Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1090-18.02.2011-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքը լրացնել նոր 183.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 183.1. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ԵՎ  ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ  ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

Լեռնային եւ բարձր լեռնային  բնակավայրերում աշխատելու համար աշխատողին վճարվում է հավելում  հիմնական աշխատավարձի` լեռնային բնակավայրերում  ոչ պակաս քան 10 տոկոսի չափով, իսկ բարձր լեռնային բնակավայրերում աշխատելու համար` ոչ պակաս քան 20 տոկոսի չափով»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

Տեղեկանք-հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի ընդունման

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է որոշակի լրացուցիչ սոցիալ-աշխատանքային երաշխիք լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերում աշխատողների համար: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանել հավելման նվազագույն չափեր` լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերում աշխատողների հիմնական աշխատավարձին: Նախագծի ընդունման արդյունքում լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերում որոշակիորեն կբարձրանա աշխատավարձերի մակարդակը, ինչն էլ իր հերթին` կխթանի այդ բնակավայրերում արդյունավետ զբաղվածությունը, կբարելավի սոցիալական եւ ժողովրդագրական վիճակը:

Նախագծով նախատեսվում է նաեւ կանխարգելել լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրից աշխատուժի արտաքին եւ ներքին տեղաշարժը: