Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1154-02.05.2011-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2005 թվականի հուլիuի 8-ի ՀO-176-Ն oրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 2.1 կետով հետեւյալ բովանդակությամբ`

«2.1)  «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային բյուրոներին այդ օրենքով նախատեսված վարկային տեղեկատվության մասով.».

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ձեւավորված «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային տեղեկատվության վրա (օպերատորը եւ ծառայություններ մատուցողները վարկային բյուրոներին կարող են տրամադրել միայն սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ձեւավորված «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային տեղեկատվություն):

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման

Նախագծի ներկայացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին հավանություն տալու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի թիվ 97-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1768-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի» 6.1 կետով, որը նախատեսվել է Հայաստանի Հանրապետություն վարկային պատմության ձեւավորման եւ զարգացման համար օրենսդրական խոչընդոտների վերացման վերաբերյալ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) առաջարկությամբ:

Անհրաժեշտությունը

Նշված նախագծի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոների կողմից ամբողջական վարկային զեկույց պատրաստելու նպատակով օրենսդրական խնդիրների վերացման, ինչպես նաեւ վարկատու կազմակերպությունների մոտ վարկային պատմություն չունեցող անձանց համար վարկային տեղեկատվության ձեւավորման եւ զարգացման անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է մեկ վարկային բյուրո` «ԱՔՌԱ Քրեդիտ ռեփորթինգ» ՓԲԸ, որը վարկային տեղեկատվություն է հավաքագրում բանկերից, վարկային կազմակերպություններից եւ որոշ կոմունալ-կենցաղային ծառայություններ մատուցող կազմակերպություններից:

Խնդիրը կայանում է նրանում, որ վարկային բյուրոն չի կարողանում պայմանագրային հիմունքներով վարկային տեղեկատվություն ստանալ  հեռահաղորդակցման ոլորտում գործունեություն իրականացնող օպերատորներից, քանի որ ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածն արգելում է հեռահաղորդակցման ոլորտում գործունեություն իրականացնող օպերատորներին իրենց հաճախորդների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել այլ անձանց, բացառությամբ  օրենքով սահմանված դեպքերի (նշված դեպքերի մեջ վարկային բյուրոներին տեղեկատվության տրամադրման դեպքը նախատեսված չէ):

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ կառավարության քաղաքականությունը հնարավոր բոլոր բազաներից (հանրային եւ մասնավոր) անձի վարկային տեղեկատվության հասանելիության ապահովումն է վարկային բյուրոյում: Այդ նպատակով անհրաժեշտ է վերացնել վարկային տեղեկատվության հավաքագրման օրենսդրական խոչընդոտները: Նշվածը հիմք կհանդիսանա, որպեսզի վարկային բյուրոն հավաքագրի անձի վերաբերյալ վարկային տեղեկատվություն եւ նրա համաձայնությամբ այն տրամադրի վարկատու կազմակերպություններին` վարկերի ստացման գործընթացում օգտագործելու համար: Վարկային տեղեկատվության ձեւավորումն ու զարգացումը դրական ազդեցություն կունենա գործարար միջավայրի վրա, կմեծացնի վարկերի հասանելիությունը դեռեւս վարկային միջոցներ չօգտագործած եւ վարկավորում իրականացնող կառույցների մոտ վարկային պատմություն չունեցող անձանց համար:

Կարգավորման նպատակը եւ բնույթը

Փոփոխությունների նպատակն է վերացնել հեռահաղորդակցման ոլորտում գործունեություն իրականացնող օպերատորների կողմից վարկային բյուրոներին   վարկային տեղեկատվության տրամադրման օրենսդրական խոչընդոտները:

Փոփոխության արդյունքում  հեռահաղորդակցման ոլորտում գործունեություն իրականացնող օպերատորներն իրավունք կունենան իրենց հաճախորդների պարտքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել վարկային բյուրոներին: Սակայն այդ տեղեկատվության տրամադրումը չի հանդիսանում վարկային բյուրոյին պարտադիր տրամադրման ենթակա տեղեկատվություն: Այսինքն` այդ տեղեկատվության տրամադրումը հնարավոր է վարկային բյուրոյի եւ հեռահաղորդակցման ոլորտում գործունեություն իրականացնող օպերատորների միջեւ ձեռք բերված համաձայնության արդյունքում` հեռահաղորդակցման ոլորտում գործունեություն իրականացնող օպերատորների կողմից իրենց հաճախորդներին նախապես տեղեկացելով, որ իրենց վերաբերյալ տեղեկատվությունը հնարավոր է տրամադրվի վարկային բյուրոյին:

««Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո վարկային բյուրոն պարտավոր է վարկային զեկույցում ընդգրկել տեղեկատվություն այն մասին, թե որ տիպի սուբյեկտից ստացված տվյալների  արդյունքում է ձեւավորվել վարկային բյուրոյում առկա տեղեկությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսուհետ վարկային բյուրոն հավաքագրելու է ոչ միայն ֆինանսական կազմակերպությունների, այլ նաեւ այլ սուբյեկտերի հաճախորդների վերաբերյալ տեղեկատվություն: Այսինքն` վարկային զեկույցում վարկային բյուրոն պետք է նշի, որ տվյալ տեղեկատվությունը ձեւավորվել է բանկերից, վարկային կազմակերպություններից կամ օրինակ կոմունալ ծառայություններ մատուցող սուբյեկտներից ստացված տեղեկատվության հիման վրա: Իսկ անհրաժեշտության դեպքում վարկային զեկույցում ներառվող տվյալների ցանկը կսահմանի ՀՀ կենտրոնական բանկը` ապահովելու բոլոր բյուրոների կողմից վարկային զեկույցների միատեսակ ձեւն ու բովանդակությունը:

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման դեպքում հեռահաղորդակցման ոլորտում գործունեություն իրականացնող օպերատորներն իրավունք կունենան իրենց հաճախորդների պարտքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել վարկային բյուրոյին, որն էլ իր կողմից տրամադրվող վարկային զեկույցներում կարտացոլի այդ տեղեկատվությունը:

Միեւնույն ժամանակ, Նախագծի ընդունումը հնարավորություն կտա վարկային պատմություն ձեւավորել այն անձանց համար, որոնք վարկեր չեն վերցրել բանկերից կամ վարկային կազմակերպություններից: Հետագայում այդ կազմակերպությունների հետ հարաբերվելու դեպքում հիմք կընդունվի անձի այն վարկային պատմությունը, որը ձեւավորվել է հեռահաղորդակցման ոլորտում գործունեություն իրականացնող օպերատորներների կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա: Այսինքն` վերջին հաշվով փոփոխությունները կբերեն վարկերի հասանելիության ավելացմանը եւ գործարար միջավայրի զարգացմանը: