Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1159-02.05.2011-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությունում «մինչեւ բարձրագույն սպայական կազմի» բառերը հանել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

Հիմնավորում

«Զինվորական  ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու  մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքի  Հայաստանի  ընդունման վերաբերյալ

1. Անհրաժեշտությունը:

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պաշտպանական բարեփոխումների շրջանակներում ոլորտը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի լրամշակման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները:

«Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` առանձնահատուկ դեպքերում սահմանային տարիքի հասած մինչեւ բարձրագույն սպայական կազմի դասախոսական, լրատվական, գիտահրատարակչական, գիտահետազոտական, բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող զինծառայողների, ինչպես նաեւ պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչների ժամկետային զինվորական ծառայության ժամկետները սահմանված կարգով կարող են երկարաձգվել մինչեւ 10 տարի ժամկետով: Տվյալ պարագայում զինվորական ծառայության մեջ անհավասար պայմաններ են ստեղծվում վերոնշյալ պաշտոններ զբողեցնող զինծառայողների համար, ինչով էլ պայմանավորված է օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

Տվյալ օրենսդրական կարգավորումը կնպաստի զինված ուժերում զինվորական ծառայության մեջ հավասարության սկզբունքի ապահովմանը, ինչը ՀՀ պաշտպանական բարեփոխումների հիմնական նպատակներից է:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը:

Օրենքի նախագծով նախատեսվում է զինվորական ծառայության մեջ հավասար պայմաններ ստեղծել սահմանային տարիքի հասած մինչեւ բարձրագույն սպայական կազմի դասախոսական, լրատվական, գիտահրատարակչական, գիտահետազոտական, բժշկական բնույթի մասնագիտական, ինչպես նաեւ պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչների պաշտոններ զբաղեցնող զինծառայողների համար:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք:

Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի եւ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի այլ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա:

6. Ակնկալվող արդյունքը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հավասար պայմաններ ստեղծել վերոնշյալ պաշտոններում զինվորական ծառայություն անցնող քաղաքացիների համար, որպեսզի վերջիններս իրենց ծառայողական եւ մասնագիտական որակներին համապատասխան հնարավորությունններ ունենան շարունակելու ժամկետային զինվորական ծառայությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում: