Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
«Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի 1984 թվականի դեկտեմբերի 10-ի կոնվենցիայի1 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Uույն Կոնվենցիայի նպատակների համար «խոշտանգում» հաuկացությունը նշանակում է ցանկացած գործողություն, որով որեւէ անձի դիտավորությամբ պատճառվում է մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանք` նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոuտովանություն կորզելու, այն գործողության համար պատժելու, որը կատարել կամ կատարման մեջ կաuկածվում է նա կամ երրորդ անձը, կամ նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած տեuակի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով, երբ նման ցավը կամ տառապանքը պատճառվում է պետական պաշտոնյայի կամ պաշտոնապեu հանդեu եկող այլ անձի կողմից կամ նրանց դրդմամբ կամ համաձայնությամբ: Uա չի ներառում այն ցավն ու տառապանքը, որոնք բխում են oրինական պատժամիջոցներից միայն կամ հատուկ են դրանց»:
Նույն կոնվենցիայի 2-րդ հոդվածն ամրագրում է, որ`
«1. Յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է արդյունավետ օրենսդրական, վարչական, դատական կամ այլ միջոցներ` իր իրավասությանը ենթակա ցանկացած տարածքում խոշտանգումների դեպքերը կանխելու համար:
2. Ոչ մի բացառիկ իրադրություն, ինչպիսին էլ այն լինի` պատերազմի առկայություն կամ պատերազմի վտանգ, ներքին քաղաքական անկայունություն կամ ցանկացած այլ արտակարգ իրավիճակ, չի կարող հանդիսանալ խոշտանգումների արդարացում:
3. Վերադաս պետի կամ պետական իշխանության հրամանը չի կարող համարվել խոշտանգումների արդարացում»2 :
Բացի այդ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն արձանագրել է, որ` «Մասնակից պետությունները, ներկայացնելով իրենց զեկույցները, պետք է հայտնեն իրենց քրեական իրավունքի այն դրույթների մասին, որոնք արգելում են խոշտանգումները եւ դաժան, անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը, եւ նշեն, թե ինչ պատժամիջոցներ են կիրառվում նման արարքների կատարման համար պաշտոնատար կամ պետության անունից հանդես եկող այլ անձանց, ինչպես նաեւ մասնավոր անձանց կողմից: Այն անձինք, ովքեր արգելված արարքի կատարմանը դրդելով կամ դրանց կատարման վերաբերյալ հրաման տալով կամ դրանց կատարման նկատմամբ հանդուրժողականություն դրսեւորելով կամ այդպիսի արարքներ կատարելով խախտել են «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 7-րդ հոդվածը, պետք է ենթարկվեն պատասխանատվության: Հետեւաբար, այն անձինք, ովքեր հրաժարվել են նման հրամաններ կատարելուց, չպետք է ենթարկվեն պատասխանատվության կամ որեւէ ձեւով հետապնդման»3 :
«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 3-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաuտացնող վերաբերմունքի կամ պատժի»:
Անմարդկային վերաբերմունքը Կոնվենցիայի իմաստով մեկնաբանվում է որպես վերաբերմունք, որն այնպիսի ուժեղ ֆիզիկական եւ բարոյական տառապանքներ է պատճառում, որոնց արդյունքում մարդու մոտ, ի թիվս այլոց, կարող են լուրջ հոգեկան խանգարումներ առաջանալ:
Նվաստացնող է այն վերաբերմունքը, որը կարող է մարդու մոտ վախի, ճնշվածության եւ թերարժեքության զգացում առաջացնել, վիրավորել ու ստորացնել նրան, եւ, հնարավոր է, կոտրել նրա ֆիզիկական ու բարոյական դիմադրությունը:
Խոշտանգման հասկացությունը Կոնվենցիայի իմաստով թեեւ կապված է անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հասկացության հետ, սակայն տարբերվում է վերջինիցս պատճառվող տառապանքների ինտենսիվությամբ:
«Խոշտանգում» վերտառությամբ հանցակազմ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով, որի համաձայն՝ խոշտանգումը ցանկացած գործողություն է, որի միջոցով դիտավորյալ կերպով անձին պատճառվում է ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանքներ, եթե դա չի առաջացրել uույն oրենuգրքի 112-րդ եւ 113-րդ հոդվածներով (դիտավորությամբ առողջությանը ծանր եւ միջին ծանրության վնաս պատճառելը): Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ մինչեւ 3 տարի ժամկետով:
Հոդվածի երկրորդ մասը որպես արարքը ծանրացնող հանգամանքներ նախատեսում է երկու կամ ավելի անձանց նկատմամբ կատարելը, անձի կամ նրա մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հաuարակական պարտքի կատարման հետ, անչափահաuի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպեu նաեւ առեւանգված կամ որպեu պատանդ վերցված անձի, ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, առանձին դաժանությամբ կամ ազգային, ռաuայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով կատարելը:
Ինչպես երեւում է վերոգրյալից, ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված խոշտանգման հանցակազմի առկայության համար հատուկ սուբյեկտ չի պահանջվում, (նշված հանցագործության սուբյեկտ հանդիսանում է 16 տարին լրացած, յուրաքանչյուր մեղսունակ ֆիզիկական անձ), ինչպես նաեւ բացակայում է կոնկրետ նպատակ: Բացի այդ, նշված հանցակազմն իր մեջ չի ներառում, անգամ, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, ինչն էապես նվազեցնում է խոշտանգման հանրային վտանգավորությունը՝ այն դասելով միջին ծանրության հանցագործությունների թվին:
Այս հանցակազմը նախատեսված է «Մարդու դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությունը կրող՝ 7-րդ բաժնում եւ ոչ թե «Պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ բաժնում», եւ ավելի նվազ պատիժ է սահմանում, քան, օրինակ, անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելը: Այսինքն, ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով սահմանված խոշտանգման հանցակազմն առկա է, երբ անձը մեկ այլ անձի ուժեղ ցավ կամ տառապանք է պատճառում:
ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում ծեծելու կամ այլ բռնի գործողություններ կատարելու համար, որը չի առաջացրել uույն oրենuգրքի 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) նախատեuված հետեւանքներ:
Ծեծելը բնութագրվում է տուժողին բազմաթիվ (երեք եւ ավելի) հարվածներ հասցնելով՝ զուգորդված նրան ֆիզիկական ցավ պատճառելով: Ֆիզիկական ցավ պատճառելու հետ զուգորդված բռնի այլ գործողությունները, օրինակ, ձեռքերը ոլորելը, մազերը քաշելը, կսմթելը եւ այլն, տվյալ դեպքում հավասարեցվում են ծեծելուն:
Ծեծի կամ այլ բռնի գործողությունների հետեւանք կարող են հանդիսանալ արյան զեղումները, քերծվածքները, կապտուկները եւ այլն: Դրանք կարող են նաեւ որեւէ տեսանելի հետք չթողնել (միայն ֆիզիկական ցավ պատճառել, թեթեւ տկարության պատճառ հանդիսանալ եւ այլն): Եթե ծեծի կամ այլ բռնի գործողությունների հետեւանքով տուժողի մարմնի վրա մնում են տեսանելի հետքեր, ապա դրանք գնահատվում են ըստ ծանրության աստիճանի՝ ընդհանուր կանոնին համապատասխան: Գնահատումը տվյալ դեպքում իրականացվում է պատճառված վնասի ծանրության աստիճանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա: Իսկ եթե չեն հայտնաբերվում ծեծի կամ բռնի այլ գործողությունների կատարման օբյեկտիվ հատկանիշներ, դատաբժշկական բնագավառի փորձագետն արձանագրում է տուժողի սուբյեկտիվ գանգատները՝ նշելով, որ վնասվածքների տեսանելի հետքերը բացակայում են, եւ չի որոշում առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը: Նման դեպքերում ծեծի կամ բռնի այլ գործողություններ կատարելու փաստի բացահայտումն ամբողջովին կախված է վարույթն իրականացնող մարմնից:
Հարկ է նշել, որ ծեծը կամ բռնի այլ գործողությունների կատարումը կարող են հանդիսանալ ի թիվս այլ հանցագործությունների, նաեւ խոշտանգման կատարման եղանակ: Նշված դեպքում արարքը պետք որակվի ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ, այլ 119-րդ հոդվածով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (...) 118-րդ հոդվածով, 119-րդ հոդվածի 1-ին մասով (...) նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, եւ կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: Հաշտությունը թույլատրվում է մինչեւ դատավճիռ կայացնելու համար դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը:
Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի այլ ձեւերի առկայության հիմքով քրեական գործերի հարուցման, քննության եւ լուծման պրակտիկայի ուսումնասիրությունը փաստում է, որ նման դեպքերում քրեական գործերը հարուցվում, քննվում եւ լուծվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ կամ 341-րդ հոդվածներով: Վկայակոչված հոդվածների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ՀՀ քրեական օրենսդրության իմաստով պատժելի է միայն դատավարության ընթացքում խոշտանգմամբ ցուցմունք կամ որոշակի եզրակացություն տալուն հարկադրելը: Պաշտոնատար անձի կողմից խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձեւերի դրսեւորման բազմաթիվ այլ դեպքեր, օրինակ` խոշտանգում հանրահավաքների ժամանակ, քրեակատարողական հիմնարկներում, զինված ուժերում եւ այլն, դուրս են մնում օրենսդրական կարգավորումների շրջանակից: Վերոգրյալից բացի, ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով` վարույթն իրականացնող մարմնի կողմից բռնության ոչ ամեն մի դրսեւորում կարող է առաջացնել խոշտանգման հանցակազմի կիրառում, խոսքը, մասնավորապես, այն դեպքերի մասին է, երբ բացատրություն տալուն, հաղորդում ներկայացնելուն, մեղայականով ներկայանալուն հարկադրելու նպատակով քննիչը կամ ոստիկանը խոշտանգում են անձին կամ ցուցմունք ստանալու նպատակով պատճառում են դաժան ցավ կամ տառապանք: Բոլոր նշված դեպքերում պաշտոնատար անձը ենթակա է քրեական պատասխանատվության պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ (կամ) առողջությանը ծանր վնաս հասցնելու համար: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով արգելված արարքներին, ապա վերջիններս, խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի այլ ձեւերի դրսեւորման համար կարելի է ասել, ածանցյալ, հովանավորող բնույթ ունեն: Օրինակ, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով պաշտոնատար անձը ենթակա է պատասխանատվության այն դեպքում, երբ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով կամ ծառայողական պարտականությունները չկատարելով նպաստավոր պայմաններ է ստեղծում խոշտանգման եւ վատ վերաբերմունքի այլ ձեւերի դրսեւորման կամ հետագայում դրանց չբացահայտման կամ բացահայտմանը խոչընդոտելու համար:
ՀՀ քրեական օրենսգիրքի 341-րդ հոդվածը որպես քրեորեն պատժելի արարք նախատեսել է դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից uպառնալիք գործադրելու կամ այլ ապoրինի գործողություններով` վկային, կաuկածյալին, մեղադրյալին, ամբաuտանյալին կամ տուժողին ցուցմունք կամ փորձագետին կեղծ եզրակացություն տալուն, ինչպեu նաեւ թարգմանչին uխալ թարգմանություն կատարելուն հարկադրելու համար:
ՀՀ քրեական օրենսգիրքի 341-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում 341-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար, որը զուգորդվել է ծաղրուծանակով, խոշտանգմամբ կամ այլ բռնությամբ: Այլ կերպ ասած, 341-րդ հոդվածի 2-րդ մասում «խոշտանգում» եզրույթն օգտագործվում է որպես դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից կիրառված հակաօրինական վարքագծի ծանրացնող հանգամանք՝ ուղղված վկային, կասկածյալին, մեղադրյալին կամ տուժողին ցուցմունք կամ փորձագետին կեղծ եզրակացություն տալուն, ինչպեu նաեւ թարգմանչին uխալ թարգմանություն կատարելուն հարկադրելուն:
Վերոշարադրյալ նորմերի վերլուծությունից երեւում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը որպես խոշտանգում քրեական պատասխանատվություն է սահմանել միայն դատավարության ընթացքում խոշտանգմամբ ցուցմունք կամ որոշակի եզրակացություն տալուն հարկադրելը: Հոդվածը չի ներառում պաշտոնատար անձի կողմից կամ նրա հովանավորությամբ որոշակի նպատակով Կոնվենցիայի իմաստով խոշտանգման կիրառման բազմաթիվ այլ դեպքեր, օրինակ, խոշտանգում հանրահավաքների ժամանակ, քրեակատարողական հիմնարկներում, զինված ուժերում եւ այլն: Մինչդեռ սրանք այն ոլորտներն են, որտեղ պետական պաշտոնատար անձի կողմից բռնություններ կամ այլ գործողություններ կատարելը ՀՀ քրեական օրենսգրքում պետք է ուղղակիորեն դիտվեր որպես խոշտանգում:
ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով, վարույթն իրականացնող մարմնի կողմից բռնության ամեն մի դրսեւորում չէ, որ կարող է առաջացնել խոշտանգման հանցակազմի կիրառում: Խոսքը, մասնավորապես, այն դեպքերի մասին է, երբ բացատրություն տալուն, հաղորդում ներկայացնելուն, մեղայականով ներկայանալուն հարկադրելու նպատակով քննիչը կամ ոստիկանը խոշտանգում են անձին կամ ցուցմունք ստանալու նպատակով պատճառում են դաժան ցավ կամ տառապանք: Բոլոր նշված դեպքերում պաշտոնատար անձը ենթակա է քրեական պատասխանատվության պաշտոնական լիազորությունների անցման եւ (կամ) առողջությանը ծանր վնաս հասցնելու համար:
Պաշտոնական լիազորությունները անցնելը՝ որպես ինքնուրույն հանցակազմ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով: Նշված հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը):
ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածը 119-րդ հոդվածով սահմանված խոշտանգման հետ համակցությամբ չի կարող որակվել, քանի որ 309-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով: Վերջինս բացի առողջությանը ծանր վնաս պատճառելուց ներառում է բռնության բոլոր դեպքերը, այդ թվում՝ խոշտանգումը:
ՀՀ դատական պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ, չունենալով բուն խոշտանգման հանցակազմ, իրենց բնույթով այդպիսի արարքների դեպքում անձը ենթարկվում է քրեական պատասխանատվության ծեծի կամ պաշտոնական լիազորությունների անցման կամ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար: Հարկ է նշել, որ այս հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձինք կարող են համաներման միջոցով ազատվել քրեական պատասխանատվությունից կամ պատժից:
--------------------------------------------------------------------------------
1 Նշված կոնվենցիան Հայաuտանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հոկտեմբերի 13-ից:
2 Այս սկզբունքը ներառված է եղել նաեւ Նյուրնբ»րգի եւ Տոկիոյի տրիբունալն»րի կանոնադրության մեջ եւ հետագայում հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: Այն ամրագրված է նաեւ Ռուանդայի եւ նախկին Հարավսլավիայի գործերով միջազգային տրիբունալների կանոնադրությունների, եւ, որոշակի փոփոխություններով, նաեւ Միջազգային քրեական դատարանի ստատուտի մեջ:
3
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի 20-րդ ընդհանուր մեկնաբանությունները, կետ 13: