Հոդված 1. «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի մարտի 30-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Հայաստանի Հանրապետությունը նպաստում է ժամանակակից գրական հայերենի կանոնարկմանը, բառակերտման, տերմինաբանության (եզրաբանության), ուղղագրության, ուղղախոսության, տառադարձության եւ կետադրության կանոնարկման սկզբունքների մշակմանը:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին հոդվածով.
«Հոդված 1.1. Օրենքում գործածվող հիմնական հասկացությունները
Օրենքում գործածվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
պետական լեզվաքաղաքականություն՝ լեզվի բնագավառում պետության ձեռնարկած միջոցառումների ամբողջություն՝ ուղղված պետական լեզվի շահերի պաշտպանությանը, բոլոր ոլորտներում պետական լեզվի կենսագործունեության ապահովմանն ու զարգացմանը.
պետական լեզու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված եւ պետության հոգածությամբ ու հովանավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գերակայություն ունեցող լեզու.
պաշտոնական լեզու` հայոց լեզվի քերականության, բառապաշարի, արտասանության կանոններին ենթարկվող, պաշտոնական գործառույթներին եւ հասարակության գրական ու գիտական պահանջներին ծառայող լեզու.
պաշտոնական խոսք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անկախ կարգավիճակից) ի պաշտոնե հրապարակային խոսք.
լեզվավիճակ՝ համաժամանակյա կտրվածքով ներկայացվող լեզվական իրողությունների, զարգացման միտումների եւ երեւույթների ամբողջականություն.
լեզվական հարաբերություններ` պետական լեզվի գործառույթներով պայմանավորված` լեզվի գործածության ձեւեր, որոնք իրականացվում են պետության ներսում եւ այլ պետություների ու միջազգային կառույցների միջեւ առկա փոխհարաբերություններում.
գրական հայերենի կանոնարկում` լեզվի հիմնական քերականական օրենքների, բառակերտման եւ տերմինաբանության միջոցով բառապաշարի հարստացման եւ քերականական նոր կանոնների ստեղծման գործընթաց.
լեզվական իրավունք` քաղաքացու, հանրության, պետական կամ հասարակական կառույցների լեզվական գործառնության նկատմամբ պետության սահմանած իրավունքներ.
լեզվական պարտականություն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ հաստատությունների կողմից հանրային կյանքի բոլոր ոլորտներում լեզվական քաղաքականությունից եւ լեզվական հարաբերություններից բխող սկզբունքների պահպանում.
գործավարություն՝ փաստաթղթերի ստեղծման, ձեւավորման, շրջանառության ապահովման եւ պահպանման գործընթաց, որը ներառում է կազմակերպակարգադրական (կառավարման եւ վարչական աշխատանքի կազմակերպումն ապահովող), անհատական, նորմատիվ, տեխնիկական, գիտատեխնիկական, նախագծահաշվային, ուսումնամեթոդական, ֆինանսահաշվապահական, գործարքային, հաշվետու-վիճակագրական, առեւտրային, տեղեկատվական, բացատրական, հրահանգային, տեխնոլոգիական, նամակագրական-թղթակցային փաստաթղթերի ստեղծումը եւ (կամ) ձեւավորումը, շրջանառության ապահովումն ու պահպանումը.
ցուցանակ՝ կազմակերպության որեւէ հատվածում տեղադրված հրապարակային գրվածք, որը պարունակում է տեղեկույթ կազմակերպության (ֆիրմայի) անվանման եւ (կամ) կազմակերպաիրավական ձեւի եւ (կամ) ապրանքանշանի եւ (կամ) տվյալ աշխարհագրական եւ (կամ) վարչական եւ (կամ) քաղաքաշինական եւ (կամ) տնտեսական եւ (կամ) հասարակական եւ (կամ) միավորի անվանման եւ այլնի մասին.
պետական վերահսկողության ենթակա փաստաթուղթ` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների եւ կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) գործունեությանն առնչվող փաստաթուղթ:»։
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «տիրապետել» բառից հետո լրացնել «գրական» բառով.
2) 2-րդ մասը «լեզուն» բառից հետո լրացնել «գրական» բառով.
3) 3-րդ մասը «ապահովել» բառից հետո լրացնել «գրական հայոց» բառերով։
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) գործավարությունը կատարել գրական հայերենով՝ ապահովելով հայոց լեզվի անաղարտությունը, ամրագրված լեզվական կանոնները.».
2) «բ» կետը «միջոցառումների» բառից հետո լրացնել «, հեռուստառադիոհաղորդումների» բառով.
3) «գ» կետը «ծրարները» բառից հետո լրացնել «, գովազդի բոլոր միջոցները» բառերով։
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո։