Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 149-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 151-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 152-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից հազար հինգհարյուրապատիկի չափով:».
2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից հինգ տարի ժամկետով կամ առանց դրա:»:
Հոդված 4. Օրենսգրքի 153-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով:»:
Հոդված 5. Օրենսգրքի 154-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով:»:
Հոդված 6. Օրենսգրքի 154.2.-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:».
2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկու հազար հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:»:
Հոդված 7. Օրենսգրքի 154.3.-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:»:
Հոդված 8. Օրենսգրքի 154.4.-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:»:
Հոդված 9. Օրենսգրքի 154.5.-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:»:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ OՐԵՆUԳԻՐՔ» (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՀՀ OՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» (նոր խմբագրությամբ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նպատակն է լուծում տալ այն հարցերին, որոնք առաջ էին եկել Հանրապետության Նախագահի 2008թ. փետրվարի 19-ի ընտրություններում եւ որպես ընտրական օրենսդրության եւ ընտրական գործընթացների եւ ընտրական վարչարարության բարելավում առաջարկվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության 2008թ. մայիսի 30-ի վերջնական զեկույցում, ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 463/2008 համատեղ եզրակացությունում, համապետական ընտրությունների արդյունքում ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներում: Միեւնույն ժամանակ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 1999թ. ընդունված ՀՀ ընտրական օրենսգիրքը անցած տարիների ընթացքում բազմիցս փոփոխվել է եւ անհրաժեշտություն է առաջացել ունենալ նոր խմբագրությամբ օրենսգիրք:
Ստորեւ հակիրճ ներկայացվում են նախագծում տեղ գտած հիմնական առաջարկները եւ դրանց նշանակությունը.
- «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անհատական որոշումներն ընդունվելուց, իսկ նորմատիվ որոշումները` օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո` մեկ օրվա ընթացքում, տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:»:
Դրույթի ընդունմամբ կբարձրացվի ԿԸՀ գործունեության հրապարակայնությունը:
- «Համապետական ընտրությունների նշանակումից հետո թեկնածուները, կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը` էլեկտրոնային եղանակով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում տեղադրելու համար: Սույն կետի դրույթները վերաբերում են նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին:»:
Դրույթի ընդունմամբ կբարձրացվի ընտրողների տեղեկացվածությունը:
- «Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ եւ քվեարկության նախորդ օրը, Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմինը հրապարակում է Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաեւ յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը:», ցուցակները տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում` որոնման հնարավորությամբ (առաջարկությունը` ըստ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 463/2008 համատեղ եզրակացության):
Դրույթի ընդունմամբ կբարձրացվի հրապարակայնության եւ հանրային վերահսկողության մակարդակը:
- «Տեղամասային կենտրոնը պետք է ընտրվի այնպես, որ ապահովվի քվեարկության բնականոն ընթացքը: Ընտրական տեղամասում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող համապատասխան շենքերի, շինությունների բացակայության պատճառով, ընտրողների համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով տեղամասային կենտրոնի տեղակայման համար համայնքի ղեկավարը կարող է վարձակալել համապատասխան տարածքներ:»: Այս դրույթը համայնքի ղեկավարի համար պարտադիր լիազորություն է, իսկ դրա չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը` հիմք` լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար (առաջարկությունն հասարակական կազմակերպություններին է):
Դրույթի ընդունմամբ կապահովի քվեարկության բնականոն ընթացքը, համայնքի ղեկավարը պարտավորված կլինի տեղամասային կենտրոնի համար ընտրել պատշաճ վայր:
- Ընտրողների հանդիպումներ եւ ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով դահլիճներ եւ այլ շինություններ անվճար տրամադրում են նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները: «Համապետական ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 20 օր հետո մարզպետը, Երեւանում` Երեւանի քաղաքապետը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում այն դահլիճների եւ այլ շինությունների ցանկը, որոնք թեկնածուներին ու կուսակցություններին տրամադրվում են անվճար: Այդ ցանկը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում: Սույն պարբերության դրույթները վերաբերում են նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին:» (առաջարկությունը` ըստ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 463/2008 համատեղ եզրակացության եւ հասարակական կազմակերպությունների):
Դրույթի ընդունմամբ առավել հրապարակային կդարձվի նախընտրական քարոզչության համար անվճար վայրերի տրամադրման գործընթացը՝ ապահովելով հավասար պայմաններ:
- Կանոնակարգվել է նախընտրական շտաբերի հետ կապված իրավահարաբերությունները (առաջարկությունն հասարակական կազմակերպությունների է):
- «Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ համայնքների, ընտրողների համար բարեգործություն չեն կարող իրականացնել:» (առաջարկությունն հասարակական կազմակերպություններին է):
- Հանրային ռադիոյով եւ հանրային հեռուստատեսությամբ վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը չի կարող գերազանցել մինչեւ ընտրությունների նշանակումը վերջին վեց ամսվա համար առեւտրային գովազդի միջին գինը:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն իրականացնում է հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից թեկնածուների, կուսակցությունների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մշտադիտարկում (մոնիտորինգ): Հանձնաժողովը մշակում եւ համապետական ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 20 օր հետո հրապարակում է հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդիկա:
Հանձնաժողովը, ոչ ուշ, քան նախընտրական քարոզչության համար սահմանված ժամկետի 10-րդ եւ 20-րդ օրը, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից 2 օր առաջ, հրապարակում եւ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում մշտադիտարկման արդյունքները եւ հանձնաժողովի եզրակացությունը հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ:
Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հիմնադրած թերթերը եւ ամսագրերը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, պահպանելով համամասնական հավասարության սկզբունքը, պարտավոր են թեկնածուների, կուսակցությունների համար ապահովել հավասար պայմաններ (առաջարկությունները` ըստ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 463/2008 համատեղ եզրակացության, ՀՀ սահմանադրական դատարանի որոշման):
Դրույթների ընդունումը կնպաստի հավասար պայմանների ապահովմանը:
- Մանրամասն կանոնակարգվել է քարոզչական պաստառների փակցման գործընթացը, 5 քառ. մետրը գերազանցող պաստառների տեղերը տեղադրվում են ԿԸՀ կայքում, այդ տեղերը բաշխվում են ԿԸՀ որոշմամբ (առաջարկությունը` ըստ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 463/2008 համատեղ եզրակացության):
Դրույթի ընդունումը նույնպես կնպաստի հավասար պայմանների ապահովմանը:
- Նախընտրական հիմնադրամը համալրվում է` թեկնածուի անձնական միջոցներից, թեկնածուին առաջադրած կուսակցության կողմից տրամադրված միջոցներից, կուսակցության միջոցներից եւ ընտրելու իրավունք ունեցող անձանց կամավոր մուծումներից: Սույն կետում չնշված իրավաբանական անձինք նախընտրական հիմնադրամների հաշվին մուծումներ չեն կարող կատարել:
Նախընտրական հիմնադրամի միջոցները օգտագործվում են միայն զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր եւ այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի` ներառյալ տպագիր նյութերի, պատրաստման ֆինանսավորման համար: Մնացած դեպքերում կատարվող ծախսերի շեմը չի սահմանափակվում:
Նախընտրական քարոզչության համար թեկնածուին, կուսակցությանը երրորդ անձանց կողմից մատուցված անվճար ծառայությունները, նվիրատվությունները, ինչպես նաեւ մինչեւ նախընտրական հիմնադրամի ձեւավորումը պատվիրված, ձեռք բերված կամ պատրաստված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերը` ներառյալ տպագիր նյութերը, իրենց շուկայական արժեքով ներառվում են նախընտրական հիմնադրամի ծախսերում:
Խախտումների դեպքում նախատեսվում է խախտման 5-ապատիկի չափով տուգանք, տարբերության չափով նվազեցվում է հիմնադրամի շեմը, տուգանքը չմուծելու կամ ԿԸՀ որոշումը չբողոքրկելու դեպքում` դատարանը կարող է թեկնածուի, կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչել:
Նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ եւ 20-րդ օրը եւ ընտրությունների արդյունքների ամփոփումից 3 օր առաջ, հայտարարագրերը տեղադրվում են ԿԸՀ ինտերնետային կայքում:
Ընտրական հանձնաժողովներին տրամադրված միջոցների, նախընտրական հիմնադրամների, ինչպես նաեւ կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ստեղծվում է մշտապես գործող վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն:
Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման եւ ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով համապետական եւ Երեւանի ավագանու ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է մեկ աուդիտորի: (առաջարկությունները` ըստ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 463/2008 համատեղ եզրակացության, GRECO-ի խմբի եւ հասարակական կազմակերպությունների):
Դրույթների ընդունմամբ կկարգավորեն ինչպես նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման եւ ծախսերի նկատմամբ վերահսկողությունը, այնպես էլ՝ կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմանբ վերահսկողությունը:
- ՀՀ հասարակական կազմակերպությունների դիտորդները ընտրական հանձնաժողովների նիստերին եւ տեղամասային կենտրոնում կարող են ներկա գտնվել, եթե անցել են ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ եւ ստացել որակավորման վկայականներ:
Դրույթով կարգելվի ոչ մասնագիտացված կազմակերպությունների ներկայությունը ընտրական տեղամասում՝ ապահովելով քվեարկության բնականոն ընթացքը:
- Ընտրողների գրանցման եւ քվեաթերթիկներ եւ քվեարկության ծրարներ հատկացնող անդամների աշխատասեղանների միջեւ նախատեսվում է աշխատատեղ մեկ վստահված անձի համար (առաջարկությունն հասարակական կազմակերպությունների է):
Դրույթի ընդունմամբ կապահովվի վերահսկողության արդյունավետ իրականացումը:
- Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի յոթ անդամ, նշանակում է Հանրապետության Նախագահը 5 տարի ժամկետով` մինչեւ հանձնաժողովի լիազորությունների ավարտը: Հանձնաժողովի անդամի հինգական թեկնածուներ ներկայացնում են մարդու իրավունքների պաշտպանը, փաստաբանների պալատի նախագահը եւ վճռաբեկ դատարանի նախագահը: Հանձնաժողովի անդամներից առնվազն երկուսը պետք է ունենան իրավաբանական կրթություն, իսկ առնվազն երկուսը պետք է լինեն կին:
ԸԸՀ-ները ձեւավորում են ԿԸՀ-ն մրցութային կարգով` դիմումների հիման վրա: Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է լինի կին, իսկ առնվազն մեկը՝ իրավաբան: Անդամների համար սահմանված են չափորոշիչներ:
Տեղամասային ընտրական հանձնաժողովն ունի առնվազն յոթ անդամ: ՏԸՀ մեկական անդամ նշանակում են Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունը, համապատասխան ԸԸՀ նախագահը: ՏԸՀ նախագահը, տեղակալը եւ քարտուղարը նշանակվում են համապատասխան ԸԸՀ որոշմամբ, հանձնաժողովում Հանրապետության Նախագահի եւ կուսակցությունների կողմից նշանակված անդամների թվից: ՏԸՀ Հանրապետության Նախագահի եւ յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից հանձնաժողովի նախագահի, տեղակալի եւ քարտուղարի պաշտոններում նշանակվող անդամների թիվը որոշվում է համամասնական հավասարության սկզբունքով` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների հիման վրա (փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է նախորդ ընտրությունների փորձի եւ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 463/2008 համատեղ եզրակացության հիման վրա):
Դրույթները հնարավորություն են տալիս բարելավելու ԿԸՀ եւ ԸԸՀ ընտրական վարչարարությունը, իսկ ՏԸՀ-ի դեպքում` ընտրական գործընթացին մասնակից է դարձնում քաղաքական ուժերին:
- Դիմում-բողոքների առկայության դեպքում իրականացվելու է վարչական վարույթ` «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան (առաջարկությունը` ըստ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 463/2008 համատեղ եզրակացության):
- Վերահաշվարկում է առնվազն 7 քվեարկության արդյունք` ըստ դիմումների ստացման եւ դիմումներում նշված ընտրական տեղամասերի հերթականության: Դիմումներն ընդունվում են մինչեւ ժամը 16:00-ն: Եթե դիմումներում նշված վերահաշվարկի ենթակա քվեարկության արդյունքների թիվը մեծ է 7-ից, ապա անցկացվում է վիճակահանություն: Վերահաշվարկ իրականացնում է նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը` յուրաքանչյուր անդամ` 2-ական տեղամասում (առաջարկությունը` ըստ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 463/2008 համատեղ եզրակացության եւ ՀՀ ՍԴ-ի որոշման):
Դրույթով կանոնակարգվում է վերահաշվարկի գործընթացը:
- Դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող քաղաքացիները, իրավաբանական անձանց արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների աշխատակիցները եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի անդամները կարող են մասնակցել համապետական ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային եղանակով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով եւ ժամկետներում: Էլեկտրոնային եղանակով քվեարկություն կարող է իրականացվել թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` մինչեւ քվեարկության օրվանից 5 օր առաջ, որպեսզի հնարավոր լինի նրանց հանել հիմնական ցուցակից:
Դրույթով մասամբ ապահովվում է արտերկրում գտնվողների քվեարկությունը: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը խրախուսվում է ԵԱՀԿ-ի կողմից:
- Քվեարկության ընթացքը վստահված անձանց, դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների կողմից կարող է լուսանկարահանվել, տեսանկարահանվել` չխախտելով քվեարկության գաղտնիության սկզբունքը (առաջարկությունը` հասարակական կազմակերպությունների):
Դրույթով ապավվում է առավել հրապարակայնություն եւ հանրային վերահսկողություն:
- Ընտրողների ցուցակում քվեարկողի ստորագրության դիմաց հանձնաժողովի անդամը ստորագրության փոխարեն դնում է անհատական կնիք (առաջարկությունը` ԲՀԿ):
Դրույթով բարձրացվում է հանձնաժողովի անդամի պատասխանատվությունը եւ վերահսկելի դարձնում նրա աշխատանքը:
- Կուսակցության ընտրական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկվում է առնվազն մեկ կին, իսկ ցուցակի 11-րդ համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով հնգյակում (11-15, 11-20, 11-25 եւ այդպես շարունակ` մինչեւ ցուցակի ավարտը) առնվազն 20 տոկոսը պետք է լինեն կանայք: (առաջարկությունը` ըստ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 463/2008 համատեղ եզրակացության եւ հասարակական կազմակերպությունների):
Դրույթով խրախուսում է կանանց ներգրավումը օրենսդիր մարմնում:
- ՏԻՄ ընտրություններում թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն նաեւ կուսակցությունները (առաջարկությունը` ՀՀԿ):
Դրույթով խթանվում է կուսակցությունների գործունեությունը համայնքներում:
- Մեկ թերնածու առաջադրվելու կամ գրանցվելու դեպքում անցկացվում է նոր ընտրություն (առաջարկությունը` ըստ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 463/2008 համատեղ եզրակացության):
Դրույթով խթանվում է այլընտրանքային ընտրությունը:
Հստակեցվել են նաեւ ընտրությունների ամփոփման եւ ընդունված որոշումների բողոքարկման ժամկետները, ամրագրվել է, որ ընտրական հանձնաժողովների արձանագրություններում առանձին տողերով նշվում է ընտրողների ընդհանուր թիվը եւ յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների եւ քվեարկության մասնակիցների թիվը:
Ընդհանուր առմամբ, ընդունվել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 463/2008 համատեղ եզրակացության մեջ նշված բոլոր առաջարկությունները, բացառությամբ մատների թանաքոտման (առաջարկվել է այլընտրանքային տարբերակ): Ընդունվել են նաեւ կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների շուրջ 140 առաջարկ:
Փաթեթը ներառում է նաեւ փոփոխություններ եւ լրացումներ ՀՀ քրեական եւ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում, ինչպես նաեւ «Հայաuտանի Հանրապետության oրենuդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մաuին», «Քաղաքացիական ծառայության մաuին», «Uահմանադրական դատարանի մաuին», «Տեղական ինքնակառավարման մաuին» եւ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում: