Armenian ARMSCII Armenian
Պ-740-19.10.2009,11.02.2011-ԳԿ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին»  Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-465-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  5-րդ կետով.

«5) մշակութային ոչ առեւտրային առանձին կազմակերպությունների շնորհում է կարգավիճակ, սահմանում է կարգավիճակ շնորհելու կարգն ու պայմանները:»։

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ  կետով.

«11) ներկայացնում  է  մշակութային   ոչ  առեւտրային  առանձին կազմակերպությունների` թատերական, երաժշտական, պարարվեստի, թանգարանային, գրադարանային եւ արխիվային, «Ազգային»  կարգավիճակ շնորհելու վերաբերյալ միջնորդություն:»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ գլխի վերնագիրը «ՏԵՍԱԿՆԵՐԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ» բառերով:

Հոդված  4. Oրենքը լրացնել  հետեւալ բովանդակությամբ 26.1-ին հոդվածով.

«Հոդված 26.1. Մշակութային ոչ առեւտրային կազմակերպության կարգավիճակը

1. Մշակութային  առանձին  կազմակերպությունների՝  թատերական, երաժշտական, պարարվեստի, ֆիլմարվեստի, թանգարանային, գրադարանային եւ արխիվային, որոնք համապետական եւ համազգային նշանակության  բացառիկ  գործունեություն են իրականացնում, կարող է շնորհվել «Ազգային» կարգավիճակ:

2. Գործող եւ նոր ստեղծվող կազմակերպություններին սահմանված կարգով «Ազգային» կարգավիճակ շնորհում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

«Ազգային» կարգավիճակ շնորհվում է`

1) այն կազմակերպություններին, որոնք առանձնանում են ինքնատիպությամբ, կատարողական բարձր վարպետությամբ, անժամանցելի ձեռքբերումներով հարստացնում եւ զարգացնում են հայկական մշակութային ժառանգությունը, նպաստում են նրա պահպանմանն ու հանրահռչակմանը, խթանում են ազգային եւ համամարդկային արժեքների տարածմանը, նպաստում են հասարակության բարոյական եւ գեղագիտական դաստիարակությանը.

2) նոր ստեղծվող այն պետական կազմակերպություններին, որոնք մշակութային գործունեության տվյալ ոլորտում առանձնանում են իրենց բացառիկ բնույթով, եւ այդ կազմակերպությունների կանոնադրական գործառույթներում նախատեսված են սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված պահանջները:

3. «Ազգային» կարգավիճակ կարող է շնորհվել մշակութային գործունեության տվյալ ոլորտը եւ տեսակը ներկայացնող միայն մեկ կազմակերպության։

4. «Ազգային» կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպությունների ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում արտահայտվում է առանձին տողով։»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: