Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-673-22.07.2009,18.04.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ՍՈւՅՆ ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն նույնականացման քարտ (այսուհետ`նույնականացման քարտ)  տրամադրելու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, վերցնելու հիմքերը եւ դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունների կարգավորման հիմունքները:

Հոդված 2. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈւԹՅՈւՆՆԵՐԸ

Uույն oրենքում oգտագործվում են հետեւյալ հիմնական հաuկացությունները.

նույնականացման քարտ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող հիմնական փաստաթուղթ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար.

տվյալների էլեկտրոնային պահոց` նույնականացման քարտի տեխնիկական կառուցվածքային մաս, որը պարունակում է քաղաքացու  սույն օրենքով նախատեսված  տվյալները, տվյալների պաշտպանվածությունն ապահովող քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ  բանալի, էլեկտրոնային թվային ստորագրության համար հավաստագիր, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված այլ անհատական էլեկտրոնային տվյալներ, որոնց հավաքումը, պահպանումը եւ օգտագործումն  ուղղակիորեն նախատեսված է օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված այլ տվյալների  էլեկտրոնային տեղեկատվություն եւ այլ հավաստագրեր:

Հոդված 3. ՆՈւՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ  ՍՏԱՆԱԼԸ ԵՎ ՆՈւՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ  ՔԱՐՏԻ  ՎԱՎԵՐԱԿԱՆՈւԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացին  նույնականացման քարտ ստանալու  իրավունք ձեռք է բերում 16 տարին լրանալու օրվանից:

2. Քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմում ներկայացնում է  Հայաստանի Հանրապետությունում ոստիկանության մարմին, օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության որեւէ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

3. Քաղաքացու դիմումի հիման վրա ոստիկանության մարմինը, իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը պարտավոր է 1-օրյա ժամկետում  տրամադրել գրավոր պարզաբանում` նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի, ընթացակարգի եւ ժամկետների վերաբերյալ:

4. Գործունակ քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ:

5. Դատարանի վճռով անգործունակ ճանաչված քաղաքացուն նույնականացման քարտը տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա: Դատարանի վճռով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն սույն օրենքի  4-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց,  նույնականացման քարտը տրամադրվում է հոգաբարձուի դիմումի հիման վրա:

 6. Առաջին խմբի հաշմանդամներին նույնականացման քարտ տրամադրվում է նրանց ներկայացուցիչների դիմումի հիման վրա, եթե տվյալ անձն իր ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկությունների պատճառով զրկված է դիմումն անձամբ ներկայացնելու հնարավորությունից:: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը կամ  վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը:

7. Նույնականացման քարտը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով:

Հոդված 4. ՆՈւՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ,  ՁԵՎԸ,  ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈւ) ԿԱՐԳԸ   ԵՎ   ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈւ)  ՄԵՐԺՄԱՆ  ՀԻՄՔԵՐԸ

1. Նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Նույնականացման քարտը կրողը գտնվում է Հայաստանի Հանրապետության հովանավորության ներքո: Գտնված նույնականացման քարտերը  Հայաստանի Հանրապետությունում ենթակա են հանձման Հայաստանի Հանրապետության  ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

2. Նույնականացման քարտում  հայերեն եւ անգլերեն լեզուներով ամրագրվում են քաղաքացու հետեւյալ անհատական տվյալները`

1) ազգանունը, անունը, ինչպես նաեւ հայրանունը` միայն հայերեն տարբերակում.

2) ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը.

3) սեռը.

4) քաղաքացիությունը.

5) ազգությունը` քաղաքացու կամ ներկայացուցչի   ցանկությամբ.

6) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը).

7) հանրային ծառայությունների համարանիշը.

8) քաղաքացու լուսանկարը.

9) քաղաքացու ստորագրությունը.

10) արյան խումբը եւ ռեզուսը`քաղաքացու կամ ներկայացուցչի   ցանկությամբ:

3. Նույնականացման քարտը  պարունակում է այն տրամադրած ոստիկանության ստորաբաժանման ծածկագիրը, ինչպես նաեւ նույնականացման քարտի տրամադրման եւ վավերականության ժամկետները, նույնականացման քարտի համարը:

4. Նույնականացման քարտը պարունակում է  տեխնիկական մաս`  տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվում  են  սույն  հոդվածի 2-3 մասերով նախատեսված տվյալները, տվյալների պաշտպանվածությունն ապահովող քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ  բանալի  եւ էլեկտրոնային թվային ստորագրության համար հավաստագիր: Տվյալների էլեկտրոնային պահոցում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են ամրագրվել այլ անհատական էլեկտրոնային տվյալներ, որոնց հավաքումը, պահպանումը եւ օգտագործումն  ուղղակիորեն նախատեսված է օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված այլ տվյալների  էլեկտրոնային տեղեկատվություն եւ այլ հավաստագրեր:

5. Նույնականացման քարտի վրա քաղաքացու ստորագրության բացակայությունը քարտի  անվավերության հիմք է, եթե դա պայմանավորված չէ քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով:

6. Նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2)  անձնագիր  կամ ծննդյան վկայական.

3) երկու լուuանկար  (գունավոր).

4) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված ինքնությունը հավաստող այլ փաuտաթղթեր` uույն մասի  2-րդ  կետով նշված փաuտաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում.

5) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ  (զինապարտները).

6) բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ` քաղաքացու կամ ներկայացուցչի   ցանկությամբ նույնականացման քարտում արյան խմբի եւ ռեզուսի վերաբերյալ տվյալներն առաջին անգամ ամրագրելու դեպքում:

7. Նույնականացման քարտը փոխանակելու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) փոխանակման ենթակա նույնականացման քարտը.

3) երկու լուuանկար  (գունավոր).

4) բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ` քաղաքացու կամ ներկայացուցչի   ցանկությամբ նույնականացման քարտում արյան խմբի եւ ռեզուսի վերաբերյալ տվյալներն առաջին անգամ ամրագրելու դեպքում:

8.Նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում լուսանկարվում է ոստիկանության մարմնում, իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում:

9. Նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող  15-րդ աշխատանքային օրը  կամ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը եւ դրա դիմաց նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից նույնականացման քարտը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվանից 60-օրյա ժամկետում:

10. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունից դուրu եկած կամ քաղաքացիությունը կորցրած անձը նույնականացման քարտը Հայաuտանի Հանրապետությունում հանձնում է Հայաuտանի Հանրապետության ոuտիկանություն, իuկ oտարերկրյա պետություններում`  Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոuական հիմնարկ:

11. Եթե դիմումին կից ներկայացված փաuտաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ քաղաքացին հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում,  ապա դիմումն ընդունվում է եւ դիմումատուին առաջարկվում 5-oրյա ժամկետում համալրել այդ ցանկը եւ (կամ) հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում:

12. Նույնականացման քարտ տրամադրելը (փոխանակելը) մերժվում է եթե,

1) դիմումատուն 5-օրյա ժամկետում չի ներկայացրել սույն օրենքով պահանջվող փաստաթղթերը.

2) դիմումատուն 5-օրյա ժամկետում չի հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում:

13. Նույնականացման քարտը փոխանակելու դիմում ներկայացնելիս քաղաքացին պարտավոր է ներկայացնել փոխանակվող նույնականացման քարտը, որում ամրագրված տվյալները ստուգելուց հետո այն վերադարձվում է   քաղաքացուն` բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերի: Նոր նույնականացման քարտը տրամադրվում է հին  նույնականացման քարտը վերցնելուց եւ դակելուց հետո:

14. Նույնականացման քարտը տրամադրելիս քաղաքացուն վերադարձվում են սույն հոդվածի   6-րդ մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ կետերով,   տրամադրելը մերժելիս` սույն հոդվածի  6-րդ մասի 2-6-րդ կետերով,  փոխանակելը մերժելիս` սույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:

15. Նույնականացման քարտի ձեւը, նույնականացման քարտում ամրագրվող լուսանկարին առաջադրվող պահանջները սահմանվում  են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված դիմումների ձեւերը`  Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի նորմատիվ հրամանով:

16. Նույնականացման քարտի չափը, տվյալների եւ քարտամասերի տեղաբաշխումը` ներառյալ մեքենայով կարդացվող տեղամասը, տվյալների ներկայացման ձեւը եւ քարտի այլ բնութագրերը պետք է համապատասխանեն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից հաստատված պահանջներին:

Հոդված 5. ՆՈւՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ  ՔԱՐՏԸ  ՓՈԽԱՆԱԿԵԼՈւ ՀԻՄՔԵՐԸ

Նույնականացման քարտը փոխանակվում է հետեւյալ դեպքերում`

1) քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք սույն օրենքի ուժով ենթակա են ամրագրման նույնականացման քարտում.

2) այն դարձել է օգտագործման համար ոչ պիտանի.

3)  լրացել է վավերականությա ժամկետը.

4) նույնականացման քարտում առկա են ոչ ճիշտ տվյալներ.

5) քաղաքացին նման ցանկություն է հայտնել:

Հոդված 6. ՆՈւՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ  ՔԱՐՏԸ  ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈւ ՀԻՄՔԵՐԸ

1. Նույնականացման քարտը անվավեր է ճանաչվում հետեւյալ դեպքերում`

1) լրացել է դրա վավերականության ժամկետը.

2) անձը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց.

3) նույնականացման քարտը կորել է.

4) նույնականացման քարտը փոխանակվել է սույն օրենքով սահմանված կարգով.

5) նույնականացման քարտը կեղծվել է.

6) նույնականացման քարտը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.

7) քաղաքացին նույնականացման քարտը  չի վերցրել այն ստանալու մասին դիմում տալու օրվանից մեկ տարվա ընթացքում.

8) անձը մահացել է:

2.Նույնականացման քարտը կորցրած քաղաքացին  այդ մասին հայտնում է  ոստիկանության մարմին կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Այս դեպքում, ինչպես նաեւ օգտագործման համար ոչ պիտանի լինելու հիմքով նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելիս  քաղաքացուն,  մինչեւ նոր նույնականացման քարտի տրամադրումը,  տրվում է ժամանակավոր վկայական, որի ձեւը եւ տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում նույնականացման քարտը համարվում է անվավեր, իսկ 2-րդ, 3-րդ 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված դեպքերում նույնականացման քարտը անվավեր է ճանաչվում ոստիկանության մարմնի որոշմամբ:

4. Մահացած քաղաքացու նույնականացման քարտը հանձնվում է մահվան պետական գրանցումն իրականացնող մարմնին:

Հոդված 7. ՆՈւՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԸ ՎԵՐՑՆԵԼԸ

1. Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս պարտավոր են նույնականացման քարտը  վերցնել, եթե առկա են նույնականացման քարտը անվավեր ճանաչելու սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ եւ 5-6-րդ կետերով նախատեսված հիմքերը կամ քաղաքացին օգտագործում է այլ քաղաքացուն պատկանող նույնականացման քարտ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացու նույնականացման քարտը վերցնում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը:

3. Վերցված նույնականացման քարտը հնարավոր սեղմ ժամկետում փոխանցվում է  ոստիկանության մարմին:

4. Կասկածյալի կամ մեղադրյալի, որի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին, նույնականացման քարտը ժամամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը: Ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձանց նույնականացման քարտը վերցնում է զինկոմիuարիատը: Կասկածյալի եւ մեղադրյալի նույնականացման քարտը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ եւ  վերադարձվում է խափանման միջոցը վերացվելուց հետո անմիջապես: Ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձի նույնականացման քարտը վերադարձվում է  ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո անմիջապես: Ազատազրկման դատապարտված անձի նույնականացման քարտը պահվում է պատիժը կատարող մարմնում եւ քաղաքացուն վերադարձվում է պատիժը կրելուց հետո անմիջապես:

5. Կալանքի տակ չգտնվող կաuկածյալներին եւ մեղադրյալներին հետաքննության կամ նախաքննության մարմինները նույնականացման քարտի փոխարեն տալիu են անձը հաuտատող փաuտաթուղթ, որի ձեւը մշակում եւ հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանությունը:

6. Արգելվում  է նույնականացման քարտը վերցնելը  (բացառությամբ uույն հոդվածում նշված դեպքերի), այլ անձանց հանձնելը եւ գրավ դնելը:

Հոդված 8. ԵԶՐԱՓԱԿԻՉ   ՄԱՍ  ԵՎ   ԱՆՑՈւՄԱՅԻՆ  ԴՐՈւՅԹՆԵՐ

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի նոյեմբերի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն ստանալ կամ փոխանակել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը, եթե  սույն օրենքով սահմանված կարգով նույնականացման քարտեր չեն ստացել:  Մինչեւ անձնագրի վավերականության ժամկետի լրանալը անձնագիրը քաղաքացու ցանկությամբ կարող է փոխարինվել  նույնականացման քարտով` սույն օրենքով սահմանված կարգով: Նույնականացման քարտը տրամադրվում է հին անձնագիրը վերցնելուց եւ դակելուց հետո:

3. Նույնականացման քարտը կամ նրանում ամրագրված տվյալները կարող են օգտագործվել որպես վավերական փաստաթուղթ եւ տվյալներ  այնպիսի իրավահարաբերություններում, որոնց կարգավորմանն ուղղված իրավական ակտերով նախատեսվում է անձնագրի կամ անձնագրային տվյալների կամ սոցիալական քարտի օգտագործումը:
 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)` կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը, առկա  խնդիրները, առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

ՀՀ կառավարության կողմից պետական կառավարման ոլորտում վարչարարական ընթացակարգերի պարզեցմանն ու կրճատմանն ուղղված քաղաքականության իրականացումը ենթադրում է հանրային ծառայությունների որակի բարձրացում, ինչն ուղղակիորեն պայմանավորված է անհատական տվյալների մշակման համակարգի ներդրմամբ եւ կիրառմամբ: Ավտոմատացված համակարգերի շահագործումն արդյունավետ է, եթե տվյալների էլեկտրոնային բազաներում անձի նույնականացման գործընթացն իրականացվում է այսպես կոչված «նոր սերնդի» էլեկտրոնային փաստաթղթերով:

Բացի այդ` ի տարբերություն Եվրամիության անդամ պետությունների քաղաքացիների անձնագրերի Հայաստանի Հանրապետությունում անձնագիրը օգտագործվում է եւ որպես «ճամփորդական փաստաթուղթ», եւ որպես հաշվառման փաստաթուղթ, ինչը երբեմն խոչընդոտ է հանդիսանում քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքի իրականացման համար: Մասնավորապես` անձնագրի տրամադրումը կապվում է քաղաքացու հաշվառված լինելու հանգամանքի հետ, որը հանգեցնում է լրացուցիչ բարդությունների: ՀՀ Նախագահի 2008 թվականի մարտի 15-ի ՆԿ-53-Ա կարգադրությամբ հաստատաված «ՀՀ միգրացիայի համակարգի եւ Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի եւ նույնացման քարտերի համակարգ ներդնելու մասին» հայեցակարգի համաձայն նույնականացման քարտում որպես բնակության վայր նշվելու է միայն երկիրը, քանի որ բնակության վայրի հասցեն ամենաարագ փոփոխվող տվյալն է եւ, քարտում ֆիքսված լինելով, կարող է ժամանակի ընթացքւոմ չհամապատասխանել անձի փաստացի բնակության վայրի հասցեին եւ կորցնել գործառնական նշանակությունը:

Առաջարկվում է առկա  խնդրի լուծման հետեւյալ տարբերակը`

Խնդրի կարգավորման նպատակով նախատեսվում է ընդունել «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

2. Կարգավորման առարկան

«Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով քարտը նախատեսվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար` որպես քաղաքացիական շրջանառության բոլոր բնագավառներում անձի ինքնությունը եւ քաղաքացիությունը հավաստող հիմնական փաստաթուղթ: Քարտին ամրացված տեխնիկական մասը քաղաքացուն հնարավորություն է տալու նույնականացվել տվյալների էլեկտրոնային բազաներում եւ կիրառել սեփական էլեկտրոնային ստորագրությունը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունման արդյունքում` տվյալների էլեկտրոնային պահոցով քարտեր ներդնելիս  քաղաքացիական շրջանառության ոլորտում հանրային ծառայություններ մատուցելիս անհատական տվյալների էլեկտրոնային բազաներում անձի նույնականացման գործընթացը զգալիորեն կպարզեցվի, որը կհանգեցնի հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը: