Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` Օրենք)`
1. 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 16-րդ մասով.
«16) կոնցեսիոների (օպերատորի) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափանիշների համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից որպես կոնցեսիայի պայմանագիր որակված գործարքի պայմանների շրջանակներում կոնցեդենդին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքը կամ գնված կամ կառուցված կամ փոխարինված ենթակառուցվածքային ակտիվները (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերը կոնցեսիայի պայմանագրի գործողության ընթացքում կամ ավարտին կոնցեդենտին (շնորհատուին) սեփականության իրավունքով փոխանցելու գործառնությունները, ինչպես նաեւ կոնցեդենտին (շնորհատուին) կոնցեսիոն ծառայությունների մատուցումը:
Սույն օրենքի իմաստով`
ա. կոնցեդենտ (շնորհատու) է համարվում պետական կամ համայնքային մարմինը, որը որոշակի ժամանակահատվածով կոնցեսիոներին (օպերատորին) է տրամադրում հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` դրանք շահագործելու եւ (կամ) սպասարկելու նպատակով,
բ. կոնցեսիոներ (օպերատոր) է համարվում իրավաբանական անձ հանդիսացող ռեզիդենտ կազմակերպությունը, որին կոնցեդենտի (շնորհատուի) կողմից տրամադրվում են հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` հանրային ծառայություն մատուցելու եւ (կամ) այն բարելավելու նպատակով եւ որը շահագործում եւ (կամ) սպասարկում է այդ ենթակառուցվածքները սահմանված ժամանակաշրջանի ընթացքում:
2. 26-րդ հոդվածի 2-րդ կետում «7-րդ հոդվածի 3-րդ կետով» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 3-րդ եւ 16-րդ կետերով» բառերով:
3. 27-րդ հոդվածի վերջին պարբերությունում «7-րդ հոդվածի 3-րդ կետով» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 3-րդ եւ 16-րդ կետերում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծառայությունների մատուցման գործող կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում 2011 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակաշրջաններում կոնցեսիոների (օպերատորի) կողմից կոնցեդենդին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքը կամ գնված կամ կառուցված կամ փոխարինված ենթակառուցվածքային ակտիվները (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերը կոնցեսիայի պայմանագրի գործողության ընթացքում կամ ավարտին կոնցեդենտին (շնորհատուին) սեփականության իրավունքով փոխանցելու գործառնությունները, ինչպես նաեւ կոնցեդենտին (շնորհատուին) կոնցեսիոն ծառայությունների մատուցումը կհամարվեն ավելացված արժեքի հարկով հարկվող օբյեկտ չհամարվող գործարքներ, եթե այդ համաձայնությունները կոնցեսիոների (օպերատորի) եւ կոնցեդենտի (շնորհատուի) կողմից սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 90-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափանիշների համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից որավեն որպես կոնցեսիայի պայմանագրեր:
2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծառայությունների մատուցման գործող կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում կոնցեսիոների (օպերատորի) կողմից կոնցեդենտին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքը կամ գնված կամ կառուցված կամ փոխարինված ենթակառուցվածքային ակտիվները (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերը կոնցեսիայի պայմանագրի գործողության ընթացքում կամ ավարտին կոնցեդենտին (շնորհատուին) սեփականության իրավունքով փոխանցելու գործառնությունները մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջաններում, ինչպես նաեւ մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջաններում կոնցեդենտին (շնորհատուին) կոնցեսիոն ծառայությունների մատուցումը համարվում են ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքներ, եւ հարկային պարտավորությունների վերահաշվարկներ չեն կատարվում: