Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2007 թվականի նոյեմբերի 28-ի օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասում «միայն նյութական իրավունքի խախտման հիմքով» բառերը փոխարինել «նյութական, դատավարական իրավունքի նորմերի խախտման կամ սխալ կիրառման հիմքերով:» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2011թ. փետրվարի 8-ի ՍԴՈ-936 որոշմամբ արտահայտված դիրքորոշումից, համաձայն որի Սահմանադրական դատարանը, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասն այն մասով, որով արգելափակվում է անձի իրավունքը` դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով բողոքարկելու նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը, ճանաչել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ եւ 19-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր: Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածը վերնագրված է. «Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման հիմքը» եւ մինչեւ 28.10.2010թ. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-135-Ն) ընդունումն, այդ հոդվածի՝ վիճարկվող 1-ին մասն ուներ հետեւյալ բովանդակությունը. «1. Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել վճռաբեկ դատարան միայն նյութական իրավունքի խախտման հիմքով»:
Սահմանադրական դատարանը գտել է, որ վիճարկվող նորմի ահմանադրականությունը գնահատելիս անհրաժեշտ է ելնել.
- մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների՝ միջազգային իրավական սկզբունքներին եւ նորմերին համապատասխան դատական պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունից (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված),
- ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածում ամրագրված՝ դատական պաշտպանության իրավունքի եւ վերջինիս կարեւոր բաղադրիչ հանդիսացող՝ դատական ակտերի բողոքարկման, հավասարապես նաեւ՝ Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված արդար դատաքննության իրավունքի երաշխավորման անհրաժեշտությունից, ելնելով այդ բնագավառի օրենսդրական համալիր զարգացումների միասնական այն հայեցակարգից, որը բխում է դատական բողոքարկման ինստիտուտի սահմանադրականության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներից:
Այդ կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է.
- անձի (այդ թվում՝ իրավաբանական) իրավունքները եւ ազատությունները դատարանում պաշտպանելու իրավունքը,
- դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը,
- դատական պաշտպանության իրավունքը՝ հավասարության պայմաններում, արդադատության բոլոր պահանջների պահպանմամբ,
- խախտված իրավունքներն անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում եւ հրապարակային քննության միջոցով վերականգնելու իրավունքը:
Միաժամանակ, սահմանադրորեն նախատեսված է խախտված իրավունքների ու ազա տությունների դատական պաշտպանության (դրա արդյունավետության) երաշխավորմանառանձնահատուկ այնպիսի ինստիտուտ, ինչպիսին վերադաս դատարանի կողմից դատա կան ակտի վերանայման` անձի իրավունքն է (դատական բողոքարկումը (ՀՀ Սահմ. 20-րդ հոդվածի 3-րդ մաս): Վերջինս նաեւ անձի իրավունքների դատական պաշտպանության եւ արդար դատաքննության իրականացման խնդրում պետության առաջնային պարտականություն է՝ որոշակի ընթացակարգի, այդ թվում՝ դատական հնարավոր սխալների ուղղման միջոցով արդարադատության նպատակների իրագործումը: Այդպիսի ընթացակարգեր գործող օրենսդրությամբ նախատեսված են ինչպես քրեական, քաղաքացիական, այնպես էլ վարչական գործերով արդարադատության բնագավառներում: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 46-րդ եւ 48-րդ գլուխների, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ եւ 5-րդ բաժինների նորմերով են հիմնականում կարգավորվում քրեական եւ քաղաքացիական գործերով դատական բողոքարկման հետ կապված հարաբերությունները: Վարչական գործերով այդ հարաբերությունները հիմնականում կարգավորվում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19.1-րդ, 20-րդ գլուխներում, ինչպես նաեւ 4-րդ եւ 5-րդ բաժիններում ամրագրված,մասամբ էլ 24-րդ գլխի` 141-րդ հոդվածի նորմերով:
Սահմանադրական դատարանն արձանագրել է նաեւ,որ օրենքով նախատեսված կարգով բողոքարկման ենթակա են ինչպես օրինական ուժի մեջ չմտած, այնպես էլ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը (գործով ըստ էության կայացված ակտերը, ինչպես նաեւ օրենքով թվարկված միջանկյալ ակտեր), սահմանված են դատական ակտերը վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքների հիման վրա վերանայելու իրավասություն ունեցող դատարանները, ընթացակարգերը եւ արդյունքում կայացվող որոշումները, օրենքով սահմանված են դատական ակտերի բողոքարկման հիմքերը, այդ թվում` նաեւ դատական սխալի հիմքով,
Այսպես, ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերով, ինչպես նաեւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով (բացառությամբ՝ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով) դատական ակտերի բողոքարկման հիմք է ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը (հիմնարար խախտումը (ՀՀ քաղ.դատ.օր.-ի 207-րդ հոդվածի 7-րդ մաս): Ընդ որում, վերոհիշյալ օրենսգրքերով (ՀՀ քր. դատ. օր.-ի 380. 1-րդ, 406-րդ հոդվածներ եւ այլն, ՀՀ քաղ. դատ. օր.-ի 226, 227, 228-րդ հոդվածներ եւ այլն, ինչպես նաեւ ՀՀ վարչ. դատ. օր.-ի 117.4-րդ հոդված) ըստ էության կայացված դատական ակտի բեկանման (վերանայման) հիմք կարող է հանդիսանալ նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի միայն այնպիսի խախտումը, որն ազդել է գործի ելքի վրա (հանգեցրել է գործի սխալ լուծմանը): Եթե նյութական իրավունքի նորմի խախտման հիմքում օրենսդիրը դիտարկել է տվյալ նորմի ոչ ճիշտ մեկնաբանումը, նյութական իրավունքի այն նորմի կիրառումը, որը չպետք է կիրառվեր, կամ այն նորմի չկիրառումը, որը պետք է կիրառվեր, ապա դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքում նկատի են առնվել այնպիսիք, որոնք խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտմանը, խախտել են կողմերի դատավարական իրավունքները, հանգեցրել են արդարադատության սկզբունքների խախտմանը:
Այսպիսով, սահմանելով դատական ակտերի բողոքարկման ընթացակարգեր` որպես այդ ակտերը վերանայելու նախապայման (բացառությամբ նոր եւ նոր ի հայտ եկած հանգամանքներով), օրենսդիրը նկատի է ունեցել նյութական, դատավարական իրավունքի նորմերի միայն այնպիսի խախտումները, որոնց դեպքերում դրանք ազդել են գործի ելքի վրակամ հանգեցրել են գործի սխալ լուծմանը: Իսկ որոշ դեպքերում, ինչպես, օրինակ, քաղաքացիական գործով վճռաբեկ բողոքի հիմքով, օրենսդիրն արգելել է ձեւական նկատառումներով բեկանել դատարանի՝ ըստ էության ճիշտ վճիռը:
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ համարելով անդրադառնալ «դատական սխալ» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությանը, ինչպես նաեւ դրա` որպես դատական բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման հիմքում իրավաբանական կարեւոր նշանակություն ունեցող փաստի դրսեւորման շրջանակներին, գտնում է, որ այն տարածական մեկնաբանման ենթակա չէ եւ չի կարող ընկալվել որպես դատարանի կողմից թույլ տրված ցանկացած սխալ: Դատական սխալ կարող է թույլ տրվել միայն գործով ըստ էության դատական ակտի կայացման արդյունքում, այսինքն` այնպիսի ակտի, որը կոչված է լինելու լուծել գործը (քրեական, քաղաքացիական, վարչական), վերացնել դրա վիճելիությունը` որոշել կողմերի (վիճելի իրավահարաբերության մասնակիցների) իրավական անվիճելի կարգավիճակը, անձանց համար հնարավորություն ստեղծել իրացնելու իրենց իրավունքներն ու պաշտպանել օրինական շահերը, հետեւաբար՝ կոչված է իրականացնելու ՀՀ Սահմանադրության 18 եւ 19-րդ հոդվածներում ամրագրված դատական պաշտպանության կամ արդարադատության նպատակները: Այդ գործընթացում դատարանը կիրառում է ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմեր,որի արդյունքում է կայացվում դատական ակտը: Հետեւաբար, այդ ակտի օրինականության վիճարկումը դատական բողոքարկման ընթացակարգով անհրաժեշտաբար կարող է լինել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով:
Իսկ դատական սխալը, կամ նյութական, դատավարական իրավունքի նորմերի խախտման փաստը, որը հանգեցրել է տվյալ գործի սխալ լուծմանը, ենթակա է գնահատման եւ հաստատման իրավասու դատարանի կողմից՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքի քննության արդյունքում:
Այսպիսով, դատական ակտերի բողոքարկումը կարգավորելու ընթացակարգային վերոհիշյալ պայմանները նախատեսելու հիմքում պետք է ընդունվեն սկզբունքներ, որոնք կոչված են երաշխավորելու ՀՀ Սահմանադրության 3-րդ, 5-րդ (1-ին մաս), 18-րդ եւ 19-րդ հոդվածների նորմատիվ պահանջները: Սահմանադրական դատարանը գտել է, որ դատական բողոքարկման ինստիտուտի կարգավորման եւ գործադրման հիմքում պետք է իրացվեն հետեւյալ առաջնահերթ իրավապայմանները` մասնավորապես,
- անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները` որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,
- դատական բողոքարկումը, որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները` պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները (մասնավորապես` ՀՀ Սահմ. 18, 19-րդ հոդվածներ),
- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար եւ հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու եւ շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետեւաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը,
- դատական ակտերի վերանայումը (վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքի հիման վրա) որպես արդարադատական գործառույթ կարող է ծառայել վերոհիշյալ սահմանադրաիրավական խնդիրների իրագործմանը, եթե իրականացվի անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից:
Անդրադառնալով 141-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության գնահատման խնդրին` սահմանադրական դատարանն արձանագրել է նաեւ, որ ըստ իրավակարգավորման առարկայի` այն կոչված է կարգավորելու վարչական հատուկ վարույթի կարգով նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի կայացրած դատական ակտերի բողոքարկման հետ կապված հարաբերությունները` այնքանով, որքանով կապված է դատական բողոքարկման հիմքի հետ, ըստ որի` այդպիսի գործերով կայացված դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն նյութական իրավունքի խախտման հիմքով:
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով (ՍԴՈ-652, ՍԴՈ-665, ՍԴՈ-673, ՍԴՈ-719, ՍԴՈ-758, ՍԴՈ-780 եւ այլն) կարեւորել է դատական բողոքարկման ինստիտուտի արդյունավետ կիրառման օրենսդրական ապահովումը, այդ թվում՝ վարչական արդարադատության բնագավառում, խնդիրը դիտարկելով ինչպես սահմանադրական կարգի սկզբունքներին, արդարադատության նպատակներին, այնպես էլ ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարտավորություններին դրա համապատասխանությունը գնահատելու եւ ապահովելու տեսանկյունից: Մասնավորապես ընդգծվել է դատական բողոքարկման իրավունքի, որպես դատական պաշտպանության իրավունքի կարեւոր բաղադրիչի, այնպիսի իրացման անհրաժեշտությունը, որով կապահովվի «...այդ իրավունքի արդյունավետ իրացումը եւ նվազագույնի հասցվի դատական սխալների հավանականությունը» (ՍԴՈ-780): Սահմանադրական դատարանը նաեւ կարեւորել է ՀայաստանիՀանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները կատարելու, մասնավորապես` մարդու իրավունքների ու ազատություններիպաշտպանությունը ներպետական միջոցներով, այդ թվում՝ դատական, ապահովելու,ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի (2004) 20 հանձնարարականի հիման վրա վարչական ակտերի նկատմամբ դատական արդյունավետ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը` ընդգծելով, որ «...ներպետական օրենսդրությունը պետք է սահմանի բողոքարկման պայմանները ... որոնք պետք է համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին»:
Վերահաստատելով վերոհիշյալ որոշումներով արտահայտած իր իրավական դիրքորոշումները, սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը, որով ամբողջությամբ բացառվում է նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի ակտերը դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով բողոքարկելու հնարավորությունը, չի համապատասխանում արդարադատության արդյունավետության, մարդու խախտված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաեւ դատական բողոքարկման իրավունքի իրացման սահմանադրական եւ միջազգային իրավական չափանիշներին: Այն չի համապատասխանում նաեւ ՀՀիրավական համակարգում օրենքով ներդրված դատական բողոքարկման ընդհանուր հայեցակարգային մոտեցումներին:
Սահմանադրական դատարանը գտել է նաեւ, որ դատավարական որեւէ առանձնահատկություն կամ վարույթի տեսակ (հատուկ վարույթ) չի կարող օրենքով մեկնաբանվել կամ կիրառվել այնպես, որ ամբողջովին իմաստազրկվեն ՀՀ Սահմանադրության 18-րդ եւ 19-րդհոդվածներով երաշխավորված անձի հիմնական իրավունքները կամ դրանց իրացման արգելք հանդիսանա: Հետեւաբար, դատական բողոքարկման բնագավառում ՀՀ դատավարական հարաբերությունների իրավակարգավորման այն սկզբունքները, որոնք կարեւորվածեն, պետք է դրվեն այդ ինստիտուտը կարգավորող բոլոր, այդ թվում՝ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով բողոքարկման ընթացակարգային նորմերում: