Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վետերանների սոցիալական պաշտպանության կազմակերպչական, տնտեսական եւ իրավական հիմքերը, կարգավորում է նրանց նկատմամբ պետական քաղաքականության հիմնահարցերը:
Հոդված 1. Աշխատանքի վետերանների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
Աշխատանքի վետերանների մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից:
Եթե Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:
Հոդված 2. Աշխատանքի վետերան հասկացությունը
Սույն օրենքի իմաստով աշխատանքի վետերան են համարվում նախկին ԽՍՀՄ /ՀԽՍՀ/ «Աշխատանքի վետերան», «Սոցիալիստական աշխատանքի հերոս» մեդալներով պարգեւատրված կամ անհատական կենսաթոշակառու համարվող ՀՀ քաղաքացիները:
Հոդված3. Աշխատանքի վետերանների պատվովճարը
Աշխատանքի վետերանները ստանում են ամենամսյա պատվովճար բազային կենսաթոշակի չափով` ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով: Պատվովճարի գումարը հարկման ենթակա չէ եւ չի հաշվառվում վետերանների եւ նրանց ընտանիքների սոցիալական կարիքավորության աստիճանը որոշելիս:
Հոդված 4. Աշխատանքի վետերանների սպասարկումը տրանսպորտի ոլորտում
Աշխատանքի վետերաններին ՀՀ տարածքում քաղաքային, մերձքաղաքային եւ միջքաղաքային ողեւորատար տրանսպորտով, անկախ սեփականության ձեւից /բացի տաքսուց/ երթեւեկելու համար տրվում է դրամական փոխհատուցում` կառավարության սահմանած կարգով:
Հոդված5. Աշխատանքի վետերանների սպասարկումը կոմունալ կենցաղային ծառայությունների ոլորտում
Աշխատանքի վետերաններին էլեկտրաէներգիայի, գազի, ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, ինչպես նաեւ հեռախոսի եւ ռադիոյի բաժանորդային վարձի վճարման համար տրվում է դրամական փոխհատուցում է կառավարության սահմանած կարգով:
Հոդված 6. Աշխատանքի վետերանների բնակարանների սեփականաշնորհումը
Աշխատանքի վետերանն ազատվում է պետական եւ հանրային բնակարանային ֆոնդի տների, բնակարանների սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերի ձեւակերպման նպատակով գանձվող տուրքից:
Հոդված 7. Աշխատանքի վետերանների սպասարկումը առողջապահական ոլորտում
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Աշխատանքի վետերանն ունի պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք:
Աշխատանքի վետերանն ունի դեղորայքի արժեքի /ըստ դեղատոմսի/ վճարի 50% զեղչի իրավունք:
Աշխատանքի վետերանը կառավարության սահմանած կարգով ունի բուժառողջարանային հաստատությունների անվճար ուղեգիր ստանալու, ինչպես նաեւ պրոթեզավորման, բոլոր տեսակի պրոթեզային իրերի /բացի թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեներ/ անվճար տրամադրման իրավունք:
Հոդված 8. Աշխատանքի վետերանների իրավունքները ծերանոցներում տեղավորելու եւ ապրելու ժամանակ
Կառավարության սահմանած կարգով աշխատանքի վետերաններն ունեն ծերանոցներում պետական բյուջեի միջոցների հաշվին տեղավորվելու իրավունք:
Հոդված 9. Աշխատանքի վետերանների հուղարկավորության հետ կապված ծախսերը
Աշխատանքի վետերանների հուղարկավորության հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին կառավարության սահմանած կարգով:
Հոդված 10. Աշխատանքի վետերանների իրավունքների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ
Սույն օրենքով նախատեսված Աշխատանքի վետերանների իրավունքների իրականացման համար անհրաժեշտ ծախսերը փոխհատուցվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հոդված 11. Պատասխանատվությունը աշխատանքի վետերանի մասին օրենսդրությունը խախտելու համար
Աշխատանքի վետերանի մասին օրենսդրությունը խախտելը առաջ է բերում պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 12. Աշխատանքի վետերանի կարգավիճակը հաստատող փաստաթղթերը
Աշխատանքի վետերանի իրավունքների իրականացումը կատարվում է սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված Աշխատանքի վետերանների յուրաքանչյուր կատեգորիայի համար սահմանված միասնական նմուշի վկայականի ներկայացմամբ:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թ. հունվարի 1-ից: