Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ զ.1) ենթակետով.
«զ.1) բազմազավակության պարտադիր վճարները:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
Հիմնավորում
«Բազմազավակ ընտանիքներին աջակցության մասին», «Բազմազավակության պարտադիր վճարների մասին», «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Նախագծերի փաթեթը մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել` առաջնորդվելով ՀՀ Նախագահի, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ՀՀ կառավարության 2008-2012 թվականնների գործունեության ծրագրերի դրույթներով:
ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրով նախատեսված է ամուր, բազմազավակ, ավանդական հայ ընտանիքը դարձնել օրինաչափություն:
ՀՀԿ նախընտրական ծրագրում սոցիալական ոլորտի խնդիրներից են` սոցիալական համերաշխությունը սերունդների միջեւ, երրորդ եւ հաջորդ երեխաների ծնունդը խրախուսելու եւ կենսապայմանների զգալի բարելավում ապահովող ծրագրերի իրագործումը եւ բազմազավակ ընտանիքների միանվագ աջակցության քայլերի զուգակցումը կենսապայմանների շարունակական բարելավման ծրագրերի հետ:
ՀՀ կառավարությունն իր 2008-2012 թվականների գործունեության ծրագրում նախատեսում է սոցիալական ապահովության կարիք ունեցող հասարակության անդամների նվազագույն անհրաժեշտ կարիքների բավարարում` սոցիալական թիրախային ծրագրերն ընդլայնելու, ժողովրդագրական ակտիվ քաղաքականություն իրականացնելու ճանապարհով: Ըստ նշված ծրագրի որպես ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչ, ընտանիքը համարվելու է պետական ժողովրդագրական քաղաքականության հիմնական սուբյեկտ: Նշված քաղաքականությունն ուղղված է լինելու ընտանիքի ամրապնդմանը, ծնելիության մակարդակի աճին, մայրության եւ մանկության պաշտպանությանը:
Կառավարությունը նախատեսում է բարեփոխել ընտանեկան նպաստների քաղաքականությունը` զգալիորեն ավելացնելով ծրագրի հասցեականությունը: Կառավարությունը ծրագրում է նաեւ բարձրացնել երեխայի ծննդյան միանվագ` ներկայումս գործող նպաստի չափը եւ ներդնել երեխաների ծննդյան հաջորդականությամբ պայմանավորված խրախուսման ամբողջական համակարգ:
Հետեւելով կառավարության գործունեությանը` նկատում ենք, որ կառավարությունը վերը նշված նպատակներով, վերջին երկու տարիներին, ընդունել է մի շարք կարեւոր որոշումներ:
Մասնավորապես` Համաձայն 2009 թվականի հուլիսի 27-ի ՀՀ կառավարության արձանագրային որոշման ժողովրդագրական խնդիրների հաղթահարումը հայտարարվել է որպես պետական քաղաքականության գերակայություն, ազգային պետական անվտանգության ապահովման կարեւորագույն տարր, իսկ ընտանիքը` պետական ժողովրդագրական քաղաքականության հիմնական սուբյեկտ: Ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության հիմնական ուղղություն է համարվել ծնելիության խթանումը` երեխաներ ունենալու եւ մեծացնելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով (ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության 4.1-րդ կետ), իսկ ըստ այդ նույն ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության 5.1-րդ կետի` ժողովրդագրական քաղաքականության առանցքային խնդիրը ծնունդների խրախուսումն է` երեխաների կյանքի եւ դաստիարակության համար նպաստավոր պայմանների ստեղծման միջոցով:
1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
Վերջին տասնամյակում, ըստ պաշտոնական վիճակագրության, ՀՀ-ում 1000 բնակչի հաշվով ծնունդների թվաքանակը կրճատվել է մոտ 2 անգամ, իսկ բնական աճի մեծությունն անկում է ապրել 4 անգամ:
2010 թվականի ընթացքում, ըստ պաշտոնական վիճակագրության, ՀՀ-ում ծնվել են 45 000 երեխաներ, որոնցից ընտանիքների երեք եւ ավելի երեխաներ են եղել 6600-ը:
2010 թվականին ուսումնասիրությունների արդյունքով, ՀՀ-ում տնային տնտեսությունների թվաքանակը կազմում է 800 000 ընտանիք, որից 4 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքները կազմում են 15 000 ընտանիքները: Դրանցից ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված եւ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքները կազմում են 8 000-ը:
Այս տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ ՀՀ-ում չի ապահովվում ոչ միայն ընդլայնված, այլ նաեւ պարզ վերարտադրությունը: Ծնելիության առումով` երկրի անբարենպաստ իրավիճակի ինքնակարգավորման հնարավորությունը, իրատեսական չէ: Դրան հասնելու միակ ուղին ակտիվ, նպատակային եւ հետեւողական պետական միջամտությունն է լինելու:
Ներկայումս գործող ծրագրերով յուրաքանչյուր ծնված առաջին եւ երկրորդ երեխայի համար նշանակվում է ծննդյան միանվագ նպաստ: Այս նպաստը 2011 թ. կազմում է 50,000 դրամ՝ յուրաքանչյուր նորածնի համար (երկվորյակների դեպքում նպաստը կկազմի 100,000 դրամ, եւ այլն): Նախատեսվում է մինչեւ 2021 թ. առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը հասցնել 97.000 դրամի (ԿԶԾ, կետ 565): Իսկ ընտանիքում ծնված երեք եւ ավելի երեխայի համար նպաստի չափը կազմում է 430 000 դրամ: Նպաստի այդ չափը շարունակաբար աճելու է` 430,000 դրամից հասնելով 1 մլն. դրամի: Ընդ որում ծրագրերում չեն ընդգրկվում միայն առավել բարձր եկամուտներ ունեցող ընտանիքները:
Մինչեւ 2 տարեկան երեխա խնամող եւ մասնակի վճարովի արձակուրդում գտնվող անձանց տրամադրվում է ամսական նպաստ` 18,000 դրամ, որը 2021 թ. կազմելու է 52,980 դրամ` երեխային խնամելու ժամանակաշրջանում նրանց չստացած աշխատավարձը մասնակիորեն փոխհատուցելու նպատակով (ԿԶԾ, կետ 569):
Ելնելով վերը նշված վիճակից, Հայաստանի Հանրապետության Նախագահը 2007թ. փետրվարի 7-ին ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատեց` «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազամավարություն» փաստաթղթը, ըստ որի ժողովրդագրական բացասական միտումները, ի թիվս այլ երեւույթների, դիտվել է իբրեւ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիք:
Ռազմավարությամբ սահմանված ժողովրդագրական քաղաքականության նպատակները, առաջնահերթություններն ու առաջադրանքները հիմնված են կոնկրետ սկզբունքների վրա:
Առաջին այդպիսի սկզբունքն է. բոլոր զույգերն ու անհատներն իրավունք ունեն ազատորեն տնօրինելու վերարտադրողական իրենց կյանքն ու վարքագիծը: Մարդիկ իրենց ազատ կամքով եւ ինքնուրույնաբար են որոշում կայացնում, թե քանի երեխա են ունենալու եւ երբ: Այս հարցում նրանց աջակցելու է պետությունը, որն ապահովում է նրանց՝ վերարտադրողական կյանքի իրականացման ու պլանավորման հետ կապված տեղեկատվություն եւ կրթություն ստանալու հնարավորությունը: Պետությունը հոգ է տանելու ապահովելու համար այն կենսամակարդակը, որը նպաստում է երեխաներ ունենալու եւ խնամելու որոշման կայացմանը:
Երկրորդը` ընտանիքը հասարակության բնական ու հիմնական բջիջն է, սոցիալական համակարգի հիմնական բաղադրիչը, որին պետք է օժանդակել: Ըստ Հայաստանում գոյություն ունեցող ավանդույթների, կենսաձեւի եւ մշակույթի, ընտանիքն է կրում եւ պահպանում հասարակության հիմնական արժեքները: Ընտանիքն է պատասխանատու երեխաներ ունենալու, խնամելու եւ մեծացնելու համար: Երիտասարդներին միասին ապրելու համար նախապատրաստելուն ուղղված ջանքերը, պատասխանատու ծնողներ դառնալու նրանց գիտակցության ձեւավորումը եւ համապատասկան կենսամակարդակի ապահովումը ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության հիմնական խնդիրներից են:
Երրորդը` երեխաները պետության եւ ընտանիքի առաջնահերթությունն են: Յուրաքանչյուր երեխային վերապահված է արժանավայել կյանք ապահովող կենսամակարդակ ունենալու, ինչպես նաեւ առողջապահության եւ կրթության ամենաբարձր մակարդակի ստանդարտներից օգտվելու իրավունքը: Երեխան ունի իր ծնողների, ընտանիքի եւ հասարակության կողմից խնամք եւ օժանդակություն, ինչպես նաեւ պաշտպանություն ստանալու իրավունք՝ ընդդեմ ֆիզիկական եւ հոգեբանական բռնության, խնամքի բացակայության, վատ վերաբերմունքի կամ շահագործման ցանկացած դրսեւորման:
2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Ժողովրդագրական զարգացման քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունների իրականացման կոնկրետ առաջադրանքները, միջոցները եւ աշխատանքները նախատեսվում է իրագործել հետեւյալ ուղղություններով.
Ժողովրդագրական զարգացմանն առնչվող իրավական դաշտի կատարելագործում եւ համապատասխանեցում եւ ծնունդների ֆինանսական խրախուսում:
Այս ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ են դիտվում`
1) երեխաներ ունենալու եւ մինչեւ 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող դրամական փոխհատուցման եւ սոցիալական օգնության տեսակների ու չափերի քաղաքականության վերանայումը,
2) բազմազավակ ընտանիքների համար արտոնյալ պայմանների ստեղծումը,
3) բազմազավակ ընտանիքներում երեխաների խնամքի հետ կապված ծախսերի մեծ մասի փոխհատուցումը` առաջնահերթությունը տալով նախադպրոցական հաստատությունների հետ կապված ծախսերի, կոմունալ ծախսերի փոխհատուցմանը, հողի հարկի եւ գույքահարկի արտոնություններ տալուն.
4) բազմազավակ ընտանիքների` մինչեւ 18 տարեկան զավակների համար պետական պատվերի շրջանակներում, իսկ ծնողների համար` առանց նախապայմանների բժշկի խոհրդատվությունից եւ առողջապահական ծառայություններից անվճար օգտվելու հնարավորությունների ստեղծումը,
5) բազմազավակ ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրերի ընդլայնում (բնակարանի ձեռքբերում ֆինանսական ավելի մեղմ պայմաններով):
Ներկայացված նախագծով առաջարկվում է ընտանիքներին, որտեղ ծնվել եւ (կամ) որդեգրվել են եւ խնամվում են չորս եւ ավելի երեխաներ, որոնք չունեն նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան բնակելի տարածք եւ վերջին երեք տարիների ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածքը, ցուցաբերել աջակցություն` սեփականության իրավունքով տրամադրելով բնակարան` 25 տարի չօտարելու պայմանով:
Նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան` բնակելի տարածք է համարվում բնակարանի տարածքի այնպիսի չափը, որն ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար պակաս չէ 15 քառակուսի մետրից:
Նախագծով առաջարկվող լրացումը բխում է ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված` բազմազավակ ընտանիքների կենսապայմանների շարունակական բարելավման բազմանդամ ընտանիքներին շարունակական աջակցության դրույթներից:
3. Կարգավորման առարկան.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է սոցիալական համակարգում ներդնել բազմազավակություն հասկացությունը, նախատեսել բազմազավակության ֆինանսական աջակցության ծրագրեր որպես ժողովրդագրական խնդրի լուծման արդյունավետ ճանապարհ:
4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում`
Բազմազավակ ընտանիքները դուրս կգան ընտանեկան նպաստի համակարգից եւ նրանց ֆինսանսական վիճակը բարձր կլինի աղքատության շեմից:
Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում ենթադրելի է, որ ՀՀ-ի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշում հնարավոր կլինի ծնունդների թվաքանակն աճեցնել մոտ երկու անգամ եւ հետեւաբար մոտակա ժամանակահատվածում կանգնեցնել բնական աճի անկումը: