Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1136-22.04.2011-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-6-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «եւ դրա իրականացումը վերահսկում» բառերը հանել.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններ.

«Այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է պաշտպանության, առողջապահության ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների (այսուհետ` լիազորված մարմիններ) ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրեր տարեկան ոչ պակաս, քան չորս անգամ այցելություններ կազմակերպելու միջոցով, որի ժամանակ ուսումնասիրվում են այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրում այլընտրանքային աշխատանքային ծառայության անցման պայմանները, այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպության ղեկավարի եւ այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից սույն օրենքի, այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպության ներքին կանոնների պահանջների կատարումը: Հանձնաժողովն իր ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ եզրակացություն է ներկայացնում լիազորված մարմինների ղեկավարներին: Հանձնաժողովի կազմը եւ աշխատակարգը սահմանվում է լիազորված մարմինների ղեկավարների համատեղ հրամանով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Այլընտրանքային ծառայությունը փոխարինվում է պարտադիր զինվորական ծառայությամբ, եթե այլընտրանքային ծառայության ընթացքում այլընտրանքային ծառայողն այդ մասին դիմում է ներկայացնում պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարին:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասում եւ 17-րդ հոդվածի 6-րդ մասում «կարգով» բառից հետո լրացնել «եւ նրանց տրվում է զինվորական գրքույկ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

Հիմնավորում

«Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»    Հայաստանի Հանրապետության օրենքի  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 38-րդ կետի պահանջների կատարման անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծի ներկայացման համար հիմք են հանդիսացել միջազգային կառույցների եւ փորձագետների կողմից վերջին մի քանի տարիների ընթացքում արված առաջարկությունները:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկա դրությամբ այլընտրանքային ծառայության ուղարկվելու դիմումներ չեն ներկայացվում եւ այլընտրանքային ծառայողներ ներկայումս չկան, քանի որ ըստ համապատասխան շահառուների, օրենքը այլընտրանքային ծառայողների նկատմամբ սահմանում է զինվորական վերահսկողություն, ինչը հակասում է նրանց կրոնական համոզմունքներին: Օրենքում հստակ կարգավորման առումով հարցադրումներ են առաջացել այլընտրանքային ծառայության ավարտից հետո այլընտրանքային ծառայողներին տրվող փաստաթղթերի առումով: Գործող օրենքը նախատեսում է նաեւ այլընտրանքային ծառայողի կողմից այլընտրանքային ծառայությունը զինվորական ծառայությամբ փոխարինելու դիմում ներկայացնելու ժամկետի սահմանափակում` 6-ամսյա ժամկետով, ինչը այլընտրանքային ծառայողի կամարտահայտության սահմանափակում է:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառում պետական քաղաքականության ուղղվածությունը այլընտրանքային ծառայություն անցնելու ցանկություն ունեցող քաղաքացիների իրավունքների ու շահերի ապահովման նկատառումներն են, միաժամանակ առանց անտեսելու պարտադիր զինվորական ծառայություն անցած եւ անցնող քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքի նկատմամբ հսկողության գործընթացում ապահովվել է քաղաքացիական տարրի մասնակցությունը: Սահմանվել է, որ այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքի նկատմամբ վերահսկողության իրականացվելու է ՀՀ պաշտպանության, ՀՀ առողջապահության ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարների համատեղ հրամանով սահմանված կարգով` նշված մարմինների աշխատակիցների կողմից: Նախատեսվել է նաեւ, որ այլընտրանքային ծառայության ընթացքում` ի տարբերություն գործող 6 ամսվա եւ միայն այլընտրանքային զինվորական ծառայողի համար սահմանված իրավունքի, այլընտրանքային ծառայությունը պարտադիր զինվորական ծառայությամբ փոխարինելու դիմում ներկայացրած այլընտրանքային ծառայողն ուղարկվում է շարունակելու պարտադիր զինվորական ծառայությունը: Որոշակի հստակություն մտցնելու նպատակով (ինչը նորամուծություն չէ, սակայն նորմի բացակայությունը շահարկումների տեղիք է տվել) նախատեսվել է, որ այլընտրանքային ծառայություն անցած անձինք ստանում են զինվորական գրքույկ:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության կողմից: Նախագծի մշակմանը մասնակցել են`

Սեդրակ Սեդրակյան,

Սասուն Սիմոնյան

6. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունումը հնարավորինս կնվազեցնի հնարավոր շահառուների դժգոհությունները, ինչպես նաեւ կնպաստի օրենքի համապատասխանությանը կարգավորման ոլորտին վերաբերող միջազգային չափորոշիչներին:

7. Այլ տեղեկություններ չկան: