Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 3-րդ հոդվածի առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համատեղ գործունեության պայմանագրով գործող գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող սուբյեկտներից (մասնակիցներից) յուրաքանչյուրը հանդես է գալիս որպես առանձին հարկ վճարող:
Համատեղ գործունեության պայմանագրով գործող սուբյեկտների (մասնակիցների) գործունեությունը համարվում է գյուղատնտեսական արտադրություն, եթե նրանց գործունեության արդյունքում արտադրված արտադրանքի 90 տոկոսը` գյուղատնտեսական արտադրանք է: Սույն հոդվածի իմաստով գյուղատնտեսական արտադրանք է համարվում «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արտադրանքը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
Գյուղատնտեսությունում իրականացվող պետական քաղաքականության գերակայություններից է տնտեսավարողների համատեղ գործունեության (կոոպերատիվների, կազմակերպաիրավական այլ ձեւերի) խթանման միջոցով ոլորտում կայուն տնտեսական աճի եւ արտադրողականության բարձրացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը:
Գյուղատնտեսությունում տնտեսավարողների համատեղ գործունեության խթանմանն ուղղված միջազգային լավագույն փորձի տեղայնացման անհրաժեշտությունը եւ օրենսդրության կատարելագործումը, տնտեսավարման համար բարենպաստ միջավայրի ձեւավորումն առաջարկվել է նաեւ Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի կողմից (ՀՀ հանրային խորհրդի 2010 թվականի փետրվարի 11-ի նիստի որոշումը):
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (2008թ., օգոստոսի 21, ՀՕ-146-Ն) սահմանվել է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարման (գանձման) նվազագույն շեմը` 58.35 մլն դրամ: Նշված դրույթը զգալիորեն խոչընդոտում է գյուղատնտեսությունում տնտեսավարողների համատեղ գործունեությանը, մասնավորապես՝ համատեղ գործունեության պայմանագրով տնտեսավարողները ԱԱՀ-ով հարկման դաշտում հայտնվելը:
Հայաստանի` Առեւտրի Համաշխարհային Կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցության կապակցությամբ ստանձնած պարտավորությունների համաձայն, 2009 թվականի հունվարի 1-ից վերացել է գյուղատնտեսական մթերքների իրացումից ԱԱՀ-ի հարկման արտոնությունը:
Ակնկալվում է, որ օրենքի սահմանված կարգով ընդունումը կխթանի հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների համատեղ գործունեության գործընթացը, որի արդյունքում կբարձրանա ոլորտի արդյունավետությունն ու մրցունակությունը եւ կբարելավվի համատեղ գործունեություն իրականացնող սուբյեկտների (մասնակիցների) սոցիալ-տնտեսական վիճակը: