Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակը`
1. «8702» ծածկագրի տողը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
8702 | Շարժիչային տրանսպորտային միջոցներ` նախատեսված 8-ից մինչեւ 17 մարդկանց, ներառյալ` վարորդը, տեղափոխման համար | 10 | 0 |
2. «8702» ծածկագրի տողից հետո լրացնել նոր «8702 10» ծածկագրի տող հետեւյալ բովանդակությամբ.
8702 10 | Շարժիչային տրանսպորտային միջոցներ` նախատեսված 18 եւ ավելի մարդկանց, ներառյալ` վարորդը, տեղափոխման համար | 0 | 0 |
Հոդված 2. Օրենսգրքի 130-րդ հոդվածի 4-րդ մասի «անվանացանկի 8702» բառերից հետո լրացնել «8702 10» բառը:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1.Կարգավորման առարկան.
Օրենքի նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող եւ արտահանվող շարժիչային տրանսպորտային միջոցների հետ առնչվող իրավահարաբերություններ են:
2.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).
Սույն նախագծի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածք շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսատուրքի գանձման դրույքաչափը սահմանել 10 տոկոս: Խոսքը վերաբերում է այն տրանսպորտային միջոցներին, որոնք նախատեսված են 8-ից մինչեւ 17 մարդկանց(ներառյալ վարորդը) տեղափոխման համար: «Հայաստանի Սպառողների Ասոցիացիայի» կողմից կատարված (2007-2010թթ.) ուսումնասրությունների համաձայն Երեւան քաղաքում հասարակական ուղեւորափոխադրումների շուրջ 90 տոկոսն իրականացվում են միկրոավտոբուսներով, թեեւ ըստ Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի (2005-2025թթ.)միկրոավտոբուսները պետք է կազմեն 19,2 տոկոս:
2.1.Կարգավորվող հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրի «8702» ապրանքատեսակների` շարժիչային տրանսպորտային միջոցներ` նախատեսված 10 եւ ավելի մարդկանց(ներառյալ` վարորդը) տեղափոխման համար ներմուծման եւ արտահանման մաքսատուրքի գանձման դրույքաչափը սահմանված է 0 տոկոս: Վերոնշյալը հանգեցնում է միկրոավտոբուսների գերբեռնվածությանը եւ շրջակա միջավայրի վատթարացմանը: Համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության տեղեկանքի` Երեւան քաղաքում օդի աղտոտվածության պատճառը տրանսպորտն է, որի տեսակարար կշիռը աղտոտման աղբյուրներում կազմում է 90-91 տոկոս: Բացի այդ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով չեն տարանջատվում շարժիչային տրանսպորտային միջոցներները, որոնք նախատեսված են ա) 8-ից մինչեւ 17 եւ բ) 18 եւ ավելի մարդկանց տեղափոխման համար, ներառյալ` վարորդը:
2.2.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծով առաջարկվում է սահմանել «8702» ծածկագրի` 8-ից մինչեւ 17 եւ նոր «8702 10» ծածկագրի` 18 եւ ավելի մարդկանց տեղափոխման համար (ներառյալ վարորդը) շարժիչային տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման եւ արտահանման տարբեր դրույքաչափեր: Վերջինս հնարավորություն կտա տարանջատել միկրոավտոբուսները ավտոբուսներից` ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը գանձելիս:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները
Առաջարկվող լուծումը հնարավորություն կտա նվազեցնել ներմուծվող այն շարժիչային տրանսպորտային միջոցները, որոնք նախատեսված են 8-ից մինչեւ 17 մարդկանց տեղափոխման համար: Նախագծի ընդունման դեպքում կկրճատվեն վերոհիշյալ տրասպորտային միջոցների ներմուծման ծավալները, որն իր հերթին էականորեն կբարելավի Հայաստանի Հանրապետության եւ մասնավորապես` քաղաք Երեւանի օդի աղտոտվածության ցուցանիշները: