Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985թ. դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 40.1.-ից 40.7.-րդ հոդվածները` ըստ հերթական համարի շարադրել Օրենսգրքի 5-րդ գլխում:
Հոդված 2. Օրենսգրքի 401 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 40.1. Քվեարկության օրը կամ դրան նախոդող օրը նախընտրական քարոզչություն կատարելը
Քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը նախընտրական քարոզչություն կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հիգհարյուրապատիկի չափով:
Նույն արարքը տեղամասային կենտրոնի շենքի ներսում, մուտքի մոտ կամ շենքի շուրջը բանավոր կամ գրավոր ձեւով, երաժշտության կամ պատկերավոր միջոցների օգնությամբ, ստորագրությունների հավաքմամբ` ընտրողների կամաարտահայտման վրա ներազդելու միջոցով կատարելը.
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով:
Նույն արարքը զանգվածային լրատվության միջոցներով կատարելը.
առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 40.2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 40.2. Ընտրական հանձնաժողովի անդամի կողմից քվեարկության արդյունքների արձանագրությունը չստորագրելը
Ընտրական հանձնաժողովի անդամի կողմից քվեարկության արդյունքների արձանագրությունը չստորագրելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 40.4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 40.4. Ընտրական փաստաթղթերի պարկը տեղամասային ընտրական հանձնաժողովում սահմանված կարգով չփակելը
Ընտրական փաստաթղթերի պարկը տեղամասային ընտրական հանձնաժողովում սահմանված կարգով չփակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հիգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 5. Օրենսգրքի 40.7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 40.7 . Զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված կարգը խախտելը
Զանգվածային լրատվության միջոցներով, բացառությամբ կուսակցությունների հիմնադրած մամուլի միջոցների, թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչության իրականացման համար հավասար պայմաններ` եթերաժամ կամ ծավալ, սակագին եւ այլն չապահովելը`
առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով:
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերությամբ կամ ռադիոընկերությամբ) հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից իրականացվող նախընտրական քարոզչության վերաբերյալ ակնհայտ կողմնակալ եւ (կամ) գնահատականներով տեղեկատվություն ներկայացնելը.
առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով:
Օրենքով սահմանված կարգով որպես թեկնածու գրանցվելուց հետո` մինչեւ ընտրությունների ավարտն ընկած ժամանակահատվածը հեռուստառադիոընկերությունների աշխատակիցների կողմից հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերությամբ կամ ռադիոընկերությամբ) ընտրությունները լուսաբանելը եւ (կամ) հեռուստառադիոհաղորդում (հեռուստահաղորդում կամ ռադիոհաղորդում) վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով:
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական քարոզչությանը վերաբերող հեռուստառադիոհաղորդումները (հեռուստահաղորդումները կամ ռադիոհաղորդումները) ապրանքների կամ ծառայությունների գովազդով ընդմիջելը`
առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 6. Օրենսգրքի 5-րդ գլուխը` 40.7-րդ հոդվածից հետո լրացնել նոր 40.8.-րդ, 40.9.-րդ, 40.10.-րդ, 40.11.-րդ եւ 40.12.-րդ հոդվածներով.
«Հոդված 40.8. Նախընտրական քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից նախընտրական քարոզչություն կատարելը եւ քարոզչական նյութեր տարածելը
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից նախընտրական քարոզչություն կատարելը եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:
Հոդված 40.9. Թեկանծուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների հրապարակման համար օրենքով սահմանված կարգը խախտելը
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցում հրապարակելիս դրանում օրենքով նախատեսված տեղեկությունները չնշելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ?ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով, հարցում իրականացնող կազմակերպության նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:
Քվեարկության օրվան նախորդող 7 օրվա ընթացքում, ներառյալ` քվեարկության օրը` մինչեւ ժամը 20.00-ն թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ?ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով, հարցում իրականացնող կազմակերպության նկատմամբ` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով:
Հոդված 40.10. Թեկնածուների , կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը)
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից անձամբ կամ նրանց անունից, բարեգործության անվան տակ կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը), եթե դրա համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով:
Բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչեւ երկուսուկեսհազարապատիկի չափով:
Հոդված 40.11. Անանուն քարոզչական տպագիր նյութեր տարածելը
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական տպագիր նյութի պատվիրատուի, տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ տեղեկություններ չպարունակող քարոզչական տպագիր նյութեր տարածելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:
Հոդված 40.12 . Քարոզչական պաստառները պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:
Հոդված 7. Օրենսգրքի 223-րդ հոդվածում «40.1-40.7» թվերը փոխարինել «40.1- 40.4, 40.6- 40.12.» թվով:
Հոդված 8. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասում «40.1, 40.3-40.6» թվերը փոխարինել «40.1- 40.4, 40.6- 40.12» թվերով:
Հոդված 9. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասում «40.1, 40.3-40.6» թվերը փոխարինել «40.1- 40.4, 40.6- 40.12» թվերով:
Հոդված 10. Օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի «40.1, 40.3-40.6» թվերը հանել:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: