Հոդված 1. «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի մայիսի 22-ի ՀՕ-59-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածում`
1. 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3. բացառապես բաղկացած է այնպիսի նշումներից, որոնք առեւտրում ծառայում են ապրանքի արտադրության կամ ծառայության մատուցման ժամանակը, ապրանքի կամ ծառայության տեսակը, որակը, քանակը, ստեղծման նպատակը, արժեքը, աշխարհագրական ծագումը, կամ այլ բնութագրերը նշելու համար.».
2. 3-րդ մասը «նիշերը» բառից հետո լրացնել «, բացառությամբ պետությունների պաշտոնական անվանումների, դրանց կրճատ ձեւերի եւ շփոթելու աստիճան նման նիշերի» բառերը.
3. 3-րդ մասից հետո լրացնել 31 րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ`
« 31 .Պետությունների պաշտոնական անվանումները, դրանց կրճատ ձեւերը կամ դրանց շփոթելու աստիճան նման նիշերը կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ որպես չպահպանվող տարրեր, եթե դրանք գերիշխող մաս չեն զբաղեցնում, եւ այդ ապրանքային նշանի օգտագործումն անհարիր չէ պետության հեղինակության համար եւ չի նսեմացնի այն:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «չի կարող պարունակել այնպիսի տարրեր» բառերը փոխարինել «չի կարող բաղկացած լինել միայն այնպիսի տարրերից» բառերով:
Հոդված 3. Օրենքի 45-րդ հոդվածում՝
1. 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասի համաձայն սահմանված ժամկետում հայտատուն՝
1) հայտարարություն չի ներկայացնում, կամ
2) հայտարարություն ներկայացնում է միայն նշված տարրերից մի մասի նկատմամբ, կամ
3) հայտարարություն ներկայացնում է նշված տարրերից մի մասի նկատմամբ, իսկ մյուս մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար անընդունելի առարկություն, կամ
4) նշված բոլոր տարրերի կամ դրանց մի մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար անընդունելի առարկություն,
ապա պետական լիազոր մարմինը որոշում է ընդունում ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին։».
2. 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9. Եթե սույն հոդվածի 7-րդ մասի համաձայն սահմանված ժամկետում հայտատուն՝
1) հայտարարություն ներկայացնում է նշված բոլոր տարրերի նկատմամբ, կամ
2) հայտարարություն ներկայացնում է նշված տարրերից մի մասի նկատմամբ, իսկ մյուս մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար ընդունելի առարկություն, կամ
3) նշված բոլոր տարրերի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար ընդունելի առարկություն,
ապա պետական լիազոր մարմինն ապրանքային նշանի գրանցման կամ մասնակի գրանցման մասին որոշման մեջ նշում է կատարում միայն այն տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին, որոնց նկատմամբ հայտարարություն է ներկայացվել, այդ նշումը ներառելով ապրանքային նշանի գրանցման մասին հրապարակվող պաշտոնական տեղեկությունների մեջ։ Այն տարրերի մասին, որոնց նկատմամբ ներկայացվել է պետական լիազոր մարմնի համար ընդունելի առարկություն, ապրանքային նշանի գրանցման կամ մասնակի գրանցման մասին որոշման մեջ որեւէ գրառում չի կատարվում, եւ նրանք պահպանություն ստանում են ապրանքային նշանի գրանցման փաստի ուժով։»։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
1. Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների հստակեցմամբ, որոնք վերաբերում են ապրանքային նշաններին իրավական պահպանություն տրամադրելուն: Օրենքի ընդունումը հնարավորություն կտա հավասար պայմաններ ստեղծել նախկինում գրանցված ապրանքային նշանների իրավատերերի եւ 2010թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի համաձայն գրանցվող ապրանքային նշանների իրավատերերի համար: Բացի դրանից, օրենքի ընդունումը հնարավորություն կտա նաեւ որոշ դեպքերում կրճատել նաեւ ապրանքային նշանների հայտերի քննարկման ընթացակարգով նախատեսված գործավարությունը պետական լիազոր մարմնի հետ, ինչը բխում է բիզնեսի շահերից:
2. Ապրանքային նշանների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները ներկայումս կարգավորվում են «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով /այսուհետ` Օրենք/ : Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը հստակեցման կարիք ունի, քանի որ միանշանակ չի հասկացվում` խոսքը վերաբերում է «ապրանքի արտադրության կամ ծառայության մատուցման» տեսակին, որակին... եւ այլն: Այստեղ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ խոսքը պետք է վերաբերի ապրանքի կամ ծառայության տեսակին, որակին... եւ այլն:
Նույն հոդվածի 3-րդ մասով, ի թիվս այլոց, նախատեսված է նաեւ, որ պետությունների պաշտոնական անվանումները, դրանց կրճատ ձեւերը կամ դրանց շփոթելու աստիճան նիշերը կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ որպես չպահպանվող տարրեր, եթե նրանք գերիշխող մաս չեն զբաղեցնում եւ առկա է համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը: Այսպիսի մոտեցումն ըստ էության բացառում է ՀՀ սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտոնական անվանումը, դրանց կրճատ ձեւերը կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումների օգտագործումն իրենց գրանցված ապրանքային նշաններում, քանի որ ՀՀ օրենսդրությամբ չկա համապատասխան թույլտվություն ստռանալու մեխանիզմ: Սա այն դեպքում, երբ տարբեր սուբյեկտների կողմից արդեն իսկ բավականին շատ գրանցված ապրանքային նշաններ կան, որոնց մեջ օգտագործված են այդպիսի անվանումներ, մասնավորապես` Հայաստան , Armenia, բառերը: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ նախկին գրանցումները կարող են անարգել օգտագործվել ըստ էության առանց ժամկետային սահմանափակման, իսկ նոր գրանցումներ չեն կատարվում: Սա տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծում է անհավասար պայմաններ: Բացի դրանից, նույնիսկ այն սուբյեկտները, որոնք ունեն այդպիսի անվանումներ պարունակող նախկինում գրանցած ապրանքային նշաններ, նրանք եւս չեն կարող գրանցել այդ նույն անվանումներով, սակայն նոր ավելի կատարելագործված ու ժամանակակից դիզայնով ապրանքային նշաններ, ինչն ուղղակի անընդունելի է, քանի որ դա ուղղակի սպառնալիք է տվյալ սուբյեկտի վարկանիշի համար: Որպես օրինակ կարելի է նշել Երեւանի կոնյակի գործարանի նախկինում գրանցած Հայաստան եւ Armenia բառերը պարունակող պիտակի տեսքով հայտնի ապրանքային նշանը: Կան նաեւ շատ ընկերություններ, որոնց ֆիրմային անվանման մեջ ներառված է Հայաստան բառը կամ դրա թարգմանությունը /Արմենիա/ բառը, որոնց համար օրենքով սահմանված կարգով այդ ընկերությունները տարեկան վճարում են 600.000 դրամ պետական տուրք: Սակայն այս ընկերություններն ըստ էության չեն կարող իրենց ապրանքային նշանների վրա օգտագործել իրենց ֆիրմային անվանումը, ինչը եւս անընդունելի է:
Հաջորդ խնդիրը, որի լուծմանն ուղղված է առաջարկվող նախագիծը, վերաբերում է Օրենքի 45-րդ հոդվածի 7-9-րդ մասերով սահմանված դրույթների հստակեցմանը: Պրակտիկայում լինում են դեպքեր երբ գրանցման ներկայացված ապրանքային նշանում ներառված են Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն ինքնուրույն պահպանության ոչ ենթակա տարրեր, իսկ հայտատուն չի հայտարարել դրանց նկատմամբ իրավունքների հայտարկումից հրաժարվելու մասին: Այս դեպքում, Օրենքի 45-րդ 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, պետական լիազոր մարմինը ծանուցում է հայտատուին` հայտարարության ներկայացնել այդ տարրերի նկատմամբ բացառիկ իրավունքի հայտարկումից հրաժարվելու մասին:
Պրակտիկայում լինում են դեպքեր, երբ հայտատուն նման հայտարարություն չի ներկայացնում կամ գտնում է, որ Պետական լիազոր մարմնի կողմից նշված ոչ բոլոր տարրերն են, որոնց նկատմամբ իրավունքի հայտարկումից պետք է հրաժարվել եւ հայտարարությունը ներկայացնում է դրանց մի մասի համար: Ընդ որում, կարող են լինել դեպքեր նաեւ, երբ մնացած տարրերի համար հայտատուն ներկայացնի հիմնավոր առարկություն կամ ոչինչ չներկայացնի: Ասյ բոլոր դեպքերի համար Օրենքի 45-րդ 7-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին , նույնիսկ եթե գտնում է, որ հայտատուի առարկությունները տարրերի մի մասի համար հիմնավոր եւ ընդունելի են: Այս դեպքում հարցի օբեկտիվ լուծման նպատակով, նշված հոդվածի 10-րդ մասի համաձայն հայտատուն ստիպված է դիմել պետական լիազոր մարմին` կրկնակի փորձաքննություն անցկացնելու խնդրանքով:
3.Ներկայացվող նախագծում տեղ գտած առաջարկությունները սկզբունքային փոփոխություններ չի ենթադրում ապրանքային նշանների իրավական պահպանության բնագավառում:
4.Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի վերաբերյալ առաջարկվող փոփոխությունը ապահովում է դրա իմաստի միարժեք ընկալումը, այն է` խոսքը վերաբերում է ապրաքի կամ ծառայության տեսակին, որակին... եւ այլն:
Նույն հոդվածի նույն մասում առաջարկվող լրացմամբ հնարավորություն է ստեղծվում պետությունների պաշտոնական անվանումները, դրանց կրճատ ձեւերը կամ դրանց շփոթելու աստիճան նման նիշերն ապրանքային նշաններում ներառելու համար սահմանել այլ մոտեցում, որը ձեւակերպված է որպես նոր` 31 -րդ մաս: Առաջարկվող լուծումը հավասար պայմաններ է ստեղծում բոլոր սուբյեկտների համար, որոնք ցանկություն ունեն օգտագործելու վերընշված անվանումները, պայմանով, որ տվյալ ապրանքային նշանի օգտագործումը հայտում նշված ապրանքների եւ ծառայությունների համար անհնարին չէ տվյալ պետության հեղինակության համար եւ չի նսեմացնի այդ հեղինակությունը:
Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի հստակեցնել վերացնել օրենքի 11-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի հակասությունը, այն է` մի կողմից նշված է, որ ապրանքային նշանը չի կարող պարունակել այնպիսի տարրեր որոնք ենթակա չեն ինքնուրույն գրանցման, մյուս կողմից նշվում է, որ եթե ապրանքային նշանը պարունակում է այդպիսի տարրեր, ապա դրանք կարող են ճանաչվել դիսկլամացված:
Նախագծի 3-րդ հոդվածով պարզեցվել են հայտերի քննարկման գործընթացն այն մասով, որը վերաբերում է ապրանքային նշանում ներառված դիսկլամացման ենթակա տարրերի մասին հայտատուի կողմից հայտարարության ներկայացմանը եւ դրա հիման վրա պետական լիազոր մարմնի կողմից ընդունվող որոշումների հիմքերի տարբերակմանը: Ըստ առաջարկվող նախագծի եթե պետական լիազոր մարմնի համար ընդունելի են իր ծանուցման մեջ նշված բոլոր տարրերի կամ դրանց մի մասի նկատմամբ հայտատուի առարկությունները ապա պետական լիազոր մարմինը ոչ թե մերժում է, ապրանքային նշանի գրանցումը, ինչպես նախատեսված է նույն հոդվածի 8-րդ մասով այլ որոշում է կայացնում ապրանքային գրանցման կամ մասնակի գրանցման մասին դրա մեջ նշելով դիսկլամացված տարրերի մասին այդ տեղեկությունները ներառելով ապրանքային նշանի գրանցման մասին հարպարակվող տեղեկությունների մեջ: