«Մշակույթի պահպանման, զարգացման եւ տարածման 2004 թվականի պետական ծրագիրը» (այսուհետ` Ծրագիր) մշակվել է Հայաստանի Հանրապետությունում միասնական մշակութային քաղաքականություն իրականացնելու նպատակով:
Մշակույթի պահպանման, տարածման եւ զարգացման պետական ծրագրում ներառված են պետական մշակութային քաղաքականության կազմակերպման եւ իրականացման հիմնական առաջնային ուղղությունները եւ անհրաժեշտ միջոցառումները:
Ծրագիրը նպատակաուղղված է մշակույթի բնագավառում բարեփոխումների իրականացման ու կայուն զարգացման համար հիմք ստեղծելուն:
I. Ծրագրի հիմնական նպատակները եւ խնդիրները
Ծրագրի հիմնական նպատակներն են`
- Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության եւ մշակութային ներուժի պահպանումը, մշակութային կյանքի բազմազանության աջակցմանը զուգընթաց հայկական մշակույթի ավանդական ձեւերի զարգացման ապահովումը.
- յուրաքանչյուր անհատի, անկախ նրա բնակավայրից եւ սոցիալական խմբի պատկանելությունից, մշակութային արժեքներին հաղորդակցվելու մատչելիության եւ մշակութային միջավայրի ամբողջականության ապահովումը.
- հասարակության արդիականացումն ապահովող արժեքների նկատմամբ անհատի եւ սոցիալական խմբերի կողմնորոշման ձեւավորումը.
Ծրագիրը կողմնորոշված է մշակույթի բնագավառի շարունակական բարեփոխումներին եւ կոչված է ապահովել.
- պետության երաշխավորված աջակցությունը մասնագիտական ստեղծագործական գործունեությանը, նրա զարգացմանը նպաստող պայմանների ստեղծումը եւ քաղաքացիների մասնակցությունը մշակութային կյանքին.
- մշակույթի բնագավառի ենթակառուցվածքների ամրապնդումը եւ զարգացումը, պետական թանգարանային, գրադարանային եւ արխիվային հավաքածուների տեղեկատվական համակարգերից եւ մշակութային բարիքներից քաղաքացիների հաղորդակցման մատչելի պայմանների ստեղծումը.
- կինոարվեստի կայուն զարգացումը, արտադրության, վարձույթի եւ տեսալսողական արտադրանքի ոլորտների փոխազդեցություններում շուկայական մեխանիզմների ակտիվացումը.
- թատերարվեստի, երաժշտարվեստի, կերպարվեստի, կրկեսային արվեստի կայուն զարգացումը.
- գեղարվեստական կրթության պահպանումը եւ զարգացումը.
- քաղաքացիական հասարակության ձեւավորման եւ ամրապնդման մեջ մշակույթի դերի բարձրացումը.
- մշակույթի զարգացման առաջնային ուղղություներում բյուջետային միջոցների կենտրոնացումը եւ արդյունավետ օգտագործումը:
II. Ծրագրի ֆինանսական ապահովումը
Ծրագրի միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեից եւ այլ աղբյուրներից:
Ծրագրի ֆինանսավորման ծավալը կազմում է ՀՀ պետական բյուջեից` 2 957 085.4 հազար դրամ, այլ աղբյուրներից` 665 211.5 հազար դրամ:
III. Ծրագրի իրականացման մեխանիզմները
Ծրագիրն իրականացվում է պայմանագրերի հիման վրա, որոնք կնքվում են մշակույթի ոլորտում ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ կատարողների միջեւ:
Ծրագրի իրականացման մեխանիզմները նախատեսում են`
- աշխատանքային փաստաթղթերի կազմում.
- բոլոր ենթածրագրերում միջոցառումների կազմակերպման ժամանակ աշխատանքային պլանների կազմում.
- որոշակի միջոցառումների իրականացման նպատակով մրցույթների անցկացման ժամանակացույցի կազմում.
- ենթածրագրերի միջոցառումերի անցկացման ժամանակացույցի կազմում եւ կատարողների հետ պայմանագրերի կնքում.
- յուրաքանչյուր միջոցառման աշխատանքների ցանկի կազմում եւ ֆինանսավորման ծավալների ու աղբյուրների ճշգրտում:
IV. Ծրագրի իրականացման արդյունավետության գնահատումը
Ծրագրի իրականացումը նախատեսում է մշակույթի սոցիալական դերի հետագա բարձրացում.
- ստեղծագործական գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծում, ազգային մշակույթի ինտեգրումը համաշխարհային գործընթացներին, մշակութային փոխանակությունների նոր ձեւերի եւ ուղղությունների յուրացում.
- հասարակության համար մշակութային արժեքների եւ տեղեկատվության մատչելիություն.
- տնտեսական գործընթացների ակտիվացումը մշակույթի զարգացման գործում, մշակույթի բնագավառում ոչ պետական միջոցների ներգրավման աճ.
- աշխատանքի ազատ շուկայի պայմաններում ստեղծագործող երիտասարդ մասնագետների մրցունակության ապահովում, երիտասարդության գեղագիտական դաստիարակության զարգացում.
- բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացում, նյութատեխնիկական բազայի արդիականացում:
V. Ծրագրային միջոցառումների համակարգը
Մշակույթի պահպանման, տարածման եւ զարգացման 2004 թվականի պետական տարեկան ծրագիրը կազմված է հետեւյալ ենթածրագրերից եւ նրանցում ներառված բաժիններից.
1. Մշակութային ժառանգության պահպանություն.
1.1. Արխիվային հավաքածուի պահպանություն
1.2. Պատմամշակութային անշարժ հուշարձանների պահպանություն.
2. Արվեստ.
2.1. Կինոարվեստ.
2.2. Միջազգային համագործակցություն.
3. Մշակութային կրթություն.
4. Հրատարակչական գործ եւ տեղեկատվության ձեռքբերում.
1. «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ»
ԵՆԹԱԾՐԱԳԻՐ
«Մշակութային ժառանգության պահպանություն» ենթածրագիրը նպատակաուղղված է`
- Հայաստանի Հանրապետության թանգարանային, գրադարանային եւ արխիվային հավաքածուների պահպանվածության ապահովմանը.
- Հայաստանի Հանրապետության թանգարանային, գրադարանային եւ արխիվային հավաքածուների անվտանգության համակարգերի ստեղծմանը` ժամանակակից տեխնոլոգիական եւ տեխնիկական միջոցների օգտագործմամբ.
- Հայաստանի Հանրապետության թանգարանային, գրադարանային եւ արխիվային հավաքածուների համալրման ապահովմանը.
- Թանգարանային ժամանակակից ցուցադրությունների կազմակերպմանը.
- Թանգարանային առարկանների եւ թանգարանային հավաքածուների հանրահռչակման եւ պետական հաշվառման համակարգում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը.
- Գրադարանային տեղեկատվական համակարգի կատարելագործմանը.
- Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուների տեղեկատվական միասնական շտեմարանի ստեղծմանը.
- Մշակութային արժեքների վերականգնողական աշխատանքներ իրականացնող կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը.
- Թանգարանային, գրադարանային եւ արխիվային գործի զարգացմանը նպաստող տարածաշրջանային, միջազգային ծրագրերի եւ համագործակցության մասնակցությանը.
- Հայաստանի Հանրապետությունում թանգարանների, գրադարանների եւ արխիվների գործնեությունը կարգավորող իրավական ակտերի, նորմատիվային փաստաթղթերի մշակմանը:
«Մշակութային ժառանգության պահպանություն» ենթածրագրով նախատեսվող միջոցառումները համաձայն հավելված 1-ի:
1.1 «ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ»
բաժին
«Արխիվային հավաքածուի պահպանություն» բաժնի հիմնական նպատակներն են`
- Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի)՝ որպես հայոց պետականության կարեւորագույն տարրերից եւ խորհրդանիշներից մեկի եւ հայ ժողովրդի հոգեւոր, պատմամշակութային ժառանգության բաղկացուցիչ մասի պահպանումն ու համալրումը.
- Արխիվային փաստաթղթերի վերականգնումը, դրանց համակարգումն ու ապահովագրական նկատառումներով բնօրինակ փաստաթղթերի պատճենների ստեղծումը` ազգային արխիվային ֆոնդի պահպանության եւ պահպանվածության ապահովման նպատակով.
- արխիվային գործի զարգացման բնագավառում ռազմավարության, համակարգի գործունեության հիմնական ուղղություններով իրականացվող ընթացակարգերը կանոնակարգող օրենսդրական դաշտի ապահովումը, արխիվային ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործումը.
- պետությանը եւ քաղաքացիներին արխիվային տեղեկատվությամբ ապահովումը, քաղաքացիների համար արխիվային փաստաթղթերի մատչելիության, դրանցում ամփոփված տեղեկատվության ստացման, օգտագործման, տարածման եւ հանրահռչակման հնարավորությունների ընդլայնումը.
- ոլորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման միջոցառումների իրականացումը, արխիվային փաստաթղթերի պահպանության պայմանների ապահովումը.
- արխիվային փաստաթղթերի ֆիզիկական վիճակի բարելավմանն ուղղված համալիր աշխատանքների (վերականգնում-վերանորոգում, ապահովագրական ֆոնդի ստեղծում, ախտահանում, կազմապատում) իրականացումը.
- արխիվային շենքերի ու շինությունների հիմնանորոգումը, արխիվների շենքային ու նյութատեխնիկական պայմանների բարելավումը.
- ՀԱԱՖ-ի փաստաթղթերի պետական հաշվառման կազմակերպման կատարելագործումը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման եւ արխիվային ֆոնդերի կենտրոնացված հաշվառման ինքնաշխատ (ավտոմատացված) համակարգի ստեղծման համար.
- տեղեկատու-որոնողական համակարգի զարգացումը (ավտոմատացումը)
- հայ պատմագրության արդիական հիմնախնդիրների վերաբերյալ փաստաթղթային սկզբնաղբյուրների հրատարակման կազմակերպումը, գիտամշակութային, կրթական, քարոզչական եւ օրենքով չարգելված այլ նպատակներով արխիվային հետադարձ փաստաթղթային տեղեկատվության օգտագործումը.
- արխիվային գործի բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը, միջազգային կազմակերպությունների (Արխիվների միջազգային խորհուրդ, «Եվրասիկա» բաժանմունք) աշխատանքին մասնակցությունը.
- արխիվային համակարգում տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը` բնօրինակին համարժեք մեքենաընթեռնելի (էլեկտրոնային) փաստաթղթերի տվյալների կենտրոնացած շտեմարանի ստեղծման ու տեղեկատվական պաշարների մատչելիության ապահովման նապատակով.
- ոլորտի աշխատողների որակավորման, վերաորակավորման պատրաստման համակարգի ստեղծումը եւ կիրարկումը, արխիվային կադրերի ամրապնդման եւ աշխատողների սոցիալական պայմանների բարելավումը:
«Հայաստանի ազգային արխիվի պահպանում»
բաժնի միջոցառումները համաձայն հավելված 2-ի:
1.2. «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ»
բաժին
Պատմամշակությաին անշարժ հուշարձանների պահպանության ոլորտի հիմնական խնդիրներն են`
- պետական հաշվառում, պահպանական գոտիների նախագծերի կազմում եւ հուշարձանների պետական կադաստրի վարում.
- հուշարձանների ուսումնասիրում, վկայագրում, հաշվառում, պահպանական գոտիների նախագծում, պետական ցուցակների կազմում եւ տեղեկատվական բազայի ստեղծում.
- պատմամշակութային անշարժ հուշարձանների գիտատեղեկատու շտեմարանի ստեղծում.
- պետական եւ ոչ պետական սեփականության, օգտագործվող եւ չօգտագործվող հուշարձանների պահպանություն.
- զբոսաշրջիկության երթուղիներում ընդգրկված հուշարձանների բարեկարգում, այցելուների սպասարկման կազմակերպում, համապատասխան ուղեցույցների եւ տեղեկատու վահանակների ապահովում.
- Ապահովել պատմամշակութային եւ բնապատմական արգելոցների, արգելոցների թանգարանների ֆոնդերի համալրում եւ թանգարանային արժեքների լուսանկարում, վավերագրում, վկայագրում ու վերականգնում, գիտահետազոտական եւ գիտաճանաչողական աշխատանքների կազմակերպում.
- նշանավոր հուշարձանների եւ համակառույցների վերաբերյալ հանրամատչելի տեղեկատու ուղեցույցների եւ բուկլետների պատրաստում ու հրատարակում.
- «Լինսի» հիմնադրամի միջոցներով նորոգված արգելոցների թանգարաններում («Զվարթնոց», «Էրեբունի», «Կարմիր Բլուր», «Շենգավիթ») ցուցադրության համար օժանդակ նյութերի ապահովում.
- արգելոցների թանգարաններում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, անհրաժեշտ տեղեկատվական բազայի ստեղծում, հնագիտական եւ այլ թանգարանային արժեքների վերականգնման արհեստանոց-լաբորատորիայի կահավորում, անհրաժեշտ սարքավորումների եւ կահույքի ձեռքբերում, թանգարանների հակահրդեհային եւ պահակային ազդանշանային համակարգի ստեղծում.
- ՅՈՒՆԵՍԿՕ եւ ԻԿՈՄՈՍ միջազգային կազմակերպությունների, Հայաստանի ազգային հանձնաժողովների հետ համագործակցության զարգացում, պատմամշակութային ժառանգության պահպանության, վերականգնման եւ նպատակային օգտագործման խնդիրների վերաբերյալ միջազգային գիտաժողովների եւ սեմինարների մասնակցություն.
- հուշարձանների հետազոտման, ամրակայման եւ վերականգնման ծրագրի մշակում` միջազգային դրամաշնորհներ եւ հովանավորչական ու նվիրատվական ֆինանսավորում ստանալու նպատակով:
«Պատմամշակութային անշարժ հուշարձանների պահպանություն» բաժնի միջոցառումները համաձայն հավելված 7-ի:
2. «ԱՐՎԵՍՏ»
ԵՆԹԱԾՐԱԳԻՐ
«Արվեստ» ենթածրագիրը նպատակաուղղված է`
- պահպանելու հայրենական թատերարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, կերպարվեստի ավանդույթները.
- ստեղծելու արվեստի ճյուղերի ու ժանրերի զարգացմանը խթանող պայմաններ,
- աջակցելու թատերահամերգային կազմակերպություններին` խաղացանկերն ու երկացանկերը նոր բեմադրություններով ու համերգային ծրագրերով համալրման նպատակով,
- ստեղծելու հավասար պայմաններ` սոցիալ-ստեղծագործական պետական պատվերով նոր ներկայացումների բեմադրման, համերգային ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ մրցութային եղանակով հասարակական պահանջ ներկայացնող դրամատիկական, երաժշտական ստեղծագործությունների ձեռքբերման համար,
- ներկայացնելու հայկական մշակույթը միջազգային հանրությանը,
- ապահովելու երիտասարդ ստեղծագործողների մրցունակությունը շուկայական հարաբերություններում,
- աջակցելու թատերահամերգային կազմակերպությունների հյուրախաղային գործունեությանը,
- աջակցելու կրկեսային արվեստի զարգացմանը, ազգային կրկեսային խմբի ձեւավորմանը,
- աջակցելու մշակութային միջոցառումների, մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների, հայ մշակույթի, հասարակական-քաղաքական գործիչների եւ մշակութային նշանավոր իրադարձությունների, հոբելյանների կազմակերպմանն ու անցկացմանը:
«Արվեստ» ենթածրագրով նախատեսվող միջոցառումները համաձայն հավելված 3-ի:
2.1. «ԿԻՆՈԱՐՎԵՍՏ»
բաժին
«Կինոարվեստ» բաժնի
հիմնական նպատակն է`
- ապահովել կինոտարեգրության պետական լրիվ ֆինանսավորումը,
- ապահովել հայրենական խաղարկային եւ անիմացիոն կինոարտադրության պետական մասնակի ֆինանսավորումը` միջազգային չափորոշիչներին համապատասխան,
- ստեղծել հավասար պայմաններ ներկայացվելիք կինոնախագծերը մրցութային հիմունքով ընտրելու համար,
- իրականացնել մրցույթով ընտրված կինոնախագծերի ֆինանսավորումը կինոարտադրության վերջնական արժեքի մինչեւ 70%-ի չափով` կինոադյունաբերողների /համակինոարդյունաբերողների/ կողմից նախահաշվային վերջնական արժեքի 30%-ի չափով ապահովման դեպքում` յուրաքանչյուր կինոնկարի արտադրության ծախսերի մասնակի կամ լրիվ փոխհատուցման հնարավորությունը կանխատեսելու պայմանով,
- խթանել մանուկների եւ պատանիների համար հայկական կինոնկարների, ինչպես նաեւ կինոնկար-դեբյուտների ստեղծմանը,
- աջակցել միջազգային կինոփառատոներին եւ կինոշուկաներին Հայաստանի Հանրապետության մասնակցությանը:
«Կինոարվեստ» բաժնի միջոցառումները համաձայն հավելված 4-ի:
2.2. «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
բաժին
Մշակույթի ոլորտում միջազգային գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային համաձայնագրերին, պետական ծրագրերին համապատասխան եւ նպատակաուղղված է արտասահմանյան պետություններում հայկական մշակույթի եւ արվեստի, ինչպես նաեւ՝ Հայաստանի Հանրապետությունում արտասահմանյան պետությունների մշակույթի եւ արվեստի ներկայացմանը, Սփյուռքի հետ մշակութային հարաբերությունների զարգացմանը:
Միջազգային մշակութային համագործակցության շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում միջազգային մշակութային համագործակցության զարգացմանը, խրախուսվում քաղաքացիների եւ կազմակերպությունների ինքնուրույն եւ ուղղակի մասնակցությունը միջազգային մշակութային փոխանակումներին:
«Միջազգային համագործակցություն» բաժնի միջոցառումները համաձայն հավելված 3-ի:
3. «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ»
ԵՆԹԱԾՐԱԳԻՐ
«Մշակութային կրթություն» ենթածրագրով նախատեսվում է մշակութային կրթության ոլորտի գործունեության անհրաժեշտ իրավական, կազմակերպական եւ տնտեսական պայմանների բարելավում:
«Մշակութային կրթություն» ենթածրագրի հիմնական նպատակներն են`
- մշակույթի ոլորտում բազմամակարդակ մասնագիտական կրթության զարգացում եւ մասնագետների պատրաստում.
- մշակութային ուսումնական հաստատությունների ծրագրերում նոր մեթոդների ներդրում.
- գիտական եւ գիտահետազոտական գործունեության աջակցում.
- մշակույթի կրթական հաստատություններում նոր մասնագիտությունների ներդրում.
- մշակույթի կրթական հաստատությունների նյութատեխնիկական հագեցվածության բարելավում.
- մշակույթի ոլորտում կրթական համագործակցության ընդլայնում:
«Մշակութային կրթություն» ենթածրագրի միջոցառումները համաձայն հավելված 5-ի:
4. «ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ»
ԵՆԹԱԾՐԱԳԻՐ
Հրատարակչական գործին պետական աջակցությունն ուղղված է գրքի նկատմամբ հասարակական պահանջից, խնդրի սոցիալական ուղղությունից եւ գրաշուկայի պայմաններից:
«
Հրատարակչական գործ եւ տեղեկատվության ձեռքբերում» ենթածրագիրը նպատակաուղղված է`
- ձեւավորելու համահայկական հրատարակչական դաշտը, զարգացնելու սփյուռքի հետ համագործակցությունը.
- խթանելու գրքի առեւտուրը, իրականացնելու գրավաճառ շուկայի ձեւավորման հետ կապված միջոցառումները.
- ստեղծելու պայմաններ միջազգային ցուցահանդեսներին հայ գիրքն ըստ արժանվույն ներկայացման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառների կազմակերպման համար.
- հրատարակելու Հայաստանում լույս տեսած գրքերի ընթացիկ կատալոգը.
- իրականացնելու հանրապետությունում թղթային եւ այլ նյութական կրիչներով ամեն տեսակի հրատարակությունների, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին լույս տեսած հրատարակությունների մատենագիտական ու վիճակագրական պետական գրանցումը, հաշվառումը, պահպանությունը եւ համալրելու այդ հրատարակություններով Հայաստանում անձեռնմխելի ֆոնդը,
- ապահովելու ազգային մատենագիտության ընթացիկ զարկերի հայ տպագրության տարեգրքերի, ինչպես նաեւ մատենագիտական այլ ցանկերի ու ժողովածուների կազմումը, հրատարակումը, տարածումը թղթային եւ այլ նյութական կրիչներով ու էլեկտրոնային միջոցներով մատենագիտական տեղեկատվության տվյալների պետական պաշարների, ինչպես նաեւ մատենագիտական տեղեկատվության համահայկական միասնական տարածքի ստեղծումն ու համալրումը.
- կազմելու եւ հրատարակելու Հայաստանում լույս տեսած պարբերական հրատարակությունների վերաբերյալ տարեկան վիճակագրական տվյալները.
- ստեղծելու եւ շահագործելու ազգային մատենագիտության էլեկտրոնային շտեմարանը,
- կազմակերպելու Հայաստանում գրքի միջազգային ստանդարտ համարակալման /ISBN/ , երաժշտական հրատարակությունների միջազգային ստանդարտ համարակալման /ISMM/ եւ պարբերականների միջազգային ստանդարտ համարակալման /ISSN/ ազգային գործակալությունների աշխատանքները.
- նախատեսելու լրատվական ոլորտում ոչ պետական մամուլին հատկացվելիք օժանդակության նոր սկզբունքներ.
- ապահովելու տեղեկատվություն ստանալու քաղաքացիների սահմանադրական իրավունքը, ինչպես նաեւ հրատարակչություններիեւ ԶԼՄ-ների անկախությունը:
«Հրատարակչություն» ենթածրագրի միջոցառումների ցանկը համաձայն հավելված 6-ի: