1. Սույն օրենքը սահմանում է Կառավարության կազմը, կառուցվածքը եւ գործունեության կարգը` Սահմանադրության 147-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաեւ Կառավարության անդամների գործունեության երաշխիքները:
Հոդված 2. Կառավարության կազմը եւ կառուցվածքը
1. Կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից եւ նախարարներից:
2. Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետեւյալ նախարարությունները՝
1) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը.
2) առողջապահության նախարարությունը.
3) արդարադատության նախարարությունը.
4) արտակարգ իրավիճակների նախարարությունը.
5) արտաքին գործերի նախարարությունը.
6) բնապահպանության նախարարությունը.
7) գյուղատնտեսության նախարարությունը.
8) էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը.
9) կրթության եւ գիտության նախարարությունը.
10) մշակույթի նախարարությունը.
11) պաշտպանության նախարարությունը.
12) սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը.
13) սփյուռքի նախարարությունը.
14) տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը.
15) տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը.
16) տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը.
17) ֆինանսների նախարարությունը:
3. Նախարարություններին վերապահված գործունեության ոլորտները սահմանվում են սույն օրենքի հավելվածում:
ԳԼՈՒԽ II.
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 3. Կառավարության կազմավորման կարգը եւ ժամկետները
1. Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին է ներկայացնում առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների եւ նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն, որը ներառում է համապատասխան թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը եւ համապատասխան պաշտոնը, որտեղ առաջարկվում է նշանակել նրան:
2. Վարչապետի գրավոր առաջարկությանը կից Հանրապետության նախագահին ներկայացվում են նաեւ՝
1) թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ Կառավարության անդամ նշանակվելու համաձայնության մասին.
2) տեղեկանք՝ թեկնածուի` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.
3) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը կամ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը.
4) թեկնածուի՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
5) համառոտ կենսագրությունը.
6) Կառավարության անդամ նշանակելու մասին Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
3. Սույն հոդվածի իմաստով հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ է համարվում ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած եւ ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների կողմից տրված վկայականը, ատեստատը կամ դիպլոմը:
4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկանքները տրամադրվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
5. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված փաստաթղթերը եւ տեղեկությունները ներկայացվելուց հետո Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում առաջարկված թեկնածուին Կառավարության անդամ նշանակելու վերաբերյալ կամ դիմում է Սահմանադրական դատարան:
6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ առաջարկված թեկնածուն համապատասխանում է Կառավարության անդամի համար Սահմանադրությամբ նախատեսված պահանջներին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում Կառավարության անդամին նշանակելու վերաբերյալ:
7. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ առաջարկված թեկնածուն չի համապատասխանում Կառավարության անդամի համար Սահմանադրությամբ նախատեսված պահանջներին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով առաջարկում է նոր թեկնածու:
8. Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածի 5-6-րդ մասերում նշված գործողությունները, ապա համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով, որի մասին վարչապետը անհապաղ գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունը ստորագրվում է վարչապետի կողմից եւ հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:
9. Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են Կառավարության անդամների առնվազն երկու երրորդը:
Հոդված 4. Կառավարության անդամների լիազորությունների ստանձնումը
1. Կառավարության անդամն իր լիազորությունները ստանձնում է Հանրապետության նախագահի հրամանագրի հրապարակման պահից: Հանրապետության նախագահի հրամանագիրը հրապարակվում Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջում: Իրավունքի ուժով նշանակված Կառավարության անդամն իր լիազորությունները ստանձնած է համարվում սույն օրենքի 3-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված գրավոր հայտարարության հրապարակման պահից:
2. Լիազորությունները ստանձնած կառավարության անդամները տալիս են երդում` «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը:»:
3. Կառավարության անդամները երդվում են Հանրապետության նախագահի ներկայությամբ Հանրապետության նախագահի նստավայրում: Իրավունքի ուժով նշանակված Կառավարության անդամները երդվում են վարչապետի ներկայությամբ վարչապետի նստավայրում:
4. Կառավարության անդամի փոփոխության դեպքում Կառավարության նոր անդամը լիազորությունները ստանձնում է սույն հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 5. Կառավարության կազմում փոփոխությունները
1. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում:
2. Վարչապետը պարտավոր է Հանրապետության նախագահին առաջարկել Կառավարության կազմում փոփոխություն, եթե Կառավարության անդամի համար առկա են սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով նախատեսված հիմքերը:
3. Վարչապետը Հանրապետության նախագահին, որպես կանոն, միաժամանակ ներկայացնում է Կառավարության անդամի նոր թեկնածուին սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:
4. Եթե Կառավարության նոր անդամի թեկնածուն միաժամանակ չի ներկայացվում, ապա վարչապետը Կառավարության նոր անդամի թեկնածուին Հանրապետության նախագահին է ներկայացնում 15-օրյա ժամկետում:
5. Եթե Հանրապետության նախագահը Կառավարության նոր անդամ նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնում է վարչապետին, իսկ վարչապետը եռօրյա ժամկետում չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ստորագրում Կառավարության անդամին նշանակելու վերաբերյալ կամ դիմում է Սահմանադրական դատարան:
6. Սահմանադրական դատարան դիմելու դեպքում կիրառվում են սույն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերը:
7. Կառավարության անդամին պաշտոնից ազատելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրամանագրի հրապարակման պահից: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում պաշտոնից չի ազատում վարչապետի կողմից առաջարկված Կառավարության անդամին, ապա համապատասխան փոխվարչապետի կամ նախարարի լիազորությունները դադարեցված են համարվում իրավունքի ուժով, որի մասին վարչապետն անհապաղ գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունը ստորագրվում է վարչապետի կողմից եւ հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:
Հոդված 6. Կառավարության հրաժարականը
1. Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը:
2. Վարչապետը պարտավոր է հրաժարական ներկայացնել հետեւյալ դեպքերում՝
1) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
2) նա խախտել է սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները:
3. Համարվում է, որ վարչապետի պաշտոնը թափուր է այն դեպքերում, երբ՝
1) վարչապետը մահացել է.
2) վարչապետի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.
3) վարչապետին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
4. Եթե վարչապետն իր նշանակումից հետո հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին չի առաջարկում փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին՝ առնվազն երկու երրորդին, ապա համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել:
5. Վարչապետի հրաժարականի դեպքում Հանրապետության նախագահն անհապաղ հրամանագիր է ընդունում Կառավարության հրաժարականն ընդունելու մասին:
ԳԼՈՒԽ III.
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 7. Վարչապետը
1. Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք պարտադիր են Կառավարության անդամների համար:
2. Վարչապետը ղեկավարում է Կառավարության գործունեությունը եւ համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը:
3. Վարչապետը հետեւում է Կառավարության ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացմանը:
4. Վարչապետն ապահովում է Կառավարության գործունեության միասնականությունը:
5. Կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով վարչապետն ընդունում է որոշումներ, ինչպես նաեւ տալիս է հանձնարարականներ:
6. Վարչապետն իր որոշմամբ սահմանում է յուրաքանչյուր փոխվարչապետի կողմից համակարգվող՝ Կառավարության գործունեության ոլորտը:
7. Վարչապետն իրավասու է ընդլայնել նախարարության գործունեության ոլորտները:
8. Վարչապետը նախարարի առաջարկությամբ սահմանում է փոխնախարարների թիվը, նշանակում է փոխնախարարներին, հաստատում է նախարարությունների կանոնադրությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, եւ աշխատողների թվաքանակը:
9. Վարչապետը ձեւավորում է իր աշխատակազմը, որի խնդիրն է ապահովել վարչապետի եւ փոխվարչապետների լիազորությունների իրականացումը, այդ թվում Կառավարության նիստերի անցկացումը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին նշանակում եւ ազատում է վարչապետը, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով նշանակումներ է կատարում վարչապետի աշխատակազմի հանրային ծառայության պաշտոններում, նրանց ազատում այդ պաշտոններից:
10. Վարչապետի աշխատակազմը սույն օրենքով սահմանված իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Վարչապետի աշխատակազմը ստեղծվում, վերակազմակերպվում կամ գործունեությունը դադարում է վարչապետի որոշմամբ, գործում է օրենքների, կառավարության աշխատակարգի եւ իր կանոնադրության հիման վրա: Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատվում է վարչապետի որոշմամբ:
11. Վարչապետը Կառավարության աշխատակարգով սահմանված կարգով ապահովում է հանրությանը Կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար փոխանցումը:
12. Վարչապետը սահմանում է իր բացակայության ժամանակ առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգը, այդ թվում՝ վարչապետին փոխարինող առաջին փոխվարչապետի լիազորությունների ծավալը: Այդ կարգով պետք է սահմանվի նաեւ վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգը:
13. Առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է մեկ այլ փոխվարչապետ՝ վարչապետի կողմից սահմանված կարգով:
14. Վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության մասին որոշումը կայացնում է Կառավարությունը՝ Կառավարության անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով:
15. Վարչապետն իրավասու է իր նախաձեռնությամբ վերանայել նախարարի, Կառավարությանը, ինչպես նաեւ վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի որոշումները:
16. Վարչապետն իրավասու է կազմավորել խորհրդակցական մարմիններ, որոնց ղեկավարումը կարող է հանձնարարել համապատասխան փոխվարչապետին:
17. Վարչապետի նստավայրը Երեւան քաղաքում է:
Հոդված 8. Փոխվարչապետը
1. Փոխվարչապետը վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է Կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգումը:
2. Կառավարության գործունեության՝ իրեն վերապահված առանձին ոլորտների համակարգումը ներառում է փոխվարչապետի կողմից ձեռնարկվող այնպիսի գործողություններ, որոնց նպատակն այդ ոլորտներում գործող նախարարությունների գործունեության համաձայնեցումը եւ ներդաշնակեցումն է:
3. Փոխվարչապետին վարչապետը կարող է վերապահել իր համակարգման ոլորտում Կառավարության անդամներին եւ վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին կոնկրետ հարցերով հանձնարարություն տալու իրավասություն:
4. Փոխվարչապետը վարչապետի հանձնարարությամբ կարող է իր համակարգման ոլորտի շրջանակից դուրս հանձնարարություններ տալ Կառավարության անդամներին եւ վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին:
5. Փոխվարչապետը վարչապետի հանձնարարությամբ ներկայացնում է Կառավարությունը Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների հիմնադիր փաստաթղթերով ստեղծված մարմիններում՝ իրականացնելով այդ մարմինների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով սահմանված գործառույթներ:
6. Փոխվարչապետի հրապարակային ելույթները պետք է համահունչ լինեն Կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններին:
7. Փոխվարչապետն ունի գրասենյակ, որն ապահովում է փոխվարչապետի ընթացիկ գործունեության իրականացումը:
Հոդված 9. Նախարարը
1. Նախարարը՝
1) ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում եւ իրականացնում է Կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը.
2) իրականացնում է նախարարությանը ենթակա մարմինների, ինչպես նաեւ նախարարությանը ենթակա կազմակերպությունների կառավարումը եւ վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ.
3) վարչապետին առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ.
4) Կառավարության քննարկմանն է ներկայացնում օրենքների եւ Կառավարության որոշումների նախագծեր:
2. Նախարարի հրապարակային ելույթները պետք է համահունչ լինեն Կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններին:
3. Նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում՝ նախարարին փոխարինող փոխնախարարն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Ազգային ժողովում:
ԳԼՈՒԽ IV.
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԸ, ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Հոդված 10. Կառավարության նիստերը
1. Կառավարությունն իր գործունեությունն իրականացնում է կոլեգիալ, նիստերի միջոցով:
2. Կառավարության նիստերը հրավիրում եւ վարում է վարչապետը:
3. Կառավարության նիստերը, որպես կանոն, հրավիրվում են շաբաթը մեկ անգամ:
4. Կառավարության նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է Կառավարության անդամների կեսից ավելին, բացառությամբ այն նիստի, որի ժամանակ քննարկվում է ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու հարցը, որը իրավազոր է անկախ քվորումից:
5. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակահատվածում նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է Կառավարության անդամների առնվազն մեկ քառորդը:
6. Կառավարության անդամները պարտավոր են մասնակցել Կառավարության նիստերին եւ նիստերից կարող են բացակայել վարչապետի համաձայնությամբ:
7. Կառավարության նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պետական եկամուտների, քաղաքաշինության, միջուկային անվտանգության կարգավորման, վիճակագրական կոմիտեների եւ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները, վարչապետի մամուլի քարտուղարը, ինչպես նաեւ վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք:
8. Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված գաղտնի հարցերի քննարկմանը ներկա գտնվելու իրավունք ունեն Կառավարության անդամները եւ վարչապետի որոշմամբ՝ այլ պաշտոնատար անձինք:
9. Կառավարության նիստերում քննարկման են ներկայացվում, մասնավորապես՝
1) օրենքների նախագծեր.
2) Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծեր.
3) Սահմանադրությամբ կամ օրենքներով նախատեսված այլ հարցեր:
10. Կառավարության նիստի օրակարգը վարչապետի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը: Մինչեւ օրակարգի հաստատումը Կառավարության անդամները կարող են առաջարկություններ ներկայացնել դրա վերաբերյալ:
11. Կառավարության նիստի օրակարգում ներառվելիք հարցերը, որպես կանոն, նախապես քննարկվում են նախարարական կոմիտեներում, որոնց կազմը, կառուցվածքը, գործունեության շրջանակն ու կարգը սահմանվում են Կառավարության աշխատակարգով:
12. Եթե վարչապետը գտնում է, որ Կառավարության նիստի օրակարգ ընդգրկելու համար առաջարկվող որեւէ հարցի քննարկման անհրաժեշտություն չկա, ապա տվյալ հարցը Կառավարության նիստում քվեարկվում է առանց քննարկման, եթե Կառավարության անդամներից որեւէ մեկը չի առարկում: Առարկելու դեպքում հարցը քննարկվում է ընդհանուր կարգով:
13. Կառավարության նիստի օրակարգի հարցերը զեկուցվում են Կառավարության անդամների, իսկ վարչապետի թույլտվությամբ՝ փոխնախարարների, Կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների կողմից:
14. Կառավարության նիստն ընթանում է մինչեւ օրակարգի սպառումը:
15. Կառավարության նիստերն արձանագրվում են վարչապետի աշխատակազմի կողմից: Նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը վարչապետի հանձնարարությամբ կարող է հրապարակվել:
16. Կառավարության նիստերը դռնփակ են: Վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց:
17. Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել Կառավարությունում քննարկված որեւէ հարցի քննարկման ընթացքի մասին:
Հոդված 11. Կառավարության որոշումները
1. Կառավարության որոշումները, բացառությամբ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու վերաբերյալ որոշումների եւ Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, ընդունվում են նիստին մասնակցող Կառավարության անդամների ձայների մեծամասնությամբ՝ բանավոր քվեարկությամբ: Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու վերաբերյալ որոշումները եւ Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Կառավարության անդամների ձայների մեծամասնությամբ՝ բանավոր քվեարկությամբ: Նիստին մասնակցող Կառավարության անդամները պարտավոր են մասնակցել քվեարկությանը: Կառավարության անդամները կարող են քվեարկել կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում վարչապետի ձայնը որոշիչ է:
2. Եթե վարչապետը գտնում է, որ Կառավարության նիստի օրակարգ որեւէ հարցի ընդգրկման անհրաժեշտությունը չկա, ապա տվյալ հարցի վերաբերյալ վարչապետի հանձնարարությամբ կազմակերպվում է գրավոր քվեարկություն: Կառավարության որոշումն ընդունվում է Կառավարության անդամների ձայների մեծամասնությամբ: Կառավարության անդամները կարող են քվեարկել կողմ կամ դեմ, կամ ներկայացնել առաջարկություն հարցի քննարկումը Կառավարության նիստում իրականացնելու վերաբերյալ: Վարչապետին նման առաջարկություն ներկայացվելու դեպքում սույն մասում նշված Կառավարության որոշումը համարվում է չընդունված եւ հարցը քննարկվում է Կառավարության նիստում՝ ընդհանուր կարգով:
3. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը, ինչպես նաեւ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակահատվածում Կառավարության բոլոր որոշումները ընդունվում են նիստին մասնակցող Կառավարության անդամների ձայների մեծամասնությամբ՝ բանավոր քվեարկությամբ: Կառավարության անդամները կարող են քվեարկել կողմ կամ դեմ:
4. Վարչապետին փոխարինող փոխվարչապետի ձայնը քվեարկության ժամանակ հաշվարկվում է միայն որպես վարչապետի ձայն:
5. Կառավարության որոշումները ստորագրվում են վարչապետի կողմից:
6. Կառավարության որոշումների նախագծեր կարող են ներկայացնել Կառավարության անդամները:
7. Կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները կարող են վարչապետին առաջարկել Կառավարության որոշումների նախագծեր:
8. Այլ պետական, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները Կառավարության որոշումների նախագծեր կարող են առաջարկել Կառավարության համապատասխան անդամին:
Հոդված 12. Կառավարության աշխատակարգը
1. Կառավարությունը գործում է սույն օրենքի եւ վարչապետի ներկայացմամբ Կառավարության կողմից հաստատված աշխատակարգի համաձայն:
2. Կառավարության աշխատակարգով սահմանվում են Կառավարության գործառույթների եւ լիազորությունների իրականացման ընթացակարգերը:
Հոդված 13. Հանրապետության նախագահին իրազեկելը
1. Կառավարությունը պարբերաբար իրազեկում է Հանրապետության նախագահին Կառավարության ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացման, իսկ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ՝ առանձին հարցերի վերաբերյալ:
ԳԼՈՒԽ V.
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 14. Կառավարության անդամի պաշտոնի անհամատեղելիությունը
1. Սահմանադրության 148-րդ հոդվածին համապատասխան՝ Կառավարության անդամը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից, որը չպետք է խոչընդոտի Կառավարության անդամի լիազորությունների իրականացմանը։
2. Կառավարության անդամի լիազորությունները ստանձնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, Կառավարության անդամը պարտավոր է`
1) դադարեցնել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը.
2) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաեւ առեւտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոններից.
3) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:
3. Կառավարության բնականոն աշխատանքն ապահովելու համար Կառավարության անդամը վարչապետին տեղյակ է պահում համատեղությամբ կատարվող գիտական, կրթական, ստեղծագործական աշխատանքի մասին:
Հոդված 15. Կառավարության անդամի պաշտոնեական գործունեությունը
1. Կառավարության անդամի հիմնական աշխատանքային ժամանակը ներառում է Կառավարության, նախարարական կոմիտեների նիստերի անցկացման, ինչպես նաեւ Կառավարության անդամի այլ լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ժամանակահատվածը:
2. Կառավարության անդամի հիմնական աշխատանքային ժամանակը նորմավորված չէ:
3. Կառավարության անդամի վարձատրության չափը սահմանվում է օրենքով:
4. Կառավարության անդամի լիազորությունների ժամկետը հաշվարկվում է որպես հանրային ծառայության ստաժ: Կառավարության անդամի ընդհանուր ստաժը չի ընդմիջվում, եթե նա իր լիազորությունների ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում, անցնում է այլ աշխատանքի:
5. Կառավարության անդամին իր լիազորությունների ժամկետով տրամադրվում են վկայական եւ դիվանագիտական անձնագիր:
Հոդված 16. Կառավարության անդամի՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունքը, նրա ազատումը զորահավաքներից ու վարժական հավաքներից
1. Կառավարության անդամն իր լիազորությունների ժամկետում ստանում է տարկետում պարտադիր զինվորական ծառայությունից եւ ազատվում զորահավաքներից, վարժական հավաքներից:
Հոդված 17. Կառավարության անդամի բնակարանային պայմանների ապահովումը
1. Կառավարության անդամի նստավայր քաղաքում բնակարան չունեցող Կառավարության համապատասխան անդամին իր դիմումի համաձայն տրամադրվում է տվյալ քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված փոխհատուցման առավելագույն չափը սահմանում է վարչապետը:
Հոդված 18. Կառավարության անդամի արձակուրդը
1. Կառավարության անդամն ունի ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային oր տեւողությամբ:
2. Հիմնական արձակուրդային վճարից բացի, Կառավարության անդամին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` իր միջին ամսական աշխատավարձի չափով:
3. Վարչապետի համաձայնությամբ Կառավարության անդամին կարող է տրամադրվել մինչեւ 15 օր տեւողությամբ չվճարվող արձակուրդ:
4. Կառավարության անդամներին արձակուրդ տրամադրվում է վարչապետի որոշմամբ:
Հոդված 19. Եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-79-Ն օրենքը:
Հոդված 20. Անցումային դրույթներ
1. Կառավարության աշխատակարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
2. Վարչապետին փոխարինելու կարգը վարչապետի կողմից սահմանվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:
3. Կառավարության աշխատակազմը գործում է մինչեւ վարչապետի աշխատակազմի ստեղծումը: Վարչապետի աշխատակազմի ստեղծման մասին վարչապետի որոշումն ուժի մեջ մտնելու պահից Կառավարության աշխատակազմը լուծարվում է (գործունեությունը դադարում է): Կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայող հանդիսացող պաշտոնատար անձինք քաղաքացիական ծառայության կարճաժամկետ ռեզերվ չեն ուղարկվում:
4. Կառավարության աշխատակազմի պաշտոնատար անձինք, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողները, Կառավարության աշխատակազմի լուծարումից հետո շարունակում են պաշտոնավարել որպես տվյալ պաշտոնի պաշտոնակատարներ եւ այդ ժամանակահատվածը համարվում է պետական ծառայության չընդհատված ստաժ, մինչեւ օրենքով սահմանված կարգով պաշտոնից ազատվելը կամ վարչապետի աշխատակազմում նոր պաշտոնում նշանակվելը: Նոր պաշտոնում նշանակվելու դեպքում վերը նշված ստաժը շարունակվում է առանց ընդհատման: Սույն մասով նախատեսված ժամանակահատվածի համար նշված պաշտոնատար անձինք վճարվում են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված չափով:
5. Կառավարության աշխատակազմի պաշտոնատար անձանց, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողների հետ վերջնահաշվարկ կատարվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով պաշտոնից ազատվելու դեպքում: Կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողների սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով պաշտոնից ազատվելու դեպքում 6 ամիս ժամկետով սահմանվում է վարձատրություն՝ իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան բարձրագույն խմբի 1-ին ենթախմբի առավելագույն դրույքաչափը:Վարձատրության վճարումն ապահովում է վարչապետի աշխատակազմը՝ Հայաստանի Հանրապետության պետական բույուջեի միջոցների հաշվին:
6. Վարչապետի աշխատակազմի ձեւավորման փուլում Կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողները վարչապետի աշխատակազմում նոր պաշտոնի նշանակվում են առանց մրցույթ հայտարարվելու՝ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից:
7. Վարչապետի աշխատակազմը հանդիսանում է Կառավարության աշխատակազմի իրավահաջորդը՝ գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների մասով:
8. Մինչեւ Կառավարության աշխատակազմի պարտավորությունների ամբողջ ծավալով կատարումը Կառավարության աշխատակազմի բյուջետային գլխավոր կարգադրիչի լիազորությունները վերապահվում են վարչապետի աշխատակազմին:
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
1. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակում ու իրականացնում է աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության, բնակչության զբաղվածության, ժամանակավոր անաշխատունակության դեպքում սոցիալական ապահովության, սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական համակարգերում հանրային ծառայությունների համարանիշերի կիրառման ապահովման, պետական կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման, սոցիալական բնակարանային ֆոնդի ձեւավորման, ընտանիքի, կանանց եւ երեխաների սոցիալական պաշտպանության, սոցիալական ապահովության ոլորտի պետական նպատակային ծրագրերի իրականացման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
2. Առողջապահության նախարարությունը մշակում եւ իրականացնում է առողջապահության, բժշկական օգնության որակի եւ արդյունավետության բարձրացման, առողջապահական համակարգի արդյունավետ գործունեության նպատակով առողջապահական կազմակերպություններին կազմակերպամեթոդական oգնության ապահովման, առողջապահության համակարգի արդյունավետ գործունեության, կազմակերպման, կառավարման եւ տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների ներդրման, կայուն ֆինանսավորման ապահովման, մոր եւ մանկան առողջության պահպանման, արտակարգ իրավիճակներում բնակչության բժշկական oգնության ապահովման, հանրապետությունում արտադրվող եւ ներմուծվող դեղերի անվտանգության, որակի եւ արդյունավետության ապահովման, հանրային առողջության եւ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, լիցենզավորման եւ դեղերի պետական գրանցման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
3. Արդարադատության նախարարությունը մշակում եւ իրականացնում է արդարադատության, այդ թվում՝ դատական ակտերի հարկադիր կատարման, քրեակատարողական, պրոբացիայի, սնանկության, փաստաբանության, հաշտարարության, նոտարական գործունեության, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման եւ հաշվառման, անհատ ձեռնարկատերերի հաշվառման, զանգվածային լրատվության միջոցների հաշվառման, անձնական տվյալների պաշտպանության, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման, իրավական փորձաքննության եւ միջազգային իրավական փոխօգնության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը, ապահովում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը:
4. Արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակում եւ իրականացնում է արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման ու իրականացման, քաղաքացիական պաշտպանության եւ փրկարարական ստորաբաժանումների ստեղծման ու զարգացման ապահովման, ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ հակառակորդի անմիջական շփման գոտուց դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության նպատակով խաղաղ ժամանակ տարածքային պաշտպանության համակարգի ձեւավորման ապահովման եւ այդ աշխատանքների համակարգման, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրները լուծելու նպատակով տեղեկատվության ստացման, ամփոփման ու որոշումների մշակման եւ ընդունման աշխատանքների, նշված ոլորտներում կառավարման իրականացման եւ համակարգման, պետական պահուստի պաշարների պահպանման ու սպասարկման, սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացման, պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ապահովման, պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, առեւտրի եւ պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
5. Արտաքին գործերի նախարարությունը մշակում եւ իրականացնում է արտաքին գործերի, դիվանագիտական ծառայության, միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի եւ իրավունքների պատշաճ եւ հետեւողականորեն ներկայացման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության, օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերությունների իրականացման, աշխարհի քաղաքական եւ տնտեսական դրության, օտարերկրյա պետությունների արտաքին ու ներքին քաղաքականության, միջազգային կազմակերպությունների գործունեության ուսումնասիրության հիման վրա համապատասխան առաջարկությունների ներկայացման, համաշխարհային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման գործում Հայաստանի Հանրապետության դերի բարձրացման, Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ապահովման, պետական մարմիններին արտաքին եւ ներքին քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
6. Բնապահպանության նախարարությունը մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեսուրսների բանական օգտագործման, մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպես նաեւ բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման ու վերականգնման, անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման, Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող եւ օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման, շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) մասին տվյալների միասնական հանրապետական ֆոնդերի, կադաստրների ու ռեգիստրների վարման ապահովման, բնապահպանության ոլորտում լիցենզավորման, թույլտվությունների եւ համաձայնեցումների տրամադրման ապահովման, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ապահովման, էկոլոգիական գիտության, կրթության եւ իրազեկման ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
7. Գյուղատնտեսության նախարարությունը մշակում եւ իրականացնում է գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ագրոպարենային, գիտատեխնիկական միասնական քաղաքականության հիման վրա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ներուժի առավելագույն օգտագործման միջոցով գյուղատնտեսության զարգացման ապահովման, սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
8. Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը մշակում եւ իրականացնում է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի, ընդերքի ոլորտների, Հայաստանի Հանրապետության էներգետիկական անկախության, ատոմային էներգիայի` խաղաղ նպատակներով օգտագործման, ընդերքօգտագործման, ընդերքի ողջամիտ եւ համալիր օգտագործմանը նպաստելուն ուղղված, երկրաբանական տեղեկությունների միասնական համակարգի ստեղծման, վարման եւ տնօրինման, պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման եւ անվտանգ օգտագործման, ջրային համակարգերի կառավարման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
9. Կրթության եւ գիտության նախարարությունը մշակում եւ իրականացնում է կրթության եւ գիտության, հայ ժողովրդի հոգեւոր եւ մտավոր ներուժի ամրապնդման, ազգային եւ համամարդկային արժեքների պահպանման եւ զարգացման, կրթության եւ գիտության համակարգի բնականոն գործունեության ապահովման, կրթության եւ գիտության բնագավառների պահպանման ու զարգացման ապահովման, կրթության եւ գիտության համակարգերի որակի եւ արդյունավետության մոնիթորինգի եւ գնահատման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
10. Մշակույթի նախարարությունը մշակում եւ իրականացնում է մշակույթի, մշակույթի զարգացմանը նպաստելու, մշակութային ժառանգության ստեղծմանը, պահպանությանը, պաշտպանությանը, ուսումնասիրությանը, օգտագործմանը, հանրահռչակմանն ու ծառայությունների մատուցմանը նպաստելու ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
11. Պաշտպանության նախարարությունն Անվտանգության խորհրդի կողմից սահմանված պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակներում մշակում եւ իրականացնում է պաշտպանության, Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, պետական սահմանի անձեռնմխելիության ու անվտանգության պաշտպանության ապահովման, օրենքով սահմանված կարգով ռազմաքաղաքական իրադրության, տարածաշրջանային իրավիճակի, Հայաստանի Հանրապետության ռազմավարական եւ ռազմական շահերին առնչվող հիմնախնդիրների ու գործընթացների, ռազմական սպառնալիքների եւ վտանգների, պաշտպանվածության աստիճանի ուսումնասիրման, գնահատման ու անհրաժեշտ միջոցառումների իրականացման ապահովման, ռազմաարդյունաբերական համալիրի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման ապահովման, զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաեւ զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության ապահովման, Հայաստանի Հանրապետության եւ նրա պաշտպանական համակարգի դեմ ուղղված տեղեկատվական քարոզչության կանխարգելման ու հակաքարոզչական միջոցառումների իրականացման ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
12. Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մշակում եւ իրականացնում է սպորտի եւ երիտասարդության հարցերի, բնակչության առողջացման, ֆիզիկական դաստիարակության գիտականորեն հիմնավորված համակարգի ստեղծման, սպորտի եւ երիտասարդության հարցերի բնագավառներում գիտամեթոդական ու հետազոտական աշխատանքների իրականացման, գիտական հետազոտությունների անցկացման ծրագրերի համադասման ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
13. Սփյուռքի նախարարությունը մշակում եւ իրականացնում է հայկական սփյուռքի հետ համակողմանի կապերի զարգացման, հայկական համայնքներում ազգային ինքնության պահպանման նպատակով սփյուռքի կազմակերպությունների հետ համատեղ լեզվամշակութային ծրագրերի մշակման, յուրաքանչյուր հայի համար Հայաստանի մասին տեղեկատվության մատչելիության ապահովման, հայկական սփյուռքի եւ Հայաստանի Հանրապետությունում գործող զանգվածային լրատվամիջոցների համագործակցության ապահովման, այլ պետություններում հայոց լեզվի, հայկական պատմամշակութային արժեքների պահպանման, հայ համայնքների զարգացման համար բարենպաստ միջավայրի ձեւավորման, համահայկական ծրագրերի մշակման ու իրականացման, հայրենադարձությունը խթանող ծրագրերի մշակման, Հայաստանի ներքին խնդիրների լուծման համար սփյուռքի ներուժի ներգրավման կայուն եւ արդյունավետ կառուցակարգերի մշակման ու ներդրման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
14. Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը մշակում եւ իրականացնում է տարածքային կառավարման եւ զարգացման, տարածքային կառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման, Երեւանում տարածքային կառավարման իրականացման ապահովման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման միասնական տեղեկատվական համակարգի կազմակերպման, դրա ընդհանրական շահագործմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովման, տարածքների զարգացմանն ուղղված նորարարական եւ ներդրումային ծրագրերի ձեւավորման, Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայության համակարգի զարգացման ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
15. Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը մշակում եւ իրականացնում է մրցակցային տնտեսության զարգացման պայմանների ապահովման, սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացման, արդյունաբերության գլոբալ մրցունակության բարձրացման եւ տուրիզմի զարգացման, գործարարության, ներդրումների եւ արտահանման, գիտելիքի տնտեսության ձեւավորման եւ նորարարության խթանման, տարածքային զարգացման համաչափության ապահովման ոլորտներում Կառավարության տնտեսական քաղաքականությունը:
16. Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մշակում եւ իրականացնում է տրանսպորտի, կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական անվտանգության, տրանսպորտի եւ փոստի, լիցենզավորման եւ թույլտվությունների տրամադրման, տրանսպորտի, կապի, համացանցի տեղեկատվայնացման եւ ճանապարհաշինական բնագավառներում միջպետական համագործակցության, Հեռահաղորդակցության միջազգային միությունում եւ Համաշխարհային փոստային միությունում, այլ միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության, Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձեւավորման, ռազմական դրության դեպքում էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի կամ ծառայությունների կամ դրանցից յուրաքանչյուրի շահագործման եւ կառավարման, ինչպես նաեւ տեղեկատվական եւ փոստային կապի ցանցերի գործունեության ապահովման, թվային տնտեսության եւ նորարարության ձեւավորման խթանման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
17. Ֆինանսների նախարարությունը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձեւավորման եւ պետական ֆինանսների կառավարման, բյուջետային գործընթացի կազմակերպման, միջազգային ֆինանսական համագործակցության, ֆինանսատնտեսական, վարկային, հարկաբյուջետային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության մշակման եւ իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովման, կապիտալի, ֆինանսական շուկայի, այդ թվում` աուդիտորական, վիճակախաղերի, խաղատների եւ շահումով խաղերի, թանկարժեք մետաղների ոլորտում գործունեության կարգավորման մասին իրավական ակտերի մշակման, հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ապահովման, Հայաստանի Հանրապետության պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների ձեւավորման, գնումների գործընթացի պետական կարգավորման եւ համակարգման եւ պետական պարտքի կառավարման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ հստակեցվեց գործադիր իշխանության համակարգը, դրա համակարգային փոխհարաբերությունների շրջանակը Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի եւ իշխանության մյուս ճյուղերի հետ:
Սահմանադրության 146-րդ հոդվածով սահմանվեց, որ Կառավարությունը, հանդիսանալով գործադիր իշխանության բարձրագույն մարմին, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով, իսկ 147-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվեց, որ նախարարությունների ցանկը եւ Կառավարության գործունեության կարգը Կառավարության ներկայացմամբ սահմանվում են օրենքով:
Մինչդեռ Կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները ներկայում կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով, իսկ Կառավարության կառուցվածքը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Վերոնշյալը վկայում է «Հայաստանի Հանրապետության կառավարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:
Միաժամանակ, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման արդյունքում առաջանում է մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն՝ այդ թվում պայմանավորված Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու՝ օրենքով ամրագրված կարգավորմամբ:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝
1. սահմանվել է Կառավարության կազմը եւ կառուցվածքը,
2. ամրագրվել են Կառավարության կազմավորման կարգի, ժամկետների, Կառավարության անդամների լիազորությունների ստանձնման, Կառավարության կազմում փոփոխությունները, Կառավարության հրաժարականը կարգավորող դրույթներ,
3. կարգավորվել են Կառավարության անդամների՝ վարչապետի, փոխվարչապետների, նախարարների իրավասությունները,
4. նախատեսվել են դրույթներ Կառավարության նիստերի, Կառավարության որոշումների ընդունման կարգի վերաբերյալ,
5. սահմանվել են Կառավարության անդամի պաշտոնի անհամատեղելիությանը եւ գործունեության երաշխիքներին վերաբերող դրույթներ,
6. hարակից օրենքների նախագծերով համապատասխան օրենքները համապատասխանեցվել են «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանված կարգավորումներին:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
Նախագծերի մշակմանն օժանդակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակ եւ համապարփակ կարգավորել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում Կառավարության վերաբերյալ սահմանադրորեն ամրագրված նոր հարաբերությունները՝ ստեղծելով Կառավարության գործունեության համար անհրաժեշտ եւ բավարար իրավական նախադրյալներ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ եւ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ եւ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ եւ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐեւԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ եւ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
Հարգելի պարոն Բաբլոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ, 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 1-ի N 103 -Ա որոշմամբ անհետաձգելի համարված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Գործատուների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերին կից ներկայացվում են օրենքների նախագծների ընդունման հիմնավորումը, օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 1-ի N 103 -Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Հարգանքով` ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ