ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (24 դեկտեմբերի 2004 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 68-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.
«ե) ցմահ ազատազրկման դատապարված եւ կիսաբաց կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը` նշանակված պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո»,
2) 2-րդ կետի «դ» ենթակետի «քսանհինգ» բառը փոխարինել «տասնհինգ» բառով,
3) 3-րդ կետի «բ» ենթակետի «քսան» բառը փոխարինել «տասնհինգ» բառով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունում «ներկայացման հարցը» բառերը փոխարինել «ներկայացման` նույն հիմքով հարցը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենք ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի համաձայն.
Նախագծով նախատեսվում է ցմահ ազատազրկման դատապարտված եւ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներին բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հնարավորություն: Այս փոփոխությունը կվերացնի օրենսդրության մեջ առկա այն թերկարգավորվածությունը, որի պատճառով ցմահ ազատազրկման դատապարտված անձինք պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո կարող են պայմանական վաղաժամկետ ազատվել պատիժը կրելուց, սակայն նույն ժամկետից հետո չեն կարող տեղափոխվել ամելի ցածր մեկուսացվածության աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ` պատիժը կրելու համար: Այսինքն` նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար կհեշտացվի բաց, կիսաբաց եւ կիսափակ ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու հնարավորությունը: Այսպես, ցմահ ազատազրկման դատապարտված եւ փակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալները հնարավորություն ձեռք կբերեն փոխադրվելու կիսափակ կամ կիսաբաց ուղղիչ հիմնարկ նշանակված պատժի առնվազն 15 տարին կրելուց հետո (ներկայումս սահմանված 20 տարվա փոխարեն), իսկ բաց ուղղիչ հիմնարկ` նշանակված պատժի առնվազն 20 տարին կրելուց հետո (ներկայումս այն սահմանված չէ):
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկվող փոփոխության արդյունքում հստակ տարբերակում կդրվի քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու եւ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ անկախ հանձնաժողովներին ներկայացվող միջնորդագրերի միջեւ:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի համաձայն.
Նախագծով նախ եւ առաջ վերացվում են պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս տուգանքի եւ հանրային աշխատանքների նշանակման հնարավորության հետ կապված անհստակությունները եւ դրանք նախատեսող հոդվածներում հատուկ նշվում է ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի կիրառման ժամանակ դրանց նշանակման հնարավորությունը:
Առաջարկվում է էականորեն կատարելագործել պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտի կիրառման հնարավորությունը` համապատասխան իրավական կարգավորումները զուգահեռ պահելով պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու կառուցակարգին: Մասնավորապես, ի տարբերություն ներկայիս կարգավորման` ընդլայնվում են դրա կիրառման շրջանակները` ներառելով բոլոր ծանրության հանցագործությունները կատարած անձանց, բացառությամբ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց (այստեղ նկատի է առնվում այն, որ, չնայած այս կառուցակարգի համեմատ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի ավելի բարվոք լինելուն, պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման ինստիտուտի կիրառումից առժամանակ անց բացակայում է որեւէ իրավական հետեւանքը):
Ուստի այս փոփոխությունների արդյունքում էականորեն կընդլայնվի ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածով սահմանված կառուցակարգի պրակտիկ կիրառման հնարավորությունը, այդ թվում` ի համեմատ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման: Բացի այդ, նախագծով յուրաքանչյուր ծանրության հանցագործության համար նախատեսվում է ազատազրկման ձեւով պատիժ կրելու փաստացի ժամկետ, որը կրելուց հետո միայն դատապարտյալի նկատմամբ կարող է կիրառվել պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտը: Հստակ սահմանվում է նաեւ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս տուգանքի եւ հանրային աշխատանքների հաշվարկման կարգը: