ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 51-րդ հոդվածի 1-ին մասը «Հատուկ մասով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 77-րդ հոդվածով» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 54-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «անձանց նկատմամբ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 77-րդ հոդվածով նախատեսված դեպքերում» բառերով,
2) 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի «եթե դատարանը գտնի, որ նա պատիժը հետագա կրելու կարիքը չունի եւ փաստորեն կրել է» բառերը փոխարինել «եթե դատապարտյալը փաստացի կրել է» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 77-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Որոշակի ժամկետով ազատազրկման ձեւով պատիժ կրող անձի պատժի չկրած մասը դատարանը կարող է փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով` հաշվի առնելով պատիժը կրելու ժամանակահատվածում նրա դրսեւորած վարքագիծը եւ տուժողին պատճառված վնասը հարթելու հանգամանքը: Ընդ որում, անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել լրացուցիչ պատժից:
2. Պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, եթե դատապարտյալը փաստացի կրել է`
1) ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը.
2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը.
3) առանձնապես ծանր հանցագործության, բացառությամբ սույն մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործությունների համար նշանակված պատժի ոչ պակաս, քան երկու երրորդը.
4) սույն օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասով, 132-րդ հոդվածով, 132.2-րդ հոդվածով, 138-րդ հոդվածի երրորդ մասով, 139-րդ հոդվածի երրորդ մասով, 175-րդ հոդվածի երրորդ մասով, 217-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով, 218-րդ հոդվածի երրորդ մասով, 221-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով, 222-րդ հոդվածի առաջին մասով, 266-րդ հոդվածի երրորդ մասով, 269-րդ հոդվածի երրորդ մասով, 299-րդ հոդվածի առաջին մասով, 305-րդ հոդվածով, 384-րդ հոդվածի երկրորդ մասով, 387-րդ հոդվածի երկրորդ մասով, 388-րդ հոդվածի երկրորդ մասով, 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, 391-րդ հոդվածի հոդվածի երրորդ մասով, 392-րդ, 393-րդ եւ 394-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար նշանակված պատժի ոչ պակաս, քան երեք քառորդը:
3. Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս որոշակի ժամկետով ազատազրկման ձեւով պատժի փաստացի կրած ժամկետը չի կարող երեք ամսից պակաս լինել:
4. Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս դատարանը կարող է ընտրել սույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ կետով նախատեսված պատիժը` յուրաքանչյուր պատժատեսակի համար սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում: Ընդ որում` պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս կիրառվում են պատիժները փոխարինելու սույն օրենսգրքի 51-րդ, 68-րդ եւ 69-րդ հոդվածներով սահմանված կարգով:
5. Սույն հոդվածով սահմանված կարգը չի գործում ներման ակտով պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու դեպքում: Ընդ որում, ներման ակտով պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս կարող է ընտրվել սույն օրենսգրքի 49-րդ հոդվածով նախատեսված ցանկացած ավելի մեղմ պատժատեսակ` յուրաքանչյուր պատժատեսակի համար սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում:»:
ՀՈԴՎԱԾ 5.
Սույն օրենք ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի համաձայն.
Նախագծով նախատեսվում է ցմահ ազատազրկման դատապարտված եւ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներին բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հնարավորություն: Այս փոփոխությունը կվերացնի օրենսդրության մեջ առկա այն թերկարգավորվածությունը, որի պատճառով ցմահ ազատազրկման դատապարտված անձինք պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո կարող են պայմանական վաղաժամկետ ազատվել պատիժը կրելուց, սակայն նույն ժամկետից հետո չեն կարող տեղափոխվել ամելի ցածր մեկուսացվածության աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ` պատիժը կրելու համար: Այսինքն` նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար կհեշտացվի բաց, կիսաբաց եւ կիսափակ ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու հնարավորությունը: Այսպես, ցմահ ազատազրկման դատապարտված եւ փակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալները հնարավորություն ձեռք կբերեն փոխադրվելու կիսափակ կամ կիսաբաց ուղղիչ հիմնարկ նշանակված պատժի առնվազն 15 տարին կրելուց հետո (ներկայումս սահմանված 20 տարվա փոխարեն), իսկ բաց ուղղիչ հիմնարկ` նշանակված պատժի առնվազն 20 տարին կրելուց հետո (ներկայումս այն սահմանված չէ):
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկվող փոփոխության արդյունքում հստակ տարբերակում կդրվի քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու եւ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ անկախ հանձնաժողովներին ներկայացվող միջնորդագրերի միջեւ:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի համաձայն.
Նախագծով նախ եւ առաջ վերացվում են պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս տուգանքի եւ հանրային աշխատանքների նշանակման հնարավորության հետ կապված անհստակությունները եւ դրանք նախատեսող հոդվածներում հատուկ նշվում է ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի կիրառման ժամանակ դրանց նշանակման հնարավորությունը:
Առաջարկվում է էականորեն կատարելագործել պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտի կիրառման հնարավորությունը` համապատասխան իրավական կարգավորումները զուգահեռ պահելով պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու կառուցակարգին: Մասնավորապես, ի տարբերություն ներկայիս կարգավորման` ընդլայնվում են դրա կիրառման շրջանակները` ներառելով բոլոր ծանրության հանցագործությունները կատարած անձանց, բացառությամբ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց (այստեղ նկատի է առնվում այն, որ, չնայած այս կառուցակարգի համեմատ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի ավելի բարվոք լինելուն, պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման ինստիտուտի կիրառումից առժամանակ անց բացակայում է որեւէ իրավական հետեւանքը):
Ուստի այս փոփոխությունների արդյունքում էականորեն կընդլայնվի ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածով սահմանված կառուցակարգի պրակտիկ կիրառման հնարավորությունը, այդ թվում` ի համեմատ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման: Բացի այդ, նախագծով յուրաքանչյուր ծանրության հանցագործության համար նախատեսվում է ազատազրկման ձեւով պատիժ կրելու փաստացի ժամկետ, որը կրելուց հետո միայն դատապարտյալի նկատմամբ կարող է կիրառվել պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտը: Հստակ սահմանվում է նաեւ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս տուգանքի եւ հանրային աշխատանքների հաշվարկման կարգը: