Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-740-19.10.2009,11.02.2011-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին»  Հայաստանի Հանրապետության 2002թ. նոյեմբերի 20-ի ՀՕ-465-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ) կետերով.

«5) Մշակութային ոչ առեւտրային առանձին կազմակերպությունների շնորհում է կարգավիճակ, սահմանում է կարգավիճակ շնորհելու կարգն ու պայմանները»։

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ)  կետերով.

«11) ներկայացնում է մշակութային  ոչ առեւտրային առանձին կազմակերպություններին, թատերական, երաժշտական, պարարվեստի, թանգարանային, գրադարանային եւ արխիվային  կազմակերպություններ, «Ազգային»   կարգավիճակ շնորհելու վերաբերյալ միջնորդություն»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ Գլխի վերնագրում «ՏԵՍԱԿՆԵՐԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ»  բառերով:

Հոդված 4. Oրենքը լրացնել  հետեւալ բովանդակությամբ նոր՝ 26.1 հոդվածով.

«Հոդված 26.1. Մշակութային ոչ առեւտրային կազմակերպության կարգավիճակը»

1.Մշակութային առանձին կազմակերպությունների՝ թատերական, երաժշտական, պարարվեստի, Ֆիլմարվեստի, թանգարանային, գրադարանային եւ արխիվային կազմակերպություններ, որոնք համապետական եւ համազգային նշանակության  բացառիկ  գործունեություն են իրականացնում, կարող է շնորհվել «Ազգային» կարգավիճակ:

«Ազգային» կարգավիճակ կարող է շնորհվել  այն կազմակերպություններին, որոնք երկարամյա  գործունեություն են ծավալել, առանձնացել են ինքնատիպությամբ, կատարողական բարձր վարպետությամբ, անժամանցելի ձեռքբերումներով հարստացրել եւ զարգացրել են հայկական մշակութային ժառանգությունը, նպաստել են նրա պահպանմանն ու հանրահռչակմանը, խթանել են ազգային եւ համամարդկային արժեքների տարածմանը, նպաստել են հասարակության բարոյական եւ գեղագիտական դաստիարակությանը։

3. «Ազգային» կարգավիճակ կարող է շնորհվել մշակույթային գործունեության տվյալ ոլորտը եւ տեսակը ներկայացնող միայն մեկ կազմակերպության։

4. «Ազգային» կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպությունների ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեում արտահայտվում է առանձին տողով։

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՕՐԻՆԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է  2002թ. նոյեմբերի 20-ին։ Այն կարգավորում է ՀՀ-ում պետական մշակութային քաղաքականության կազմակերպման սկզբունքները, մշակութային գործունեության  հետ կապված իրավահարաբերությունները, սահմանում է պետական մարմինների իրավասությունները մշակույթի ոլորտում, ինչպես նաեւ մշակութային կազմակերպությունների գործունեության տեսակները։

ՀՀ մշակութային դաշտում գործում են մի շարք մշակութայիան կազմակերպություններ, որոնք իրենց պաշտոնական անվան մեջ ունեն «ազգային» կարգավիճակը (Հայաստանի ազգային պատկերասրահ,Հայաստանի ազգային գրադարան, Հայաստանի ազգային գրապալատ, Հայաստանի ազգային կինոկենտրոն, Հայաստանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան, Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոն, Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ), սակայն այս  երկու հասկացությունները ՀՀ մշակութային օրենսդրությամբ չունեն իրենց իրավական ամրագրումը կամ սահմանումը։

Օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում  ամրագրելով «ազգային» կարգավիճակները, կլրացնի օրենսդրական բացը, ինչպես նաեւ կխթանի վերոհիշյալ կարգավիճակների շնորհման չափանիշների եւ չափորոշիչների սահմանմանը, կնպաստի տվյալ կարգավիճակն ունեցող մշակութային կազմակերպությունների նկատմամբ անհրաժեշտ պետական աջակցություն եւ վերաբերմունք դրսեւորելուն։