Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետեւ` օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ
«Հոդված 1. Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի ամսական եւ ժամավճարի նվազագույն չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով: Աշխատավարձի ամսական նվազագույն չափը չի կարող պակաս լինել
1.12-ամսյա գնաճի արդյունքներով վերահաշվարկված նախորդ տարվա նվազագույն աշխատավարձից,
2.կենսաապահովման նվազագույն բյուջեից (կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը սահմանված չլինելու դեպքում` հիմք է ընդունվում սպառողական նվազագույն զամբյուղի դրամական արժեքը),
3.միջին ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:
Սույն հոդվածով նախատեսված հաշվարկների համար հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից պաշտոնապես հրապարակված տվյալ տարվա առաջին եռամսյակի համապատասխան ցուցանիշները:»
Հոդված 2. Օրենքը լրացնել նոր հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 1.1. Քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, պետական պաշտոնատար այլ անձանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների նվազագույն ամսական աշխատավարձը (այդ թվում` բազային պաշտոնային դրյուքաչափը) սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով կամ այլ օրենքով եւ չի կարող սույն օրենքի առաջին հոդվածում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հարյուր քսան տոկոսից ցածր լինել:»
Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 2. Ժամավճարով վարձատրվող աշխատակողների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանվում է`
1. աշխատաժամանակի նորմալ տեւողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` սույն օրենքի առաջին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը հարաբերած 165-ի.
2. աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` սույն օրենքի առաջին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը հարաբերած 150-ի.
3. աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` սույն օրենքի առաջին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը հարաբերած 100-ի:»
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
ՕՐԻՆԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
Խնդրի ընդհանուր ներկայացումը.
Անկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի սահմանման հիմնավորված մեխանիզմեր չեն գործել: 2003 թվականին ընդունված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով փորձ արվեց նվազագույն աշխատավարձի չափը կապել աղքատության ընդհանուր գծի հետ, սակայն գործնականում այս մեխանիզմը չունեցավ արդյունավետ կիրառում, եւ լայն տարածում ստացավ «աշխատող աղքատներ» եզրույթը: Կայուն զարգացման ծրագրում հիմնական թիրախներից համարվեց այս երեւույթի վերացումը եւ նախատեսվեց, որ կապ պետք է հաստատվի նվազագույն աշխատավարձի եւ միջին աշխատավարձի միջեւ` նպատակ ունենալով նաեւ արդյուավետորեն հաղթահարել աղքատությունը:
ՀՀ սահմանադրության 32-րդ հոդվածի համաձայն, նվազագույն աշխատավարձը պետք է սահմանվի օրենքով եւ բավարարի արդարության չափանիշին:
Այլ կաեւոր խնդիր է հանրային ծառայության վարձատրության նվազագույն չափի ամրագրումը: Հանրային ծառայության բազային վարձատրության վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից ի գիտություն ընդունված քաղաքացիական ծառայության 2010 թվականի զեկույցի համաձայն, հանրային ծառայության վարձատրության հիմնախնդիրներից են աշխատավարձի ցածր մակարդակը. որով պայմանավորված առկա են բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման իրական խոչընդոտներ, իսկ պետական եւ ոչ պետական հատվածում առկա միջին աշխատավարձերի մակարդակների միջեւ զգալի տարբերությունը ծնում է դեպի մասնավոր հատված արտահոսքի բարձր ռիսկ: Որպես կարեւոր քայլ է առաջարկվում մասնավոր հատվածի նկատմամբ պետական հատվածի աշխատավարձի մրցունակությանն ուղղված գործողության նախաձեռնումը: Այլ կերպ ասած. անհրաժեշտ է կապ ապահովել երկրում առկա միջին աշխատավարձի եւ հանրային ծառայության վարձատրության միջեւ:
Միջազգային փորձը.
Խնդրի լուծման համար կարեւոր է նաեւ միջազգային փորձի դիտարկումը, որն առանձնացնում է նվազագույն աշխատավարձի սահմանման մի քանի հիմնադրույթներ: Դրանցից առավել տարածված են հետեւյալ մոտեցումները. նվազագույն աշխատավարձի չափի սահմանման համար հիմք ընդունել կենսամիջոցների նվազագույնը, երկրում ընդունված միջին աշխատավարձի մակարդակը, նվազագույն աշխատավարձը դարձնել արդյունավետ գործիք արժանապատիվ աշխատանքի ապահովման, ինչպես նաեւ աղքատության կրճատման համար: Կարեւորվում է նաեւ նվազագույն աշխատավարձի սահմանման գործընթացում սոցիալական գործընկերների մասնակցությունը:
Ընդհանուր առմամբ, նվազագույն աշխատավարձի կարգավորման պրակտիկան առաջին անգամ դիտարկվել է Նոր Զելանդիայում եւ Ավստրալիայում 19-րդ դարի վերջին: Չնչին բացառություններով, նվազագույն աշխատավարձի սահմանումը կառավարության քաղաքականության հազվադեպ օգտագործվող եւ սահմանափակ գործիք էր մինչեւ երկրորդ համաշխարհային պատերազմը: Այդ ժամանակներից սկսած` իրավիճակն աստիճանաբար սկսեց փոխվել, սակայն նվազագույն աշխատավարձի կարգավորման տարածման արագությունը եւ ձեւերը որոշակիորեն տարբերվում էին իրարից` երկրների առանձին խմբերի համար: Մասնավորապես, զարգացած երկրներում առանձնանում են երեք հիմնական մոտեցում: Երկրների մի խմբում (այդ թվում` Ավստրիա, Դանիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Նորվեգիա, Իտալիա, Շվեդիա, Շվեյցարիա) չնայած առկա է նվազագույն աշխատավարձի կարգավորում, սակայն նրա կիրառումը սահմանափակված է աշխատողների շատ փոքր խմբով (օրինակ` տնային ծառայողներով) եւ նրա ազդեցությունը նվազագույն է: Այս երկրներում լայնորեն տարածված են կոլեկտիվ համաձայնագրերի համակարգերը, որոնք ընդգրկում են աշխատավարձ ստացողների մեծ մասին: Այլ մոտեցում են որդեգրել Միացյալ Թագավորությունը եւ Իռլանդիան, որտեղ նվազագույն աշխատավարձը կարգավորվում է այն ճյուղերում, որտեղ բացակայում են արդյունավետ արհմիութենական կազմակերպությունները եւ աշխատավարձերը համարվում են անհիմն ցածր: Զարգացած երկրների երրորդ, ընդլայնվող խմբում ներառված են այն երկրները, որտեղ նվազագույն աշխատավարձի կարգավորումը վերաբերում է համարյա բոլոր աշխատողներին (օրինակ` Նոր Զելանդիա, Ավստրալիա, ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա, Ֆրանսիա, Իսպանիա, Պորտուգալիա, Լյուքսեմբուրգ, Հոլանդիա):
Նվազագույն աշխատավարձի օրենսդրությունը Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասում ընդունվել է 1930-40-ական թվականներին: Համարյա բոլոր այդ երկրներն ունեն իրավական ակտեր, որոնք պետության պարտականությունն են համարում այնպիսի աշխատավարձի վճարման ապահովումը, որն ապահովի արժանապատիվ ապրելակերպ: Բոլոր դեպքերում, այլ տարածաշրջանների հետ համեմատած` Լատինամերիկյան երկրներում նվազագույն աշխատավարձի կարգավորումը հիմնականում դիտարկվում է որպես աշխատավարձի մակրոտնտեսական քաղաքականության հիմնական գործիք, որն օգտագործվում է ավելի լայն տնտեսական ու սոցիալական նպատակների հասնելու համար:
Աֆրիկայի երկրներում նվազագույն աշխատավարձի օրենսդրական կարգավորման փորձը սկսվել է 1940-50-ական թվականներին եւ իր վրա մեծապես կրել է գաղութատեր երկրների փորձի ազդեցությունը: Ներկայումս համարյա բոլոր աֆրիկյան երկրներն ունեն նվազագույն աշխատավարձը կարգավորող ծրագրեր, որոնք հիմնականում սահմանում են ընդհանուր նվազագույն աշխատավարձ, որը վերաբերում է աշխատողների մեծամասնությանը: Ավելին, հաճախ նվազագույն աշխատավարձի կարգավորումը դիտարկվում է որպես աշխատավարձի շարժի եւ կառուցվածքի հիմնական որոշիչ:
Կարիբյան ավազանի նախկին բրիտանական գաղութների նվազագույն աշխատավարձի համակարգերը նման են Միացյալ Թագավորության համակարգին: Վերջին տարիներին մի շարք Կարիբյան ավազանի երկրներ վերանայել են իրենց համակարգերը` որոշումների ընդունման ավելի կենտրոնացված ձեւեր ներդնելու նպատակով (Բահամներ, Ջամայկա, Տրինիդադ եւ Տոբագո): Կարիբյան ավազանի մնացած երկների մեծ մասը նույնպես ունի նվազագույն աշխատավարձի կարգավորում, բայց այդ համակարգերը հաճախ չեն ճշգրտվում:
Ասիայում նվազագույն աշխատավարձի կարգավորումն որոշակիորեն տարբերվում է այլ զարգացող տարածաշրջանների փորձից: Այդ կարգավորումն այնքան լայնորեն տարածված չէ ինչպես այլ տեղերում. որոշ ասիական երկրներում այն դեռեւս բացակայում է կամ վերաբերում է միայն աշխատողների սահմանափակ թվի: Միայն Արեւմտյան Ասիայի որոշ երկրներում է, որ նվազագույն աշխատավարձի կարգավորումն ունի լայն ծածկույթ (Աֆղանստան, Իրան, Իրաք, Լիբանան, Սիրիա, Թուրքիա): Նվազագույն աշխատավարձի ընդհանրական կիրառման երկար պատմություն ունի Ֆիլիպինները: Վերջին տարիներին ընդհանուր նվազագույն աշխատավարձեր են սահմանվել նաեւ Թաիլանդում, Նեպալում, Պակիստանում:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նվազագույն աշխատավարձերը սահմանվում են. ըստ տնտեսության ոլորտների եւ/կամ զբաղմունքների, ազգային միասնական մակարդակով եւ տարածաշրջանային միասնական մակարդակով: Սովորաբար տարածաշրջանային մակարդակով դրանք սահմանվում են դաշնային կառուցվածք ունեցող երկրներում, օրինակ` Կանադայում, ԱՄՆ-ում: Ազգային միասնական մակարդակով նվազագույն աշխատավարձի սահմանումն ամենատարածված մոտեցումն է, որն օգտագործում են երկրների 45%-ը: Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) նվազագույն աշխատավարձը սահմանում է որպես աշխատավարձի կառուցվածքում շեմ, որը պաշտպանում է աշխատավարձերի բաշխման ստորին հատվածում գտնվող աշխատողներին: Այն համընդհանուր քաղաքականության գործիք է, որը կիրառում են ԱՄԿ անդամ երկրների ավելի քան 90%-ը: Ներկայումս երկրների մեծ մասն ունեն օրենսդրորեն սահմանվող նվազագույն աշխատավարձեր:
Նվազագույն աշխատավարձի օրենսդրական համակարգն Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի սահմանման օրենսդրական համակարգն ունեցել է զարգացման հետեւյալ ընթացքը. 1992 թվականից սկսած մինչեւ 1995 թվականը ՀՀ Նախագահի հրամանագրերով պարբերաբար սահմանվում էին աշխատանքի վարձատրության ամսական եւ ժամային նվազագույն դրույքաչափերը, 1995 թվականի հունիսի 1-ից այն սահմանվեց ՀՀ Կառավարության որոշմամբ, 1996 թվականի հունվարի 1-ից` ՀՀ Վարչապետի որոշմամբ, իսկ 1999 թվականի հունվարի 1-ից` օրենքով (որն ընդունվեց 1998 թվականի հոկտեմբերի 27-ին): Օրենքի համաձայն 1999 թվականի հունվարի 1-ից հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվեց 5000 դրամ, որը պահպանվեց մինչեւ 2003 թվականը ներառյալ: 2003 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքը (29.12.2003թ., ՀՕ-66-Ն), համաձայն որի 2004 թվականի հունվարի 1-ից հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվեց 13000 դրամ, որը 2006, 2007, 2008 եւ 2009 թվականի հունվարի 1-ից համապատասխանաբար սահմանվեց 15000, 20000, 25000 եւ 30000 դրամ: 2004 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, որի 179-րդ հոդվածը սահմանում է, որ աշխատավարձի ամuական եւ ժամավճարի նվազագույն չափը uահմանվում է oրենքով:
Ինչպես վերը նշվեց, ՀՀ սահմանադրության 32-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանվում է. «Յուրաքանչյուր աշխատող ունի արդարացի եւ օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, ինչպես նաեւ անվտանգության ու հիգենիայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք: Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է աշխատանքի վարձատրության հիմնահարցերը կարգավորող մի շարք միջազգային փաստաթղթեր:
Մասնավորապես, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր եւ իր ընտանիքի առողջության ու բարեկեցության համար բավարար կենuամակարդակի, այդ թվում` uննդի, հագուuտի, բնակարանի եւ առողջապահության ու uոցիալական անհրաժեշտ ծառայությունների իրավունք, ինչպեu նաեւ ապահովության իրավունք` գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ հանգամանքներում գոյության այլ միջոցներից զրկվելու դեպքում: 2004 թվականի դեկտեմբերի 13-ին Հայաստանը վավերացրել է «Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին», 2005 թվականի հոկտեմբերի 3-ին «Նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգի մասին» ԱՄԿ համապատասխանաբար թիվ 131 եւ 26 կոնվենցիանները, իսկ 2003 թվականի դեկտեմբերի 25-ին` Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիան:
Նվազագույն աշխատավարձի արդարության հասկացությանն ու պահանջին է անդրադարձել «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիան», որն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի մարտի 1-ից: Խարտիայի 4-րդ հոդվածի (արդարացի վարձատրության իրավունքը). համաձայն, արդարացի վարձատրման իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովեու նպատակով Կողմը պարտավորվում է ճանաչել աշխատողների վարձատրման իրավունքը, որը նրանց եւ նրանց ընտանիքներին կապահովի պատշաճ կենսամակարդակ: Խարտիայի պահանջների բավարարման գնահատման համար նույն խարտիայի համաձայն ստեղծվել է սոցիալական իրավունքների եվրոպական հանձնաժողով, որը որոշում է, թե արդոք խարտիայի կողմ հանդիսացող պետությունը համապատասխանում է խարտիայի դրույթներին: Առ այդ, այս հանձնաժողովը 2006 թվականին հրապարակել է նախադեպային իրավունքի վերլուծական փաստաթուղթը, որում անդրադառնալով «արդարացի վարձատրություն» հասկացությանը ամրագրել է, որ արդար համարվելու համար աշխատավարձը պետք է ամեն դեպքում տվյալ երկրի աղքատության գծից, այսինքն` երկրում միջին աշխատավարձի 50 տոկոսից բարձր լինի: Հանձնաժողովի կողմից ընդունված շեմն է 60 տոկոսը: Ընդ որում, Հանձնաժողովի հաշվարկները հիմնվում են զուտ գումարների վրա, այսինքն` չհաշված հարկերն ու սոցիալական ապահովության վճարները: Սոցիալական տրանսֆերտները (օրինակ` սոցիալական ապահովության նպաստները) հաշվի են առնվում այն դեպքում, երբ դրանք ուղղակիորեն կապված են աշխատավարձի հետ: Երկրում լրիվ հաստիքով աշխատողի զուտ միջին աշխատավարձը հաշվարկվում է` հաշվի առնելով աշխատուժի շուկայում գրանցված համապատասխան ցուցանիշը, կամ դրա բացակայության դեպքում` տվյալ ոլորտի, օրինակ` վերամշակող արդյունաբերության, նույնանման ցուցանիշը: Հանձնաժողովի տեսակետի համաձայն, եթե երկրում պաշտոնապես սահմանվել է նվազագույն աշխատավարձ, ապա վերջինիս զուտ արժեքը որպես հիմք է ծառայում զուտ միջին աշխատավարձի հետ համեմատության համար: Հանձնաժողովը միաժամանակ ամրագրել է, որ 60 տոկոսի շեմից ցածր զուտ աշխատավարձը Խարտիայի իմաստով ինքնստինքյան չի համարվում անարդար: Եթե աշխատավարձը գտնվում է 50% եւ 60% միջակայքում, ապա պետությանը պետք է ապացուցի, որ տվյալ աշխատավարձը բավարար է պատշաճ կենսամակարդակ ապահովելու համար:
Այնուամենայնիվ, եթե զուտ աշխատավարձը ցածր է երկրում միջին աշխատավարձի կեսից, ապա այն համարվում է անարդար, եւ, հետեւաբար, տվյալ պետությունում իրադրությունը գնահատվում է որպես խարտիային չհամապատասխանող:
Կարեւոր է նաեւ այն, որ Հայստանի ներպետական օրենսդրության մաս կազմող միջազգաին պայմանգերերի համաձայն նվազագույն աշխատավարձը ենթակա չէ հարկման:
Խնդրի լուծման առաջարկվող օրենսդրական մեխանիզմը.
Վերը նշված խնդիրների լուծման շրջանակներում առաջարկվում է, որպեսզի երկում նվազագույն աշխատավարձի չափը սահմանելիս հաշվի առնել գնաճի մակարդակը, կենսաապահովման նվազագույն բյուջեն կամ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը, ինչպես նաեւ միջին աշխատավարձը: Հանրային ծառայության ոլորտում կամրագրվի աշխատավարձերի նվազագույն` բազային դրույքաչափերի կապը միջին աշխատավարձին: Օրենսդրորեն կամրագրվի, որ նվազագույն աշխատավարձը ենթակա չէ հարկման: Այն կապահովի նաեւ ստվերային տնտեսության` այս դեպքում թաքնված զբաղվածության չափերի էական կրճատում: Օրենսդրական նախծերը մշակվել են հաշվի առնելով նաեւ Հայաստանի սոցիալ-տնտեսական առանձնահատկությունները:
Առաջարկվող օրենսդրական փաթեթը համապատասխանում է սոցիալական պետության գաղափարաբանությանը: