Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասից հանել երկրորդ «եւ» բառը, իսկ «օրենքով» բառից հետո լրացնել «եւ «այլ օրենքներով» բառերը.
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս.
«Համայնքի անունից համայնքի ավագանին իրականացնում է համայնքային կառավարչական հիմնարկի հիմնադրի գործառույթներ:»
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն օրենքի իմաստով աշխատակազմ է համարվում. քաղաքային համայնքում` քաղաքապետարանի, իսկ գյուղական համայնքում` գյուղապետարանի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):»
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասից, 14-րդ հոդվածի 7-րդ մասից, 16-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի երկրորդ պարբերությունից, 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից, 28-րդ հոդվածի վերնագրից, 29-րդ հոդվածից, 30-րդ հոդվածի վերնագրից, 1-ին եւ 2-րդ մասերից, 3-րդ մասի առաջին պարբերությունից, 2-րդ եւ 7-րդ կետերից, 4-րդ, 5-րդ, 6-րդ մասերից, 31-րդ հոդվածի վերնագրից եւ առաջին պարբերությունից, 49-րդ հոդվածի 2-րդ մասից, 75-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «համայնքի ղեկավարի» բառերը.
Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում.
1) հանել 17-րդ կետը.
2) 26-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«26) համայնքի ղեկավարի ներկայացմամբ որոշում է ընդունում աշխատակազմի եւ բյուջետային հիմնարկների կանոնադրությունների, աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի եւ պաշտոնային դրույքաչափերի հաստատելու վերաբերյալ:»
Հոդված 6. Օրենքի 3-րդ գլխի վերնագրից հանել «նրա» բառը.
Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածի.
1) 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերում «իր աշխատարազմի» բառերը փոխարինել «աշխատակազմի» բառով.
2) 2-րդ մասի «հիմնարկների» բառից հետո լրացնել «կանոնադրությունները», իսկ երկրորդ «նաեւ» բառից հետո` «աշխատակիցների թվաքանակը» բառերը.
3) 5-րդ մասում «ղեկավարի հաստատմանն» բառերը փոխարինել «ղեկավարին» բառով.
Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածում.
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1 մասով.
«1.1. Աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող համայնքային կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման՝ իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:»:
2) 6-րդ մասի երկրորդ պարբերությունում «ղեկավարը» բառը փոխարինել «ավագանին» բառով.
Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի.
1) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) հաստատում է աշխատակազմի գործավարության կարգը,»
2) 4-րդ կետի «հիմնարկների» բառից հետո լրացնել «կանոնադրությունների» բառը.
Հոդված 10. Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասից հանել «իր» բառը.
Հոդված 11. Օրենքի 75-րդ հոդվածի.
1) 1-ին մասից հանել «Երեւանում` թաղային,» բառերը,
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնավարման ընթացքում չեն կարող կատարվել աշխատակազմի կառուցվածքային եւ (կամ) հաստիքացուցակի փոփոխություններ:»
Հոդված 12.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթի ընդունման
1. Անհրաժեշտությունը
Պետական մարմինների դեպքում, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի համաձայն` հիմնարկի աշխատակազմի եւ մարմնի ղեկավարի հարաբերությունները ապահովվում են պետական կառավարչական հիմնարկների միջոցով, ինչից ելնելով նպատակահարմար է այդ օրենքի դրույթները տարածել համայնքային կառավարչական հիմնարկների վրա: Դրանով է պայմանավորված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթի ընդունման անհրաժեշտությունը:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Երեւանի քաղաքապետարանի, ինչպես նաեւ մի շարք քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարների աշխատակազմերը հաշվառված են իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմիններում` որպես համայնքային կառավարչական հիմնարկներ: Համայնքային կառավարչական հիմնարկների հետ հարաբերություններ կարգավորող իրավական հիմքեր գործող օրենսդրությամբ նախատեսված չեն: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանվում է, որ «Համայնքի ղեկավարի աշխատակազմն ապահովում է համայնքի ղեկավարի լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացումը, ինչպես նաեւ քաղաքացիական իրավահարաբերություններում նրա մասնակցությունը:» Սակայն, մինչ այժմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի կարգավիճակը` որպես համայնքային կառավարչական հիմնարկ օրենսդրորեն սահմանված չէ, ինչի հետեւանքով քաղաքացիաիրավական հարաբերությունների կողմ հանդես գալիս` հաճախակի առաջ են գալիս տարաբնույթ խոչընդոտներ:
3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տվյալ միջոցառման իրականացման անհրաժեշտության մասին մատնանշված է ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների ծրագրում, իսկ միջոցառման իրականացումը նախատեսված է ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N1523 որոշմամբ հաստատված հավելվածի 63-րդ կետով:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթի ընդունմամբ կարգավորվում են համայնքի` որպես իրավաբանական անձի լիազորությունների իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները: Համայնքի ղեկավարի (փոփոխվող տարբերակում` քաղաքապետարանի (գյուղապետարանի)) աշխատակազմը սահմանվում է որպես համայնքային կառավարչական հիմնարկ, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման՝ իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից, ինչի ընթացքում համագործակցվել է ՀՀ մարզպետարանների եւ համայնքների հետ: Այն համաձայնեցվել է շահագրգիռ պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների հետ:
6. Ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթի ընդունումից հետո կբավարարվեն ՀՀ Սահմանադրության եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջները, ինչպես նաեւ հնարավոր կդառնա այդ պահանջների արդյունավետ կիրարկումը: Համայնքի ղեկավարի (փոփոխվող տարբերակում` քաղաքապետարանի (գյուղապետարանի)) աշխատակազմը կստանա համայնքային կառավարչական հիմնարկի կարգավիճակ, ինչի արդյունքում կբացառվեն այդ կարգավիճակը չունենալու պատճառով առաջացող խնդիրները:
7. Այլ տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը մշակելիս հիմք են ընդունվել ՀՀ Սահմանադրությունը, «Տեղական ինքնակառավարման մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքները, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N1523 որոշմամբ հաստատված հավելվածի 63-րդ կետը: