Հոդված 1. Սույն օրենքը տարածվում է այն կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպությունների (այսուհետ` հարկ վճարող) վրա, որոնք 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեն հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով ապառքներ ու դրանց նկատմամբ հաշվարկված տույժեր, տուգանքներ (այսուհետ` հարկային պարտավորություն):
Հոդված 2. Այն հարկ վճարողները, որոնք մինչեւ 2010 թվականի հունվարի 1-ը ունեն շահութահարկի, եկամտահարկի, ակցիզային հարկի, ավելացված արժեքի հարկի, պարզեցված հարկի, հաստատագրված վճարի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով հարկային պարտավորություններ, կարող են մինչեւ 2011 թվականի օգոստոսի 20-ը դիմել իրենց հաշվառման վայրի հարկային մարմին` սույն օրենքին համապատասխան հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի հաստատման համար:
Հոդված 3. Հարկային մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողի դիմումի հիման վրա վերջինիս հետ կազմվում է ժամանակացույց, որով հարկ վճարողը պարտավորվում է վճարել մինչեւ 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած հարկային ապառքները հետեւյալ կարգով.
1) Մինչեւ 50 միլիոն ՀՀ դրամ հարկային պարտավորություն ունեցող հարկ վճարողները ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները սկսած 2011 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2012 թվականի հունիսի 30-ը` յուրաքանչյուր ամիս վճարելով ապառքի գումարի առնվազն մեկ տասներորդ մասը:
2) 50 միլիոն եւ ավելի ՀՀ դրամ հարկային պարտավորություն ունեցող հարկ վճարողները ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները սկսած 2011 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2013 թվականի հուլիսի 31-ը` յուրաքանչյուր ամիս վճարելով ապառքի գումարի առնվազն մեկ քսաներկուերորդ մասը:
Սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված հարկ վճարողները, որոնք սահմանված ժամանակացույցով փաստացի կմարեն ունեցած հարկային ապառքները, կազատվեն հարկային օրենսդրությամբ հաշվարկված տույժերից, տուգանքներից:
Հոդված 4. Սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի առաջին իսկ խախտման դեպքում հարկային մարմինը պարտավորությունների բռնագանձման հայց է ներկայացնում դատարան:
Հարկ վճարողները, որոնց նկատմամբ 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային պարտավորություններ ունենալու համար ներկայացվել են բռնագանձման հայցեր, հարկային մարմնի հետ կնքում են հաշտության համաձայնություն:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: