ՀՈԴՎԱԾ 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի 10-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին պարբերությունում`
ա. «բարձրագույն իրավաբանական կրթություն» բառերը փոխարինել «իրավաբան մագիստրոսի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում» բառերով.
բ. «1 տարվա» բառերը փոխարինել «6 ամսվա» բառերով.
գ. «ստաժավորում» բառից հետո լրացնել «, իսկ 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժի կամ գիտական աստիճանի առկայության դեպքում` առնվազն 3 ամսվա ստաժավորում» բառերը.
2) լրացնել 3-րդ պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Նոտարի թեկնածուների որակավորման ստուգմանը կարող է մասնակցել եւ նոտարի պաշտոնում նշանակվել նաեւ իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճանի ունեցող Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացին` անկախ ստաժավորման հանգամանքից: Որակավորման ստուգումը հանձնած նման անձինք նոտարի պաշտոնում նշանակվում են կառավարության կողմից սահմանված կարգով նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցմանն ուղղված եռամսյա դասընթացը ավարտելուց հետո:»:
Հիմնավորում
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության
Ներկա իրավիճակը եւ առկա խնդիրները.
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ նոտար կարող է նշանակվել Հայաuտանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, չունի դատվածություն, անցել է նոտարական գործունեության առնվազն մեկ տարվա uտաժավորում եւ որակավորման քննական հանձնաժողովին հանձնել է նոտարի որակավորման քննությունները:
Օրենքի հիշյալ դրույթը նոտար դառնալու համար նախատեսում է առնվազն մեկ տարվա նոտարական գործունեության ստաժավորում անցնելու պահանջ, ինչը անգամ դատավորների թեկնածուների հետ համեմատության մեջ շատ երկար ժամկետ է, քանի որ դատավորների թեկնածուների համար սահմանվում է վեց ամսյա ժամկետ:
Առաջարկվող լուծումները.
Նախագծով նախատեսվում է նոտարի քննությանը մասնակցելու 1 տարվա ստաժավորման պահանջը փոխարինել 6 ամսվա ստաժավորման պահանջով, իսկ 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժի կամ գիտական աստիճանի առկայության դեպքում` առնվազն 3 ամսվա: Նախագծով նախատեսվում է նաեւ նոտարի քննությանը մասնակցելու համար սահմանված իրավաբանական բարձրագույն կրթության պահանջը փոխարինել իրավաբան մագիստրոսի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորման պահանջով:
Ակնկալվող արդյունք.
Նախատեսվում է օրենքի ուժի մեջ մտնելու ընթացիկ տարվա որակավորման քննությանը մասնակցելու եւ նոտարի պաշտոնում նշանակվելու հնարավորություն ընձեռել նաեւ իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիներին` անկախ ստաժավորման հանգամանքից: