Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-1092-23.02.2011,18.03.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ

Հոդված 1. Սույն օրենքի նպատակը եւ կարգավորման առարկան

1. Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29 հոդվածով եւ միջազգային պայմանագրերով սահմանված հավաքների ազատության՝ հավաք կազմակերպելու եւ հավաքին մասնակցելու  իրավունքի ապահովումն է։

2. Սույն օրենքը կարգավորում է հավաքների ազատությունն իրականացնելու եւ պաշտպանելու պայմաններն եւ կարգը:

Հոդված 2. Հավաքի հասկացությունը

1. Սույն օրենքի իմաստով հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ եւ առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որեւէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձեւավորելու կամ արտահայտելու մտադրությամբ։

2. Հավաքը հանրային է, եթե դրա մասնակիցների շրջանակը անհատապես որոշված չէ:

3. Հավաքն իրականացվում է մեկ վայրում հավաքվելու կամ մեկ վայրից մյուսը տեղաշարժվելու միջոցով (երթ)։

4. Հավաքի վայրը պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ եւ այլն) կամ շինություն է, որը հավաքի անցկացման նպատակով մատչելի է յուրաքանչյուրի համար։

5. Շինությունը բոլոր կողմերից միջնորմված, եւ, որպես կանոն, ծածկ ունեցող տարածք է։

Հոդված 3. Սույն օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է ոչ հանրային հավաքների վրա միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում:

 2. Շինություններում անցկացվող հավաքների վրա տարածվում են սույն օրենքի 1-ին գլխի դրույթները, ինչպես նաեւ սույն օրենքի 29-ից - 34-րդ հոդվածների դրույթները այնքանով, որքանով դրանց նորմերը իրենց էությամբ կիրառելի են «mutatis mutandis» շինություններում անցկացվող հավաքների նկատմամբ։

Հոդված 4. Համաչափության եւ այլ հիմնարար սկզբունքներ

1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները ու պաշտոնատար անձինք սույն օրենքով սահմանված իրեն լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության եւ վարչարարության մյուu հիմնարար uկզբունքներով` համաձայՆ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի։

Հոդված 5. Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը

1. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ պետական անվտանգության եւ հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության (այսուհետ՝ հանրության շահեր), այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը (այսուհետ՝ այլ անձանց սահմանադրական իրավունքներ) գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։

2. Արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։

Հոդված 6. Հավաքներին մասնակցելու իրավունքը

1. Հավաքներին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` հավաքի մասնակից)։

2. Ոչ ոք իրավունք չունի պարտադրել անձին մաuնակցելու որեւէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որեւէ հավաքի։

3.Հավաքի մասնակից է այն անձը, ով հավաքի անցկացման ժամանակ գտնվում է հավաքի վայրում` հավաքին մասնակցելու նպատակով:

4. Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման վայրում հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնելու կամ աշխատանքային պարտականությունները կատարելու, ստեղծագործական գործունեություն կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ գործունեություն իրականացնելու նպատակով գտնվող անձինք, ինչպես նաեւ հավաքի լուսաբանման նպատակով ներկա գտնվող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

Հոդված 7. Հավաքի կազմակերպիչը

1. Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաեւ ցանկացած իրավաբանական  անձ։

2. Հավաքի կազմակերպիչը հավաքի ղեկավարն է։ Եթե հավաքը կազմակերպվում է իրավաբանական  անձի կողմից, ապա հավաքի ղեկավարը իրավաբանական անձի ղեկավարն է։ Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի։

3. Եթե հավաքի ղեկավարի պարտականությունները փաստացի իրականացնում է այլ անձ, ապա նա իրականացնում է սույն օրենքով հավաքի ղեկավարի համար սահմանված իրավունքները եւ պարտականությունները։

Հոդված 8. Հավաքներին մասնակցելու եւ հավաքներ կազմակերպելու սահմանափակումները

1. Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, փրկարարական ծառայությունում ծառայողները, ինչպես նաեւ սահմանադրական դատարանի անդամներն եւ դատավորները իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս իրավունք չունեն մասնակցել հավաքների։ Հավաքներին մասնակցելիս նրանք պետք է քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն ցուցաբերեն։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք իրավունք չունեն կազմակերպել այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել նրանց քաղաքական չեզոքությունը։

3. Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում եւ փրկարարական ծառայությունում ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցել ծառայողական համազգեստով։

4. Մինչեւ 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։

Գլուխ 2. Իրազեկմամբ անցկացվող հանրային հավաքներ

Հոդված 9. Հանրային հավաքի անցկացման մասին իրազեկումը

1. Հանրային հավաք (այսուհետ` հավաք) անցկացնելու համար կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին, բացառությամբ մինչեւ 100 մասնակից ունեցող, շտապ եւ ինքնաբուխ հավաքների։

Հոդված 10.  Իրազեկման նպատակը

1. Իրազեկման նպատակը պետության կողմից հավաքի բնականոն եւ խաղաղ ընթացքն ապահովելու, ինչպես նաեւ այլ անձանց սահմանադրական իրավունքների ու հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելն է։

Հոդված 11. Լիազոր մարմինը

1. Իրազեկումը քննարկող լիազոր մարմինը համայնքի ղեկավարն է (այսուհետ` լիազոր մարմին) կամ նրա կողմից լիազորված անձը։

Հոդված  12. Իրազեկում ներկայացնելու ժամկետը

1. Իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր եւ ոչ շուտ, քան 30 օր առաջ։

Հոդված 13. Իրազեկումը ներկայացնելու ձեւը

1. Իրազեկումը ներկայացվում է գրավոր` անձամբ կամ փոստով։

Հոդված 14.  Իրազեկմանը ներկայացվող պահանջները

1. Իրազեկման մեջ պետք է նշվի.

1) հավաքի վայրը,

2) հավաքի սկզբի եւ ավարտի մոտավոր ժամանակը,

3) հավաքի նպատակը,

4) մասնակիցների սպասվող թիվը,

5) հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաները կամ տեխնիկական միջոցները,

6) կարգադրիչների նախատեսվող թիվը,

7) երթի դեպքում՝ երթի ուղին եւ ժամանակացույցը,

8) կազմակերպիչների անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները (կցելով փաստաթղթի պատճենը), հեռախոսահամարները, փոստային եւ էլեկտրոնային հասցեները, իսկ եթե կազմակերպիչն ու հավաքի ղեկավարը  տարբեր անձինք են` նաեւ հավաքի ղեկավարի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները, փոստային հասցեն եւ առկայության դեպքում` հեռախոսահամարները եւ էլեկտրոնային հասցեն։

2. Իրավաբանական անձի կողմից հավաք կազմակերպվելու դեպքում իրազեկման հետ ներկայացվում է նաեւ այդ մաuին իրավաբանական անձի ղեկավար մարմնի կամ կառավարման մարմնի որոշումը։

3. Եթե հավաքի վայրը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք է, որը հանձնված է վարձակալության, կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք կամ շինություն է, ապա իրազեկման հետ ներկայացվում է նաեւ վարձակալի կամ սեփականտիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի անցկացման վերաբերյալ։

4. Եթե հավաքի կազմակերպչի 14 տարին չի լրացել, ապա նա ներկայացնում է նաեւ իր օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությունը:

5. Կազմակերպիչը պարտավոր է սույն հոդվածի 1–ին մասում նշված  տվյալներում փոփոխությունների մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան հավաքը սկսելուց 24 ժամ առաջ տեղեկացնել լիազոր մարմնին։ Այդ փոփոխությունները չեն կարող փոխել ի գիտություն ընդունված հավաքի էությունը։

6. Եթե կազմակերպիչը փոխում է սույն հոդվածի 1–ին մասի 1-ին, 2-րդ եւ 7-րդ կետերում նշված  տվյալներից որեւէ մեկը, որը փոխում է հավաքի էությունը, ապա դա համարվում է նոր իրազեկում։

7. Եթե իրազեկումը պարունակում է ձեւական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա լիազոր մարմինը դրանք մատնացույց է անում ՝ նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք՝ կազմակերպչին նախապես կամ հետագայում իրազեկելով այդ մասին։  Եթե իրազեկման մեջ նշված տվյալները ամբողջական չեն, ապա լիազոր մարմինը կազմակերպչին առաջարկում է իր կողմից սահմանված ժամկետում համալրել դրանք։

Հոդված 15. Իրազեկումների մուտքագրումը

1. Լիազոր մարմնին ներկայացված իրազեկումները գրանցվում են այդ նպատակով վարվող հատուկ գրանցամատյանում` ըuտ դրանք uտանալու հերթականության, իuկ դրանց պատճենները փակցվում են լիազոր մարմնի վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեuանելի տեղում։ Եթե լիազոր մարմինն ունի համացանցային կայք էջ, ապա դրանք տեղադվում են այդ էջում։ Իրազեկումների գրանցամատյանի վարման կարգն ու ձեւը հաստատում է համայնքի ավագանին:

Հոդված 16. Իրազեկման քննարկման կարգը

1. Լիազոր մարմինն իրազեկումը քննարկում է ըստ իրազեկումների մուտքագրման հերթականության: Եթե իրազեկումը ներկայացվել է հավաքի անցկացման օրվանից 30 օրից մինչեւ 14 օր առաջ, ապա լիազոր մարմինն իրազեկումը քննարկում է մուտքագրվելու պահից 5 օրվա ընթացքում, իսկ եթե իրազեկումը ներկայացվել է հավաքի անցկացման օրվանից 13 օրից մինչեւ 7 օր առաջ, ապա լիազոր մարմինը իրազեկումը քննարկում է մուտքագրվելու պահից 48 ժամվա ընթացքում:

2. Լիազոր մարմինը իրազեկումը մուտքագրելուց հետո այն անհապաղ ուղարկում է ոստիկանություն` հավաքի անցկացման վերաբերյալ  կարծիք ստանալու նպատակով։

Հոդված 17. Լսումներ

1. Լիազոր մարմինը լսումներ է անցկացնում, եթե առկա է հետեւյալ պայմաններից որեւէ մեկը.

1) ոստիկանությունը ներկայացրել է հավաքի նկատմամբ առանձին սահմանափակումներ կիրառելու կամ այն արգելելու վերաբերյալ կարծիք,

2) լիազոր մարմինը մտադիր է հավաքի անցկացման համար պայմաններ առաջադրել, կամ սահմանափակումներ կիրառել կամ արգելել հավաքը։

2. Լիազոր մարմինը կազմակերպիչներին սույն օրենքի 22-րդ հոդվածի 1- ին եւ 3-րդ մասերով սահմանված կարգով ծանուցում է լսումների անցկացման տեղի եւ ժամանակի մասին։

3. Լիազոր մարմինը լսմանը մասնակցելու համար կարող է հրավիրել ոստիկանության ներկայացուցիչներին, ինչպես նաեւ այլ անձանց։

4. Լսումների ընթացակարգը uահմանում է լիազոր մարմինը։ Կազմակերպչին պետք է լիարժեք հնարավորություն տրվի ներկայացնելու իր տեuակետը։

5. Լսումներ կարող են չանացկացվել, եթե իրազեկումն ակնհայտ անհիմն է։

Հոդված 18. Հավաքների անցկացման համար պայմաններ առաջադրելը եւ սահմանափակումները

1. Եթե լիազոր մարմնին ներկայացված իրազեկումից կամ նրա տրամադրության տակ գտնվող այլ տեղեկություններից պարզ է դառնում, որ նախատեսված հավաքի ժամանակը, վայրը կամ եղանակը անմիջականորեն կարող են հանգեցնել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման, ապա լիազոր մարմինը հավաքի անցկացման համար կարող է առաջադրել պայմաններ։ Դրանք կարող են վերաբերել բացառապես հավաքի անցկացման ժամանակին, վայրին կամ եղանակին։

2. Պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում դրանք արձանագրվում են եւ կցվում գործին։ Պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում հավաքի ժամանակի, վայրի կամ եղանակի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասին։

3. Հավաքի անցկացման համար սահմանվող սահմանափակումները չեն կարող աղավաղել հավաքի նպատակը կամ հավաքի մասնակիցների տարածքային մեկուսացման, ինչպես նաեւ հավաքի անցկացման ժամանակի կամ վայրի փոփոխության միջոցով էականորեն նվազեցնել դրա պոտենցիալ ներգործությունը կազմակերպիչների նախընտրած հանրային լսարանի վրա կամ որեւէ այլ ձեւով հանգեցնել հավաքի փաստացի արգելմանը։

4. Այլ վայր առաջարկվելու դեպքում պետք է, մասնավորապես, ապահովվի իրազեկման մեջ նշված՝ մաuնակիցների սպասվող թվով մաuնակցության հնարավորությունը, չպետք է առաջարկվեն կազմակերպիչների ընտրած համայնքի տարածքից դուրu վայրեր, իսկ առաջարկվող վայրը հնարավորինu պետք է մոտ լինի իրազեկման մեջ նշված վայրին։

5. Հավաքի իրազեկման մեջ նշված ժամանակում եւ վայրում այլ, այդ թվում հակադարձ ուղղվածությամբ հավաքի անցկացումն ինքնին հիմք չէ հավաքի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու համար, եթե չկա դրանց մասնակիցների բախման անմիջական վտանգ։ Հակառակ դեպքում ավելի ուշ իրազեկված հավաքի հանդեպ կիրառվում են սույն հոդվածի 1-ին եւ 2- րդ մասերը։

Հոդված 19. Հավաքների անցկացումն արգելելը

1. Հավաքի անցկացումն արգելելու հիմքերն են, երբ

1) հավաքի նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումը, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելն է.

2) անձը սույն օրենքի համաձայն չունի հավաք կազմակերպելու իրավունք.

3) հավաքն անցկացվելու է Հանրապետության Նախագահի, Ազգային Ժողովի, կառավարության նuտավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիuի հեռավորության վրա, որը սպառնում է դրանց բնականոն գործունեությանը.

4) հավաքն անցկացվելու է «Հայաuտանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ից կամ գազի uտորգետնյա պահեuտարաններից կամ դրանց uպաuարկման կառույցներից կամ «Oրբիտա 2» վերգետնյա արբանյակային կայանից այնպիuի հեռավորության վրա, որը սպառնում է դրանց անվտանգությանը։

2. Լիազոր մարմինը արգելում է հավաքը, եթե առկա է սույն օրենքի 19 -րդ  հոդվածի 1- ին մասի 1- ին կամ 2-րդ կետերի հիմքերը։

3. Եթե առկա են սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետերի հիմքերը, ապա լիազոր մարմինը արգելում է հավաքը, եթե սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված սահմանափակումների միջոցով հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքներին կամ հանրության շահերին չսպառնացող անմիջական վտանգը։

Հոդված 20. Իրազեկման վերաբերյալ լիազոր մարմնի ակտերը

1. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքերի առկայության դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում հավաքն իր կողմից սահմանված սահմանափակումներով անցկացնելու մաuին։

2. Սույն օրենքի 19 -րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում հավաքն արգելելու մաuին։

3. Եթե սույն օրենքի 16- րդ հոդվածի 1-ին մասում սահմանված ժամկետում լիազոր մարմինը չի կայացնում սույն հոդվածի 1-ին եւ 2- րդ մասերով նախատեսված որոշումներից որեւէ մեկը, ապա համարվում է, որ իրազեկումն ընդունված է ի գիտություն։

Հոդված 21.  Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին տեղեկացնելը

1. Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին լիազոր մարմինն անհապաղ տեղեկացնում է կազմակերպիչներին եւ ոuտիկանությանը, ինչպեu նաեւ դրա մասին գրություն է փակցնում լիազոր մարմնի վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեuանելի տեղում։ Եթե լիազոր մարմինն ունի համացանցային կայք էջ, ապա այդ տեղեկությունը տեղադրվում է նաեւ այդ էջում։

2. Լիազոր մարմնի կողմից հավաք կազմակերպելու դեպքում լիազոր մարմինը այդ մասին տեղեկությունը տեղադրում է իր համացանցային կայք էջում, ինչպեu նաեւ դրա մասին գրություն է փակցնում լիազոր մարմնի վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեuանելի տեղում ոչ ուշ, քան հավաքն անցկացնելու օրվանից 7 օր առաջ:

Հոդված 22. Լիազոր մարմնի որոշումներն ուժի մեջ մտնելը

1. Լիազոր մարմինը սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նախատեսված որոշումների կայացման մասին անհապաղ հայտնում է կազմակերպիչներին եւ ոuտիկանությանը, ինչպեu նաեւ դրանք փակցնում է վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեuանելի տեղում։ Ընդ որում, լիազոր մարմնի որոշումը պետք է փակցված մնա համապատաuխան տեղում՝ մինչեւ հավաքի հաջորդ օրը։ Լիազոր մարմնի որոշումը ուժի մեջ է  մտնում լիազոր մարմնում այն փակցվելու պահից։ Եթե լիազոր մարմինն ունի համացանցային կայք էջ, ապա դրա որոշումները տեղադվում են նաեւ այդ էջում։

2. Լիազոր մարմնի որոշումը անհապաղ հանձնվում է կազմակերպիչներին՝  պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, կամ կազմակերպչին առձեռն հանձնելու միջոցով։

3. Լիազոր մարմինը կազմակերպչի հեռախոսի, ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի հասցեն ունենալու դեպքում, իր ընդունած որոշման մասին վերը նշված կապի միջոցներից առնվազն մեկով հայտնում է կազմակերպչին:

Հոդված 23. Իրազեկման վերաբերյալ լիազոր մարմնի ակտի վիճարկումը դատական կարգով

1. Լիազոր մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատարան Վարչական դատավարության օրենսգրքի 24.1 գլխով սահմանված կարգով:
 

Գլուխ 3. Մինչեւ 100 մասնակից ունեցող, ինքնաբուխ եւ շտապ հավաքները (առանց իրազեկման հավաքներ)

Հոդված 24. Մինչեւ 100 մասնակից ունեցող հավաքների իրավունքը

1. Եթե կազմակերպչի հիմնավոր կարծիքով հավաքին մասնակցելու են ոչ ավել, քան 100 մասնակից, ապա իրազեկում ներկայացնելը պարտադիր չէ։

Հոդված 25. Մինչեւ 100 մասնակից ունեցող հավաքների անցկացման կարգը

1. Առանց իրազեկման հավաքների վրա տարածվում են սույն օրենքի 4 գլխում սահմանված դրույթները։

Հոդված 26. Ինքնաբուխ եւ շտապ հավաքները

1. Ինքնաբուխ է այն հավաքը, որն անցկացվում է որեւէ իրադարձությանը անմիջապես արձագանքելու նպատակով (ինքնաբուխ հավաք)։

2. Շտապ է այն հավաքը, որն անցկացվում է որեւէ իրադարձությանը հրատապ  արձագանքելու նպատակով եւ այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում (շտապ հավաք)։

Հոդված 27. Ինքնաբուխ եւ շտապ հավաք անցկացնելու կարգը

1. Եթե ինքնաբուխ հավաքն ունի փաստացի կազմակերպիչ, ապա վերջինս պարտավոր է անհապաղ այդ մասին տեղեկացնել հավաքի անցկացման վայրի ոստիկանության ստորաբաժանմանը։

2. Շտապ հավաքի կազմակերպիչը պարտավոր է հավաքն անցկացնելու մասին որոշում ընդունելուց հետո անհապաղ այդ մասին տեղեկացնել լիազոր մարմնին եւ ոստիկանությանը։

3. Ինքնաբուխ եւ շտապ հավաքները չեն կարող տեւել վեց ժամից ավելի։
 

Գլուխ 4. Հավաքի ընթացքը

Հոդված 28. Հավաքի  սկիզբը եւ ավարտը

1. Հավաքի սկզբում հավաքի ղեկավարը հայտարարում է իր անունը եւ ազգանունը, իuկ եթե հավաքը կազմակերպվել է իրավաբանական անձի կողմից, ապա նաեւ իրավաբանական անձի լրիվ անվանումը, հավաքի նպատակը, ինչպեu նաեւ հավաքի ավարտի մոտավոր ժամկետը։ Եթե հավաքի ընթացքում իրականացվելու է երթ, ապա պետք է հրապարակվեն երթի ուղին եւ ժամանակացույցը։

Հոդված 29. Օրվա որոշակի ժամերին հավաքի ընթացքը

1. Օրվա որոշակի ժամերին (ժամը 22.00-ից մինչեւ 8.00-ը) բնակելի շինություններին հարող տարածքներում անցկացվող հավաքները չեն կարող զուգորդվել անձանց հանգիստը խանգարող աղմուկով կամ լուսային ազդանշաններով։

Հոդված 30. Հավաքի մասնակիցների պարտականությունները

1. Հավաքի մասնակիցը պարտավոր է`

1) հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ,

2) կատարել հավաքի ղեկավարի, կարգադրիչների՝ կարգ ու կանոնի պահպանման վերաբերյալ ցուցումները.

3) ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելուն.

4) հավաքից հեռացվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից.

5) հավաքը դադարեցվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից.

6) չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը։

Հոդված 31. Հավաքի ղեկավարի իրավունքները եւ պարտականությունները

1. Հավաքի ղեկավարը

1) որոշում է հավաքի ընթացքը, մասնավորապես, ձայն է տրամադրում ելույթ ունեցողներին եւ որոշում նրանց ելույթների հերթականությունը,

2) պարտավոր է ներկա լինել հավաքին եւ հասանելի լինել ոստիկանության ներկայացուցչի համար,

3) հավաքի ընթացքում պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել   հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, մասնավորապես, հավաքի մասնակիցների կողմից բռնի գործողությունները կանխելու, բռնությունից զերծ մնալու եւ ուժի կիրառմանը պատրաստ մասնակիցներից սահմանազատվելու կոչերի միջոցով,

4) իրավունք ունի դիմել ոuտիկանության ծառայողներին` հավաքի անցկացման վայրից հեռացնելու այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքը,

5) պարտավոր է հավաքի մաuնակիցներին անմիջապեu տեղեկացնել հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքն ապահովելու վերաբերյալ ոuտիկանության ծառայողների պահանջների մասին։

2. Հավաքի ղեկավարը իրավունք ունի օգտվել անհրաժեշտ քանակի կարգադրիչների օգնությունից։ Կարգադրիչները պետք է կրեն սպիտակ տարբերանշաններ` վրան գրված «կարգադրիչ» բառը։ Այլ տարբերանշաններ չեն թույլատրվում։

Հոդված 32. Ոստիկանություն լիազորությունները հավաքի ընթացքում

1. Ոuտիկանությունը`

1) պարտավոր է հավաքի մաuին տեղեկատվություն uտանալուց հետո անհապաղ նշանակել իր ներկայացուցչին եւ այդ մաuին հայտնել կազմակերպչին ու լիազոր մարմին,

2) պարտավոր է ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը հավաքին,

3) պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն,

4) պարտավոր է ապահովել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը։

2. Եթե հավաքն անցկացվում է սույն օրենքի 2-րդ գլխում նախատեսված իրազեկմանը վերաբերող պահանջների խախտմամբ, ապա ոստիկանությունը պարտավոր է բարձրախոսով տեղեկացնել, որ հավաքն անօրինական է եւ որ մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության։ Եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։

Հոդված 33. Հավաքը դադարեցնելը

1. Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։

2. Ոստիկանությունը հավաքը դադարեցնելու պահանջով դիմում է հավաքի ղեկավարին, որը պարտավոր է այդ մասին անմիջապեu տեղեկացնել հավաքի մաuնակիցներին։

3. Հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանության ներկայացուցիչը ոչ պակաս, քան երկու անգամ բարձրախոսով մասնակիցներից պահանջում է դադարեցնել հավաքը` սահմանելով ողջամիտ ժամկետ։ Միաժամանակ ոստիկանության ներկայացուցիչը հավաքի մասնակիցներին նախազգուշացնում է սահմանված ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում հավաքը ցրելու, ներառյալ «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կիրառելու իր լիազորության մասին։

4. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված հավաքի դադարեցման կարգը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ հավաքի անցկացման վայրում uկuվել են զանգվածային անկարգություններ, որոնք պահանջում են իրավիճակից բխող հրատապ միջոցառումների իրականացում։

Հոդված 34. Հավաքը ցրելը

1. Սույն օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ  մասով սահմանված ժամկետում հավաքը կամովին չդադարեցվելու դեպքում ոստիկանությունը ցրում է հավաքը։

Հոդված 35. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մաuին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 28-ի ՀO-63-Ն oրենքը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Անհրաժեշտությունը

Հավաքների ազատության պաշտպանությունը առանցքային նշանակություն ունի ժողովրդավարական պետության համար` հանդիսանալով քաղաքացիական հասարակության կայացման, հասարակության անդամի կողմից հանրության շրջանում իր կարծիքն ազատորեն արտահայտելու, հանրային կարծիքի ձեւավորման գործընթացքին մասնակցելու եւ ժողովրդաիշխանության իրականացման  անհրաժեշտ նախապայման, հասարակության, նրա առանձին շերտերի ու խավերի եւ իշխանության հետ երկխոսության գործուն միջոց: Ժողովրդավարության զարգացման եւ  ժոովրդաիշխանության իրականացման պաշտպանության միջազգային միտումներին զուգընթաց, ավելի զգալիորեն խստացել են այն պահանջները, որոնք ներկայացվում են իրավասու վարչական մարմիններին այդ ազատությունը երաշխավորելու առումով:

ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով ամրագրված խաղաղ հավաքների իրավունքը ենթադրում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովելու հավաքների ազատության պաշտպանությունը: Այդուհանդերձ, հավաքների իրավունքի իրականցման իրական երաշխիքների ապահովումը պահանջում է այնպիսի մոտեցում, որն իր բնույթով կգործի որպես «երկսայրանի սուր», մի կողմից` ստեղծելով ժողովրդավար պետությունում հավաքների իրավունքի իրականացման անհրաժեշտ պայմաններ, մյուս կողմից` արդյունավետորեն կարձագանքի ժողովրդավարական պետության եւ ողջ հասարակության կայունության ու  անվտանգության այն բոլոր սպառնալիքներին, որոնք կարող են առաջանալ հավաքների ազատության իրավունքի չարաշահման պայմաններում (մանավորապես, երբ հավաքների իրավունքը օգտագործվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռաuայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով): Գործնականում խնդրահարույց են նաեւ մասնակիցների մեծ թվով հավաքները կամ այն հավաքները, որոնք մշտապես անցկացվում են միեւնույն տեղում եւ  հանրային տարածքների նման օգտագործմամբ սահմանափակում են երրորդ անձանց իրավունքները եւ շահերը` ստեղծելով անհրաժեշտ օրենսդրական հստակեցման եւ շահերի հավասարակշռման պահանջ:

Այսպիսով, իրեն ժողովրդավարական համարող պետության գերխնդիրն է բազմաթիվ հիմնարար միջազգային փաստաթղթերով եւ սահմանադրորեն ամրագրված հավաքների ազատության իրավունքի հետագա օրենսդրական կարգավորումը եւ մեկնաբանությունը Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի ոգուն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին եւ քաղաքակիրթ երկրներում առկա ժամանակակից միտումներին առավելագույնս համահունչ: «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի նախագիծը միտված է ընդառաջ գնալու նշված մարտահրավերներին:

2. Ներկա իրավիճակը եւ առկա  խնդիրները

Խաղաղ հավաքների իրավունքը իր ձեւակերպումն ստացել է ինչպես ՀՀ Սահմանադրության 29 հոդվածում, այնպես էլ ՀՀ մասանկցությամբ մի շարք միջազգային փաստաթղթերում, այդ թվում` Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիա 11-րդ հոդվածի 1-ին մասում: Սահմանադրական այս իրավունքի իրականացման կարգն ու պայմանները իրենց մանրամասնումն են ստացել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» 2004թ. ապրիլի 28-ի ՀՀ օրենքում: Հարկ է ընդգծել, որ օրենքն ընդունվել է դեռեւս 1995թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության հիման վրա, մինչդեռ 2005թ. սահմանադրական փոփոխություններն անդրադարձել են նաեւ հավաքների իրավունքի վրա:  Արդյունքում, էապես ընդլայնվել է հավաքների իրավունք ունեցող սուբյեկտների կազմը` այդ իրավունքը վերապահելով յուրաքանչյուր անձի, բացակայում է հավաքների տեսակների` ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր թվարկումը:

Ավելին, 2004թ.-ին օրենքի ընդունումից հետո դրանում կատարվել են մի շարք փոփոխություններ եւ լրացումներ` 2005թ. հոկտեմբերի 4-ին ընդունված ՀՕ-183-Ն ՀՀ օրենքով, 2008թ. մարտի 17-ի ՀՕ-1-Ն ՀՀ օրենքով, 2008թ. հունիսի 11-ի ՀՕ-74-Ն ՀՀ օրենքով, 2008թ. դեկտեմբերի 26-ի ՀՕ-20-Ն օրենքով: Այդուհանդեձ, նշված փոփոխություններից եւ լրացումներից ոչ բոլորը կարող են համարվել առաջընթաց քայլ: Ավելին. դրանց մի մասը (մասնավորապես` 2008թ. մարտի 17-ի փոփոխությունները) սուր քննադատության են արժանացել ոչ միայն Հայաստանի Հանարպետության ներսում, այլեւ բացասական գնահատական են ստացել Վենետիկի հանձնաժողովի  եւ ԺՀՄԻԳ համատեղ եզրակացությունում: Արդյունքում հնարավոր չի եղել զերծ մնալ այնպիսի մի իրավիճակից, երբ շատ կարճ ժամանակահատվածի ընթացքում օրենքում կատարվեցին անգամ նախկին կարգավորումներին վերադարձ ներկայացնող փոփոխություններ:

«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված բազմաթիվ փոփոխություններով եւ լրացումներով հանդերձ` այն այսօր չի կարող բավարարել ժողովրդավարական պետությունում հավաքների ազատության նկատմաբ միջազգային չափանիշների պահանջներին եւ սկզբունքային ու համապարփակ վերանայման կարիք ունի ինչպես իրավական տեխնիկայի, այնպես էլ բովանդակային տեսանկյունից:

Այսպես, իրավական տեխնիկայի առումով  «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» 2004թ. ՀՀ օրենքում առկա են իրավական տեխնիկայի այնպիսի թերություններ, ինչպիսիք են անհստակ եւ թյուրըմբռնումների տեղիք տվող տերմինաբանությունը, օրենքի հիմնական հասկացությունների ոչ հետեւողական, հակասական օգտագործումը, տարաբնույթ հարցերի կարգավորումը միեւնույն հոդվածներում,  հոդվածների չափից ավելի երկար եւ խճճված լինելը, ինչը խնդրահարույց է մեկնաբանման եւ կիրառման միատեսակության առումով:

Բովանդակային առումով օրենքում նույնպես առկա են մի շարք էական բացթողումներ: Այսպես, բացակայում են հավաքներն արգելելու կամ հավաքը դադարեցնելու դեպքերի կիրառման հստակ չափանիշները, հստակ սահմանված չեն իրավասու պետական մարմինների լիազորությունները, կարգավորված չեն շինություններում տեղի ունեցող հավաքների անցկացման կարգը, ոչ ճշգրիտ եւ խճճված են ներկայացված հավաքների իրազեկման ընթացակարգը կանոնակարգող դրույթները, որի պայմաններում մեծանում են որոշումների ընդունման ժամանակ վարչական մարմինների կողմից հայեցողական լիզորությունները չարաշահելու հնարավորությունները: Ավելին, որոշումների ընդունման հիմքում որպես այդպիսին դրված չէ հավաքի նախապատվության սկզբունքը:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Հաշվի առնելով վերոշարադրյալը, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի առաջարկվող նախագիծը կոչված է ներդնելու ժողովրդավարական հասարակության մեջ հավաքներն առանց անհարկի խոչընդոտների եւ պատշաճ  կազմակերպումը, անցկացումը, դրանց մասնակցությունը ապահովող իրավական կառուցակարգեր:

«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ գործող օրենքի համեմատ առաջարկվող նախագիծն առաձնանում է էական առավելություններով։ Նախագծի մշակման ընթացքում արդյունավետ կերպով հաշվի է առնված գործող օրենքի ինչպես քննադատությունը Վենետիկի հանձնաժողովի եւ ԺՀՄԻԳ կողմից, այնպես  էլ  նախընթաց  տարիներին օրենքի կիրառման   պրակտիկան։ Արդյունքում, ներկայացված նախագիծը զգալի առաջընթաց է ինչպես իրավական տեխնիկայի, այնպես էլ բովանդակային տեսանկյունից։

Կարելի է առանձնացնել հետեւյալ նշանակալի բարելավումները իրավական տեխնիկայի տեսանկյունից.

1. օրենքի վերնագիրն այժմ համապատասխանում է Սահմանադրության 29 հոդվածին, որը փոփոխությունների էր ենթարկվել 2005 թ. բարեփոխումների ժամանակ,

2. բարելավվել է օրենքի կառուցվածքը, նախագիծը բաժանվում է գլուխների, ինչը այն դարձնում է դյուըմբեռնելի,

3. ընդհանուր առմամբ շնորհիվ այս բարելավումների հավաքների մասին օրենքը դարձել է ավելի հստակ ու թափանցիկ։

Ի թիվս նախագծի կարեւոր բովանդակային բարելավումների, մասնավորապես, անհրաժեշտ ենք համարում ընդգծել հետեւյալը.

1. Օրենքի գործողությունն այլեւս չի տարածվում բոլոր տեսակի «միջոցառումների» վրա, այլ սահմանափակվում է միայն «հավաքներով»։ Այս մոտեցումը դրական է գնահատվում, քանի որ մշակութային միջոցառումները, արարողությունները, ավանդական բնույթի տոնակատարությունները, եւ մանավանդ, սպորտային միջոցառումները բոլորովին այլ բնույթ ունեն, քան մարդկանց այն հավաքները, որոնց Սահմանադրությունը 29-րդ հոդվածում «հավաքներ» անվան տակ դնում է հատուկ` որակյալ իրավական պաշտպանության ներքո։ Սահմանադրությունը հանրային  հավաքները որակյալ եղանակով պաշտպանում է այն պատճառով, որ դրանք, ըստ էության, նույն համոզմունքներն ունեցող քաղաքացիների քաղաքական բնույթի հավաքներ են իրենցից ներկայացնում եւ իրենց քաղաքական ու միաժամանակ հանրային բնույթի պատճառով հատկապես վտանգված են։

«Միջոցառումների» անցկացումը, թեեւ նույնպես մարդու եւ քաղաքացու ազատության արտահայտություն է, սակայն ինքնուրույն սահմանադրական իրավունքի որակյալ պաշտպանության կարիքը չի զգում։ Քանի որ միջոցառումների դեպքում, նրանց, որպես կանոն, ոչ քաղաքական բնույթի պատճառով, հասարակության համար հնարավոր վտանգավորության հարց կամ բոլորովին չի առաջանում, կամ էլ առաջանում է այլ ձեւով, ապա ի սկզբանե որեւէ առիթ չկա միջոցառումների անցկացումը ենթարկել օրենքով նախատեսված այնպիսի բարդ ընթացակարգային կարգավորումների, ինչպես դա ամբողջ աշխարհում արվում է հավաքներին վերաբերող օրենքներում։

2. Գործող օրենքով կարգավորված հավաքների համար որպես ընդհանուր հասկացություն գործածված «միջոցառում» բառից հրաժարվելը վերացրել է նաեւ «հրապարակային միջոցառումների», «հրապարակային զանգվածային միջոցառումների», «հրապարակային ոչ զանգվածային միջոցառումների» եւ «այլ միջոցառումների» տարբերակումը։ Այս տերմինաբանությունը համոզիչ լինել չի կարող, որովհետեւ այս հասկացություններն իրենք սահմանված են չափազանց արհեստականորեն, իսկ դրանց սահմանազատումն իրարից մասամբ անհասկանալի է եւ անհաջող։

3. Շնորհիվ այն բանի, որ օրենքը սահմանափակվել է հավաքներով, այդ տերմինաբանական խնդիրները վերացել են։ Մյուս կողմից, պարզ ու հասկանալի է նախածում հավաքների երկու հիմնական տիպերի միջեւ տարբերակումը` մի կողմից, իրազեկման ենթակա հավաքներ (նախագծի գլուխ 2) եւ մյուս կողմից` իրազեկման ոչ ենթակա հավաքներ, լինեն դրանք փոքր հավաքներ, ինքնաբուխ թե շտապ հավաքներ (նախագծի գլուխ 3)։ Այս մոտեցումը հեշտացնում է հիմնական իրավունքի իրականացումը, ուստի սկզբունքորեն նպաստավոր է քաղաքացիների համար, հետեւաբար, անխոս գերադասելի է իրավական պետության սահմանադրական սկզբունքների եւ ժողովրդավարության տեսանկյունից:

4. Նախագծում նշանակալի առաջընթաց են նաեւ ինքնաբուխ եւ շտապ կարգով անցկացվող հավաքների մասին կարգավորումները (նախագծի 26 եւ 27 հոդվածներ), որոնց համար` վերջինների բնույթից ելնելով,  նախատեսված է առավել ճկուն եւ իրազեկման ընթացակարգերի համեմատ առավել պարզեցված մոտեցում:

5. Նախագծում էական բարելավում է վարչական մարմինների կողմից իրազեկման ենթակա հավաքի անցկացման հայտի քննարկման պաշտոնական ավարտի հստակ իրավական կարգավորումը (նախագծի 20-ից-23-րդ հոդվածներ): Այստեղ ձեւակերպված են վարչական մարմնի որոշման հնարավոր իրավական տարբերակները (հոդված 20, կետ 1-3), ինչպես նաեւ սահմանված են իրավական հետեւանքները, որոնք առաջանում են այն դեպքերում, երբ վարչական մարմինը լռություն է պահպանում հայտի վերաբերյալ, ոչինչ չի անում եւ իրազեկման մասին որեւէ որոշում չի կայացնում (հոդված 20, կետ 4)։

6. Նախագծի ձեռքբերումներից է նաեւ հավաքների անցկացման համար պայմաններ առաջադրելու  ինստիտուտը, որն անհրաժեշտ նախապայման է հավաքների իրավունքի արդյունավետ իրականացման համար (նախագծի 18-րդ  հոդված)։ Խոսքը հավաքի կազմակերպիչներին հավաքի անցկացման որոշակի պայմաններ առաջարկելու եւ այդ  պայմանների վերաբերյալ  բանակցելու  մասին է (հավաքի ժամանակի, վայրի կամ եղանակի վերաբերյալ)։

7. Նախագիծը հստակ սահմանում է այն  վայրերի շրջանակը, որտեղ  արգելվում է հավաքների անցկացումը (հոդված 19)։ Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով Ազգային ժողովի, կառավարության եւ դատարանների բնականոն գործունեությունը երաշխավորելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ առանձին օբյեկտների ռազմավարական նշանակությունը եւ անվտանգության ապահովման կարեւորությունը,  նախագիծը ուղղակիորեն սահմանափակումներ է մտցնում նաեւ այդ վայրերին մոտ հավաքներ անցկացնելու նկատմամբ։

8. Ելնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայից եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ուղեցույցում սահմանված եվրոպական չափորոշիչներից, մեկ այլ առանցքային ձեռքբերումներից է այն, որ ի տարբերություն գործող օրենքի, Նախագիծը որդեգրել է այն սզկբունքային մոտեցումը, որ քանի դեռ հավաքը մնում է խաղաղ, այն չի կարող դադարեցվել ոստիկանության կողմից։ Նախագծի 33 հոդվածի 1-ին մասի համաձայն ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի նկատմամբ անմիջական վտանգը։ Միայն այդ դեպքերում, երբ հավաքի մասնակիցները կամովին չեն դադարեցնում հավաքը, ոստիկանությունն իրավունք ունի դադարեցնել այն (հոդված 34)։

4. Ակնկալվող արդյունքը

Այսպիսով, հավաքների ազատությունը` այն է հավաքներ կազմակերպելու եւ մասնակցության ազատությունը, մարդու կարեւորագույն քաղաքական իրավունքների թվին է պատկանում եւ այդ ազատությունից առանց խոչընդոտների օգտվելը գործող ժողովրդավարության էական պայմաններից մեկն է: Հետեւաբար «Հավաքների ազատության մասին» օրենքի նախագծում տեղ գտած սկզբունքային բարեփոխումները միաժամանակ նշանակում են ոչ միայն հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքի, այլեւ սկզբունքորեն ժողովրդավարական իրավական պետության ամրապնդում։ Նախագիծը ապահովում է հավաքների ազատության իրավունքի նկատմամբ ժամանակակից միջազգային միտումներին, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային եւ Եվրոպական դատարանի որոշումների դրույթներին համահունչ իրավական մոտեցում, որը արժանացել է նաեւ Վենետիկի հանձնաժողովի եւ մի շարք միջազգային փորձագետների դրական արձագանքին:

Հայտնում ենք, որ նախագիծն իր մեջ ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունկում: