Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1097-14.03.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (5 փետրվարի 1999 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 2-րդ հոդվածի 6-րդ կետից եւ 15-րդ հոդվածի 4-րդ կետից «եւ Ազգային Ժողովի` մեծամասնական ընտրակարգով» բառերը հանել:

Հոդված 2. Օրենսգրքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«Քվեարկության եւ հաշվարկի ամբողջ ընթացքը ենթակա է պարտադիր տեսաձայնագրման, որի նպատակով բոլոր ընտրատեղամասերում, առաստաղին ամրացվում են տեսախցիկներ այնպես, որ մի կողմից դրանց տեսադաշտում գտնվեն առնվազն քվեատուփը, քվեախցիկները եւ քվեաթեթիկների հանձնման սեղանները, իսկ մյուս կողմից` ապահովի քվեարկության գաղտնիությունը, այսինքն տեսանելի չլինի քվեախցիկի այն մասը, ուր ընտրողները կատարում են իրենց ընտրությունը: Տեսաձայնագրում կարող են իրականացնել նաեւ վստահված անձինք, դիտորդները եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 11-րդ կետի երկրորդ նախադասությունը հանել:

Հոդված 4. Օրենսգրքի 13-րդ հոդվածում.

ա) 1-ին կետի 2-րդ պարբերությունը հանել.

բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 եւ 1.2 կետերով.

«1.1 Ընտրողների կողմից ստորագրված ցուցակները հրապարակվում են: Տեղամասում քվեարկած ընտրողների ցուցակները (այդ թվում` լրացուցիչ ցուցակները) պատճենահանվում են եւ փակցվում ընտրական տեղամասում` տվյալ տեղամասում ընտրությունների արդյունքների ամփոփման պահից առավելագույնը 2 ժամվա ընթացքում:

1.2 Յուրաքանչյուր տեղամասային հանձնաժողովի անդամ եւ վստահված անձ իրավասու է ձայների հաշվարկի ավարտին (տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության ստորագրմանը) հաջորդող 2 ժամվա ընթացքում տեղամասային հանձնաժողովի նախագահը պարտավոր է տրամադրել տվյալ տեղամասի ընտրողների կողմից ստորագրված ցուցակների (այդ թվում` լրացուցիչ ցուցակների) պատճեն/ները: Սույն պահանջը գրանցվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի գործունեության մատյանում:»:

Հոդված 5. Օրենսգրքի 17.1-րդ հոդվածում.

ա) 1-ի կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ընտրությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում կազմավորվում են 41 ընտրատարածքներ:».

բ) 6-րդ կետից «կամ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ» բառերը հանել:

Հոդված 6. Օրենսգրքի 18-րդ հոդվածում.

ա) 3-րդ կետից հետո ավելացնել հետեւյալ բավանդակությամբ նոր պարբերություն.

«ՀՌԱՀ-ն պարտավոր է նախընտրական քարոզչությունից առաջ հրապարակել ռադիոհեռուստատեսության մոնիթորինգի եւ վերահսկողության մեթոդիկան:».

բ) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին, կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ինչպես նաեւ նրանց կամ նրանց անդամների կողմից ղեկավարվող իրավաբանական անձանց եւ նրանց ներկայացուցիչներին արգելվում է անձամբ կամ իրենց անունից կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին, համայնքներին, բոլոր տեսակի կազմակերպություններին եւ նրանց աշխատակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: Ընտրության նախորդող երեք օրերին եւ ընտրության օրը արգելվում է ցանկացած բարեգործական միջոցառման իրականացումը:».

գ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  71 կետով.

«71 . Արգելվում է թեկնածուների եւ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների գույքի, տրանսպորտային եւ այլ միջոցների օգտագործումը:»:

Հոդված 7. Օրենսգրքի 20-րդ հոդվածում.

ա) 4-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Համապետական ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո ռադիոհեռարձակող եւ հեռուստահեռարձակող բոլոր ռադիոընկերությունները եւ բոլոր հեռուստաընկերությունները պետք է հրապարակեն վճարովի եթերաժամի յուրաքանչյուր րոպեի գինը, որը մինչեւ նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել».

բ) 4-րդ կետի վերջում ավելացնել երկու նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Նախընտրական քարոզչության ժամանակ հեռուստառադիոընկերությունների գովազդի մեկ րոպեի սակագինը չի կարող գերազանցել տվյալ հեռուստառադիոընկերության վերջին 6 ամսվա ընթացքում տեղ գտած եւ տվյալ եթերաժամի համար նախատեսված առեւտրային գովազդի մեկ րոպեի միջին արժեքը: Հանրային հեռուստաընկերությամբ եւ Հանրային ռադիոյով նախընտրական քարոզչական գովազդի համար հատկացվում է այնպիսի ժամանակահատված, որպեսզի առավելագույն լայն թվով ընտրողներ հնարավորություն ստանան ծանոթանալու դրան:».

Հոդված 8. Օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ պարբերության մասնագետներ բառից հետո ավելացնել  «այդ թվում` մեկական մարդ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից)»:

Հոդված 9. Օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ նախադասությունից  «Ազգային ժողովի` մեծամասնական ընտրատարածքների կազմավորման մասին որոշմամբ» բառերը հանել:

Հոդված 10. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 9-րդ կետի առաջին նախադասությունից հետո ավելացնել հետեւյալ նախադասությունները.

«Քվեարկության գործընթացում խախտումներ նկատելու եւ հայտնաբերելու դեպքում հանձնաժողովի անդամները պարտավոր են արձանագրել դրանք: Ընդ որում, եթե հանձնաժողովի որեւէ անդամ այն արձանագրում է, ապա հանձնաժողովի մյուս անդամները կամ պետք է ստորագրեն այն կամ հրաժարվելու դեպքում` գրավոր ներկայացնեն չստորագրելու պատճառներն ու հիմնավորումները:»:

Հոդված 11. Օրենսգրքի 33.1-րդ հոդվածի 3-րդ կետից «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի նոր կամ լրացուցիչ ընտրության» բառերը հանել:

Հոդված 12. Օրենսգրքի 35-րդ հոդվածում.

ա) 1-ի կետի 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է Ազգային Ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ, իսկ դաշինքի դեպքում` դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների համատեղ` ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ նշանակված անդամներից, թվով 8 հոգուց, 5 տարի ժամկետով: Ընդ որում ԱԺ ընդդիմադիր կուսակցությունները նշանակում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 8 անդամներից 4-ին, իսկ իշխանության մասը կազմող կուսակցությունները` մյուս 4-ին: Նշված չորսական տեղերը բաշխվում են ԱԺ ընդդիմադիր եւ իշխանական կուսակցությունների միջեւ համամասնորեն: Եթե ԱԺ ընդդիմադիր/իշխանական խմբակցությւոնները 4-ից ավելին են, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մեկական անդամ են նշանակում նրանցից առավել տեղեր ունեցողները, եթե դրանք երեքն են, ապա յուրաքանչյուրի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մեկական անդամ նշանակելուց հետո մնացած մեկ տեղի վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակում նրանցից Աժ-ում առավելագույն տեղեր ունեցող կուսակցությունը, եթե դրանք երկուսն են, ապա յուրաքանչյուրը նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկուական անդամ, իսկ եթե մեկն է` նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 4 անդամներին: Նշված կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմինները իրավունք ունեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրենց նշանակած անդամին (անդամներին) ետ կանչելու եւ նրա փոխարեն մեկ այլ անդամ նշանակելու:».

բ) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ ենթակետերը.

գ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 կետով.

«1.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին հանձնաժողովի կազմից նշանակում է Հանրապետության Նախագահը, հանձնաժողովի նախագահի տեղակալին եւ հանձնաժողովի քարտուղարին հանձնաժողովի առաջին նիստում ընտրում է հանձնաժողովը` իր կազմում ընդգրկված, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներից, ընդ որում, եթե այդ կուսակցությունները մեկից ավելին են, ապա հանաձնաժողովի նախագահի տեղակալն ու քարտուղարը չպետք է լինեն նույն կուսակցության ներկայացուցիչ:».

դ)  2-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորանշանակ անդամների տվյալները նրանց նշանակած կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինները կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործող կազմին են ներկայացնում վերջինի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30, եւ որ ուշ, քան 20 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունների ավարտի ժամկետի մասին հանձնաժողովի անդամների թեկնածուներ առաջադրելու իրավասություն ունեցող կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմիններին տեղեկացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտից ոչ ուշ, քան 50 օր առաջ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագիրը հրապարակվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտից առնվազն 2 օր առաջ:»:

Հոդված 13. Օրենսգրքի 36-րդ հոդվածում.

ա) 1-ին կետի առաջին պարբերությւոնից «բացառությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ դատական ծառայողների, որոնք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակում են դատական ծառայողների կազմից» բառերը հանել.

բ) 1-ին կետի նախավերջին պարբերության «Հանրապետության նախագահը` դատական ծառայողների կազմից» բառերը փոխարինել  «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ» բառերով.

գ) 1-ին կետի վերջին պարբերությունը հանել.

դ) 2-րդ կետի վերջին պարբերության  «իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկօրյա ժամկետում այդ տվյալները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ»  բառերը հանել.

դ) ուժը կորցրած ճանաչել 5-րդ եւ 7-րդ կետերը.

ե) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ, 10-րդ եւ 11-րդ կետերով.

«9. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը իրավունք ունի նրան ետ կանչել` նրա փոխարեն նշանակելով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մեկ այլ անդամի:

10. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներին նշանակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, իսկ հանձնաժողովի նախագահի տեղակալը եւ քարտուղարն ընտրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի եւ քարտուղարի ընտրության համար սահմանված կարգով:

11. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների որոշումները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին ընդունվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների առաջին նիստի օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի որոշումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներ նշանակելու մասին ընդունվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների առաջին նիստի օրվանից ոչ ուշ, քան 2 օր առաջ:»:

Հոդված 14. Օրենսգրքի 37-րդ հոդվածում.

ա) 5-րդ կետից «հանձնաժողովի նախագահ» բառերը հանել.

բ) 6-րդ կետից «նախագահների» բառը հանել.

գ) 7-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«7. Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովը նախատեսված ժամկետում հանձնաժողովի նախագահի տեղակալ եւ քարտուղար չի ընտրում, ապա նրանց նշանակում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` սահմանված ժամկետից ոչ ուշ քան երկու օր հետո` համապատասխան հանձնաժողովի կազմում ընդգրկված ընդդիմադիր անդամներից».

դ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ, 10-րդ եւ 11-րդ կետերով.

«9. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը նշանակվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից, տեղակալը եւ քարտուղարը ընտրվում են հանձնաժողովի` կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ նշանակած ընդդիմադիր կուսակցությունները ներկայացնող անդամների կողմից:

10. Տեղամասային ընտրական հանձնաժողովում հանձնաժողովի նախագահի տեղակալը եւ քարտուղարն ընտրվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի եւ քարտուղարի ընտրության համար սահմանված կարգով` 2 օրյա ժամկետում:

11. Տեղամասային ընտրական հանձնաժողովների տեղակալների եւ քարտուղարների բաշխումն ըստ տեղամասերի կատարվում է վիճակահանությամբ` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:»:

Հոդված 15.  Օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-րդ կետից «բացառությամբ Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների» բառերը հանել:

Հոդված 16. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 4-րդ կետից «Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավոր»  բառերը հանել:

Հոդված 17. Օրենսգրքի 41-րդ հոդվածում.

ա) 1-ին կետի 9-րդ ենթակետից «եւ մեծամասնական ընտրատարածքներում գրանցված թեկնածուների»  բառերը հանել.

բ) 1-ի կետի 28-րդ ենթակետից  «Ազգային ժողովի` մեծամասնական»  բառերը հանել:

Հոդված 18. Օրենսգրքի 42-րդ հոդվածում.

ա) 1-ին կետի 14-րդ ենթակետից առաջին եւ երկրորդ նախադասությունները հանել.

բ) 1-ին կետի 19-րդ ենթակետից «մեծամասնական ընտրակարգով` Ազգային ժողովի, ինչպես նաեւ»  բառերը հանել:

Հոդված 19. Օրենսգրքի 45-րդ հոդվածում

ա) երկրորդ պարբերության ժամկետում բառից հետո ավելացնել «իսկ քվեարկության օրվան նախորդող 3 օրերին, քվեարկության օրը, ինչպես նաեւ մինչեւ ընտրության նախնական արդյունքների հրապարակման պահը անհապաղ»  բառերը.

բ) երկրորդ պարբերությունից հետո ավելացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ. «Իրավասու մարմինները պարտավոր են անհապաղ միջոցներ ձեռնարկել խախտումը կանխարգելելու եւ/կամ վերացնելու ուղղությամբ եւ ձեռնարկված գործողությունների մասին ողջամիտ ժամկետում տեղեկացնել իրավախախտման մասին ահազանգած անձին:»:

Հոդված 20. Օրենսգրքի 49.2-րդ հոդվածում.

ա) 7-րդ կետի առաջին նախադասությունից հետո ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Քվեատուփի վրա ամրացվում է հատուկ էլեկտրոնային հաշվիչ սարք, որը ֆիքսում է յուրաքանչյուր քվեածրարի մուտքը քվեատուփ եւ իր վահանակի վրա ցույց է տալիս յուրաքանչյուր պահին քվեատուփում առկա քվեածրարների թվաքանակը».

բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«Տեղամասայյին ընտրական հանձնաժողովը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով սքանավորում եւ արխիվացնում է յուրաքանչյուր ընտրողի անձնագիրը:»:

Հոդված 21. Օրենսգրքի 60-րդ հոդվածում.

ա) 2-րդ կետի 2-րդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, հաշվարկվում եւ արձանագրվում է քվեատուփում առկա ծրարների ընդհանուր թիվը, դրանք դասավորելով 100-ական կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված այլ հավասար քանակի տրցակների: Քվեաթերթիկների քանակությունը համեմատվում է ընտրողների ցուցակների մատյանում առկա ստորագրությունների թվաքանակի հետ, ինչի վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն, իսկ արձանագրության տվյալները երկու ժամվա ընթացքում փոխանցվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահը տրցակից հանում է մեկ ծրար, բարձրաձայն հայտարարում ծրարի սահմանված կամ չսահմանված նմուշի լինելու մասին:»

բ) 2-րդ կետի վերջին պարբերության «քվեատուփում» բառը փոխարինել «տրցակներում» բառով: Նույն պարբերության առաջին նախադասությունից հետո ավելացնել հետեւյալ նախադասությունը. «յուրաքանչյուր տրցակի քվեարկության արդյունքները արձանագրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:»:

Հոդված 22. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 8-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Հանձնաժողովի անդամները, վստաված անձինք եւ դիտորդները պարտավոր են ստանալ արձանագրությւունների քաղվածքները: Նշված գործողությունը արձանագրվում է գործավարության մատյանում` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:»:

Հոդված 23. Օրենսգրքի 63.1 հոդվածի վերնագրից, 1-ին, 3-րդ եւ 11-րդ կետերից «Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների եւ» բառերը հանել:

Հոդված 24. Օրենսգրքի 95-րդ հոդվածում.

ա) 1-ին կետից «եւ մեծամասնական» բառերը հանել, իսկ ընտրակարգերով բառը փոխարինել «ընտրակարգով» բառով.

բ) Ուժը կորցրած ճանաչել 2-րդ եւ 3-րդ կետերը:

Հոդված 25. Օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ կետից  «եւ միայն մեկ մեծամասնական ընտրատարածքում» բառերը հանել:

Հոդված 26. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 99-րդ հոդվածի 8-րդ կետը:

Հոդված 27. Օրենսգրքի 100-րդ հոդվածում.

ա) վերնագրից  եւ 1-ին կետից  «համամասնական ընտրակարգով» բառերը հանել.

բ) 2-րդ կետի 3-րդ նախադասության «ընտրական ցուցակի առնվազն 20 տոկոսը պետք է լինեն կանայք, ընդ որում, ընտրական ցուցակի առնվազն յուրաքանչյուր տասներորդը պետք է լինի կին» հատվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ընտրական ցուցակի առնվազն 30 տոկոսը պետք է լինեն կանայք, ընդ որում, ընտրական ցուցակի առնվազն յուրաքանչյուր չորրորդը պետք է լինի կին», որից անմիջապես հետո ավելացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ. «Ազգային Ժողովի ընտրված կին պատգամավորի կողմից մանդատը վայր դնելու դեպքում նրա փոխարեն մանդատը ստանձնում է ցուցակում հաջորդ կին թեկնածուն, իսկ այդպիսի բացակայության դեպքում` հաջորդ տղամարդ թեկնածուն:».

գ) 3-րդ կետի 2-րդ ենթակետում «համամասնական ընտրակարգով» բառերը փոխարինել «պատգամավորության»  բառով:»:

Հոդված 28. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 104-րդ, 105-րդ, 106-րդ, 107-րդ, 108-րդ, 109-րդ եւ 116-րդ հոդվածները:

Հոդված 29 Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ  կետերը:

Հոդված 30. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերը:

Հոդված 31. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 119-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ կետերը:

Հոդված 32. Սույն  օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Տեղեկանք-հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում   փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին’ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

Սույն օրենքի նախագիծը մշակվել է Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների համատեղ սկզբունքային   առաջարկությունների հիման վրա, որոնք ուղարկվել են նաեւ Վենետիկի հանձնաժողով:

Հայաստանի ընտրական օրենսդրության խնդիրների վերաբերյալ առկա են բազմաթիվ հարցադրումներ, որոնք իրենց արտացոլում են ստացել ԵԽԽՎ բանաձեւերում, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներում, ՀՀ ԱԺ մարտի 1-2 դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում, ՀՀ քաղաքական կազմակերպությունների հրապարակված քաղաքական դիրքրոշումներում:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին’ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է ամրապնդել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների կանխարգելման եւ սահամանփակման մեխանիզմների արդյունավետ գործադրման օրենսդրական հիմքերը:

Առկա բազմաբնույթ խնդիրներից ներկայումս  առավել առարկայական են.

- ՀՀ քաղաքական համակարգում կուսակցությունների դերի ոչ բավարար մակարդակը,

-  ընտրական հանձնաժողովների ձեւավորման, գործունեության եւ պատասխանատվության անհամապատասխանությունը արդար ընտրություններ անցկացնելու սկզբունքին,

-  բազմակի եւ վերահսկելի (այսպես կոչված «հեծանվային» եւ «կարուսելային») քվեարկությունների արատավոր պրակտիկայի առկայությունը,

-  քվեարկության արդյունքների հաշվառման եւ բողոքարկման անկատար համակարգը,

- նախընտրական հավասար քարոզչության ապահովման մեխանիզմի անկատարությունը,

-  ընրակաշառքների եւ ընտրախախտման այլ դեպքերի բացահայտման եւ կանխարգելման գործում իրավապահ մարմինների լիազորությունների եւ պատասխանատվության անարդյունավետ համակարգը,

-  նախընտրական քարոզչության համար ծախսված գումարների իրական վերահսկողության մեխանիզմի անկատարությունը,

- թաքնված ընտրակաշառքների բացառման մեխանիզմների բացակայությունը,

-  վարչական ռեսուրսի կիրառումը բացառող մեխանիզմների բացակայությունը,

-  քաղաքական համակարգում կանանց ներգրավման անբավարար մակարդակը:

Վերը նշված խնդիրների լուծման նպատակով ներկայացվող օրենքի նախագծով նախատեսվում է.

- ՀՀ ԱԺ 100 տոկոս համամասնական ընտրակարգի սահմանում,

-  ընդդիմադիր եւ իշխանական խմբակցությունների հավասար թվով մասնակցության սկզբունքի հիման վրա ընտրական հանձնաժողովների ձեւավորման նոր կարգի, ինչպես նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ արագ արձագանքելու պարտականության սահմանում,

- վերահսկելի, բազմակի քվեարկությունների եւ լցոնումների բացառման նպատակով ընտրական գործընթացի կազմակերպման, քվեարկության եւ քվեարկության արդյունքների հաշվառման մեխանիզմների կատարելագործում,

- կանանց ներգարավածության մեծացում ընտրացուցակներում մինչեւ 30 տոկոս,

- եւ այլն: