկնածուի մահվան դեպքում:

Մյուս բոլոր դեպքերում ընտրական գրավի գումարը չի վերադարձվում:

Հոդված 25. Նախընտրական հիմնադրամի ձեւավորումը

1. Թեկնածուները, կուսակցություններն իրենց նախընտրական քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով բացում են նախընտրական հիմնադրամ։ Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները եւ միայն համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներն առանձին նախընտրական հիմնադրամ ձեւավորել չեն կարող: Հանրապետության Նախագահի թեկնածուների, կուսակցությունների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, իսկ մյուս թեկնածուներինը՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած, Հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որեւէ առեւտրային բանկում: Նախընտրական հիմնադրամ ձեւավորելու նպատակով թեկնածուների, կուսակցությունների,  դիմումների հիման վրա բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ: Այդ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում եւ չեն վճարվում:

2. Նախընտրական հիմնադրամը համալրվում է`

1) թեկնածուի անձնական միջոցներից.

2) թեկնածուին առաջադրած կուսակցության կողմից տրամադրված միջոցներից.

3) կուսակցության միջոցներից.

4) ընտրելու իրավունք ունեցող անձանց կամավոր մուծումներից:

Սույն կետում չնշված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամների հաշվին մուծված գումարները փոխանցվում են պետական բյուջե:

3. Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների եւ հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

4. Նախընտրական հիմնադրամներում կատարվող մուծումների առավելագույն չափերը սահմանվում են սույն օրենսգրքով: Նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափերը գերազանցող մասերը փոխանցվում են պետական բյուջե:

5. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, եռօրյա պարբերականությամբ համապատասխան ընտրական հանձնաժողով տեղեկանք են ներկայացնում թեկնածուների, կուսակցությունների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք եւ այն տեղադրում կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:

Հոդված 26. Նախընտրական հիմնադրամի միջոցների օգտագործումը

1. Թեկնածուն, կուսակցությունը զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր եւ այլ նյութերի ձեռք բերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի` ներառյալ տպագիր նյութերի, պատրաստման ֆինանսավորման համար օգտագործում է միայն իր նախընտրական հիմնադրամի միջոցները: Սույն կետով սահմանված ծառայությունների կամ գույքի ձեռք բերման համար կնքված պայմանագրերը եռօրյա ժամկետում ներկայացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն: Նախընտրական քարոզչության համար թեկնածուին, կուսակցությանը երրորդ անձանց կողմից մատուցված անվճար ծառայությունները, նվիրատվությունները, ինչպես նաեւ մինչեւ նախընտրական հիմնադրամի ձեւավորումը պատվիրված, ձեռք բերված կամ պատրաստված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերը` ներառյալ տպագիր նյութերը, իրենց շուկայական արժեքով պետք է ներառվեն  նախընտրական հիմնադրամի ծախսերում:

2. Եթե հիմնավորվում է, որ նախընտրական քարոզչության համար մատուցված անվճար ծառայությունը կամ նվիրատվությունը շուկայական արժեքով չի ներառվել նախընտրական հիմանադրամի ծախսերում, ապա ընտրական հանձնաժողովի որոշմամբ թեկնածուն, կուսակցությունը պարտավոր է այդ չափով ավելացնել հիմնադրամի ծախսային մասը եւ նախընտրական հիմանադրամի հաշվից դրա շուկայական արժեքի 5-ապատիկի չափով գումար փոխանցել պետական բյուջե:

3. Եթե հիմնավորվում է, որ թեկնածուի, կուսակցության կողմից նախընտրական քարոզչության կազմակերպման նպատակով ձեռքբերված որեւէ ծառայության կամ այլ գույքի համար կատարված ծախսն էականորեն փոքր է նմանատիպ ծառայության կամ գույքի համար ձեւավորված շուկայական արժեքից, ապա այդ տարբերության չափով ավելացվում է նախընտրական հիմանադրամի ծախսային մասը: Ընտրական հանձնաժողովի որոշմամբ թեկնածուն, կուսակցությունը պարտավոր է իր նախընտրական հիմնադրամի հաշվից այդ արժեքների տարբերության 5-ապատիկի չափով գումար փոխանցել պետական բյուջե:

4. Եթե հիմնավորվում է, որ թեկնածուի, կուսակցության նախընտրական քարոզչության համար կատարված ծախսերը գերազանցել են նախընտրական հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը, ապա ընտրական հանձնաժողովի որոշմամբ թեկնածուն, կուսակցությունը պարտավոր է պետական բյուջե փոխանցել նախընտրական հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի 5-ապատիկի չափով գումար:

5. Եթե նախընտրական քարոզչության համար ծախսված գումարի չափը մեծ կամ հավասար է նախընտրական հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափի 10 տոկոսից, ապա ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատարանը կարող է ուժը կորցրած ճանաչել թեկնածուի, կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը:

6. Սույն հոդվածով սահմանված գումարները ընտրական հանձնաժողովի որոշումից հետո` հնգօրյա ժամկետում, պետական բյուջե չփոխանցելու կամ նույն ժամկետում ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով չբողոքարկելու դեպքում ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատարանը թեկնածուի, կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած է ճանաչում:

7. Թեկնածուների, կուսակցությունների նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից:

8. Թեկնածուներին, կուսակցություններին կարող է թույլատրվել հիմնադրամից վճարումներ կատարել նաեւ քվեարկության օրվանից հետո, բայց մինչեւ քվեարկության օրը կատարված գործարքների համար:

9. Ընտրությունից հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` եռամսյա ժամկետում, թեկնածուի, կուսակցության հայեցողությամբ օգտագործվում են բարեգործական նպատակներով: Եռամսյա ժամկետը լրանալուց հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

10. Ընտրությունները չկայացած ճանաչվելու դեպքում նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները սառեցվում են մինչեւ նոր ընտրությունների համար թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը: Նոր ընտրությունների  դեպքում թեկնածուները, կուսակցությունները կարող են օգտագործել իրենց նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները:

11. Նոր ընտրություններին չմասնակցող թեկնածուների, կուսակցությունների նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

12. Սույն հոդվածի դրույթները վերաբերում են միայն սույն հոդվածի 1-ին կետով սահմանված` զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր եւ այլ նյութերի ձեռք բերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի` ներառյալ տպագիր նյութերի ֆինանսավորմանը:

Հոդված 27. Նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը

1. Թեկնածուները, կուսակցություններըն իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ եւ 20-րդ օրը, ինչպես նաեւ ոչ ուշ, քան ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետից 3 օր առաջ:

2. Հայտարարագրի ձեւը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հայտարարագրի ձեւը պետք է պարունակի նաեւ ուղեցույց հայտարարագրի կազմման եւ ներկայացման կարգի ու ժամկետների մասին:

3. Հայտարարագրում նշվում են`

1) նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների ժամանակագրությունը, մուծված գումարի չափը.

2) սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված յուրաքանչյուր ծառայության, գույքի ձեռք բերման համար կատարված ծախսերը, դրանց կատարման ժամկետը, ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի տվյալները.

3) հիմնադրամում մնացած գումարի չափը:

4. Հանրապետության Նախագահի թեկնածուների, կուսակցությունների, մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ հայտարարագրերը եռօրյա ժամկետում տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում, իսկ մյուս թեկնածուների հայտարարագրերի պատճենները փակցվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում` տեսանելի տեղում, դրանց պատճենները կարող են տրամադրվել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, դիտորդներին:

Հոդված 28. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը

Ընտրական հանձնաժողովներին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմին տրամադրված միջոցների օգտագործման, նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման եւ ծախսերի, ինչպես նաեւ կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով  կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստեղծում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոնը քաղաքացիական պաշտոն է, ծառայության մյուս երկու աշխատակիցները քաղաքացիական ծառայողներ են: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոնային դրույքաչափը հավասար է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի համար սահմանված դրույքաչափի 75 տոկոսին, նա նշանակվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ: Ծառայության ղեկավարը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ:

Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման եւ ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով համապետական եւ Երեւանի ավագանու ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է աուդիտորի որակավորում uտացած Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի: Ազգային ժողովի խմբակցությունների կողմից ծառայությունում նշանակված աուդիտորները աշխատում են հասարակական հիմունքներով, նրանց գործունեությունն ավարտվում է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո` 20-րդ օրը:

Համապետական, Երեւանի ավագանու եւ Հանրապետության ողջ տարածքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում մինչեւ 3 ամիս ժամկետով պայմանագրային հիմունքներով կարող է ընդգրկվել մինչեւ 5 մասնագետ:

Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը թեկնածուների, կուսակցությունների նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը ստանալուց հետո` 2 օրվա ընթացքում, ստուգում, ստուգման արդյունքներով կազմում է տեղեկանք եւ ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը: Հանձնաժողովի նիստում քննարկելուց հետո տեղեկանքը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:

Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեության կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

ԳԼՈՒԽ 7

ԴԻՏՈՐԴՆԵՐԸ,  ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ, ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ

Հոդված 29. Դիտորդական առաքելության իրավունքը

1. Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`

1) միջազգային կազմակերպությունները.

2) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունները.

3) Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, եւ որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին: Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների հիմնադիր փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

2. Միջազգային կազմակերպությունները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունները եւ օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել հրավերի առկայության դեպքում: Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ընդգրկվել չեն կարող:

Սույն կետում նշված կազմակերպություններին եւ անձանց դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկելու իրավունք ունեն`

1) Հանրապետության Նախագահը.

2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը.

3) Հայաստանի Հանրապետության  վարչապետը.

4) կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

3. Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների ընտրությունների վերաբերյալ զեկույցները տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:

4. Դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հոդված 30. Դիտորդների հավատարմագրումը

1. Սույն օրենսգրքի 29-րդ հոդվածում նշված կազմակերպությունների դիտորդերն իրենց  առաքելությունն իրականացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո:

2. Հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդներին տրվող վկայականներն այդ կազմակերպություններին հանձնում է դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 7 օր հետո:

Դիտորդների վկայականները Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների դեպքում կնքվում են նաեւ այդ կազմակերպությունների կնիքով:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, եթե կազմակերպության կանոնադրական խնդիրները չեն բավարարում սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներին կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 7-րդ կետով սահմանված կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման պահանջներին:

5. Դիտորդների կողմից որեւէ թեկնածուի, կուսակցության աջակցելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի այդ կազմակերպությանը զրկելու դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:

6. Դիտորդների լիազորությունները դադարում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման պահից 8-րդ օրը, եթե ընտրության արդյունքները դատարան չեն բողոքարկվել: Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում դիտորդների լիազորություններն ավարտվում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը, եթե վերաքվեարկություն չի նշանակվել: Վերաքվեարկության դեպքում դիտորդների վերագրանցում չի պահանջվում:

7. Դիտորդների հավատարմագրման կարգը, դիտորդների հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի եւ տեղեկությունների ցանկը, դիտորդների վկայականների ձեւերը եւ դրանց լրացման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հոդված 31. Դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի իրավունքները, պարտականությունները եւ գործունեության երաշխիքները

1. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը իրավունք ունեն`

1) ներկա գտնվելու ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաեւ տեղամասային կենտրոնում.

Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների դիտորդները ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաեւ տեղամասային կենտրոնում կարող են ներկա գտնվել, եթե անցել են ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ եւ ստացել որակավորման վկայականներ: Այս դասընթացներն անցկացվում են ընտրական հանձնաժողովի անդամության թեկնածուների համար սույն օրենսգրքով սահմանված դասընթացների հետ համատեղ:

 2) կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հետեւելու քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման եւ քվեաթերթիկների հաշվարկման գործընթացներին.

3) անարգել ծանոթանալու քվեաթերթիկների նմուշներին, տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, հանձնաժողովի որոշումներին, նիստերի արձանագրություններին, ստանալու դրանց պատճենները, կատարելու քաղվածքներ.

4) կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ազատ տեղաշարժվելու տեղամասային կենտրոնում՝ քվեաթերթիկների ու քվեատուփի դիտարկման համար:

2. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը իրավունք չունեն միջամտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:

3. Դիտորդը քվեարկության օրը հետեւում է ընտրական հանձնաժողովի աշխատանքներին եւ կարող է հանձնաժողովի նախագահին ներկայացնել դիտողություններ, առաջարկություններ:

4. Դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի սույն օրենսգրքով սահմանված իրավունքների որեւէ սահմանափակում չի թույլատրվում:

5. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը պարտավոր են պահպանել սույն օրենսգրքի պահանջները եւ չեն կարող պատասխանատվության ենթարկվել ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ հայտնած կարծիքի համար:

Հոդված 32. Վստահված անձի կարգավիճակը

1. Կուսակցություններն` ընտրական ցուցակները գրանցելուց, իսկ թեկնածուները` գրանցվելուց հետո ընտրական հանձնաժողովներում, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների հետ փոխհարաբերություններում, իրենց շահերը պաշտպանելու նպատակով, կարող են ունենալ վստահված անձինք: Վստահված անձ կարող են լինել միայն Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները:

2. Կուսակցությունների ընտրական ցուցակները եւ թեկնածուներին գրանցելուց հետո, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից մինչեւ 7 օր առաջ, ըստ ներկայացված ցուցակների, վստահված անձանց տրվում են կնքված վկայականներ` ընտրության համար կազմավորված տեղամասերի թվի եռապատիկից ոչ ավելի: Վկայականները տրվում են հայտը ներկայացնելուց հետո` հնգօրյա ժամկետում: Համապատասխան հանձնաժողովը վկայականում նշում է թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը, կուսակցության անվանումը: Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը կամ կուսակցության լիազոր ներկայացուցիչը վկայականները լրացնում եւ տրամադրում է վստահված անձանց:

3. Վստահված անձանց գրանցման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, կուսակցությունների լիազոր ներկայացուցիչը ցանկացած պահի, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից մինչեւ  7 օր առաջ կարող են հետ կանչել իրենց նշանակած վստահված անձանց, նշանակել նորերին:

4. Վստահված անձ չեն կարող լինել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության, դատախազության, դատական ակտերի հարկադիր կատարման, հարկային եւ մաքսային մարմինների աշխատակիցները, փրկարար ծառայության աշխատակիցները, զինծառայողները, հոգեւորականները, ընտրական հանձնաժողովի անդամները, պետական զանգվածային լրատվության միջոցների ղեկավարները եւ օտարերկրյա քաղաքացիները:

Հոդված 33. Վստահված անձի իրավունքները, պարտականությունները եւ գործունեության երաշխիքները

1. Վստահված անձը իրավունք ունի՝

1) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու հանձնաժողովի նիստերին, քվեարկության ընթացքում ներկա գտնվելու քվեարկության սենյակում.

2) ծանոթանալու ընտրական փաստաթղթերին, այդ թվում՝ դատարանի համապատասխան վճիռներին, լիազոր մարմնի տված համապատասխան տեղեկանքին.

3) ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որեւէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, ընտրական հանձնաժողովների որոշումներին, արձանագրություններին, ստանալու դրանց պատճենները (բացառությամբ ընտրողների կողմից ստորագրված ցուցակների), կատարելու քաղվածքներ (բացառությամբ ընտրողների կողմից ստորագրված ցուցակների): Որոշումների, արձանագրությունների, գրանցամատյանի գրառումների պատճենները եւ քաղվածքները պետք է կնքեն եւ ստորագրեն հանձնաժողովի նախագահը (տեղակալը) եւ քարտուղարը: Տեղամասային ընտրական հանձնաժողովից ստացված փաստաթղթերը կնքվում են միայն քվեարկության օրը.

4) սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ դեպքերում բողոքարկելու հանձնաժողովների որոշումները, գործողությունները, անգործությունը.

5) կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով հետեւելու քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման եւ քվեաթերթիկների հաշվարկման գործընթացներին.

6) չմիջամտելով հանձնաժողովի անդամի աշխատանքներին` ֆիզիկապես ներկա գտնվելու հանձնաժողովի՝ ընտրողների գրանցում իրականացնող, քվեաթերթիկ եւ քվեարկության ծրար հատկացնող անդամների, քվեարկության ծրարները կնքող եւ քվեատուփը հսկող անդամի կողքին եւ հետեւելու նրանց աշխատանքներին.

7) քվեարկության օրը հետեւել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին եւ դրանց վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացնել դիտողություններ եւ առաջարկություններ, որոնց կապակցությամբ վերջինս ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ.

8) քվեարկության արդյունքները ամփոփելիս ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որեւէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու քվեարկած քվեաթերթիկներին եւ դրանցում կատարված նշումներին, ներկա գտնվելու քվեաթերթիկների հաշվարկմանը եւ քվեարկության արդյունքների ամփոփմանը.

9) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Վստահված անձը իր լիազորություններն իրականացնում է սույն օրենսգրքով սահմանված կարգով:

3. Ընտրական հանձնաժողովի նիստին եւ քվեարկության ընթացքում կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր թեկնածուի եւ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) մեկական վստահված անձ:

4. Վստահված անձի իրավունքների որեւէ սահմանափակում չի թույլատրվում։ Ոչ ոք, այդ թվում` ընտրական հանձնաժողովները, իրավունք չունեն վստահված անձանց դուրս հանելու քվեարկության սենյակից կամ ցանկացած այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա գտնվելուց, բացառությամբ նրանց ձերբակալելու կամ կալանավորելու դեպքերի:

5. Վստահված անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել ընտրությունների ընթացքի եւ արդյունքների ամփոփման վերաբերյալ իր հայտնած կարծիքի համար։

ԲԱԺԻՆ 2.  ԸՆՏՐԱԿԱՆՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 8

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ: ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 34. Ընտրական հանձնաժողովների համակարգը

1. Ընտրությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով Հանրապետությունում կազմավորվում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ` կենտրոնական ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով եւ տեղամասային ընտրական հանձնաժողով:

2. Յուրաքանչյուր ընտրատարածքի համար կազմավորվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ Ազգային ժողովի մեծամասնական ընտրատարածքների կազմավորման մասին որոշմամբ:

3. Եթե համայնքի տարածքն ընդգրկված է մեկից ավելի ընտրատարածքների կազմում, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից առնվազն 65 օր առաջ որոշում է այն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որի լիազորությանն է վերապահվում տվյալ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպումը եւ անցկացումը: Այդ հանձնաժողովի ընտրատարածքը պետք է ընդգրկի տվյալ համայնքի առավել թվով ընտրողներ:

4. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին անհատույց ապահովում են անհրաժեշտ աշխատանքային տարածքներով եւ գույքով, աջակցում հանձնաժողովներին՝ նրանց բնականոն աշխատանքային գործունեությունն ապահովելու համար:

Հոդված 35. Ընտրական հանձնաժողովների խնդիրները

1. Ընտրական հանձնաժողովներն ապահովում են ընտրողների ընտրական իրավունքի իրականացումը եւ պաշտպանությունը: Ընտրական հանձնաժողովներն իրենց լիազորություններն իրականացնելիս անկախ են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից:

2. Ընտրական հանձնաժողովները գործում են օրինականության, կոլեգիալության եւ հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

Հոդված 36. Ընտրական հանձնաժողովների ակտերը

1 Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունում է նորմատիվ կամ անհատական իրավական ակտեր, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը` անհատական իրավական ակտեր:

2. Ընտրական հանձնաժողովների իրավական ակտերը` ընդունված իրենց լիազորությունների շրջանակներում, ենթակա են պարտադիր կատարման:

Հոդված 37. Ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակը

1. Ընտրական հանձնաժողովների անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ եւ չի ներկայացնում իրեն նշանակողին:

2. Ընտրական հանձնաժողովների անդամներն ազատվում են զորահավաքներից եւ վարժական հավաքներից, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում` նաեւ զորակոչից:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը կարող է կալանավորվել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն աշխատում են մշտական հիմունքներով եւ իրավունք չունեն կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

5. Կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների լիազորություններն իրականացվում են համապատասխանաբար մինչեւ նոր կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերի գումարումը:

Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտը համընկնում է  համապետական ընտրությունների անցկացման ժամանակահատվածի հետ, ապա հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են ընտրությունների արդյունքների ամփոփման օրվանից 70 օր հետո:

6. Ընտրական հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն նախապես ծանոթանալու հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին եւ փաստաթղթերին, ելույթներ ունենալու հանձնաժողովի նիստերում, ներկայացնելու առաջարկություններ եւ պահանջելու, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն, նիստի մասնակիցներին տալու հարցեր եւ ստանալու սպառիչ պատասխաններ:

7. Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են կատարել հանձնաժողովի նախագահի կողմից իր իրավասության սահմաններում տրված հանձնարարությունները:

8. Վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, իրավունք ունեն խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու ստորադաս ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության օրը ներկա գտնվելու տեղամասային կենտրոնում:

9. Ընտրատարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն ընտրությունների ժամանակահատվածում կարող են ազատվել իրենց ծառայողական պարտականություններ կատարելուց:

10. Ընտրական հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին եւ կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունները: Պարտականությունների անհարգելի չկատարումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

11. Ընտրատարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձը նրանց հիմնական աշխատավայրերում պահպանվում է:

12. Ընտրական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ` հանձնաժողովի առաջին նիստում, ընտրական հանձնաժողովի նախագահի հրապարակային ընթերցումից հետո ստորագրում է պարտավորություն «Ընտրական հանձնաժողովի անդամի պարտականությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու մասին», որը կցվում է ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանին: «Ընտրական հանձնաժողովի անդամի պարտականությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու մասին» ընտրական հանձնաժողովի անդամի պարտավորության տեքստը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հոդված 38. Ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը, ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը

1. Ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը եւ ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` սույն հոդվածով սահմանված կարգով: Ընտրական վարչարարության բարձրացմանն ու ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինմանն ուղղված ծրագրերի իրականացման համար կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է ունենալ նաեւ արտաբյուջետային հաշիվ:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնային դրույքաչափը հավասար է «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնական դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամի համար սահմանված դրույքաչափին, հանձնաժողովի նախագահի տեղակալի եւ հանձնաժողովի քարտուղարի պաշտոնային դրույքաչափը` հանձնաժողովի նախագահի պաշտոնային դրույքաչափի 85, իսկ հանձնաժողովի անդամներինը` հանձնաժողովի նախագահի պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսին:

3. Համապետական, Երեւանի ավագանու, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի նոր կամ լրացուցիչ ընտրությունների կամ ընտրատարածքի՝ միաժամանակ 5 եւ ավելի համայնքում կամ (եւ) 10.000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի (60 օր) համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոնային դրույքաչափի, իսկ հանձնաժողովի անդամները`  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության 50 տոկոսի չափով:

Մյուս ընտրությունների դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը եւ հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության չափով:

4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը եւ հանձնաժողովի անդամները՝ նվազագույն աշխատավարձի չափով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները վարձատրվում են ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո: Վերաքվեարկություն անցկացվելու դեպքում` լրացուցիչ, իսկ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում` վարձատրություն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին չի տրվում:

5. Համապետական, Երեւանի ավագանու, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի նոր կամ լրացուցիչ ընտրությունների դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի (60 օր) յուրաքանչյուր ամսվա համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի կենտրոնական ապարատի քաղաքացիական ծառայողների (աշխատակիցների) պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկվում են: Սույն կետով սահմանված ժամանակահատվածի համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի կենտրոնական ապարատի քաղաքացիական ծառայողների (աշխատակիցների) պաշտոնային դրույքաչափերի տարբերությունը նախատեսվում է ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ծախսերում:

6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցների մինչեւ 15 տոկոսը` կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, յուրաքանչյուր տարվա համար հաստատված նախահաշվին համապատասխան, կարող է օգտագործվել ընտրական վարչարարության փորձի ուսումնասիրման, ընտրական վարչարարության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման, ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինման եւ ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի հրատարակման համար:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում մնացած միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է օգտագործվել ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինման եւ ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի հրատարակման համար:

ԳԼՈՒԽ 9

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 39. Ընտրական հանձնաժողովներ կազմավորելու հիմունքները

1. Ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվում են ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները:

2. Կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել սույն օրենսգրքի համապատասխանաբար 40-րդ եւ 41-րդ հոդվածների պահանջներին համապատասխանող քաղաքացիները:

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել սույն օրենսգրքի 42-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող այն քաղաքացիները, ովքեր կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անցել են ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ եւ ստացել որակավորման վկայականներ:

4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցումն իրականացվում է հանձնաժողովների կազմավորումից հետո:

5. Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացները կազմակերպում եւ անցկացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան: Դասընթացները կազմակեպվում են Երեւան քաղաքում եւ մարզերում (մարզերում` ըստ ընտրատարածքների)` տարին առնվազն մեկ անգամ, քաղաքացիների դիմումների, կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացրած ցուցակների հիման վրա: Որակավորման վկայականները տրվում են գրավոր ստուգարքի հիման վրա: Դասընթացների, ստուգարքի ընթացքին կարող են հետեւել զանգվածային լրատվության միջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

6. Քաղաքացին կարող է ընդգրկվել միայն մեկ ընտրական հանձնաժողովի կազմում:

7. Ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

8. Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, Սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, նախարարները եւ նրանց տեղակալները, մարզպետները եւ նրանց տեղակալները, համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները, զինծառայողները, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, դատական ակտերի հարկադիր կատարման, քրեակատարողական, մաքսային, փրկարար ծառայությունների ծառայողները, վստահված անձինք, լիազոր ներկայացուցիչները, դիտորդները, թեկնածուները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք:

Հոդված 40. Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը

1.Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի յոթ անդամ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին նշանակում է Հանրապետության Նախագահը 5 տարի ժամկետով` մինչեւ հանձնաժողովի լիազորությունների ավարտը:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի հինգական թեկնածուներ Հանրապետության Նախագահին են ներկայացնում  Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը եւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուների յուրաքանչյուր հնգյակում թեկնածուներից առնվազն մեկը պետք է ունենան իրավաբանական կրթություն եւ առնվազն մեկը պետք է լինի կին:

Ներկայացված թեկնածուներից յոթը նշանակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, մյուսները` մնում ռեզերվում հանձնաժողովի անդամի թափուր տեղերը լրացնելու համար:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից առնվազն երկուսը պետք է ունենան իրավաբանական կրթություն, իսկ առնվազն երկուսը պետք է լինի կին: Յուրաքանչյուր նոր կազմավորման դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ը պետք է փոխվի:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամն անփոփոխելի է, նա չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է լինել ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով հանրային ծառայող է, հրապարակային հասարակական-քաղաքական գործունեություն չի ծավալում, ցուցաբերում է քաղաքական զսպվածություն եւ ունի`

1) բարձրագույն իրավաբանական կրթություն կամ իրավունքի ոլորտում գիտական աստիճան եւ վերջին 10 տարում առնվազն 5 տարվա մասնագիտական ստաժ կամ

2) բարձրագույն կրթություն եւ վերջին 10 տարում պետական կառավարման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ կամ

3) բարձրագույն կրթություն եւ վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ:

6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնում է նախորդ կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտման օրը նշանակված առաջին նիստում, որը կայանում է ժամը 12.00-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստը, մինչեւ հանձնաժողովի նախագահի ընտրվելը, վարում է հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, հանձնաժողովի նախագահի տեղակալին եւ հանձնաժողովի քարտուղարին ընտրում է հանձնաժողովն իր կազմից` հանձնաժողովի առաջին նիստում:

8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների թեկնածուների տվյալները Հանրապետության Նախագահի աշխատակազմ ներկայացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունների ավարտի ժամկետի մասին հանձնաժողովի անդամների թեկնածուներ առաջադրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց տեղեկացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտից ոչ ուշ, քան 50 օր առաջ:

9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագիրը հրապարակվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտից առնվազն 7 օր առաջ:

10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը:

11. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի եւ հանձնաժողովի քարտուղարի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին:

12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը եւ քարտուղարն ընտրվում են բաց քվեարկությամբ:

Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ քարտուղարի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ քարտուղարի պաշտոնի համար քվեարկվել է մեկից ավելի թեկնածու, ապա ընտրվում է առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուն:

Հոդված 41. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ունի յոթ անդամ: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմավորում եւ հանձնաժողովի անդամներին նշանակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը 5 տարի ժամկետով` մինչեւ հանձնաժողովի լիազորությունների ավարտը:

2. Յուրաքանչյուր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում առնվազն մեկ անդամ պետք է ունենա իրավաբանական կրթություն, առնվազն մեկը պետք է լինի կին: Նոր կազմավորման դեպքում յուրաքանչյուր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ը պետք է փոխվի:

3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամն անփոփոխելի է, նա չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուներին ընտրում է այն քաղաքացիների թվից, ովքեր սահմանված ժամկետում կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են դիմում` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար:

5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար կարող է դիմել ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով հանրային ծառայող է, հրապարակային հասարակական-քաղաքական գործունեություն չի ծավալում, ցուցաբերում է քաղաքական զսպվածություն եւ ունի`

1) բարձրագույն իրավաբանական կրթություն կամ իրավունքի ոլորտում գիտական աստիճան եւ վերջին 5 տարում առնվազն 2 տարվա մասնագիտական ստաժ կամ

2) բարձրագույն կրթություն եւ վերջին 5 տարում պետական կառավարման ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ կամ

3) բարձրագույն կրթություն եւ վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել նաեւ Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունք ունեցող փաստաբաններ, նոտարներ:

6. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներին, հանձնաժողովների նախագահների տեղակալներին եւ հանձնաժողովների քարտուղարներին ընտրում են համապատասխան հանձնաժողովներն իրենց կազմերից:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում չնշանակված քաղաքացիները մնում են ռեզերվում` հանձնաժողովի անդամի թափուր տեղերը լրացնելու համար:

7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իր լիազորություններն ստանձնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իր լիազորություններն ստանձնելուց հետո` 40-րդ օրը գումարված հանձնաժողովի առաջին նիստում:

8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուներին ընտրելու համար զանգվածային լրատվության միջոցներով հայտարարություն է տարածում քաղաքացիների կողմից դիմումների ներկայացման ժամկետների եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջների մասին: Դիմումի ձեւը եւ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին ընդունվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների առաջին նիստի օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ:

10. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստն սկսվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների գտնվելու վայրերում ժամը 12.00-ին: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը, մինչեւ հանձնաժողովի նախագահի ընտրվելը, վարում է հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

11. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը եւ հանձնաժողովի քարտուղարն ընտրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի եւ քարտուղարի ընտրության համար սահմանված կարգով:

Հոդված 42. Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովն ունի առնվազն յոթ անդամ:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովում մեկական անդամ նշանակում են`

1) Հանրապետության Նախագահը,

2) Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը),

 3) համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:

3. Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովի ձեւավորման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով կամ ժամկետներում Հանրապետության Նախագահի կամ որեւէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից հանձնաժողովի անդամ չի նշանակվում, ապա հանձնաժողովի այդ թափուր տեղերը նրանց փոխարեն լրացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում: Տեղամասային ընտրական հանձնաժողովի թափուր տեղերը սույն պարբերությամբ սահմանված կարգով լրացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների, տեղակալների եւ քարտուղարների ըստ տեղամասերի բաշխման մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չի փոփոխվում:

Եթե Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) թիվը փոքր է հինգից, ապա հանձնաժողովի թափուր տեղերը լրացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետում:

4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղակալը եւ քարտուղարը նշանակվում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ, հանձնաժողովում Հանրապետության Նախագահի եւ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) կողմից նշանակված անդամների թվից, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքի:

5. Տեղամասային ընտրական հանձնաժողովում Հանրապետության Նախագահի  եւ յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից հանձնաժողովի նախագահի, տեղակալի եւ քարտուղարի պաշտոններում նշանակվող անդամների թիվը որոշվում է համամասնական հավասարության սկզբունքով` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների հիման վրա:

Այդ նպատակով որոշվում է.

- վավեր քվեաթերթիկների թվում յուրաքանչյուր կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի տոկոսային արտահայտությունը: Ստացված թիվը տեղամասերի թվում յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) հասանելիք հանձնաժողովի նախագահի, տեղակալի եւ քարտուղարի պաշտոնների թիվն է տոկոսային արտահայտությամբ` առանձնացրած ամբողջ թվերը:

- վավեր քվեաթերթիկների թվում մանդատների բաշխմանը չմասնակցած կուսակցություններին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի տոկոսային արտահայտությունը: Ստացված թիվը տեղամասերի թվում Հանրապետության Նախագահի կողմից նշանակվող հանձնաժողովի նախագահի, տեղակալի եւ քարտուղարի պաշտոնների թիվն է տոկոսային արտահայտությամբ` առանձնացրած ամբողջ թվերը:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի, տեղակալի եւ քարտուղարի մնացած պաշտոնները բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների, տեղակալների եւ քարտուղարների բաշխումն ըստ տեղամասերի կատարվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, եթե համայնքում կազմավորված տեղամասերի թիվը փոքր է սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերով սահմանված մարմինների կողմից հանձնաժողովում նշանակված անդամների թվից, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, տեղակալի եւ քարտուղարի պաշտոնների բաշխումը հանձնաժողով կազմավորած մարմինների միջեւ կատարվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, հաշվի առնելով, որ այդ երեք պաշտոնները միաժամանակ չեն կարող զբաղեցվել կառավարության կազմավորմանը մասնակից կուսակցությունների ներկայացուցիչների կողմից:

6. Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն,  արտահերթ ընտրությունների դեպքում` քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20, եւ ոչ ուշ, քան 18 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն: Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտը ստորագրում են համապատասխանաբար Հանրապետության Նախագահը կամ նրա հանձնարարությամբ Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը կամ աշխատակազմի ղեկավարի տեղակալը կամ Հանրապետության Նախագահի օգնականը, կուսակցության ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ կուսակցության ղեկավարի տեղակալը (քարտուղարը), կուսակցությունների դաշինքի դեպքում` խմբակցության ղեկավարը կամ խմբակցության քարտուղարը:

Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու կարգը, հայտի ձեւը, անհրաժեշտ փաստաթղթերի եւ տեղեկությունների ցանկը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

7. Տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը տեղամասային կենտրոնում հրավիրվում է հանձնաժողովի կազմավորման օրվանից հետո 3 օրը ` ժամը 12.00-ին:

8. Քվեարկության օրը` ժամը 8.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը մինչեւ 1000 ընտրող ունեցող ընտրական տեղամասի դեպքում 5-ից պակաս, իսկ 1000-ից ավել ընտրող ունեցող ընտրական տեղամասի դեպքում 7-ից պակաս լինելու դեպքում հանձնաժողովի անդամների թիվը համապատասխանաբար մինչեւ 5 եւ 7 անդամ լրացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց թվից:

9. Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները դադարում են քվեարկության օրվանից 7 օր հետո, եթե ընտրության արդյունքները չեն բողոքարկվել: Ընտրության արդյունքները բողոքարկվելու եւ վերաքվեարկություն անցկացվելու դեպքում  տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները դադարում են վերաքվեարկության օրվանից 7 օր հետո:

Հոդված 43. Ընտրական հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին, հանձնաժողովի քարտուղարին պաշտոնանկ անելու եւ հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու կարգը

1. Ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը եւ հանձնաժողովի քարտուղարը կարող են պաշտոնանկ արվել հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ: Պաշտոնանկության դեպքում ընտրական հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ եւ հանձնաժողովի քարտուղար ընտրվում են (տեղամասային ընտրական հանձնաժողովի դեպքում` նշանակվում) սույն օրենսգրքով սահմանված կարգով, պաշտոնանկության մասին որոշում ընդունելուց հետո եռօրյա ժամկետում:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղակալը եւ քարտուղարը պաշտոնանկ կարող են արվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղակալը կամ քարտուղարը չեն մասնակցում քվեարկությանը, եթե քվեարկության է դրված համապատասխանաբար նախագահի, տեղակալի կամ քարտուղարի պաշտոնանկ անելու հարցը:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի եւ քարտուղարի պաշտոնանկության դեպքում նրա` որպես հանձնաժողովի անդամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, իսկ հանձնաժողովի անդամի թափուր տեղը լրացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում` հանձնաժողովի այդ անդամին նշանակելու լիազորություն ունեցող մարմնի կողմից:

3. Ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե`

1) չունի հանձնաժողովում նշանակվելու  իրավունք.

2) սույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ սահմանված դեպքում.

3) հաժարվում է ստորագրել «Ընտրական հանձնաժողովի անդամի պարտականությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու մասին» պարտավորության տեքստը.

4)  դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 149 -154-րդ հոդվածներով

5) 44-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված հիմքով.

6) ներկայացրել է  դիմում.

7) զորակոչվել է:

Ընտրական հանձնաժողովի անդամը հանձնաժողովում իրեն նշանակած պաշտոնատար անձի կամ մարմնի կողմից կարող է հետ կանչվել, եթե նա խախտել է սույն օրենսգրքի դրույթները: Այս դեպքում հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են վերադաս հանձնաժողովի, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի դեպքում` վարչական դատարանի կողմից:

4. Ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր տեղերը համալրվում են համապատասխան ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով` 21-օրյա, իսկ ընտրությունների ժամանակահատվածում` եռօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից երեք օր առաջ:

Հոդված 44. Ընտրական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը

1. Ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա հանձնարարության կամ բացակայության դեպքում նախագահի տեղակալը:

2. Ընտրական հանձնաժողովի նախագահը սահմանում է հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը:

3. Արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում, այդ մասին կապի հնարավոր միջոցներով տեղեկացնելով հանձնաժողովի անդամներին:

4. Ընտրական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

Հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել քվեարկությանը: Որոշումն ընդունվում է, եթե կողմ են  քվեարկել  նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:

5. Ընտրության արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելիս ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

6. Ընտրական հանձնաժողովներն ստանում են համարակալված էջերով եւ վերադաս հանձնաժողովի կողմից կնքված գործավարության մատյան:

Գործավարության մատյանին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ այն լրացնելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

7. Գործավարության մատյանում նշվում է նիստերին հանձնաժողովի անդամների մասնակցության մասին: Այդ գրառման տակ ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները:

 8. Ընտրական հանձնաժողովների անդամները, հանձնաժողովի նիստին (ներառյալ` քվեարկության օրը` ընտրական տեղամասում) ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք, բացառությամբ քվեարկողների եւ տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների, վերնազգեստի վրա պարտադիր կարգով պետք է կրեն հանձնաժողովի նիստին (ընտրական տեղամասում) ներկա գտնվելու իրավունքը հավաստող վկայական: Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների դիտորդներն ընտրական հանձնաժողովում, իսկ քվեարկության ընթացքում` նաեւ տեղամասային կենտրոնում ներկա գտնվելու համար իրենց մոտ պետք է ունենան նաեւ ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու որակավորման վկայականները: Հանձնաժողովի նախագահն արգելում է ընտրական հանձնաժողովներում, իսկ քվեարկության ընթացքում` նաեւ տեղամասային կենտրոնում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաեւ վերնազգեստի վրա առանց համապատասխան վկայականի անձանց ներկայությունն ընտրական հանձնաժողովում (ընտրական տեղամասում):

9. Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են մասնակցել հանձնաժողովի նիստերին: Հերթական նիստերից երեք անհարգելի բացակայության դեպքում հանձնաժողովն իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ իրավունք ունի վաղաժամկետ դադարեցնելու հանձնաժողովի անդամի լիազորությունները:

Հոդված 45. Ընտրական հանձնաժողովում վարչական վարույթի առանձնահատկությունները

1. Ընտրական հանձնաժողովում վարչական վարույթն իրականացվում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սույն օրենսգրքով սահմանված առանձնահատկություններով եւ ժամկետներում:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում դիմումի քննարկման մասին դիմումատուն համարվում է ծանուցված դիմումի քննարկման օրվա եւ ժամի մասին հանձնաժողովի ինտերնետային կայքում տեղեկություն տեղադրելու եւ դիմումում նշված էլեկտրոնային կապի որեւէ միջոցով նրան տեղեկացնելու դեպքում:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում դիմումի քննարկման մասին դիմումատուն համարվում է ծանուցված դիմումի քննարկման օրվա եւ ժամի մասին հանձնաժողովում բոլորի համար տեսանելի տեղում տեղեկություն փակցնելու եւ դիմումում նշված էլեկտրոնային կապի որեւէ միջոցով նրան տեղեկացնելու դեպքում:

3. Վարչական վարույթն իրականացնող ընտրական հանձնաժողովի կազմին կամ հանձնաժողովի անդամին վարույթի մասնակիցները չեն կարող բացարկ հայտնել, իսկ վարչական վարույթն իրականացնող ընտրական հանձնաժողովի անդամը ինքնաբացարկ հայտնելու իրավունք չունի:

4. Ընտրությունների ժամանակահատվածում աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով վարչական վարույթի մասնակիցները վարչական վարույթի նյութերին ծանոթանում են վարույթն իրականացնող ընտրական հանձնաժողովում` այդ վարույթով հրավիրված նիստից առաջ: Հանձնաժողովի նիստը համառոտ արձանագրվում է` անկախ վարույթի մասնակիցների ներկայությունից:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելուց հետո հանձնաժողովի ինտերնետային կայքում տեղադրելու պահից: Այդ ակտն ինտերնետային կայքում տեղադրելուց հետո էլեկտրոնային եղանակով ուղարկվում է վարույթի մասնակիցներին կամ նրանց ուղարկվում է կարճ հաղորդագրություն վարչական ակտի ընդունման մասին:

6. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելուց հետո հանձնաժողովում բոլորի համար տեսանելի տեղում ակտի օրինակը փակցնելու պահից: Վարույթի մասնակիցներին ուղարկվում է կարճ հաղորդագրություն վարչական ակտի ընդունման մասին:

7. Ընտրական հանձնաժողովի վարչական ակտն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, ուղարկվում է վարչական վարույթի մասնակիցներին առաքման անդորրագիրը կցելով գործին, եթե այդ ակտը վարույթի մասնակիցները հանձնաժողովում չեն ստացել:

8. Ընտրությունների ժամանակահատվածում վարչական վարույթը չի կասեցվում:

Հոդված 46. Ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները եւ անգործությունը բողոքարկելը

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բողոքարկելու ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) եթե գտնում է, որ դրանցով խախտվել կամ կարող է խախտվել իր սույբեկտիվ ընտրական իրավունքը: Եթե հանձնաժողովը գտնում է, որ դիմումատուի սույբեկտիվ ընտրական իրավունքը չի խախտվել (չի կարող խախտվել), ապա մերժում է վարչական վարույթի հարուցումը:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը), տեղամասում քվեարկության արդյունքները կարող են բողոքարկվել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը), բացառությամբ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի եւ համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումների, կարող են բողոքարկվել կենտրոնական ընտրական հանձնաժողով:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը), բացառությամբ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումների, կարող են բողոքարկվել վարչական դատարան:

5. Ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկելու դեպքում ապացուցման բեռը կրում է բողոք ներկայացնող կողմը: Ընտրական հանձնաժողովն ի պաշտոնե իրավունք ունի ապացույցներ հայթայթելու, սակայն նման պարտականություն չի կրում:

6. Թեկնածուի, կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել համապատասխանաբար թեկնածուն, կուսակցությունը, իսկ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու դեպքում` կուսակցությունը:

7. Տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմում կարող է ներկայացվել միայն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 10.00-ից մինչեւ ժամը 16.00-ն:

8. Թեկնածուի, կուսակցության ընտրական ցուցակի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին դիմում կարող է ներկայացվել մինչեւ քվեարկության օրը, իսկ քվեարկության կամ ընտրության արդյունքների վերաբերյալ դիմում` ընտրության արդյունքներն ամփոփելու համար սույն օրենսգրքով սահմանված համապատասխան ժամկետի ավարտից մինչեւ 2 օր առաջ` ժամը 18.00-ն: Համապետական եւ Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկելու վերաբերյալ դիմումներն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել ընտրության արդյունքներն ամփոփելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից մինչեւ 3 օր առաջ` ժամը 18.00-ն: Այս ժամկետների ավարտից հետո ընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների ընթացքը որոշվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո:

9. Ընտրություններ նշանակվելուց հետո՝ մինչեւ ընտրությունների արդյունքների ամփոփումը, ընտրական հանձնաժողովները դիմումներին պատասխանում, իսկ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց վերաբերյալ որոշումներ ընդունում են հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան համապատասխանաբար մինչեւ քվեարկության օրը կամ մինչեւ ընտրությունների արդյունքների ամփոփումը:

10. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումները, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների, կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

Հոդված 47. Ընտրական հանձնաժողովներում դիմումների (բողոքների) եւ առաջարկությունների քննարկման կարգը

1. Ընտրական հանձնաժողովներում դիմումները (բողոքները) եւ առաջարկությունները քննարկվում եւ պատասխանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:

2. Դիմումը պետք է ստորագրված լինի դիմողի կողմից, պարունակի նրա անունը, ազգանունը, բնակության հասցեն, տրման ամսաթիվը, դիմումատուի հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն եւ այլն: Դիմումատուն պետք է հստակ սահմանի իր պահանջը, բերի հիմնավորումներ, իսկ հնարավոր ապացույցները կցի դիմումին: Դիմումատուի վերաբերյալ տվյալներ չպարունակող կամ կեղծ տվյալներ պարունակող դիմումները չեն քննարկվում:

3. Եթե դիմումում առկա են ձեւական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա ընտրական հանձնաժողովը հնարավորություն է ընձեռնում շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա ընտրական հանձնաժողովը դիմողին առաջարկում է սահմանված ժամկետում համալրել այդ ցանկը:

4. Դիմումը տրվում է այն ընտրական հանձնաժողովին, որի իրավասության սահմաններում է բարձրացված հարցի լուծումը: Հանձնաժողովի նախագահը դիմումը հասցեագրում է հանձնաժողովի անդամին, իսկ դիմումի պատճենը տրամադրվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Դիմումում բարձրացված հարցերն ուսումնասիրվում են հանձնաժողովի անդամների կողմից եւ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի դիմումի վերաբերյալ որոշման նախագիծ ներկայացնելու` հարցը հանձնաժողովի նիստում քննարկելու համար: Եթե հանձնաժողովի անդամի կողմից վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում, ապա վարչական վարույթը համարվում է հարուցված: Վարչական վարույթի հարուցումը մերժելու դեպքում դիմումի պատասխանը դիմումատուին ուղարկվում է հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ: Դիմումատուն իրավունք ունի մասնակցելու հանձնաժողովի նիստում իր դիմումի քննարկմանը, ներկայացնելու հիմնավորումներ, դիմումի շրջանակներում հարցեր տալու զեկուցողին, ելույթ ունենալու:

5. Տեղեկատվություն ստանալու մասին դիմումի պատասխանը դիմումատուին ուղարկվում է հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ, պատասխանի օրինակը տրամադրվում է հանձնաժողովի անդամներին: Եթե պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթղթի օրինակը ներբեռնելու հնարավորությամբ տեղադրված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում, ապա այդ մասին տեղեկացվում է դիմողին եւ նրան դրանցից պատճեներ կամ քաղվածքներ չեն տրամադրվում:

6. Օպերատիվ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ընտրական հանձնաժողովները ձեռնարկում են համապատասխան միջոցներ:

Հոդված 48. Քվեարկության արդյունքների վերահաշվարկման կարգը

1. Թեկնածուն, տվյալ տեղամասում գրանցված վստահված անձը, ինչպես նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը` տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունում քվեարկության արդյունքների ամփոփման կարգի խախտման մասին գրառում կատարելու դեպքում, իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում բողոքարկելու տեղամասում քվեարկության արդյունքները` ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելով տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին (այսուհետ` վերահաշվարկ) դիմում:

2. Վերահաշվարկի դիմումը պետք է պարունակի դիմումատուի անունը, ազգանունը, բնակության վայրը եւ այն ընտրական տեղամասի համարը, որում պահանջվում է կատարել վերահաշվարկ, ինչպես նաեւ այն քվեարկության արդյունքները (եթե միաժամանակ կայացել է մի քանի քվեարկություն), որոնց վերաբերյալ պահանջվում է վերահաշվարկ անցկացնել:

3. Եթե միաժամանակ կայացել է մի քանի քվեարկություն, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը վերահաշվարկի  դիմում կարող է ներկայացնել միայն այն քվեարկության արդյունքի վերաբերյալ, որի արձանագրությունում կատարել է գրառում խախտման մասին:

4. Միաժամանակ մեկից ավելի քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության արդյունքների վերահաշվարկի համար ներկայացվում է առանձին դիմում:

5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկի  դիմումները գրառում է գործավարության մատյանում` ըստ ստացման հերթականության` նշելով ստացման ժամանակը:

6. Սույն հոդվածի դրույթներին համապատասխանող վերահաշվարկի  դիմումների առկայության դեպքում յուրաքանչյուր ընտրատարածքային ընտրական հանձնաժողով վերահաշվարկում է առնվազն 7 քվեարկության արդյունք` ըստ դիմումների ստացման եւ դիմումներում նշված ընտրական տեղամասերի հերթականության: Եթե դիմումներում նշված վերահաշվարկի ենթակա քվեարկության արդյունքների թիվը մեծ է 7-ից, ապա  դիմումատուները կարող են համատեղ դիմումով նշվածներից առանձնացնել այն 7 քվեարկության արդյունքները, որոնք պետք է վերահաշվարկվեն, հակառակ դեպքում անցկացվում է վիճակահանություն: Եթե մինչեւ վիճակահանության սկսվելը դիմումատուները սույն հոդվածի պահանջներին համապատասխանող դիմումներում նշված քվեարկության արդյունքներից համատեղ դիմումով չեն առանձնացնում 7 քվեարկության արդյունք, ապա վերահաշվակի ենթակա առնվազն 7 քվեարկության արդյունքը որոշվում է վիճակահանությամբ: Վիճակահանությունն անցկացվում է վերահաշվարկի դիմումների ընդունման համար սահմանված ժամկետի հաջորդ օրը:

7. Վերահաշվարկի աշխատանքներն սկսվում են վերահաշվարկի դիմումների ընդունման համար սահմանված ժամկետի հաջորդ օրը` ժամը 9.00-ից: Վերահաշվարկ իրականացնելիս ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի, ժամը 9.00-ից մինչեւ 18.00-ն եւ երկարաձգում է աշխատաժամանակը, եթե մինչեւ ժամը 18.00-ն աշխատելու պայմաններում հնարավոր չէ ավարտել սույն հոդվածով սահմանված քանակով քվեարկության արդյունքների վերահաշվարկը:

Դիմումատուի կողմից քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումից հրաժարվելը հիմք չէ վերահաշվարկ չիրականացնելու համար:

8. Համապետական եւ Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների դեպքում, եթե որեւէ ընտրատարածքում վերահաշվարկի ենթակա քվեարկության արդյունքների թիվը մեծ է 7-ից, ապա քվեարկության արդյունքների վերահաշվարկ իրականացնում է նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Այդ նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության ավարտից երկու օր հետո` մինչեւ ժամը 13.00-ն, հրավիրում է արտահերթ նիստ, որտեղ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ներկայացնում է իր կողմից ընտրած 2 ընտրական տեղամասի համար` վերահաշվարկ իրականացնելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում յուրաքանչյուր ընտրական տեղամասի վերահաշվարկ իրականացնում են հանձնաժողովի առնվազն երկու անդամ, այդ աշխատանքներին կարող են ներգրավվել նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցներ:

9. Յուրաքանչյուր քվեարկության արդյունքների վերահաշվարկի տեւողությունը չի կարող գերազանցել 4 ժամը:

10. Հանձնաժողովը վերահաշվարկն իրականացնում է տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան, բացառությամբ սահմանված նմուշի քվեարկության ծրարների թվի հաշվարկի եւ կազմում տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին արձանագրություն, որտեղ «հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը», «ելունդների համարները» եւ «քվեատուփում առկա սահմանված նմուշի ծրարների թիվը» տողերում լրացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից արձանագրած թվերը, եթե ակնհայտ մեխանիկական սխալներ դրանցում առկա չեն:

Վերահաշվարկի ժամանակ քվեարկության չսահմանված նմուշի ծրար է համարվում սահմանված նմուշից ակնհայտ տարբերվող կամ չկնքված կամ այլ կնիքով կնքված քվեարկության ծրարը, չսահմանված նմուշի քվեաթերթիկ`  սահմանված նմուշից տարբերվող քվեաթերթիկը, իսկ քվեաթերթիկի վավերականությունը որոշվում է սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Վերահաշվարկի արդյունքներով կազմվում է քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին արձանագրություն:

Հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրամադրվում են այդ արձանագրությունների պատճենները:

11. Քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները եւ ընտրական հանձնաժողովի նիստերին սույն օրենսգրքով ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք, թեկնածուն եւ նրա վստահված անձը:

Քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ դիմող կողմն այլ փաստաթղթերի հետ միասին իրավունք ունի ծանոթանալու ընտրողների կողմից ստորագրված ցուցակներին` առանց քաղվածքներ կատարելու կամ դրանք պատճենահանելու իրավունքի: Վերահաշվարկի աշխատանքները վստահված անձանց, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կողմից կարող է լուսանկարահանվել, տեսանկարահանվել:

12. Քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմում ներկայացնողի բացակայությունը հիմք չէ վերահաշվարկ չանցկացնելու կամ այն դադարեցնելու համար:

13. Քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներն ընտրական հանձնաժողովում դադարեցվում են քվեարկության օրվանից 5 օր հետո՝ ժամը 14.00-ին:

14. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժում է տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմումը եւ վերահաշվարկ չի իրականացնում, եթե պահանջվել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի իրականացում սույն հոդվածի դրույթների խախտումով:

ԳԼՈՒԽ 10

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 49. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունները կազմակերպող եւ ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մշտական հիմունքներով գործող պետական մարմին է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը`

1) վերահսկողություն է իրականացնում ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ.

2) ընդունում է իր եւ ստորադաս ընտրական հանձնաժողովների կանոնակարգերը.

3) կազմակերպում եւ անցկացնում է ընտրությունների կազմակերպման մասնագիտական դասընթացները, սահմանում դասընթացներ կազմակերպելու եւ անդամներին որակավորումներ շնորհելու կարգը.

4) վերահսկողություն է իրականացնում սույն օրենսգրքի միատեսակ կիրառման նկատմամբ.

5) սահմանում է քվեաթերթիկների, արձանագրությունների եւ ընտրական այլ փաստաթղթերի ձեւերը, նմուշները, դրանց լրացման եւ պահպանման կարգը, ընտրական հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ ընտրական փաստաթղթերով.

6) սահմանում է թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձեւերը.

7) ընդունում է սույն օրենսգրքի կիրառման վերաբերյալ իրավական ակտեր, որոնք պարտադիր են ընտրությունները նախապատրաստող ու անցկացնող ընտրական հանձնաժողովների համար.

8) անվավեր է ճանաչում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները,

9) իր լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ, որոնք պարտադիր են կատարման Հանրապետության ողջ տարածքում.

10)  վերացնում, ուժը կորցրած, անվավեր կամ չեղյալ է ճանաչում  հանձնաժողովների` սույն օրենսգրքին հակասող որոշումները, բացառությամբ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար կամ ավագանու անդամ ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի  որոշումների.

11) լսում է ընտրական հանձնաժողովների եւ պետական մարմինների հաղորդումներն ընտրությունների նախապատրաստման ու անցկացման մասին.

12) հավատարմագրում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, դիտորդներին.

13) կազմակերպում է Հանրապետության Նախագահի  թեկնածուների կենսագրական տվյալների հրապարակումը.

14) գրանցում է  Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներին, Ազգային ժողովի պատգամավորներին տալիս է պատգամավորի վկայական.

15) նշանակում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լրացուցիչ եւ նոր ընտրություններ.

16) ընդունում է կարգեր սույն օրենսգրքի կիրառման հետ կապված, լուծում  օրենսգրքի կիրառման հետ կապված այլ հարցեր.

17) յուրաքանչյուր համապետական ընտրության ժամանակ հրապարակում է ուսումնական ձեռնարկ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, վստահված անձանց եւ դիտորդների համար.

18) սահմանում է ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը.

19) իրականացնում է վերահսկողություն կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ

20) օրենքով սահմանված կարգով կարող է ստեղծել հիմնարկներ.

21) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

2. Համապետական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո` 3 ամսվա ընթացքում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից որեւէ մեկն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների վերլուծության, օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես է գալիս Ազգային ժողովում: Այս հաղորդագրությունը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ընտրական գործընթացի կազմակերպման բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների մասին առաջարկություններով:

Հոդված 50. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունները

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մշտական հիմունքներով գործող պետական մարմին է: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը`

1) կազմակերպում է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցումը.

2) հաստատում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեաթերթիկների նմուշները,

3) սահմանում է ընտրական տեղամասերի հերթական համարները` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան, եւ այդ տվյալները երկօրյա ժամկետում ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով.

4) իր եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեության վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում կենտրոնական ընտրական հանձնաժողով.

5) քննարկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումների եւ գործողությունների վերաբերյալ ստացված դիմումները, վերանայում կամ վերացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովների` սույն օրենսգրքին հակասող որոշումները.

6) ըստ տեղամասերի, տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների տվյալների հիման վրա հրապարակում է քվեարկության նախնական արդյունքները.

7) հայտարարում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը.

8) հետեւում է ընտրողների ցուցակները կազմելուն եւ համընդհանուր ծանոթացման համար դրանք տեղամասերում ներկայացնելուն.

9) վերահսկում է տեղամասային կենտրոնների սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան կահավորումը.

10) գրանցում է Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի, համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի  թեկնածուներին, նրանց տալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված նմուշի վկայական.

11) վերահսկողություն է իրականացնում  տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից սույն օրենսգրքի պահանջների կատարման նկատմամբ.

12) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 51. Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները

 Տեղամասային ընտրական հանձնաժողովը`

1) կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում քվեարկության  արդյունքները տեղամասում.

2) կազմում է տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, արձանագրության օրինակը փակցնում է տեղամասային կենտրոնում.

3) հանձնաժողովի կնիքը, դրոշմակնիքը, գրանցամատյանը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության 2 օրինակները, ընտրական փաստաթղթերի պարկը եւ քվեատուփը ներկայացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով.

4) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 52. Ընտրական փաստաթղթեր հանձնելը եւ ընդունելն ընտրական հանձնաժողովներում

1. Ընտրական փաստաթղթերն ընտրական հանձնաժողովներում հանձնվում են հանձնողի ու ընդունողի կողմից ստորագրելու եւ ստացական տալու միջոցով:

2. Ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման համար ընտրական հանձնաժողովներին հատկացվում են քվեաթերթիկներ, ձեւաթղթեր, այլ փաստաթղթեր, գրենական պիտույքներ եւ այլ պարագաներ, որոնց պահպանման պատասխանատուներն ընտրական հանձնաժողովների նախագահներն են:

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի  ընտրական փաստաթղթերը  քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո պահպանության է հանձնվում Հայաստանի պետական արխիվ` սահմանված կարգով պահպանելու համար:

Հոդված 53. Ընտրական հանձնաժողովների եւ իրավապահ մարմինների գործակցությունը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, ոստիկանության կենտրոնական եւ տարածքային մարմինները, դրանց ծառայություններն ու ստորաբաժանումները պարտավոր են ապահովել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ընտրությունների հետ կապված միջոցառումներում ապահովում է պատշաճ կարգ ու կանոն, հանձնաժողովների պահանջով աջակցում հանձնաժողովներին, ապահովում է ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումը` ընտրական հանձնաժողովներում:
 

ԲԱԺԻՆ 3. ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ: ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 11

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 54. Քվեարկության տեղը եւ ժամանակը

1. Քվեարկությունն անցկացվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում` ժամը 8.00-ից մինչեւ 20.00-ն, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի: Ժամը 20.00-ին քվեարկության սենյակում գտնվող, բայց դեռեւս չքվեարկած ընտրողները քվեարկելու իրավունք ունեն:

2. Համապետական ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների համար քվեարկությունը կազմակերպվում է ստացիոնար բժշկական հաստատությունում` շրջիկ արկղի միջոցով:

Քվեարկությունն անցկացվում է քվեարկության գաղտնիության պահպանմամբ՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում քվեարկողների քվեարկության կազմակերպմանը կարող են ներկա գտնվել նաեւ վստահված անձինք, դիտորդները եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում քվեարկությունը կազմակերպվում է այն հաշվարկով, որ ավարտվի մինչեւ ժամը 18.00-ն:

Հոդված 55. Քվեարկության սենյակը

1. Քվեարկությունն անցկացվում է այդ նպատակով կահավորված սենյակում` յուրաքանչյուր ընտրական տեղամասում` մեկ սենյակ հաշվարկով:

2. Քվեարկության սենյակը պետք է լինի հնարավորին չափ ընդարձակ եւ բավարարի հետեւյալ պահանջները`

1) հնարավորություն ընձեռի քվեարկության ողջ ընթացքում ապահովել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների եւ քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց միաժամանակյա կանոնավոր աշխատանքը.

2) հնարավորություն ընձեռի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին եւ դիտորդներին իրենց տեսադաշտում պահել քվեարկության խցիկները, քվեատուփը, ինչպես նաեւ քվեարկության խցիկների մուտքն ու ելքը, դրանցից մինչեւ քվեատուփն ընկած հատվածը:

3. Քվեարկության սենյակի կահավորումը համայնքի ղեկավարն ավարտում է քվեարկության նախորդ օրը` մինչեւ ժամը 24.00-ն:

Հոդված 56. Քվեարկության խցիկները

1. Քվեարկության համար կահավորվում են խցիկներ` յուրաքանչյուր 750 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ խցիկ:

2. Քվեարկության խցիկը պետք է պատրաստվի այնպես, որ ընտրողը կարողանա տեղամասային կենտրոնում ներկա գտնվող անձանցից գաղտնի լրացնել քվեաթերթիկը, ունենա բավարար լուսավորվածություն, տեղադրված լինի գրիչ:

3. Քվեարկության խցիկները պետք է տեղադրվեն սեղանների վրա` միմյանցից առնվազն 1 մետր հեռավորությամբ, եւ այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս գտնվի հանձնաժողովին դեմքով եւ թիկունքով դեպի պատը:

Հոդված 57. Քվեաթերթիկը, քվեարկության ծրարը

1. Միաժամանակ տարբեր քվեարկություններ անցկացվելու դեպքում քվեաթերթիկները պատրաստվում են այնպես, որ ակնհայտորեն տարբերվեն միմյանցից:

2. Քվեաթերթիկը պետք է լինի դակված (պերֆորացված), պարունակի տպագրատան անվանումը եւ ծանուցում` քվեաթերթիկի լրացման կարգի մասին: Քվեաթերթիկները պետք է պատրաստված լինեն անթափանց թղթից:

3. Քվեաթերթիկի հատման գծից վերեւ` ելունդի վրա, նշվում է քվեաթերթիկի հերթական համարը: Թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, կուսակցությունների անվանումները քվեաթերթիկում նշվում են հատման գծից ներքեւ` ձախ կողմում այբբենական հերթականությամբ,  իսկ աջ կողմում նախատեսվում են դատարկ քառանկյուններ քվեարկողի կողմից նշում կատարելու համար:

4. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում քվեաթերթիկում թեկնածուի ազգանվան տողի նեքեւում նշվում են ?կողմ եմ? եւ ?դեմ եմ? բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

5. Քվեաթերթիկների տպագրումն ապահովում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

6. Քվեաթերթիկները տպագրվում  են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 9, եւ ոչ ուշ, քան 3 օր առաջ:

7. Քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում են տեղամասում ընտրողների թվի մինչեւ 3 տոկոս ավելի քանակով քվեարկության նախորդ օրը:

8. Քվեաթերթիկները տպագրելուց հետո թեկնածուի, կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում թեկնածուի անունը, կուսակցության անվանումը քվեաթերթիկներից հանվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով։

9. Քվեարկության ծրարների պատրաստումն ապահովում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Միաժամանակ տարբեր քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության համար պատրաստվում են առանձին ծրարներ այնպես, որ գույներով ակնհայտորեն տարբերվեն միմյանցից եւ համապատասխանեն քվեաթերթիկների գույներին:

10. Քվեարկության ծրարները տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացվում են տեղամասում ընտրողների թվի մինչեւ 3 տոկոս ավելի քանակով քվեարկության նախորդ օրը:

Հոդված 58. Կնիքները, դրոշմակնիքը եւ քվեատուփը

1. Ընտրական հանձնաժողովների կնիքների, դրոշմակնիքի եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների անհատական կնիքների նմուշները հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Դրանք պատրաստվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը պետք է ունենա քառանիշ համար:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները տեղադրում է անթափանց փաթեթներում, առանց դրանց վրա նշումներ կատարելու փակում, հանձնաժողովի կնիքով կնքում է դրանք եւ քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 5, եւ ոչ ուշ, քան 3 օր առաջ հանձնում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ յուրաքանչյուր տեղամասին մեկ կնիք հաշվարկով` կատարելով հանձնվող կնիքների բացառապես քանակական հաշվառում:

4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում փաթեթները կնքվում եւ քվեարկության նախորդ օրը հանձնվում են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին՝ յուրաքանչյուրին մեկ փաթեթավորված կնիք:

5. Համապետական եւ Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները քվեարկության ավարտից 24 ժամ հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ներկայացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով: Մյուս ընտրությունների դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են քվեարկության ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

Քվեարկության երկրորդ փուլ, վերաքվեարկություն կամ նոր ընտրություն անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրվում են նոր կնիքներ։

6.Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին տրամադրվում են իրարից տարբերվող անհատական կնիքներ: Անհատական կնիքները քվեարկության ավարտից հետո փաթեթավորվում եւ տեղադրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկում (այսուհետ` պարկ):

Տեղամասային ընտրական հանձնաժողովի դրոշմակնիքը քվեարկության ավարտից հետո սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով եւ ժամկետներում վերադարձվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով:

7. Քվեատուփը պատրաստվում է թափանցիկ նյութից: Քվեատուփի նմուշը (չափսերը) հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

8. Տեղամասային կենտրոնում կարող են օգտագործվել մեկից ավելի քվեատուփեր՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

Հոդված 59. Քվեարկության նախապատրաստումը

1. Քվեարկությունը նախապատրաստում են տեղամասային ընտրական հանձնաժողովները։

2. Քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, կնիքի փաթեթը, դրոշմակնիքը, հանձնաժողովի անդամների անհատական կնիքները պահվում են քվեարկության սենյակում գտնվող հատուկ չհրկիզվող պահարանում, պահպանման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պարտավոր է քվեարկության ընթացքում ապահովել սույն օրենսգրքով նախատեսված պահանջների կատարումը եւ անհրաժեշտ կարգ ու կանոն հաստատել տեղամասային կենտրոնում։

4. Ընտրողների գրանցման, ընտրողներին քվեաթերթիկներ եւ քվեարկության ծրարներ հատկացնելու եւ քվեարկության ծրարները կնքելու համար տեղամասային կենտրոններում պետք է տեղադրված լինեն աշխատանքային սեղաններ: Ընտրողների գրանցման եւ ընտրողներին քվեաթերթիկներ եւ քվեարկության ծրարներ հատկացնող անդամների աշխատասեղանների միջեւ նախատեսվում է աշխատատեղ մեկ վստահված անձի համար:

5. Քվեատուփը, հանձնաժողովի անդամների աշխատասեղանները տեղադրվում են տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:

6. Քվեարկության սենյակում կամ դրա մուտքի մոտ պետք է փակցված լինեն քվեաթերթիկների նմուշները, Հանրապետության Նախագահի թեկնածուների կենսագրություններն ու լուսանկարները  պարունակող պաստառ, կուսակցությունների ընտրական ցուցակները պարունակող ցուցակ:

7. Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկներն ստորագրող հանձնաժողովի երեք անդամի, ովքեր պարտավոր են այդ օրը մինչեւ ժամը 24.00-ն ստորագրել բոլոր քվեաթերթիկները եւ ընտրողների ցուցակների բոլոր էջերը (ստորագրությունները դրվում են քվեաթերթիկների եւ ընտրողների ցուցակների յուրաքանչյուր էջի հակառակ կողմում)՝ գործավարության մատյանում համապատասխան գրառում կատարելով: Ստորագրության փոխարեն հանձնաժողովի անդամը կարող է օգտագործել իր անհատական կնիքը: Հանձնաժողովի անդամի անհատական կնիքները հանձնաժողովի անդամների միջեւ բաշխվում են վիճակահանությամբ քվեարկության օրվանից մեկ օր առաջ` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

Հոդված 60. Դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպումը

Քվեարկության օրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել համապետական ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային եղանակով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով եւ ժամկետներում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է սահմանել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն էլեկտրոնային եղանակով քվեարկողների կամքի ազատ արտահայտման հնարավորությունը եւ քվեարկության գաղտնիությունը:

Էլեկտրոնային եղանակով քվեարկություն կարող է իրականացվել թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից մինչեւ 5 օր առաջ:

Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաեւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձեւից) արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցների եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի ընտրելու իրավունք ունեցող անդամների վրա:

Հոդված 61. Ձերբակալված եւ կալանավարված անձանց պահելու վայրերում  քվեարկության կազմակերպումը

1. Ձերբակալված ընտրողները քվեարկությանը մասնակցում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով` շրջիկ արկղի միջոցով:

2. Կալանավորված անձնաց պահելու վայրում քվեարկությունը սույն օրենսգրքով եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով նախապատրաստում, կազմակերպում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարը: 

ԳԼՈՒԽ 12

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 62. Տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունները քվեարկությունից առաջ

1. Քվեարկության օրը` ժամը 7.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովը տեղամասային կենտրոնում կայացած  նիստում վիճակահանությամբ որոշում է.

1) ընտրողների գրանցումն իրականացնող անդամներին` մինչեւ 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ,

2) քվեաթերթիկներ եւ քվեարկության ծրարներ հատկացնող անդամներին` մինչեւ 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ,

3) քվեարկության ծրարների կնքման եւ քվեատուփի համար պատասխանատու առնվազն մեկ անդամի,

4) շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող առնվազն մեկ անդամի,

5) տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը:

Հանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը վիճակահանությանը չեն մասնակցում: Հանձնաժողովի նախագահը կազմակերպում եւ վերահսկում է քվեարկության կազմակերպումն ու անցկացումը, անհրաժեշտության դեպքում օժանդակում գործառույթ իրականացնող անդամներին, փոխարինում նրանց բացակայության դեպքում: Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի քարտուղարը գրառումներ է կատարում գործավարության մատյանում, օժանդակում գործառույթ իրականացնող անդամներին, փոխարինում նրանց բացակայության դեպքում:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների եւ քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է չհրկիզվող պահարանը, հանում է հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, դրոշմակնիքը, քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ընտրողների ցուցակները եւ փաթեթավորված կնիքը, բացում է փաթեթավորված կնիքը, գործավարության մատյանում կնիք դնելով՝ հայտարարում է կնիքի համարը: Ստուգում է քվեատուփի դատարկ լինելը, փակում եւ կնքում է քվեատուփը, ընտրողների ցուցակները հանձնում է ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամներին, քվեաթերթիկները եւ քվեարկության ծրարները հարյուրական փաթեթով քվեաթերթիկներ եւ քվեարկության ծրարներ հատկացնող անդամներին, կնիքը եւ դրոշմակնիքը՝ քվեարկության ծրարները կնքող եւ քվեատուփի համար պատասխանատու անդամներին: Վերոհիշյալ բոլոր գործողությունների մասին տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը համապատասխան գրառում է կատարում գործավարության մատյանում:

Հոդված 63. Քվեարկության սկիզբը, կարգը

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվերակության օրը` ժամը 8.00–ին, հայտարարում է քվեարկության սկիզբը եւ թույլատրում ընտրողների մուտքը քվեարկության սենյակ:

2. Զինծառայողները, ազգային անվտանգության եւ ոստիկանության զորքերում ծառայողները տեղամասային կենտրոն մուտք են գործում ոչ շարային կարգով, առանց զենքի: Արգելվում է տեղամասային կենտրոն զենքով, զինամթերքով մուտք գործելը` բացառությամբ ընտրությունների բնականոն ընթացքի վտանգման դեպքերի: Այդ դեպքերում տեղամասային կենտրոն զենքով, զինամթերքով մուտք գործելը թույլատրում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը:

3. Տեղամասային կենտրոնում ընտրական հանձնաժողովի անդամներից եւ քվեարկողներից բացի կարող են ներկա գտնվել վստահված անձինք, դիտորդները (տեղական դիտորդների համար` միայն ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու մասին որակավորման վկայականի առկայության դեպքում), զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն ու վերադաս ընտրական հանձնաժողովների անդամները:

4. Քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 15-ից ավելի քվեարկող: Քվեարկության բնականոն ընթացքն ապահովելու համար ընտրական հանձնաժողովի նախագահն իրավունք ունի ընտրողներին քվեարկության սենյակ թողնելու հերթով` մեկ-մեկ: Ընտրական հանձնաժողովի կողմից սույն կետի կատարումն ապահովելու անհնարինության դեպքում ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով այն իրականացվում է ոստիկանության օժանդակությամբ:

Հոդված 64. Ընտրողների գրանցումը

1. Ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ. լիազորված քվեարկությունն արգելվում է: Յուրաքանչյուր ընտրող գրանցվում է հանձնաժողովի` գրանցման համար պատասխանատու անդամի մոտ գտնվող ընտրողների ցուցակում:

2. Հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամն ստուգում է ընտրողի ինքնությունը, ընտրողների ցուցակում գտնում է նրա անուն-ազգանունը, դրա դիմացի դատարկ սյունակում լրացնում է անձը հաստատող փաստաթղթի տվյալները, եւ ընտրողը ստորագրում է այդ տվյալների դիմաց` ընտրողի ստորագրության համար նախատեսված սյունակում: Ընտրողի գրանցումն իրականացնող անդամը հանձնաժողովի անդամի իր անհատական կնիքն է դնում ընտրողի ստորագրության դիմաց` համապատասխան սյունակում: Եթե ընտրողը չի կարող ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա նա իրավունք ունի դիմելու այլ քաղաքացու օգնության` բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների:

3. Անձը հաստատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը (առանց կենսաչափական տվյալների), նույնականացման քարտը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են (քվեարկում են) զինվորական մասի կողմից կազմված ընտրողների ցուցակում: Պարտադիր ժամկետային զինծառայողները ծառայությունից օրենսդրությամբ  սահմանված կարգով ժամանակավոր արձակված լինելու դեպքում իրենց մշտական բնակության վայրերում քվեարկում են զինվորական գրքույկներով` ներկայացնելով նաեւ ծառայությունից ժամանակավոր արձակված լինելու մասին փաստաթղթի պատճենը:

Ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար:

Հոդված 65. Քվեարկությունը

1. Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր ընտրող ստանում է քվեարկության մեկ քվեաթերթիկ (քվեաթերթիկներ՝ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում) եւ մեկ քվեարկության ծրար (ծրարներ՝ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում):

2. Գրանցվելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի՝ քվեաթերթիկների եւ քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամին: Վերջինս անջատում է քվեաթերթիկի (քվեաթերթիկների՝ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում) ելունդը եւ քվեաթերթիկի ներքեւի հատվածը քվեարկության ծրարի հետ միասին հանձնում է ընտրողին: Ընտրողն անցնում է քվեարկության խցիկ՝ քվեարկելու:

3. Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի՝ քվեարկության խցիկում: Արգելվում է որեւէ ձեւով տեղեկանալ թե ընտրողն ինչպես է քվեարկում:

4. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն  իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, ով չպետք է լինի վստահված անձ: Քաղաքացին  իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող քաղաքացու տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում:

5. Եթե ընտրողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել, ապա  կարող է դիմել հանձնաժողովի նախագահին` նոր քվեաթերթիկ ստանալու համար: Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամն ընտրողին հատկացնում է նոր քվեաթերթիկ, ընտրողների ցուցակում կատարում համապատասխան նշում տվյալ ընտրողի անվան, ազգանվան դիմաց: Սխալ լրացված (վնասված) քվեաթերթիկին ամրացվում է քվեաթերթիկի ցանկացած մեկ ելունդ եւ քվեաթերթիկն անհապաղ մարվում է:

6 Հանձնաժողովի՝ քվեաթերթիկների եւ քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամը քվեաթերթիկների ելունդները, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, ըստ հերթականության դասավորում եւ հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին: Վերջինս դրանք առանձին կապերով տեղադրում է չհրկիզվող պահարանում:

7. Տեղամասային կենտրոնում արգելվում է կատարած քվեարկության մասին տեղեկություններ հայտնելը:

Քվեարկելուց հետո ընտրողն անհապաղ պետք է դուրս գա տեղամասային կենտրոնից:

Քվեարկության ընթացքում թեկնածուին արգելվում է գտնվել տեղամասային կենտրոնում կամ տեղամասային կենտրոնին հարող մինչեւ 50 մետր շառավղով տարածքում, բացառությամբ քվեարկությանը մասնակցելու դեպքի:

8. Քվեարկության ընթացքը վստահված անձանց, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կողմից կարող է լուսանկարահանվել, տեսանկարահանվել` չխախտելով քվեարկության գաղտնիության սկզբունքը: Տեղամասային ընտրական հանձնաժողովն ապահովում է քվեարկության գաղտնիությունը` արգելելով լուսանկարահանել կամ տեսանկարահանել ընտրողների ցուցակները, ինչպես նաեւ քվեարկության խցիկները` դրանց մուտքի կողմից:

Հոդված 66. Քվեաթերթիկը լրացնելու կարգը եւ քվեարկության ծրարը կնքելը

1. Քվեաթերթիկում ընտրողը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի անվան, կուսակցության անվանման դիմացի քառանկյունում, որին կողմ է քվեարկում:

2. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում ընտրողը, եթե կողմ է քվեարկելու, նշում է կատարում «կողմ եմ» բառերի, եթե դեմ` «դեմ եմ» բառերի դիմաց:

3. Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո ընտրողը քվեարկության խցիկում քվեաթերթիկը ծալում է, տեղավորում քվեարկության ծրարի մեջ եւ մոտենում քվեատուփին: Միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում ընտրողը յուրաքանչյուր քվեաթերթիկ տեղավորում է այդ քվեարկության համար նախատեսված ծրարում:

4. Քվեարկության ծրարը կնքող եւ քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը կնքում է քվեարկության ծրարը, բացում է քվեատուփի ճեղքը եւ ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու համար: Քվեարկության ծրարը կնքվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքով: Այս կնիքը քվեարկության ողջ ընթացքում պետք է գտնվի քվեատուփի մոտ` բոլորի համար տեսանելի տեղում:

 Քվեարկության ծրարը կնքող եւ քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում եւ քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի առկայությունն ստուգելուց եւ դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց հետո: Եթե ընտրողի անձը հաստատող փաստաթղթում առկա է տվյալ ընտրությանը մասնակցելու մասին դրոշմակնիք, ապա հանձնաժողովը հանում է քվեաթերթիկը քվեարկության ծրարից, ծրարը վերադարձնում քվեաթերթիկ եւ քվեարկության ծրար հատկացնող հանձնաժողովի անդամին, իսկ քվեաթերթիկին ամրացնելով քվեաթերթիկի ցանկացած մեկ ելունդ, առանց տեղեկանալու թե ինչպես է քվեարկված` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, անհապաղ մարում է: Քվեարկության ծրարը կնքող եւ քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամն իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի այլ անդամի կամ վստահված անձի պահանջով կարող է ստուգել (հանձնաժողովի այլ անդամին կամ վստահված անձին ներկայացնել) ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը:

5. Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ մինչեւ 24 ժամ հետո` անհետանում:

6. Քվեարկության ընթացքում սույն օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտման բոլոր դեպքերը հանձնաժողովի անդամի կամ վստահված անձի պահանջով, ինչպես նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումներն արձանագրվում են գործավարության մատյանում։

ԳԼՈՒԽ 13

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՂՅՈՒՍԱԿԱՎՈՐԵԼՈՒ, ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 67. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ժամը 20.00-ին հայտարարում է քվեարկության ավարտի մասին եւ արգելում ընտրողների մուտքը քվեարկության սենյակ: Հանձնաժողովը քվեարկության սենյակում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն է տալիս, որից հետո հանձնաժողովի նախագահը փակում է քվեատուփի ճեղքը:

 2. Տեղամասային ընտրական հանձնաժողովը ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նպատակով՝

1) փաթեթավորում եւ կնքում է հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, դրանք տեղավորում ընտրական փաստաթղթերի պարկում.

2) հաշվարկում է չօգտագործված, ընտրողների կողմից ոչ ճիշտ լրացված եւ հետ վերադարձված քվեաթերթիկների ընդհանուր թիվը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մարում քվեաթերթիկները, փաթեթավորում, կնքում է փաթեթը եւ տեղադրում պարկում.

3) հաշվարկում է օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը, փաթեթավորում օգտագործված քվեաթերթիկների ելունդները, կնքում փաթեթը եւ տեղադրում պարկում.

4) հաշվարկում է ընտրողների յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակի` այդ թվում քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվն առանձին-առանձին, լրացուցիչ ցուցակների ընտրողների թվերի գումարին ավելացնելով ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը` ստանում է տեղամասում ընտրողների ընդհանուր թիվը.

5) ընտրողների ցուցակներում, այդ թվում՝ լրացուցիչ ցուցակներում ընտրողների ստորագրությունների հիման վրա հաշվարկում է քվեարկության մասնակիցների (քվեաթերթիկներ ստացած ընտրողների) թիվը, փաթեթավորում է ցուցակները, կնքում փաթեթը եւ տեղադրում պարկում:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում սահմանված գործողությունների արդյունքները հրապարակվում են եւ արձանագրվում գործավարության մատյանում: Գործավարության մատյանում արձանագրած ընտրական տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը հանձնաժողովի նախագահը կապի հնարավոր միջոցներով անհապաղ հայտնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին:

Տեղամասային ընտրական հանձնաժողովը հավաքում է չօգտագործված քվեարկության ծրարները եւ փաթեթավորում` պարկի հետ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար: Չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը պարկի մեջ չի դրվում:

4. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, քվեատուփից հանում քվեարկության մեկ ծրար, բարձրաձայն հայտարարում ծրարի սահմանված կամ չսահմանված նմուշի լինելու մասին, ապա ցուցադրում այնպես, որ այն տեսանելի լինի ներկաների համար: Պահանջի դեպքում քվեարկության ծրարը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի արտահայտած կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության արդյունքով (քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը), իսկ առարկություն չլինելու դեպքում հանձնաժողովի նախագահը, իր հայտարարության համաձայն, սահմանված նմուշի քվեարկության ծրարից հանում է քվեաթերթիկը, հայտարարում քվեաթերթիկի վավեր, անվավեր կամ չսահմանված նմուշի լինելու մասին, վավեր քվեաթերթիկի դեպքում հայտարարում նաեւ, թե ինչպես է քվեարկված, ապա ցուցադրում այնպես, որ այն տեսանելի լինի ներկաների համար: Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի արտահայտած կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության արդյունքով (քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը), իսկ առարկություն չլինելու դեպքում հանձնաժողովի նախագահը, իր հայտարարության համաձայն, ըստ քվեաթերթիկում կատարված քվեարկության նշումի, քվեաթերթիկը դնում է համապատասխան թեկնածուի, կուսակցության օգտին, մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված կամ անվավեր քվեաթերթիկների փաթեթի մեջ, իսկ ծրարը` սահմանված նմուշի քվեարկության ծրարների փաթեթի մեջ, որից հետո քվեատուփից հանում է հաջորդ ծրարը:

Այդ գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր ծրարների համար: Ծրարների, քվեաթերթիկների տեսակավորումն իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաեւ իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ:

5. Քվեարկության ծրարի մեջ միեւնույն քվեարկության մեկից ավելի քվեաթերթիկներ կամ չսահմանված նմուշի քվեաթերթիկ (քվեաթերթիկներ) գտնվելու դեպքում քվեաթերթիկը (քվեաթերթիկները) դրվում է ծրարի մեջ, իսկ ծրարը` չսահմանված նմուշի քվեարկության ծրարների փաթեթի մեջ:

Չսահմանված նմուշի քվեարկության ծրարների դեպքում քվեաթերթիկները ծրարից չեն հանվում, իսկ ծրարը դրվում է չսահմանված նմուշի քվեարկության ծրարների փաթեթի մեջ:

Չսահմանված նմուշի քվեարկության ծրարները դրանցում գտնվող քվեաթերթիկների հետ միասին անհապաղ մարվում են եւ փաթեթավորվում: Այս փաթեթը, առանց պարկի մեջ տեղադրելու, ներկայացվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

6. Քվեատուփում առկա բոլոր քվեարկության ծրարները եւ քվեաթերթիկները տեսակավորելուց հետո հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների ներկայությամբ մեկ առ մեկ հաշվարկում է սահմանված նմուշի քվեարկության ծրարների, անվավեր ճանաչված քվեաթերթիկների, ինչպես նաեւ յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում՝ թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը: Հաշվարկված թվերը հրապարակվում են եւ արձանագրվում գործավարության մատյանում:

7. Արդյունքներն ամփոփելիս չսահմանված նմուշի քվեարկության ծրարները եւ չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում եւ չեն հաշվարկվում։

8. Հաշվարկված եւ տեսակավորված քվեարկության ծրարներն ու քվեաթերթիկները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով փաթեթավորվում են, իսկ փաթեթները` կնքվում եւ տեղադրում պարկում:

Փաթեթների վրա պետք է առկա լինի հանձնաժողովի նախագահի ստորագրությունը, հանձնաժողովի մյուս անդամները եւ վստահված անձինք եւս իրավունք ունեն ստորագրելու փաթեթների վրա:

9. Քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը վստահված անձանց, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կողմից կարող է լուսանկարահանվել, տեսանկարահանվել:

10. Միաժամանակ մի քանի ընտրություն անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է համապետական ընտրության քվեարկության արդյունքները, ընդ որում, Հանրապետության Նախագահի ընտրություններն այլ ընտրությունների հետ անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է Հանրապետության Նախագահի ընտրության քվեարկության արդյունքները, Ազգային ժողովի ընտրությունների դեպքում` համամասնական ընտրակարգով ընտրությունների, իսկ տեղական ինքնակառավարման ընտրությունների դեպքում` համայնքի ավագանու ընտրության քվեարկության արդյունքները:

Հոդված 68. Քվեաթերթիկների վավերականությունը

1. Քվեաթերթիկը վավեր է, եթե ընտրողի մտադրությունը հստակ է եւ աներկբա, եւ չկան այնպիսի նշումներ, որոնք կարող են բացահայտել ընտրողի ինքնությունը:

2. Սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե`

1) մեկից ավելի թեկնածուի, կուսակցության օգտին նշումներ է պարունակում.

2) մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում միաժամանակ «կողմ եմ» եւ «դեմ եմ» բառերի դիմաց նշումներ է պարունակում.

3) որեւէ նշում չի պարունակում.

4) բացի քվեարկության համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից պարունակում է այլ` ընտրողի ինքնությունը բացահայտող նշում.

5) ստորագրված չէ.

6) ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված կարգը:

Հոդված 69. Չսահմանված նմուշի քվեաթերթիկները

Չսահմանված նմուշի է սահմանված նմուշից տարբերվող քվեաթերթիկը, ինչպես նաեւ՝

1) քվեարկության չսահմանված նմուշի ծրարում գտնվող քվեաթերթիկը.

2) քվեարկության սահմանված նմուշի ծրարում գտնվող քվեաթերթիկները, եթե դրանց թիվը մեկից ավելի է.

3) քվեատուփում գտնվող՝ առանց քվեարկության ծրարի քվեաթերթիկները:

Հոդված 70. Քվեարկության չսահմանված նմուշի ծրարները

 Քվեարկության չսահմանված նմուշի ծրար է սահմանված նմուշից ակնհայտ տարբերվող կամ չկնքված կամ այլ կնիքով կնքված քվեարկության ծրարը, ինչպես նաեւ՝

1) քվեաթերթիկ չպարունակող քվեարկության ծրարը.

2) մեկից ավելի վավեր կամ անվավեր քվեաթերթիկ պարունակող քվեարկության ծրարը.

3) չսահմանված նմուշի քվեաթերթիկ պարունակող քվեարկության ծրարը.

4) ընտրողի ինքնությունը բացահայտող նշումներ պարունակող քվեարկության ծրարը:

Հոդված 71. Տեղամասային ընտրական հանձնաժողովի՝ քվեարկության արդյունքների արձանագրությունը

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով սույն օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված կարգով կատարված հաշվարկները, կազմում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, դրանում նշելով`

1) յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակի` այդ թվում քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվն առանձին-առանձին,

2) տեղամասում ընտրողների ընդհանուր թիվը, որը հավասար է լրացուցիչ ցուցակների ընտրողների թվերի եւ հիմնական ցուցակում ընդգրկված ընտրողների թվի գումարին,

3) քվեարկության մասնակիցների թիվը (Բ) (լրացվում է գրանցված եւ քվեաթերթիկներ ստացած ընտրողների ստորագրությունների թիվը).

4) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա) եւ ելունդների համարները (լրացվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից).

5) մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Գ).

6) անվավեր քվեաթերթիկների թիվը (դ2).

7) օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը (Ե).

8) յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.

9) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).

10) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը (Զ).

2. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:

3. Հանձնաժողովի անդամը պարտավոր է ստորագրել արձանագրությունը: Եթե  նա արձանագրության տվյալների վերաբերյալ ունի առարկություն (հատուկ կարծիք), ապա այդ մասին գրառում է կատարում արձանագրությունում` դրա համար նախատեսված հատուկ տեղում:

4. Քվեարկության ավարտից հետո՝ մինչեւ տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:

5. Նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 10 ժամ հետո, հանձնաժողովն ավարտում է արձանագրության կազմումը, իսկ հանձնաժողովի նախագահը հրապարակում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը:

6. Արձանագրությունը կազմվում է չորս օրինակից. մեկ օրինակը փակցվում է տեղամասային կենտրոնում` ընտրողների ցուցակների կողքին, մեկ օրինակը տեղադրվում է ընտրական փաստաթղթերի պարկում:

7. Պարկի վրա պետք է առկա լինի հանձնաժողովի նախագահի  ստորագրությունը, հանձնաժողովի մյուս անդամները եւ վստահված անձինք եւս իրավունք ունեն ստորագրել (դրոշմակնքել) պարկի վրա:

Ընտրական փաստաթղթերի պարկը տեղամասային ընտրական հանձնաժողովում պարտադիր պետք է փակվի: Տեղամասային ընտրական հանձնաժողովում այդ պարկը սահմանված կարգով չփակելը հանգեցնում է պատասխանատվության:

8. Հանձնաժողովում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածք՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) եւ քարտուղարի ստորագրություններով եւ հանձնաժողովի կնիքով:

9. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը պարկը, չսահմանված նմուշի քվեարկության ծարարների փաթեթը, չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը, քվեարկության արդյունքների արձանագրության երկու օրինակը, գործավարության մատյանը եւ հանձնաժողովի կնիքը քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, ներկայացնում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

Հոդված 72. Անճշտությունները որոշելու կարգը

1. Տեղամասում անճշտությունների չափը հաշվարկելու համար՝

1) համադրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը՝ մարված քվեաթերթիկների թվի, քվեատուփի՝ վավեր եւ անվավեր քվեաթերթիկների թվի գումարի հետ: Տարբերությունը՝ թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես առաջին անճշտության չափ.

2) համադրվում է ընտրողների ցուցակում ստորագրությունների թիվը՝ քվեատուփի վավեր եւ անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի հետ: Եթե քվեատուփի վավեր եւ անվավեր քվեաթերթիկների թվերի գումարը մեծ է ընտրողների ցուցակում ստորագրությունների թվից, ապա տարբերությունը նշվում է որպես երկրորդ անճշտության չափ: Եթե քվեատուփի վավեր եւ անվավեր քվեաթերթիկների թվերի գումարը փոքր է կամ հավասար ընտրողների ցուցակում ստորագրությունների թվին, ապա երկրորդ անճշտության չափը նշվում է 0.

3) համադրվում է օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը քվեատուփի վավեր եւ անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի հետ: Տարբերությունը՝ թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես երրորդ անճշտության չափ.

4) համադրվում է քվեատուփում առկա սահմանված նմուշի ծրարների թիվը քվեատուփի վավեր եւ անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի հետ: Տարբերությունը` թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես չորրորդ անճշտության չափ.

5) համադրվում է 1-ին եւ 3-րդ անճշտությունների չափերը, դրանցից մեծին, իսկ այդ թվերի հավասարության դեպքում` դրանցից մեկին գումարվում է 2-րդ եւ 4-րդ անճշտությունների գումարը: Ստացված  թիվը  տվյալ տեղամասում անճշտությունների չափն է:

2. Տեղամասում անճշտությունների չափը հաշվարկում եւ արձանագրում է ընտրության արդյունքներն ամփոփող ընտրական հանձնաժողովը` «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով:

3. Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ տեղամասում քվեարկության մասնակիցների թիվն արձանագրվում է որպես տեղամասում անճշտությունների չափ, եւ այն սույն օրենսգրքով սահմանված կարգով հաշվի է առնվում ընտրությունների արդյունքներն ամփոփելիս:

4. Քվեարկության արդյունքների արձանագրությունը կազմելիս մնացած տեղամասերի քվեարկության արդյունքներին գումարվում են քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչված տեղամասի համապատասխանաբար ընտրողների թիվը` նաեւ ըստ լրացուցիչ ցուցակների, քվեարկության մասնակիցների թիվը, հատկացված քվեաթերթիկների թիվը եւ ելունդների համարները, իսկ որպես մարված քվեաթերթիկների թիվ արձանագրվում է այդ տեղամասին հատկացված քվեաթերթիկների թիվը: Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչված ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները (թվերը), բացառությամբ անճշտությունների չափի, արձանագրվում է 0:

Հոդված 73. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունները ստանալուց հետո

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների կազմման վավերականությունը, եւ թվաբանական սխալների առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը վերացնում են այդ սխալները՝ ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում։ Ելակետային են տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից հաշվարկի արդյունքում ստացված տվյալները:

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մուտքագրում է համակարգիչ` հատուկ համակարգչային ծրագրի միջոցով: Համակարգչային ծրագիրը պետք է ներառի տվյալների սխալ մուտքագրումից պաշտպանող ողջամիտ երաշխիքներ: Հանձնաժողովը պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, համակարգչի օգնությամբ կատարում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորում՝ ըստ տեղամասերի, ներառյալ` անճշտությունների չափը: Տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների տվյալների մուտքագրումը համակարգիչ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքներն ըստ տեղամասերի աղյուսակավորվում, կնքվում եւ վավերացվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի (տեղակալի) եւ քարտուղարի կողմից:

3. Ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) եւ քարտուղարի ստորագրություններով եւ հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցվում է հանձնաժողովում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակ՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) եւ քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության մեկ օրինակը քվեարկության ավարտից 24 ժամ հետո ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:

4. Համապետական եւ երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրատարածքում քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրություն չի կազմում, քվեարկության արդյունքների վերահաշվարկի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում ուսումնասիրում է տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկությանն օրն արձանագրված խախտումները, ուսումնասիրության արդյունքններն ամփոփում հանձնաժողովի նիստում եւ այդ մասին ընդունած որոշումը ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Հոդված 74. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներն ամփոփելու կարգը

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում, սույն հոդվածի պահանջներին համապատասխան` ամփոփում է ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները եւ արձանագրությամբ վավերացնում այն:

Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա, ապա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կարող է այդ տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչել: Այս դեպքում նյութերը կենտրոնական ընտրական կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացվում են դատախազություն:

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները կազմում է արձանագրություն ընտրատարածքում քվեարկության արդյունքների վերաբերյալ:

3. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների արձանագրությունում նշվում են`

1) ընտրատարածքի տեղամասերի յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակների` այդ թվում քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակների ընտրողների ընդհանուր թվերն` առանձին-առանձին,

2) ընտրատարածքի ընտրողների ընդհանուր թիվը (հավասար է ընտրատարածքի` ընտրության համար կազմավորված բոլոր ընտրական տեղամասերի ընտրողների ընդհանուր թվերի գումարին),

3) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը (Բ) (լրացվում է գրանցված եւ քվեաթերթիկներ ստացած ընտրողների ստորագրությունների թիվը).

4) տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա) եւ ելունդների համարները.

5) տեղամասային ընտրական հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Գ).

6) անվավեր քվեաթերթիկների թիվը (դ2).

7) օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը (Ե).

8) յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.

9) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).

10) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը (Զ).

11) անճշտությունների չափը:

Ընտրատարածքում (համայնքում) անճշտությունների չափը հավասար է ընտրատարածքում (համայնքում) ընդգրկված տեղամասերի անճշտությունների չափերի գումարին:

4. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:

5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հրապարակում է կազմված արձանագրությունը:

6. Արձանագրության մեկ օրինակը փակցվում է հանձնաժողովում՝ տեսանելի տեղում՝ սույն հոդվածով նախատեսված գործողություններն ավարտվելուց անմիջապես հետո։

7. Ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է քվեարկության արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) եւ քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:

8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը, հիմք ընդունելով ընտրատարածքում քվեարկության արդյունքների արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովում ստացված դիմումների քննարկման արդյունքում ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկությանն օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընդունած որոշումը, ամփոփում է ընտրատարածքում ընտրության արդյունքները, եւ ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

9. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն արձանագրության եւ որոշման օրինակները երկօրյա ժամկետում ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Հոդված 75. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Հանրապետության Նախագահի եւ  համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների ամփոփման կարգը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված՝ ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է համապետական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացնում այն ու հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում  այդ արդյունքները:

Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է այդ տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչել: Այս դեպքում նյութերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացվում են դատախազություն:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն` քվեարկության արդյունքների վերաբերյալ:

3.  Քվեարկության արդյունքների մասին արձանագրությունում նշվում են`

1) ընտրական տեղամասերի յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակների` այդ թվում քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակների ընտրողների ընդհանուր թվերն` առանձին-առանձին,

2) ընտրողների ընդհանուր թիվը (հավասար է ընտրության համար կազմավորված բոլոր ընտրական տեղամասերի ընտրողների ընդհանուր թվերի գումարին),

3) քվեարկության մասնակիցների թիվը (Բ).

4) տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա) եւ ելունդների համարները.

5) տեղամասային ընտրական հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Գ).

6) անվավեր քվեաթերթիկների թիվը (դ2).

7) օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը (Ե).

8) յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.

9) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).

10) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը (Զ).

11) անճշտությունների չափը:

Համապետական ընտրությունների դեպքում անճշտությունների չափը հավասար է կազմավորված բոլոր տեղամասերի անճշտությունների չափերի գումարին:

4. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:

5. Ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց  պահանջով նրանց տրվում է քվեարկության արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) եւ քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:

6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների քննարկման արդյունքում ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկությանն օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները ամփոփում է ընտրության արդյունքները եւ ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
 

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

ԲԱԺԻՆ 4. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 14

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 76. Ընտրական համակարգը

1. Հանրապետության Նախագահի ընտրության ժամանակ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը մեկ մեծամասնական ընտրատարածք է:

2. Հանրապետության Նախագահն ընտրվում է բացարձակ մեծամասնական ընտրակարգով, իսկ երկրորդ փուլում` հարաբերական մեծամասնական ընտրակարգով:

Հոդված 77. Հանրապետության Նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները

1. Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:

ԳԼՈՒԽ 15

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 78. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը

Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները:

Հոդված 79. Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը

1. Կուսակցությունը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրում է իր համագումարի կամ մշտապես գործող մարմնի որոշմամբ: Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի առաջադրելու Հանրապետության Նախագահի մեկ թեկնածու:

2. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության համագումարի կամ մշտապես գործող մարմնի որոշումը պետք է պարունակի  թեկնածուի`

1) ազգանունը, անունը, հայրանունը.

2) ծննդյան  ամսաթիվը.

3) բնակության վայրը.

4) աշխատանքի վայրը եւ պաշտոնը (զբաղմունքը).

5) կուսակցական պատկանելությունը:

3. Կուսակցության համագումարի կամ մշտապես գործող մարմնի որոշմանը կից ներկայացվում է

1) թեկնածուի լիազոր ներկայացուցչի տվյալները (նշվում է ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը եւ պաշտոնը (զբաղմունքը)).

2) ընտրական գրավի վճարման անդորրագիրը.

3) տեղեկանք թեկնածուի` վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին, որը պետք է պարունակի նաեւ նշում քաղաքացու` այլ պետության քաղաքացիություն չունենալու վերաբերյալ.

4) տեղեկանք թեկնածուի` վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

5) թեկնածուի գրավոր հայտարարությունը` Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.

6) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

7) կուսակցության կանոնադրությունը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքների ձեւերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքները տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռoրյա ժամկետում, բայց ոչ շուտ, քան մինչեւ Հանրապետության Նախագահի ընտրության օրվա մասին հաղորդագրության հրապարակումը:

Լիազորված պետական մարմինը մերժում եւ դիմումատուին չի տրամադրում նշված ձեւի տեղեկանք (տեղեկանքներ), եթե դիմումատուի տվյալները չեն բավարարում սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պահանջներին:

5. Նշված փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում միայն թեկնածուի կամ լիազոր ներկայացուցչի միջոցով` սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետում:

6. Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համար ներկայացրած փաuտաթղթերում uխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է այդ փաuտաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպեu նաեւ նրանց ներկայությամբ, ինքնուրույն ուղղել ներկայացված փաuտաթղթերում առկա ակնհայտ uխալները, վրիպակները:

Հանձնաժողովն իրավունք չունի չընդունելու ներկայացված փաuտաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման uխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ: Uույն մաuի դրույթները չեն կիրառվում փաuտաթղթերում տեղ գտած այնպիuի uխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքը oրենքով վերապահված է այդ փաuտաթղթերն ընդունած կամ տված մարմիններին:

Ներկայացված  փաuտաթղթերում  սույն  կետի 2-րդ պարբերությունում նշված անճշտությունների կամ  դիմումին կից ներկայացված  փաuտաթղթերը թերի լինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիu նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված  փաuտաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաuտաթղթերը չլրացնելու դեպքում թեկնածուի գրանցումը մերժվում է:

Հոդված 80. Հանրապետության Նախագահի թեկնածուի ընտրական գրավը

 Հանրապետության Նախագահի թեկնածուները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի (այսուհետ` նվազագույն աշխատավարձ) 8000-ապատիկի չափով:

Հոդված 81. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը

1. Հանրապետության Նախագահի թեկնածուն կարող է գրանցվել միայն մեկ կուսակցության առաջադրմամբ:

2. Հանրապետության Նախագահի թեկնածուն գրանցվում է, եթե նրա գրանցման վերաբերյալ հանձնաժողովի անդամների կողմից առարկություն չի ներկայացվել:

3. Մինչեւ Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու իրավունք ունեն թեկնածուն  եւ նրա լիազոր ներկայացուցիչը:

4. Հանրապետության Նախագահի թեկնածուների գրանցման մասին հաղորդագրությունը հրապարակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` եռօրյա ժամկետում:

Հոդված 82. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը մերժելը

1. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է, եթե`

1) չունի ընտրվելու իրավունք.

2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

2. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցման վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի կողմից առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Հոդված 83. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը

Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, ըստ որոնց թեկնածուն չունի ընտրվելու իրավունք կամ գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

Հոդված 84. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը

1. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը մերժելու,  գրանցումն անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

2. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա թեկնածուն գրանցվում կամ վերագրանցվում է:

Հոդված 85. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա`

1) ներկայացրել է դիմում` ինքնաբացարկի մասին.

2) խախտել է սույն օրենսգրքի 18-րդ  հոդվածի 8-րդ կետի դրույթը` դատարանի վճռի հիման վրա.

3) խախտել է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթները` դատարանի վճռի հիման վրա:

ԳԼՈՒԽ 16

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 86. Հանրապետության Նախագահի թեկնածուների իրավահավասարությունը

Հանրապետության Նախագահի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում գրանցումից հետո` մինչեւ Հանրապետության նոր Նախագահ ընտրվելը: Հանրապետության Նախագահի թեկնածուներն ունեն Հանրապետության Նախագահի թեկնածուի կարգավիճակից բխող հավասար իրավունքներ եւ պարտականություններ:

Հոդված 87. Հանրապետության Նախագահի թեկնածուների իրավունքները եւ պարտականությունները

1. Հանրապետության Նախագահի թեկնածուները, բացառությամբ քաղաքական պաշտոն զբաղեցնողների, որպես թեկնածու գրանցվելուց հետո` մինչեւ ընտրությունների արդյունքների ամփոփումը, ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց: Հանրապետության Նախագահի թեկնածուներն իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքը նախընտրական քարոզչության ժամանակ առավելություն ստանալու համար:

2. Հանրապետության Նախագահի թեկնածուն ազատվում է զորահավաքներից եւ ուսումնավարժական հավաքներից:

3. Արգելվում է Հանրապետության Նախագահի թեկնածուին գործատուի նախաձեռնությամբ ազատել աշխատանքից, տեղափոխել այլ աշխատանքի կամ գործուղել:

4. Հանրապետության Նախագահի թեկնածուն, քվեարկության օրվանից մինչեւ 10 օր առաջ` ժամը 18.00-ն դիմում ներկայացնելու դեպքում, իրավունք ունի հանելու իր թեկնածությունը:

Ինքնաբացարկի մասին դիմումը պետք է վավերացված լինի նոտարական կարգով կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը պետք է հաստատի հանձնաժողովի նիստում:

Ինքնաբացարկի դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուի գրանցումը ճանաչում է ուժը կորցրած, իսկ թեկնածուն պարտավոր է հատուցել իր նախընտրական քարոզչության համար պետության կողմից կատարած ֆինանսական ծախսերը:

5. Հանրապետության Նախագահի թեկնածուն, ընտրված Նաախագահը կարող է ձերբակալվել կամ կալանավորվել կամ նրա նկատմամբ դատական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

ԳԼՈՒԽ 17

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 88. Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական հիմնադրամը

1. Հանրապետության Նախագահի թեկնածուն նախընտրական քարոզչություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացում է նախընտրական հիմնադրամ, որը համալրվում է սույն օրենսգրքի 25-րդ հոդվածում նշված կամավոր մուծումներից:

2. Թեկնածուի` նախընտրական հիմնադրամ կատարած անձնական մուծումների չափը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկը:

3. Թեկնածուին առաջադրած կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամ կատարած մուծումների չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 25000-ապատիկը:

4. Նախընտրական հիմնադրամից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր եւ այլ նյութերի ձեռք բերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի` ներառյալ տպագիր նյութերի պատրաստման ֆինանսավորման համար թեկնածուների կատարած ծախսերի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 100.000-ապատիկը:

5. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է թեկնածուի նախընտրական հիմնադրամ կատարել նվազագույն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով կամավոր մուծում:

Հոդված 89. Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական քարոզչությունը

1. Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության եթերաժամերից` Հանրապետության Նախագահի թեկնածուների անվճար եւ վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

2. Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք ունի անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից` ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 120 րոպե:

3. Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք ունի իր նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից` ոչ ավելի, քան 120 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 180 րոպե:

4. Հանրապետության Նախագահի ընտրությունների երկրորդ փուլի, ինչպես նաեւ արտահերթ ընտրությունների ժամանակ Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք ունի հանրային հեռուստատեսության եթերաժամից անվճար օգտվելու ոչ ավելի, քան 15 րոպե, եւ հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 25 րոպե, իսկ թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով` հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 25 րոպե, եւ հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 35 րոպե:

ԳԼՈՒԽ 18

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հոդված 90. Քվեաթերթիկները

Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեաթերթիկում նշվում են թեկնածուների ազգանունները` այբբենական հերթականությամբ, անունները, հայրանունները եւ առաջադրող կուսակցությունների անվանումները:

Հոդված 91. Ընտրությունների արդյունքների ամփոփումը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում ամփոփում է ընտրության արդյունքները եւ ընդունում հետեւյալ որոշումներից մեկը`

1) Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին.

2) ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին.

3) ընտրությունն անվավեր ճանաչելու եւ Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին.

4) ընտրությունը չկայացած ճանաչելու եւ Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին:

2. Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքով ընդունված որոշման վիճարկման մասին դիմում սահմանադրական դատարան կարող է ներկայացվել ընտրությունների արդյունքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը, մինչեւ ժամը 18.00-ն:

Հոդված 92. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում այն թեկնածուի` Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին, ում կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին:

2. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:

3. Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլում Հանրապետության Նախագահ է ընտրվում ում կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

Հոդված 93. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին

Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, եւ նրանցից ոչ մեկին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ, ապա քվեարկությունից հետո` 14-րդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ: Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

Հոդված 94. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին

Հանրապետության Նախագահի ընտրությունը ցանկացած փուլում անվավեր է ճանաչվում, եթե`

1) անճշտությունների չափը մեծ է կամ հավասար առավել թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ եւ դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, որն էապես ազդում է ընտրության արդյունքի վրա, այն է` հնարավոր չէ վերականգնել ընտրության իրական արդյունքները եւ պարզել ընտրված թեկնածուին.

2) ընտրության նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:

Հոդված 95. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին

Հանրապետության Նախագահի ընտրությունը չկայացած է ճանաչվում, եթե`

1) քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.

2) ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուն մահացել է մինչեւ ընտրության արդյունքներն ամփոփելը:

ԳԼՈՒԽ 19

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

Հոդված 96. Հանրապետության Նախագահի ընտրություն անցկացնելու ժամկետը

1. Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ:

2. Հանրապետության Նախագահի ընտրության օրվա մասին հանրային ռադիոյով եւ հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` ընտրության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:

3. Հանրապետության Նախագահի ընտրության ժամանակ քվեարկության օրը հայտարարվում է ոչ աշխատանքային օր:

Հոդված 97. Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցելու ժամկետները

1. Կուսակցության կողմից Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55 եւ ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:

2. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45 եւ ոչ ուշ, քան 35 օր առաջ:

Հոդված 98. Հանրապետության Նախագահի նոր ընտրությունը

1. Եթե սույն օրենսգրքի 94-րդ եւ 95-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ինչպես նաեւ ընտրությունից հետո` մինչեւ լիազորությունների ստանձնումը, ընտրված Նախագահի հրաժարականի կամ մահվան դեպքում, նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց հետո` 40-րդ օրը:

2. Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո` 40-րդ օրը:

3. Մինչեւ քվեարկության ավարտը  թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` 40-րդ օրը:

4. Հանրապետության Նախագահի նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 99. Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրությունը

1. Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Սահմանադրության 57-րդ հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքերում նշանակվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո` 40-րդ օրը:

2. Ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության Նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ Հանրապետության Նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը: Այս դեպքում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` 40-րդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրություն` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 100. Հարապետության Նախագահի նոր եւ արտահերթ ընտրության օրը հայտարարելը

Հանրապետության Նախագահի նոր եւ արտահերթ ընտրության մասին հանրային ռադիոյով եւ հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 39 օր առաջ:

Հոդված 101. Հանրապետության Նախագահի թեկնածուներ առաջադրելը եւ գրանցելը, ընտրական տեղամասեր կազմավորելը, տեղամասային կենտրոններ սահամնելը եւ ընտրողների ցուցակները հրապարակելը Հանրապետության Նախագահի նոր եւ արտահերթ ընտրությունների ժամանակ

1. Կուսակցության կողմից Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:

2. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25 եւ ոչ ուշ, քան 20 օր առաջ:

3. Ընտրական տեղամասերը կազմավորվում եւ տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից առնվազն 25 օր առաջ: Լիազոր մարմինը ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից առնվազն 20 օր առաջ հանձնում է տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, ով դրանք փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:

ԲԱԺԻՆ 5. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 20

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 102. Ազգային ժողովի կազմը

Ազգային ժողովի պատգամավորների թիվը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ:

Հոդված 103. Ընտրական համակարգը

 Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով: 90 պատգամավոր ընտրվում է համամասնական ընտրակարգով, Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից, 41 պատգամավոր ընտրվում է մեծամասնական ընտրակարգով` յուրաքանչյուր ընտրատարածքից մեկ պատգամավոր:

Հոդված 104. Ընտրելու իրավունքը

Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք` համամասնական ընտրակարգով ընտրության եւ մեկ ձայնի իրավունք` մեծամասնական ընտրակարգով ընտրության ժամանակ, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:

Հոդված 105. Ընտրվելու իրավունքը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

ԳԼՈՒԽ 21

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 106. Պատգամավորի թեկնածու առաջադրելու իրավունքը

1. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները:

Պատգամավորի թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ կուսակցության ընտրական ցուցակով եւ միայն մեկ մեծամասնական ընտրատարածքում:

2. Կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության նախընտրական դաշինք կազմավորելու դեպքում:

3. Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններն ընտրությունների ընթացքում չեն կարող ընդգրկվել այլ կուսակցությունների դաշինքում:

4. Կուսակցությունների դաշինքում ընդգրկվելու որոշումն ընդունվում է կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ:

5. Կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները կազմվում են դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած առանձին ցուցակից: Դաշինքի ընտրական ցուցակներում պատգամավորի թեկնածուների հերթականությունը որոշվում է դաշինքում ընդգրկված կուսակցությունների համատեղ խորհրդակցությունների ընթացքում եւ հաստատվում դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի մշտապես գործող մարմնի որոշմամբ:

6. Կուսակցությունների դաշինքից որեւէ կուսակցության դուրս գալու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից հանվում են այդ կուսակցության ներկայացրած պատգամավորի թեկնածուների անունները:

7. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված կուսակցությունները:

Հոդված 107. Առաջադրման սահմանափակումները

1. Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու չեն կարող առաջադրվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման, հարկային, մաքսային մարմինների, քրեակատարողական, փրկարար ծառայության, դատախազության աշխատակիցները (ծառայողները), զինծառայողները:

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու չեն կարող առաջադրվել եւ պատգամավորի թեկնածու չեն կարող գրանցվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն այլ պետության քաղաքացիություն:

2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար այն անձինք, որոնց նկատմամբ չեն տարածվում սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները, Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու գրանցվելուց հետո մինչեւ նախընտրական քարոզչության ավարտը ժամանակավորապես ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց, բացառությամբ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց:

Հոդված 108. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ առաջադրելը

1. Կուսակցություններն Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու մասին դիմումը ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողով` իրենց մշտապես գործող մարմնի որոշման հիման վրա, դիմումը ստորագրում եւ կնքում է կուսակցության ղեկավարը: Կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու դիմումը ներկայացնում են դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, իսկ դիմումը ստորագրում եւ կնքում են դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարները:

2. Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի առաջադրելու թեկնածուների միայն մեկ ընտրական ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից առանձին ընտրական ցուցակ առաջադրել: Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության  ընտրական ցուցակի առաջին տասնյակում պետք է ընդգրկված լինի առնվազն մեկ կին, իսկ ցուցակի 11-րդ համարից սկսած ցանկացած ամբողջ թվով հնգյակում (11-15, 11-20, 11-25 եւ այդպես շարունակ` մինչեւ ցուցակի ավարտը) առնվազն 20 տոկոսը պետք է լինեն կանայք: Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության  ընտրական ցուցակում պետք է ընդգրկված լինի առնվազն 10 թեկնածու, ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաեւ այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձինք:

3. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության դիմումին կցվում են`

1) կուսակցության կանոնադրությունը (կուսակցությունների դաշինքի դեպքում` դաշինքում ընդգրկված կուսակցությունների կանոնադրությունները).

2) կուսակցության մշտապես գործող մարմնի որոշումը (կուսակցությունների դաշինքի դեպքում` դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների որոշումները) Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով թեկնածուների ընտրական ցուցակ առաջադրելու վերաբերյալ, որում համարակալմամբ նշվում են թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, կուսակցական պատկանելությունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հաշվառման վայրը, աշխատանքի վայրը եւ պաշտոնը (զբաղմունքը).

3) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների գրավոր հայտարարությունը պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.

4) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների առանձին ընտրական ցուցակները.

5) նվազագույն աշխատավարձի 8000-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.

6) տեղեկանք՝ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին, որը պետք է պարունակի նաեւ նշում քաղաքացու` այլ պետության քաղաքացիություն չունենալու վերաբերյալ.

7) տեղեկանք՝ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

8) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքների ձեւերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքները տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռoրյա ժամկետում, բայց ոչ շուտ, քան մինչեւ ընտրությունների նշանակումը:

Լիազորված պետական մարմինը մերժում եւ դիմումատուին չի տրամադրում նշված ձեւի տեղեկանք (տեղեկանքներ), եթե դիմումատուի տվյալները չեն բավարարում սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի պահանջներին:

5. Կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմանը կից ներկայացվում է նաեւ մինչեւ երկու լիազոր ներկայացուցչի տվյալները (նշվում է նրանց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը եւ պաշտոնը (զբաղմունքը)):

6. Գրանցման փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է միայն կուսակցության լիազոր ներկայացուցչի միջոցով` սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:

Գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտից հետո կուսակցության  կողմից ընտրական ցուցակում փոփոխություններ չեն կարող կատարվել:

7. Կուսակցության ընտրական ցուցակը գրանցելու համար ներկայացրած փաuտաթղթերում uխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է այդ փաuտաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպեu նաեւ նրանց ներկայությամբ, ինքնուրույն ուղղել ներկայացված փաuտաթղթերում առկա ակնհայտ uխալները, վրիպակները:

Հանձնաժողովն իրավունք չունի չընդունելու ներկայացված փաuտաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման uխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ: Uույն մաuի դրույթները չեն կիրառվում փաuտաթղթերում տեղ գտած այնպիuի uխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքը oրենքով վերապահված է այդ փաuտաթղթերն ընդունած կամ տված մարմիններին:

Ներկայացված փաuտաթղթերում սույն կետի 2-րդ պարբերությունում նշված անճշտությունների կամ  դիմումին կից ներկայացված  փաuտաթղթերը թերի լինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիu նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված  փաuտաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում կուսակցության ընտրական ցուցակի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի վերաբերյալ անճշտությունները չվերացնելու կամ փաuտաթղթերը չլրացնելու դեպքում կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է, իսկ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի դեպքում նրա անունը հանվում է կուսակցության ընտրական ցուցակից:

Հոդված 109. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից կուսակցության  ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում կուսակցության  ընտրական ցուցակը գրանցվում է:

2. Գրանցման համար սահմանված ժամկետը ավարտվելուց  հետո` ոչ ուշ, քան եռօրյա  ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է կուսակցությունների ընտրական ցուցակները:

3. Կուսակցության  ընտրական ցուցակի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա գտնվելու կուսակցության լիազոր ներկայացուցիչը:

Հոդված 110. Կուսակցության  ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը, եթե

1) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված.

2) թեկնածուները չունեն ընտրվելու իրավունք, որի արդյունքում ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը նվազում է 10-ից.

3) կուսակցությունը  լուծարվել է.

4) կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է:

2. Կուսակցության ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի կողմից առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության  ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը, եթե`

1) նա չունի ընտրվելու իրավունք.

2) նրա վերաբերյալ ներկայացրած փաստաթղթերը թերի են կամ կեղծված:

4. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցման վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի կողմից առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

Հոդված 111. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության  ընտրական ցուցակի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) կուսակցության ընտրական ցուցակում  ընդգրկված թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու արդյունքում ընտրական ցուցակի թեկնածուների թիվը նվազում է 10-ից.

2) կուսակցության  վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

2. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) նա չունի ընտրվելու իրավունք.

2) նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

Նման դեպքում թեկնածուն հանվում է ցուցակից:

3. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

Հոդված 112. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը

1. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

2. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա կուսակցության  ընտրական ցուցակը կամ դրանում ընդգրկված թեկնածուն գրանցվում կամ վերագրանցվում է:

Հոդված 113. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

1. Կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե`

1) ներկայացվել է դիմում ինքնաբացարկի մասին.

2) խախտվել է սույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետի դրույթը` դատարանի վճռի հիման վրա.

3) խախտվել են սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթները դատարանի վճռի հիման վրա.

4) կուսակցությունը լուծարվել է.

5) կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է.

6) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է երկուսից:

2. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա`

1) ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.

2) խախտել է սույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետի դրույթը` դատարանի վճռի հիման վրա.

3) խախտել է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթները` դատարանի վճռի հիման վրա:

Հոդված 114. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ առաջադրելը

1. Կուսակցությունը յուրաքանչյուր ընտրատարածքում իրավունք ունի առաջադրելու մեկ թեկնածու:

2. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի առաջադրումն իրականացվում է կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ:

3. Կուսակցությունը կարող է պատգամավորի թեկնածու առաջադրել նաեւ իր կուսակցության անդամ չհանդիսացող անձի:

Հոդված 115. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցումը

1. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության որոշումը պետք է պարունակի ընտրատարածքի համարը եւ թեկնածուի վերաբերյալ հետեւյալ տեղեկությունները`

1) ազգանունը, անունը, հայրանունը.

2) ծննդյան ամսաթիվը.

3) հաշվառման վայրը.

4) աշխատանքի վայրը եւ պաշտոնը (զբաղմունքը).

5) կուսակցական պատկանելությունը,

ինչպես նաեւ թեկնածուի մինչեւ երկու լիազոր ներկայացուցչի վերաբերյալ տվյալներ (նրանց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը եւ պաշտոնը (զբաղմունքը)):

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվում նաեւ

1) թեկնածուի գրավոր հայտարարությունը` տվյալ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին,

 2) նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.

3) տեղեկանք` թեկնածուի` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին, որը պետք է պարունակի նաեւ նշում քաղաքացու` այլ պետության քաղաքացիություն չունենալու մասին.

4) տեղեկանք` թեկնածուի` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

5) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքների ձեւերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքները տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռoրյա ժամկետում, բայց ոչ շուտ, քան մինչեւ ընտրությունների նշանակումը:

Լիազորված պետական մարմինը մերժում եւ դիմումատուին չի տրամադրում նշված ձեւի տեղեկանք (տեղեկանքներ), եթե դիմումատուի տվյալները չեն բավարարում սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի պահանջները:

4. Սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում է միայն թեկնածուի կամ նրա լիազոր ներկայացուցչի միջոցով` սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:

5. Ազգային ժողովի պատագամավորի թեկնածու գրանցվելու համար ներկայացրած փաuտաթղթերում uխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պարտավոր է այդ փաuտաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպեu նաեւ նրանց ներկայությամբ, ինքնուրույն ուղղել ներկայացված փաuտաթղթերում առկա ակնհայտ uխալները, վրիպակները:

Հանձնաժողովն իրավունք չունի չընդունելու ներկայացված փաuտաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման uխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ: Uույն մաuի դրույթները չեն կիրառվում փաuտաթղթերում տեղ գտած այնպիuի uխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքը oրենքով վերապահված է այդ փաuտաթղթերն ընդունած կամ տված մարմիններին:

Ներկայացված  փաuտաթղթերում  սույն  կետի 2-րդ պարբերությունում նշված անճշտությունների կամ  դիմումին կից ներկայացված  փաuտաթղթերը թերի լինելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիu նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված  փաuտաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաuտաթղթերը չլրացնելու դեպքում թեկնածուի գրանցումը մերժվում է:

6. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով  պատգամավորի թեկնածուները գրանցվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում  թեկնածուն գրանցվում է:

7. Թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա գտնվելու առաջադրված թեկնածուն եւ լիազոր ներկայացուցիչը:

Հոդված 116. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի գրանցումը մերժելը

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պատգամավորի թեկնածուի գրանցումը մերժում է, եթե`

1) չունի ընտրվելու իրավունք .

2) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված:

2. Թեկնածուի գրանցման վերաբերյալ հանձնաժողովի անդամի կողմից առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Հոդված 117. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պատգամավորի թեկնածուի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) չունի ընտրվելու իրավունք.

2) ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

2. Թեկնածուի գրանցումը ճանաչվում է անվավեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

Հոդված 118. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը

1. Պատգամավորի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

2. Պատգամավորի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա նա համարվում է  գրանցված կամ վերագրանցված:

Հոդված 119. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա`

1) ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.

2) խախտել է սույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետի դրույթը` դատարանի վճռի հիման վրա.

3) խախտել է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթները` դատարանի վճռի հիման վրա:

ԳԼՈՒԽ 22

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 120. Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուների իրավահավասարությունը

Պատգամավորի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում գրանցումից հետո` մինչեւ պատգամավոր ընտրվելը: Համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված, բայց պատգամավոր չընտրված անձը թեկնածուի կարգավիճակ է ձեռք բերում համասնական ընտրակարգով մանդատը թափուր մնալուց հետո:

Թեկնածուներն ունեն պատգամավորի թեկնածուի կարգավիճակից բխող հավասար իրավունքներ եւ պարտականություններ:

Հոդված 121. Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուների իրավունքները, պարտականությունները եւ գործունեության երաշխիքները

1. Պատգամավորի թեկնածուներն ազատվում են զորահավաքներից, ժամկետային զինվորական ծառայությունից եւ ուսումնավարժական հավաքներից մինչեւ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը:

2. Պատգամավորի թեկնածուները, ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն, ինչպես նաեւ քվեարկության օրվանից հետո դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը: Ինքնաբացարկի մասին դիմումը պետք է վավերացված լինի նոտարական կարգով կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը պետք է հաստատի հանձնաժողովի նիստում:

Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված քաղաքացու անուն, ազգանունը ցուցակից հանվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

3. Կուսակցությունները ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն, իրավունք ունեն  դիմում ներկայացնելու ինքնաբացարկի, իսկ թեկնածուն` ընտրական ցուցակից դուրս գալու մասին:

4. Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուն, ընտրված պատգամավորը կարող է ձերբակալվել, կալանավորվել կամ նրա նկատմամբ դատական կարգով պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

ԳԼՈՒԽ 23

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Հոդված 122. Պատգամավորի թեկնածուի, կուսակցության նախընտրական հիմնադրամը

1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար պատգամավորի թեկնածուն, կուսակցությունը բացում է նախընտրական հիմնադրամ, որը համալրվում է սույն օրենսգրքի 25-րդ հոդվածում նշված կամավոր մուծումներից:

2. Մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուն իրավունք ունի իր հիմնադրամում մուծում կատարելու նվազագույն աշխատավարձի մինչեւ 1000-ապատիկի, իսկ, թեկնածուին առաջադրած կուսակցությանը` մինչեւ 2000-ապատիկի չափով, կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները միասին` համապատասխանաբար կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի հիմնադրամում` նվազագույն աշխատավարձի մինչեւ 15000-ապատիկի չափով գումար:

3. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է պատգամավորի թեկնածուի, կուսակցության  նախընտրական հիմնադրամում կատարել մինչեւ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով գումար:

4. Նախընտրական քարոզչության ընթացքում պատգամավորի թեկնածուն զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր եւ այլ նյութերի ձեռք բերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի` ներառյալ տպագիր նյութերի պատրաստման ֆինանսավորման համար իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող գումար, իսկ կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը` նվազագույն աշխատավարձի 100000-ապատիկը չգերազանցող գումար:

Հոդված 123. Նախընտրական քարոզչությունը

1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ նախընտրական քարոզչությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

2. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կուսակցությունները օգտվում են սույն օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված իրավունքներից:

ԳԼՈՒԽ 24

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ: ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հոդված 124. Քվեաթերթիկները

1. Ազգային ժողովի համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով ընտրություններն անցկացվում են առանձին քվեաթերթիկներով:

2. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկում նշվում են կուսակցությունների անվանումները` այբբենական հերթականությամբ, ինչպես նաեւ ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները:

3. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկում նշվում են պատգամավորի թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները` ազգանվան այբբենական հերթականությամբ եւ առաջադրող կուսակցությունների անվանումները:

Հոդված 125. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն ամփոփելը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում ամփոփում է ընտրությունների արդյունքները եւ ընդունում հետեւյալ որոշումներից մեկը`

1) Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին.

2) Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:

2. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատները բաշխվում են այն կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջեւ, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե  կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն 5 կամ 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել է ընդամենը մեկ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են հաջորդ երկու` համապատասխանաբար առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները): Եթե Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով քվեարկությանը մասնակցում է մինչեւ 3 կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները):

3. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատները բաշխվում են կուսակցությունների  ընտրական ցուցակների միջեւ` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության  ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետեւյալ կերպ. յուրաքանչյուր ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, եւ առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:

4. Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջեւ բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում հարցը լուծվում է վիճակահանությամբ:

5. Կուսակցության  ընտրական ցուցակից ընտրվում է այն թեկնածուն, ում հերթական համարն ընտրական ցուցակում փոքր կամ հավասար է այդ ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվին:

6. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված թեկնածուի մանդատը, եթե նա ընտրվել է նաեւ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով, տրվում է այդ ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուին:

7. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների միջեւ մանդատների բաշխումն իրականացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ` գրանցելով յուրաքանչյուր կուսակցության ընտրական ցուցակից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին: Եթե կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է մանդատների բաշխման արդյունքում կուսակցությանը հասանելիք մանդատների թվից, ապա այդ մանդատները մնում են թափուր:

Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ, այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին: Եթե կուսակցության ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:

8. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր են ճանաչվում, եթե ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:

9. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքով ընդունված որոշման վիճարկման մասին դիմում սահմանադրական դատարան կարող է ներկայացվել ընտրությունների արդյունքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը, մինչեւ ժամը 18.00-ն:

10. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 15 եւ ոչ ուշ, քան 30 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ կուսակցությունների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:

Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների վերաքվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 70

օր հետո անցկացվում է նոր ընտրություն: Նոր ընտրության դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը նշանակելու մասին որոշում ընդունում է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո` 7-րդ օրը:

Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ եւ արտահերթ ընտրությունների համար սահմանված կարգով եւ ժամկետներում:

Հոդված 126. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն ամփոփելը

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում ամփոփում է ընտրությունների արդյունքները եւ ընդունում հետեւյալ որոշումներից մեկը`

1) պատգամավոր ընտրվելու մասին.

2) պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.

3) պատգամավորի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:

2. Պատգամավոր է ընտրվում այն թեկնածուն, ում  կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

3. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:

4. Եթե հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 2 եւ ավելի թեկնածուներ, ապա նրանց միջեւ անցկացվում է վիճակահանություն` ընտրված թեկնածուին որոշելու համար:

5. Պատգամավորի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե`

1) անճշտությունների չափը մեծ է կամ հավասար առավել թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ եւ դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից.

2) ընտրության նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:

6. Պատգամավորի ընտրությունը համարվում է չկայացած, եթե`

1) քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.

2) առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուն մահացել է մինչեւ ընտրությունների արդյունքներն ամփոփելը.

3) սույն օրենսգրքով թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում եւ կարգով թեկնածու չի գրանցվել կամ նույն ժամկետում գրանցվել է 2-ից պակաս թեկնածու:

7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը երկօրյա ժամկետում ներկայացնում է  կենտրոնական ընտրական հանձնաժողով:

8. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքով ընդունված որոշման վիճարկման մասին դիմում սահմանադրական դատարան կարող է ներկայացվել ընտրությունների արդյունքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը, մինչեւ ժամը 18.00-ն:

9. Պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 10 եւ ոչ ուշ, քան 20 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով, թեկնածուների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն:

Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրության ժամանակ վերաքվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օր հետո, անցկացվում է նոր ընտրություն:

10. Պատգամավորի ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 40 օր հետո, անցկացվում է նոր ընտրություն:

11. Մինչեւ քվեարկության ավարտը  թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 40 օր հետո: Ընտրությունից հետո` մինչեւ լիազորությունների ստանձնումը, ընտրված պատգամավորի մահվան դեպքում, նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 40 օր հետո:

12. Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ եւ արտահերթ ընտրությունների համար սահմանված ժամկետներում:

ԳԼՈՒԽ 25

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

Հոդված 127. Ազգային ժողովի հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու եւ պատգամավորի թեկնածուներ առաջադրելու եւ գրանցելու ժամկետները

1. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան 40, եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ:

2. Հերթական ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագիր քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:

3. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների  գրանցման փաստաթղթերը կուսակցությունները կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55 եւ ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:

4. Կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45 եւ ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչեւ 18.00-ն:

5. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների  գրանցման փաստաթղթերն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, եւ ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:

6. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45 եւ ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:

Հոդված 128. Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ նշանակելը եւ անցկացնելը

1. Պատգամավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետեւանքով Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով մանդատը թափուր մնալու դեպքում այդ ընտրատարածքում անցկացվում են լրացուցիչ ընտրություններ:

2. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ անցկացվում են հերթական ընտրությունների համար սահմանված կարգով, եւ այդ մանդատը թափուր մնալուց հետո` 80-օրյա ժամկետում:

3. Ազգային ժողովի լիազորությունների վերջին մեկ տարվա ընթացքում մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ չեն անցկացվում:

Հոդված 129. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելը եւ անցկացնելը

1. Արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակելուց ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:

2. Արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության Նախագահը հրամանագիր է հրապարակում Ազգային ժողովն արձակելու մասին հրամանագրի հետ միաժամանակ:

3. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:

4. Կուսակցությունների  ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25 եւ ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:

5. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների  գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:

6. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25 եւ ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:

7. Ընտրական տեղամասերը կազմավորվում եւ տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից առնվազն 25 օր առաջ: Լիազոր մարմինն ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից առնվազն 20 օր առաջ հանձնում է տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, ով այն փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:
 

ԲԱԺԻՆ 6. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 26

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 130. Ընտրական համակարգը

1. Համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է միամանդատ մեծամասնական ընտրատարածք:

2. Համայնքի ավագանու ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք:

3. Համայնքի ավագանին բաղկացած է`

1) հինգ անդամից` մինչեւ 2000 ընտրող ունեցող համայնքում.

2) յոթ անդամից` 2001-ից մինչեւ 4000 ընտրող ունեցող համայնքում.

3) տասնմեկ անդամից` 4001-ից մինչեւ 10000 ընտրող ունեցող համայնքում.

4) տասնհինգ անդամից` 10001-ից մինչեւ 75000 ընտրող ունեցող համայնքում.

5) քսանմեկ անդամից` 75001-ից ավելի ընտրող ունեցող համայնքում:

Հոդված 131. Ընտրական իրավունքը

Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք`

1) համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ.

2) ավագանու անդամի ընտրության ժամանակ:

Հոդված 132. Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուներին առաջադրվող պահանջները

1.  Համայնքի ղեկավար կարող են ընտրվել 25 տարին լրացած, ընտրություն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչեւ քվեարկության օրը առնվազն վերջին երկու տարին հաշվառված, սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:

2. Համայնքի ավագանու անդամ (բացառությամբ Երեւանի ավագանու) կարող են ընտրվել 21 տարին լրացած, ընտրություն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչեւ քվեարկության օրը առնվազն վերջին երկու տարին հաշվառված, սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:

3. Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազության, ոստիկանության, ազգային անվտանգության, քրեակատարողական, փրկարար, հարկային եւ մաքսային, դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների ծառայողները, զինծառայողները:

ԳԼՈՒԽ 27

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼԸ

Հոդված 133. Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելը

1. Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուներ կարող են առաջադրել կուսակցությունները իրենց համապատասխան տարածքային (սկզբնական, տեղական) ստորաբաժանումների որոշմամբ, ինչպես նաեւ ընտրվելու իրավունք ունեցող քաղաքացիները` ինքնաառաջադրման կարգով այդ մասին ներկայացնելով դիմում, որի ձեւը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Կուսակցությունը կարող է համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածու առաջադրել նաեւ իր կուսակցության անդամ չհանդիսացող անձի:

2. Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության համապատասխան տարածքային (սկզբնական, տեղական) ստորաբաժանման որոշումը, ինքնաառաջադրման դեպքում դիմումը պետք է պարունակի համայնքի անվանումը եւ թեկնածուի վերաբերյալ հետեւյալ տեղեկությունները`

1) ազգանունը, անունը, հայրանունը.

2) ծննդյան ամսաթիվը.

3) հաշվառման վայրը.

4) աշխատանքի վայրը եւ պաշտոնը (զբաղմունքը).

5) կուսակցական պատկանելությունը,

ինչպես նաեւ կարող է պարունակել թեկնածուի մինչեւ երկու լիազոր ներկայացուցչի վերաբերյալ տվյալներ (նրանց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը եւ պաշտոնը (զբաղմունքը)):

3. Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուները կուսակցության համապատասխան տարածքային (սկզբնական, տեղական) ստորաբաժանման որոշմանը կամ ինքնաառաջադրման մասին դիմումին կից  ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնում են`

1) ընտրական գրավի գումարի վճարման անդորրագիրը.

Մինչեւ 2000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը` 10-ապատիկի, 2001-ից մինչեւ 4000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն` 100-ապատիկի, ավագանու անդամը` 15-ապատիկի, 4001-ից մինչեւ 10000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն` 300-ապատիկի, ավագանու անդամը` 30-ապատիկի, 10001-ից մինչեւ 75000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն` 500-ապատիկի, ավագանու անդամը` 70-ապատիկի, իսկ 75000-ից ավել ընտրող ունեցող  համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն` 1000-ապատիկի, ավագանու անդամը` 100-ապատիկի չափով ընտրական գրավ:

2) տեղեկանք` վերջին երկու տարում տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին.

3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

4. Սույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված տեղեկանքի ձեւը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքը տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռoրյա ժամկետում, բայց ոչ շուտ, քան մինչեւ ընտրությունների նշանակումը:

Լիազորված պետական մարմինը մերժում եւ դիմումատուին չի տրամադրում նշված ձեւի տեղեկանք, եթե դիմումատուի տվյալները չեն բավարարում սույն օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված պահանջները:

5. Գրանցման փաստաթղթերը ներկայացվում է միայն թեկնածուի կամ լիազոր ներկայացուցչի միջոցով` սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:

6. Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածու գրանցվելու համար ներկայացրած փաuտաթղթերում uխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պարտավոր է այդ  փաuտաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպեu նաեւ նրանց ներկայությամբ, ինքնուրույն ուղղել ներկայացված փաuտաթղթերում առկա ակնհայտ uխալները, վրիպակները:

Հանձնաժողովն իրավունք չունի չընդունելու ներկայացված փաuտաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման uխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ: Uույն մաuի դրույթները չեն կիրառվում փաuտաթղթերում տեղ գտած այնպիuի uխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքը oրենքով վերապահված է այդ փաuտաթղթերն ընդունած կամ տված մարմիններին:

Ներկայացված  փաuտաթղթերում  սույն  կետի 2-րդ պարբերությունում նշված անճշտությունների կամ  դիմումին կից ներկայացված  փաuտաթղթերը թերի լինելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիu նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված  փաuտաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաuտաթղթերը չլրացնելու դեպքում թեկնածուի գրանցումը մերժվում է:

Հոդված 134. Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուներին գրանցելը

1. Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուները գրանցվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում թեկնածուն գրանցվում է:

2. Թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա գտնվելու թեկնածուն եւ լիազոր ներկայացուցիչը:

Հոդված 135. Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելը

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը թեկնածուի գրանցումը մերժում է, եթե`

1) չունի ընտրվելու իրավունք .

2) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված:

2. Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուի գրանցման վերաբերյալ հանձնաժողովի անդամի կողմից առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Հոդված 136. Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) չունի ընտրվելու իրավունք .

2) ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

Թեկնածուի գրանցումը ճանաչվում է անվավեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

Հոդված 137. Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը

1. Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

2. Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա նա համարվում է  գրանցված կամ վերագրանցված:

Հոդված 138. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա`

1) ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.

2) խախտել է սույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետի դրույթը` դատարանի վճռի հիման վրա.

3) խախտել է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթները` դատարանի վճռի հիման վրա:

ԳԼՈՒԽ 28

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 139. Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուների իրավահավասարությունը

1. Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուներն իրենց կարգավիճակը ձեռք են բերում գրանցումից հետո` մինչեւ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ ընտրվելը: Թեկնածուներն ունեն համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուի կարգավիճակից բխող հավասար իրավունքներ եւ պարտականություններ:

2. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն ինքնաբացարկի մասին դիմում կարող է ներկայացնել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:

ԳԼՈՒԽ 29

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 140. Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամը

1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար 10000 եւ ավելի ընտրող ունեցող համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուն բացում է նախընտրական հիմնադրամ: Մինչեւ 10000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուն բացում է նախընտրական հիմնադրամ, եթե զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր եւ այլ նյութերի ձեռք բերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի` ներառյալ տպագիր նյութերի, պատրաստման ֆինանսավորման համար օգտագործում է (կարող է օգտագործել) հիմնադրամում թեկնածուի կողմից սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված գումարի չափը չգերազանցող գումար:

2. Նախընտրական հիմնադրամը համալրվում է սույն օրենսգրքի 25-րդ հոդվածում նշված կամավոր մուծումներից:

Մինչեւ 10000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուն իրավունք ունի իր հիմնադրամում մուծում կատարելու նվազագույն աշխատավարձի մինչեւ 150-ապատիկի չափով, իսկ նրան առաջադրած կուսակցությունը մինչեւ 200-ապատիկի չափով գումար:

10000 եւ ավելի ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուն իրավունք ունի իր հիմնադրամում մուծում կատարելու նվազագույն աշխատավարձի մինչեւ 500-ապատիկի չափով, իսկ նրան առաջադրած կուսակցությունը մինչեւ 1000-ապատիկի չափով գումար:

3. Թեկնածուի նախընտրական հիմնադրամում յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կատարել կամավոր մուծում նվազագույն աշխատավարձի համապատասխանաբար մինչեւ`

1)  25-ապատիկի չափով` մինչեւ 4000 ընտրող ունեցող համայնքի դեպքում,

2) 50-ապատիկի չափով` 4001-ից մինչեւ 10000 ընտրող ունեցող համայնքի դեպքում,

3)  100-ապատիկի` 10000-ից ավել ընտրող ունեցող համայնքի դեպքում:

4. Նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուն զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր եւ այլ նյութերի ձեռք բերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի` ներառյալ տպագիր նյութերի պատրաստման ֆինանսավորման համար իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի մինչեւ`

1)  3000-ապատիկի չափով գումար` մինչեւ 4000 ընտրող ունեցող համայնքի դեպքում,

2) 7000-ապատիկի չափով գումար` 4001-ից մինչեւ 10000 ընտրող ունեցող համայնքի դեպքում,

3)  15000-ապատիկի չափով գումար` 10000-ից մինչեւ 75000 ընտրող ունեցող համայնքի դեպքում,

4)  25000-ապատիկի չափով գումար` 75000-ից ավել ընտրող ունեցող համայնքի դեպքում:

Հոդված 141. Նախընտրական քարոզչությունը

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախընտրական քարոզչությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

ԳԼՈՒԽ 30

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ: ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հոդված 142. Քվեաթերթիկները

1. Համայնքի ղեկավարի ընտրության դեպքում քվեաթերթիկում նշվում են թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները` ազգանվան այբբենական հերթականությամբ, առաջադրող կուսակցության անվանումը, ինքնաառաջադրման դեպքում ինքնաառաջադրում բառը: Թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները համընկնելու դեպքում նշվում է նաեւ ծննդյան ամսաթիվը:

2. Ավագանու անդամների ընտրության դեպքում քվեաթերթիկում նշվում են թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները` ազգանվան այբբենական հերթականությամբ, առաջադրող կուսակցության անվանումը, ինքնաառաջադրման դեպքում ինքնաառաջադրում բառը: Թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները համընկնելու դեպքում նշվում է նաեւ ծննդյան ամսաթիվը:

Հոդված 143. Համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն ամփոփելը

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն  սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում ամփոփում է ընտրության արդյունքները եւ ընդունում հետեւյալ որոշումներից մեկը`

1) համայնքի ղեկավար ընտրվելու մասին.

2) համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.

3) համայնքի ղեկավարի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:

2. Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, ում կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:

Եթե հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են երկու եւ ավելի թեկնածուներ, ապա ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջեւ անցկացվում է վիճակահանություն:

3. Համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե`

1) անճշտությունների չափը մեծ է կամ հավասար առավել թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ եւ դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից.

2) ընտրության նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:

4. Համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած, եթե`

1) քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.

2) սույն օրենսգրքով թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում եւ կարգով թեկնածու չի գրանցվել կամ նույն ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է 2-ից.

3) սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված դեպքերում.

4) վերաքվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել:

5. Մինչեւ քվեարկության ավարտը  թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն: Առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուի` մինչեւ ընտրության արդյունքներն ամփոփելը կամ ընտրությունից հետո` մինչեւ լիազորությունների ստանձնումը, ընտրված համայնքի ղեկավարի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն:

6. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը համայնքի ղեկավարի ընտրության մասին որոշումն ընդունելուց հետո` երկօրյա ժամկետում, այն ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ մարզպետին:

7. Համայնքի ղեկավարի ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում քվեարկության օրվանից 21 օր հետո` թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն: Թեկնածուների նույն կազմով վերաքվեարկություն կարող է անցկացվել միայն մեկ անգամ:

8. Համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ընդունված որոշման վիճարկման մասին դիմում Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

Հոդված 144. Ավագանու անդամների ընտրության արդյունքներն ամփոփելը

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում ամփոփում է ընտրության արդյունքները եւ ընդունում հետեւյալ որոշումներից մեկը`

1) համայնքի ավագանու անդամներ ընտրվելու մասին.

2) համայնքի ավագանու ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.

3) համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:

2. Համայնքում ընտրվում են առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած, սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ կետում նշված համապատասխան թվով ավագանու անդամի թեկնածուները: Կողմ քվեարկված քվեաթերթիկների հավասարության դեպքում ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջեւ անցկացվում է վիճակահանություն` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

3. Համայնքի ավագանու անդամի ընտրություններն անվավեր են ճանաչվում, եթե`

1) անճշտությունների չափը բացառում է սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ կետում նշված` ավագանու անդամների թվերի առնվազն կեսին հավասար թվով ընտրված թեկնածուներին պարզելու հնարավորությունը, այն է` ընտրված թեկնածուին եւ չընտրված թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունը փոքր է կամ հավասար անճշտությունների չափի եւ ավագանու անդամների թեկնածուների թվի հարաբերության տարբերությունից.

2) ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:

4. Համայնքի ավագանու անդամների ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում քվեարկության օրվանից 21 օր հետո թեկնածուների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն:

Թեկնածուների նույն կազմով վերաքվեարկություն կարող է անցկացվել միայն մեկ անգամ:

5. Համայնքի ավագանու անդամների ընտրությունը համարվում է չկայացած, եթե սույն օրենսգրքով թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում եւ կարգով գրանցված թեկնածուների թիվը պակաս է կամ հավասար սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ կետում նշված համայնքի ավագանու անդամների թվից կամ գրանցումից հետո թեկնածուների թիվը նվազում է սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ կետում նշված համայնքի ավագանու անդամների թվի կեսից կամ վերաքվեարկության արդյունքում համայնքի ավագանու  ընտրությունն անվավեր է ճանաչվել:

6. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը համայնքի ավագանու անդամների ընտրության մասին որոշումն ընդունելուց հետո` երկօրյա ժամկետում, այն  ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ մարզպետին:

7. Համայնքի ավագանու անդամների ընտրությունների արդյունքով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ընդունված որոշման վիճարկման մասին դիմում Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում: 

ԳԼՈՒԽ 31

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 145. Հերթական ընտրություն նշանակելու, անցկացնելու եւ թեկնածուներ առաջադրելու ու գրանցելու ժամկետները

1. Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները, բացառությամբ Երեւանի ավագանու ընտրությունների, կարող են անցկացվել տարին մինչեւ չորս անգամ: Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

2. Համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակում է մարզպետը` համայնքի ղեկավարի, ավագանու անդամների լիազորությունների ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 70 օր առաջ:

3. Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35 եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:

4. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:

Հոդված 146. Նոր ընտրություն նշանակելը եւ անցկացնելը

Ընտրված եւ լիազորությունները չստանձնած համայնքի ղեկավարի մահվան կամ հրաժարականի, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունները չկայացած ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն ընդունելուց կամ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող քառասնօրյա ժամկետի վերջին կիրակի օրը անցկացվում է նոր ընտրություն: Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` համայնքի ղեկավարի, ավագանու անդամների արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով: Նոր ընտրություն նշանակում է մարզպետը:

Հոդված 147. Արտահերթ ընտրություն նշանակելը եւ անցկացնելը

1. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` քառասնօրյա ժամկետի վերջին կիրակի օրը:

2. Կառավարությունն արտահերթ ընտրության նշանակման մասին որոշում է ընդունում համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հետ միաժամանակ:

3. Համայնքի ավագանու անդամների ընդհանուր թիվը կիսով չափ նվազելու դեպքում արտահերթ ընտրություն նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` քառասնօրյա ժամկետի վերջին կիրակի օրն անցկացվում է համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:

4. Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 21 եւ ոչ ուշ, քան 17 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:

5. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 17 եւ ոչ ուշ, քան 15 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:

6. Ընտրական տեղամասերը կազմավորվում եւ տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից առնվազն 20 օր առաջ, ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից առնվազն 17 օր առաջ փակցվում են տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:

ԲԱԺԻՆ 7

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 32

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 148. Երեւանի ավագանու կազմը

Երեւան քաղաքի (այսուհետ` Երեւան) ավագանին կազմված է 65 անդամից։

Հոդված 149. Ընտրելու իրավունքը Երեւանի ավագանու ընտրության ժամանակ

Երեւանի ավագանու ընտրության ժամանակ քվեարկությանը մասնակցում են Երեւան քաղաքի բնակչության ռեգիստրում ընդգրկված, սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:

Հոդված 150. Ընտրական համակարգը

1. Երեւանի ավագանու ընտրությունն  անցկացվում է  համամասնական ընտրակարգով։

2. Երեւանի ավագանու ընտրության ժամանակ Երեւանի ամբողջ տարածքը մեկ բազմամանդատ ընտրատարածք է:

Հոդված 151. Ընտրվելու իրավունքը

1. Երեւանի ավագանու անդամ կարող են ընտրվել 21 տարին լրացած, Երեւան քաղաքի (Երեւան քաղաքի վարչական շրջանի) բնակչության ռեգիստրում մինչեւ քվեարկության օրը առնվազն վերջին երեք տարին հաշվառված, սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:

2. Երեւանի ավագանու անդամի  թեկնածու չեն կարող առաջադրվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական, հարկային, մաքսային մարմինների, դատախազության, դատական ակտերի հարկադիր կատարման եւ փրկարար ծառայության աշխատակիցները (ծառայողները), զինծառայողները:

ԳԼՈՒԽ 33

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

Հոդված 152. Երեւանի ավագանու հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու, կուսակցությունների ընտրական ցուցակները առաջադրելու եւ գրանցելու ժամկետները

1. Երեւանի ավագանու հերթական ընտրությունն  անցկացվում է նրա լիազորությունների ավարտից  ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օր առաջ:

2. Հերթական ընտրությունները  նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, այն հաշվարկով, որ ընտրություն նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:

3. Կուսակցություններն ընտրական   ցուցակների  գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, եւ ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:

4. Կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է  քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, եւ ոչ ուշ, քան 35 օր առաջ:

Հոդված 153. Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելը եւ անցկացնելը

1. Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է Երեւանի ավագանին արձակելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` քառասնօրյա ժամկետի վերջին կիրակի օրը:

2. Արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը հրապարակվում է Երեւանի ավագանին արձակելու մասին որոշման հետ միաժամանակ։

3.  Երեւանի ավագանու  արտահերթ ընտրության օրվա մասին հանրային  ռադիոյով եւ հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 29 օր առաջ:

4. Կուսակցություններն ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ մինչեւ ժամը 18.00-ն։

5. Կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է  քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, եւ ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:

ԳԼՈՒԽ 34

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ  ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ  ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 154. Երեւանի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունքը

1. Երեւանի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները:

Թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ  կուսակցության  ընտրական ցուցակով:

2. Կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության նախընտրական դաշինք կազմավորելու դեպքում:

3. Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններն ընտրությունների ընթացքում չեն կարող ընդգրկվել այլ կուսակցությունների դաշինքում:

4. Կուսակցությունների դաշինքում ընդգրկվելու որոշումն ընդունվում է կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ:

5. Կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները կազմվում են դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած առանձին ցուցակից: Դաշինքի ընտրական ցուցակներում թեկնածուների հերթականությունը որոշվում է դաշինքում ընդգրկված կուսակցությունների համատեղ խորհրդակցությունների ընթացքում եւ հաստատվում դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի մշտապես գործող մարմնի որոշմամբ:

6. Կուսակցությունների դաշինքից որեւէ կուսակցության դուրս գալու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից հանվում են այդ կուսակցության թեկնածուների անունները:

Հոդված 155. Կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը

1. Կուսակցություններն ընտրություններին մասնակցելու դիմումը ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողով` իրենց մշտապես գործող մարմնի որոշման հիման վրա, դիմումը ստորագրում եւ կնքում է կուսակցության ղեկավարը: Կուսակցությունների դաշինքներն ընտրություններին մասնակցելու դիմումը ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողով` դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, իսկ դիմումը ստորագրում եւ կնքում են դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարները:

2. Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի առաջադրելու միայն մեկ ընտրական ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից թեկնածուների առանձին ցուցակ առաջադրել: Կուսակցության  ներկայացրած ընտրական ցուցակում պետք է ընդգրկված լինի առնվազն 10 թեկնածու եւ առնվազն 10 տոկոսը պետք է լինեն կանայք, ընդ որում, ընտրական ցուցակի առնվազն յուրաքանչյուր տասներորդը պետք է լինի կին:

Կուսակցության ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաեւ այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձինք:

3. Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության որոշմանը կցվում են՝

1) կուսակցության կանոնադրությունը .

2) կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի որոշումը` Երեւանի ավագանու ընտրություններին թեկնածուների ընտրական ցուցակ  առաջադրելու մասին, ընտրական ցուցակը, որում նշվում են թեկնածուների՝

ա) ընտրական ցուցակում հերթական համարը.

բ) ազգանունը, անունը, հայրանունը.

գ) ծննդյան ամսաթիվը.

դ) հաշվառման վայրը.

ե) աշխատանքի վայրը եւ պաշտոնը (զբաղմունքը).

զ) կուսակցական պատկանելությունը:

4. Երեւանի ավագանու անդամի  թեկնածուների ընտրական ցուցակ առաջադրելու մասին որոշման հետ միաժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում`

1) տեղեկանք՝ թեկնածուի՝ վերջին 3 տարում  Երեւան քաղաքի (Երեւան քաղաքի վարչական շրջանի) բնակչության ռեգիստրում ընդգրկված լինելու մասին.

2) թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ Երեւանի ավագանու թեկնածու գրանցվելու համաձայնության մասին:

Սույն կետի  1-ին   ենթակետում նշված տեղեկանքը տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, բայց ոչ շուտ, քան մինչեւ ընտրությունների նշանակումը: Տեղեկանքի ձեւը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Լիազորված պետական մարմինը մերժում եւ դիմումատուին չի տրամադրում նշված ձեւի տեղեկանք, եթե դիմումատուի տվյալները չեն բավարարում սույն օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պահանջներին.

3) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների ներկայացրած առանձին ընտրական ցուցակները.

4) նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը.

5) թեկնածուների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

5. Կուսակցության մշտապես գործող մարմնի  որոշմանը կցվում է մինչեւ 2 լիազոր ներկայացուցչի  տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը, պաշտոնը):

Գրանցման փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է միայն կուսակցության լիազոր ներկայացուցչի միջոցով` սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:

6. Կուսակցության ընտրական ցուցակը գրանցվելու համար ներկայացրած փաuտաթղթերում uխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է այդ փաuտաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպեu նաեւ նրանց ներկայությամբ, ինքնուրույն ուղղել ներկայացված փաuտաթղթերում առկա ակնհայտ uխալները, վրիպակները:

Հանձնաժողովն իրավունք չունի չընդունելու ներկայացված փաuտաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման uխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ: Uույն մաuի դրույթները չեն կիրառվում փաuտաթղթերում տեղ գտած այնպիuի uխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքը oրենքով վերապահված է այդ փաuտաթղթերն ընդունած կամ տված մարմիններին:

Ներկայացված  փաuտաթղթերում  սույն  կետի 2-րդ պարբերությունում նշված անճշտությունների կամ  դիմումին կից ներկայացված  փաuտաթղթերը թերի լինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիu նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված  փաuտաթղթերը լրացնելու համար:

Այդ ժամանակահատվածում կուսակցության ընտրական ցուցակի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի վերաբերյալ անճշտությունները չվերացնելու կամ փաuտաթղթերը չլրացնելու դեպքում կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է, իսկ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի դեպքում նրա անունը հանվում է կուսակցության ընտրական ցուցակից:

7. Գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտից հետո կուսակցության  կողմից ընտրական ցուցակում փոփոխություններ չեն կարող կատարվել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից կուսակցության ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում կուսակցության ընտրական ցուցակը գրանցվում է:

Կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետը ավարտվելուց  հետո` եռօրյա  ժամկետում, ընտրական ցուցակները հրապարակվում են ?Հայաստանի Հանրապետություն? օրաթերթում:

8. Կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա գտնվելու կուսակցության  լիազոր ներկայացուցիչը:

Հոդված 156. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը, եթե

1) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված,

2) թեկնածուները չունեն ընտրվելու իրավունք, որի արդյունքում ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը նվազում է 10-ից,

3) կուսակցությունը լուծարվել է,

4) կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է:

2. Կուսակցության ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի կողմից առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության  ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը, եթե`

1) նա չունի ընտրվելու իրավունք.

2) նրա վերաբերյալ ներկայացրած փաստաթղթերը թերի են կամ կեղծված:

4. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցման վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի կողմից առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

Հոդված 157. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու արդյունքում ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը նվազել է 10-ից.

2) կուսակցության վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

2. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) նա չունի ընտրվելու իրավունք.

2) նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

Նման դեպքում թեկնածուի անունը հանվում է ցուցակից:

3. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

Հոդված 158. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը

1. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

2. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա կուսակցության ընտրական ցուցակը կամ դրանում ընդգրկված թեկնածուն գրանցվում կամ վերագրանցվում է:

Հոդված 159. Կուսակցության  ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

1. Կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե`

1) ներկայացվել է դիմում ինքնաբացարկի մասին.

2) խախտել է սույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետի դրույթը` դատարանի վճռի հիման վրա.

3) խախտել է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթները` դատարանի վճռի հիման վրա.

4) կուսակցությունը  լուծարվել է.

5) կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է.

6) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը փոքր է երկուսից:

2. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա`

1) ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.

2) խախտել է սույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետի դրույթը` դատարանի վճռի հիման վրա.

3) խախտել է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթները` դատարանի վճռի հիման վրա:

ԳԼՈՒԽ 35

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 160. Երեւանի ավագանու անդամի թեկնածուների իրավասությունները

Երեւանի ավագանու անդամի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում գրանցումից հետո` մինչեւ ավագանու ընտրվելը: Երեւանի ավագանու անդամներ ընտրվելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված, բայց ավագանու անդամ չընտրված անձը թեկնածուի կարգավիճակ է ձեռք բերում մանդատը թափուր մնալուց հետո:

Թեկնածուներն ունեն Երեւանի ավագանու անդամի թեկնածուի կարգավիճակից բխող հավասար իրավունքներ եւ պարտականություններ:

Հոդված 161. Երեւանի ավագանու անդամի թեկնածուների իրավունքները, պարտականությունները, գործունեության երաշխիքները

1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար այն անձինք, բացառությամբ քաղաքական եւ հայեցողական պաշտոն զբաղեցնողների, թեկնածու գրանցվելուց հետո մինչեւ նախընտրական քարոզչության ավարտը ժամանակավորապես ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց:

2. Թեկնածուներն ազատվում են զորահավաքներից, ժամկետային զինվորական ծառայությունից եւ ուսումնավարժական հավաքներից:

3. Թեկնածուն քվեարկության օրվանից մինչեւ 10 օր առաջ, ինչպես նաեւ քվեարկության օրվանից հետո իրավունք ունի հանելու իր թեկնածությունը: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված քաղաքացու անուն, ազգանունը ցուցակից հանվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

Ինքնաբացարկի մասին դիմումը պետք է վավերացված լինի նոտարական կարգով կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը պետք է հաստատի հանձնաժողովի նիստում: 

ԳԼՈՒԽ 36

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԺԱՄԱՆԱԿ

Հոդված 162. Նախընտրական քարոզչությունը Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ

1. Նախընտրական քարոզչությունն իրականացվում է սույն օրենսգրքի 18-22-րդ հոդվածներով սահմանված կարգով:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  կուսակցությունների  համար ապահովում է  հանրային  ռադիոյի եւ հանրային  հեռուստատեսության ուղիղ եթերաժամերից անվճար եւ վճարովի օգտվելու հավասար հնարավորություններ։

3. Հանրային  ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության եթերաժամերով կուսակցությունները անվճար եւ վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով եւ ժամանակացույցով:

Հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության եթերաժամերից օգտվելու ժամանակացույցը սահմանվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից անցկացվող վիճակահանության միջոցով:

4. Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ կուսակցությունն իրավունք ունի անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 30 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 50 րոպե, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում` համապատասխանաբար 15 եւ 25 րոպե:

5. Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ կուսակցությունն իրավունք ունի վճարովի հիմունքներով օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 50 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 80 րոպե, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում` համապատասխանաբար 25 եւ 40 րոպե:

Հոդված 163. Երեւանի ավագանու ընտրություններին կուսակցության նախընտրական հիմնադրամը

1. Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները` միասին, համապատասխանաբար կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի հիմնադրամում կարող են կատարել մինչեւ նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկի չափով մուծում:

2. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կուսակցության, կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամներում կատարել մինչեւ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով կամավոր մուծում։

3. Նախընտրական քարոզչության ընթացքում  կուսակցությունը,կուսակցությունների դաշինքը զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր եւ այլ նյութերի ձեռք բերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի` ներառյալ տպագիր նյութերի պատրաստման ֆինանսավորման համար իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի մինչեւ 75000-ապատիկը չգերազանցող գումար:

ԳԼՈՒԽ 37

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ։ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հոդված 164. Քվեաթերթիկները

1. Երեւանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկում նշվում են  կուսակցությունների անվանումները`  ըստ  այբբենական հերթականության, եւ ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները:

Հոդված 165. Քվեարկության եւ ընտրության արդյունքների ամփոփումը

1. Երեւանի ավագանու անդամների ընտրության արդյունքներն  ամփոփվում են  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով  ընտրությունների  քվեարկության արդյունքների ամփոփման  կարգով:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն  օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում ամփոփում է ընտրությունների արդյունքները եւ ընդունում հետեւյալ որոշումներից մեկը.

1) Երեւանի ավագանու անդամների ընտրվելու մասին.

2) Երեւանի ավագանու անդամների ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:

3. Երեւանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների  թեկնածուների ընտրական ցուցակների միջեւ, որոնք ստացել են  կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցությունների դեպքում` 6 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Եթե Երեւանի ավագանու ընտրությանը մասնակցում է մինչեւ 3 կուսակցություն, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները:

4. Երեւանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների ընտրական ցուցակների միջեւ՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկած քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետեւյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված  քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, եւ առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:

Եթե  սույն կետով սահմանված կարգով  մանդատների  բաշխման արդյունքով կուսակցություններից մեկը ստանում է  տեղերի 40 տոկոսից  ավելին, սակայն ոչ  բացարձակ մեծամասնությունը, ապա  տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է  այդ կուսակցությանը, իսկ մնացած   մանդատները բաշխվում են  մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունք ստացած մյուս կուսակցությունների ընտրական ցուցակների միջեւ:

5. Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջեւ բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում հարցը լուծվում է վիճակահանությամբ:

6. Կուսակցության ընտրական ցուցակներից  ընտրվում է  այն թեկնածուն, ում հերթական համարն ընտրական ցուցակում փոքր կամ հավասար է տվյալ ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվին: Երեւանի ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմում է արձանագրություն:

7. Երեւանի ավագանու ընտրություններն անվավեր են ճանաչվում, եթե ընտրությունների նախապատրաստման,  անցկացման եւ  քվեարկության արդյունքների  ամփոփման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի  խախտումներ, որոնք կարող էին ազդել  ընտրությունների արդյունքների վրա կամ  հնարավորություն չեն տալիս պարզելու ընտրության իրական արդյունքները:

8. Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքով ընդունված որոշման վիճարկման մասին դիմում Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

9. Երեւանի ավագանու  ընտրություններն անվավեր ճանաչելու դեպքում, այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 14, եւ ոչ ուշ, քան 21 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ կուսակցությունների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն։

10. Վերաքվեարկությունն անցկացվում է մեկ անգամ: Վերաքվեարկությունից հետո ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 21-օրյա ժամկետում նշանակում է նոր ընտրություն: Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

11. Երեւանի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում, այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետու` մեկշաբաթյա ժամկետում, այդ մանդատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ տրվում է կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ հորիզոնականում  գտնվող  թեկնածուին:  Եթե կուսակցության ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, կամ հաջորդ թեկնածուները հրաժարվում են  մանդատից, ապա մանդատը մնում է թափուր:

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

ԳԼՈՒԽ 38

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 166 . Անցումային դրույթներ

1. Գործող կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն իրենց լիազորություններն իրականացնում են մինչեւ համապատասխանաբար նոր կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումը:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների թեկնածուների տվյալները Հանրապետության Նախագահի աշխատակազմ ներկայացվում են uույն oրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո` 7 oրվա ընթացքում` մինչեւ ժամը 18.00-ն:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագիրը հրապարակվում է uույն oրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո` 10 oրվա ընթացքում:

4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են սույն oրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո` 40 oրվա ընթացքում:

5. Սույն oրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին կետն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

Հոդված 167. Եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին կետի:

2. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել` 1999 թվականի փետրվարի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը: