Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի NՀՕ-134-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 6.2-րդ հոդվածով.
«Հոդված 6.2. Առեւտրի ոլորտում գնային քաղաքականության պետական կարգավորում
1. Այն դեպքում, եթե սույն օրենքի հավելվածով սահմանված` սոցիալական նշանակության առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներից յուրաքանչյուրի մանրածախ գնի աճը երեսուն օրացուցային օրերի ընթացքում կկազմի երեսուն եւ ավելի տոկոս, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի ներկայացրած առաջարկության հիման վրա այդ ապրանքի (ապրանքների) մանրածախ գների կայունացման նպատակով դրանց վրա սահմանել մանրածախ գների վերին շեմ կամ առեւտրային վերադրի չափ` ոչ ավել, քան իննսուն օրացուցային օր ժամկետով:
2. Առեւտրի եւ ծառայությունների ոլորտում պետական կառավարում իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը, սոցիալական նշանակության առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գների կայունացման նպատակով, սույն օրենքի հավելվածում նշված եւ երեսուն օրացուցային օրերի ընթացքում երեսուն եւ ավելի տոկոս գնաճ գրանցած ապրանքի մասով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում առաջարկություն` իր կողմից հաշվարկված սահմանային թույլատրելի մանրածախ գնի վերին շեմ կամ առեւտրային վերադիր սահմանելու վերաբերյալ:
Սահմանային թույլատրելի մանրածախ գների հաշվարկման եւ վերին շեմ կամ առեւտրային վերադիր սահմանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:’
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «15-րդ հոդվածի 4-րդ մասի,» բառերից հետո լրացնել «6.2-րդ հոդվածի» բառերը:
Հոդված 3.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
«Առեւտրի եւ ծառայությունների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՑԱՆԿ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
0202 10 00-0202 30 900 | Տավարի միս |
0207 11-0207 14 | Հավ |
0301, 0302 | Ձուկ կենդանի, թարմ կամ սառեցված |
0401 20 | Կաթ, ոչ խտացրած առանց շաքարի |
0405 | Կարագ |
0406 10 80 0406 20 90 |
Պանիր |
0407 00 30 | Ձու |
0701 90 | Կարտոֆիլ |
0703 10 | Սոխ |
0706 10 000 | Գազար |
0902 | Թեյ |
1001 90 | Ցորեն |
1006 | Բրինձ |
1008 10 | Հնդկաձավար |
1101 | Ցորենի ալյուր |
1512 11 910 | Ձեթ արեւածաղկի |
1517 10 | Մարգարին |
1701 | Շաքար |
1905 | Հաց |
2501 00 | Աղ կերակրի |
« ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը `
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առեւտրի ոլորտում ապրանքային շարժի մեծածախ- մանրածախ շղթայում սպառողական ապրանքների գնագոյացման կարգավորման, բարենպաստ եւ հավասար տնտեսական մրցակցային պայմանների ապահովման արդի պահանջով եւ բխում է մանրածախ շուկայում գնագոյացման դժվար կառավարելիությունից:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները`
-Ընթացիկ իրավիճակը `
Համաշխարհային շուկայում պարենային ապրանքների գների աճը իր որոշակի ազդեցությունն է թողնում հանրապետության սպառողական շուկայում գնագոյացման վրա: Դա տեղիք է տալիս հանրապետությունում առաջին անհրաժեշտության ապրանքների գների չհիմնավորված բարձրացմանը, իսկ որոշ դեպքերում ավելի բարձր քան միջազգային շուկայում գնային տատանումները:
Արդյունքում` հանրապետության մանրածախ շուկայում թելադրվում է առաջարկ-պահանջարկ շղթայում չհիմնավորված գնային քաղաքականություն.
-Խնդիրները `
Համաշխարհային շուկայում պարենային ապրանքների գների աճի պարագայում թելադրվող եւ չհիմնավորված գնաճի կանխում` մասնավորապես, առաջին անհրաժեշտության ապրանքների մասով:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը `
Առեւտրի եւ ծառայությունների բնագավառում վարվում է ոլորտի կարգավորմանն ուղղված քաղաքականություն:
Կարգավորման նպատակը եւ բնույթը `
-Կարգավորման նպատակը `
Պետական կարգավորման լծակների կիրառմամբ կանխել չհիմնավորված գնագոյացումը եւ պաշտպանել հասարակությանը տնտեսական ցնցումներից:
-Բնույթը `
Օրենսդրական կարգավորում, այդ թվում` «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
ՀՀ կառավարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, շահագրգիռ մարմիններ, ֆիզիկական եւ իրավաբանական անձիք:
Ակնկալվող արդյունքը `
Չհիմնավորված գնագոյացման կանխում, հասարակության տնտեսական շահերի պաշտպանություն:
ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում ընդունումից հետո դրանց կատարումն ապահովող միջոցառումները`
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում ընդունումից հետո դրանց կատարումն ապահովող կառավարության որոշումների կամ այլ ակտերի ցանկը եւ ժամանակցույցը`
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մաս` ՀՀ կառավա-րության որոշում, 1 ամիս: