ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 75-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ, նոր` 7-րդ մասով`
«7. Սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված` սույն օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետը հաշվարկվում է այդ հանցագործությունների հետեւանքով անչափահաս տուժողի /տուժողների/ տասնութը տարին լրանալու օրվանից:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 76-րդ հոդվածի երրորդ մասի 4-րդ կետում «139-րդ հոդվածի երրորդ մասով» բառերից հետո ավելացնել «141-րդ հոդվածի երրորդ մասով» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 138-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ կետերով`
«6) կատարվել է հղի կնոջ նկատմամբ,
7) կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կամ դրանք գործադրելու սպառնալիքով,
8) կատարվել է ուղղիչ հիմնարկներում, կալանավորվածներին պահելու վայրերում կամ ձերբակալվածներին պահելու վայրերում, զորամասերում, կարգապահական գումարտակներում, բուժհաստատություններում` տուժողի կախվածությունն օգտագործելով:
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է`
1) երեխայի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից կամ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության եւ /կամ/ խնամքի պարտականություն,
2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ`
պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեք տարի ժամկետով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 139-րդ հոդվածում`
1) 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.Սեքսուալ բնույթի` այդ թվում համասեռական գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով`
2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ կետերով`
«6) կատարվել է հղի կնոջ նկատմամբ,
7) կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կամ դանք գործադրելու սպառնալիքով,
8) կատարվել է ուղղիչ հիմնարկներում, կալանավորվածներին պահելու վայրերում կամ ձերբակալվածներին պահելու վայրերում, զորամասերում, կարգապահական գումարտակներում, բուժհաստատություններում` տուժողի կախվածությունն օգտագործելով
3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է`
1) երեխայի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից կամ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության եւ /կամ/ խնամքի պարտականություն,
2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ`
պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեք տարի ժամկետով:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 140-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 140. Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը
1. Անձին սեքսուալ բնույթի` այդ թվում համասեռական գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են`
1) անչափահասի նկատմամբ,
2) երկու կամ ավելի անձանց նկատմամբ կամ միեւնույն անձի նկատմամբ` պարբերաբար,
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են`
1) երեխայի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից կամ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության եւ /կամ/ խնամքի պարտականություն,
2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ,
պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեք տարի ժամկետով:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 141-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 141. Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ
1. Տասնութ տարին լրացած անձի կողմից սեքսուալ բնույթի գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ` սույն օրենսգրքի 138-րդ կամ 139-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են`
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ կամ միեւնույն անձի նկատմամբ` պարբերաբար
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ,
պատժվում է ազատազրկմամբ` չորսից յոթ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են`
1) երեխայի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից կամ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության եւ /կամ/ խնամքի պարտականություն,
2) տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ,
պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասներկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով երեք տարի ժամկետով:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 142-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 142. Անառակաբարո գործողությունները
1. Տասնութ տարին լրացած անձի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը` սույն օրենսգրքի 138-141-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են`
1) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
2) երկու կամ ավելի անձանց նկատմամբ կամ միեւնույն անձի նկատմամբ` պարբերաբար
3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
4) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ`
պատժվում են ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են`
1) երեխայի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից կամ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության եւ /կամ/ խնամքի պարտականություն,
2) տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ`
պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեք տարի ժամկետով:
ՀՈԴՎԱԾ 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՄՓՈՓԱԹԵՐԹԻԿ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան | 1. Օրինագծի հոդվածներ 1, 2, 3, 4 եւ 5-ից հանել «առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերը: | ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 52-ի 2-րդ կետում լրացուցիչ պատիժը սահմանվում է մեկից երեք տարի ժամկետով եւ այդ պատճառով պատգամավորի առաջարկությունն ընդունվել է այլ խմբագրությամբ: |
Հեղինակ | 1.Խմբագրել օրինագծի 6-րդ հոդվածը (Տես` Հոդված 1): | Ընդունվել է |
2.Օրինագիծը լրացնել նոր հոդված 2-ով` «Օրենսգրքի հոդված 76-ի երրորդ մասի 4-րդ կետում «139-րդ հոդվածի երրորդ մասով» բառերից հետո ավելացնել «141-րդ հոդվածի երրորդ մասով» բառերը: | ||
3. Հոդված 1-ի երրորդ մասի 2-րդ կետից, հոդված 2-ի երրորդ մասի 2-րդ կետից, հոդված 3-ի երրորդ մասի 2-րդ կետից, հոդված 4-ի երրորդ մասի 2-րդ կետից եւ հոդված 5-ի երրորդ մասի 2-րդ կետից հանել «առավելագույնը» եւ «կամ առանց դրա» բառերը: | Ընդունվել է | |
4. Հոդված 1-ի երկրորդ մասի 8-րդ կետը եւ հոդված 2-ի երկրորդ մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «կատարվել է ուղղիչ հիմնարկներում, կալանավորվածներին պահելու վայրերում կամ ձերբակալվածներին պահելու վայրերում, զորամասերում, կարգապահական գումարտակներում, բուժհաստատություններում` տուժողի կախվածությունն օգտագործելով»: | Ընդունվել է |