Հոդված 1. Սույն օրենքը տարածվում է այն կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպությունների (այսուհետ` հարկ վճարող) վրա, որոնք 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին չեն ներկայացրել որեւէ հաշվետվություն, հաշվարկ կամ հայտարարագիր (այսուհետ` հաշվետվություն) եւ չունեն հարկային մարմնում առկա փաստաթղթերի համաձայն գույք ու հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ կամ «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն չեն վերագրանցվել, չունեն գույք եւ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ:
Հոդված 2. 1. Սույն օրենքի 1-ին հոդվածում նշված հարկ վճարողների լուծարման (պետական հաշվառումից հանման) գործընթացը կատարվում է հետեւյալ կերպ.
Հարկային մարմինը մինչեւ 2011 թվականի հուլիսի 15-ը սույն հոդվածում նշված հարկ վճարողների ցանկը եւ հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների բացակայության մասին տեղեկանքը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ներկայացնում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ` պետական ռեգիստր): Հարկային մարմինը սույն մասում նշված ժամկետում պետական ռեգիստր է ներկայացնում նաեւ հարկային մարմնում հաշվառված այն կազմակերպությունների ցանկը, որոնց հիմնադիր կազմակերպությունները լուծարված են:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ցանկերը պետք է պարունակեն կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում անուն եւ ազգանունը), հարկային մարմնին հայտնի կամ պետական ռեգիստրում նշված կազմակերպության գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում բնակության հասցեն), հարկ վաճարողի հաշվառման համարը:
3. Պետական ռեգիստրը հարկային մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված ցանկերը ստանալուց հետո մինչեւ 2011 թվականի սեպտեմբերի 15-ը ուղարկում է ծանուցում պետական ռեգիստրում կազմակերպությունների գտնվելու վայրի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի կամ պետական ռեգիստրին հայտնի կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հասցեով: Ծանուցումը համարվում է պատշաճ տրված, եթե այն հանձնվել է կազմակերպության ներկայացուցչին կամ անհատ ձեռնարկատիրոջը կամ վերջինիս ներկայացուցիչն: Եթե սույն մասում նշված հասցեներում կազմակերպության ներկայացուցչին կամ անհատ ձեռնարկատիրոջը հնարավոր չի լինում գտնել, ապա պետական ռեգիստրը ծանուցումը ուղարկում է «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» հրապարակման, որը եւս համարվում է պատշաճ տրված ծանուցում` տեղեկագրի հրապարակման օրվանից: Ծանուցումները հանձնելու կարգը սահմանում է ՀՀ արդարադատության նախարարությունը: Սույն մասում նշված ցանկերը պետական ռեգիստրը հրապարակում է նաեւ իր պաշտոնական ինտերնետային կայքում եւ 3000-ից ավելի տպաքանակ ունեցող մամուլում:
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ցանկերը պետական ռեգիստրի կողմից սահմանված կարգով հրապարակվելուց հետո երկու ամսվա ընթացքում դրանում ընդգրկված հարկ վճարողների պատասխանատու պաշտոնատար անձինք (տնօրեն, կառավարիչ եւ այլն) պարտավոր են պետական ռեգիստր ներկայացնել տեղեկանք` ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, հիմնարկների եւ պետական կառավարման մարմինների նկատմամբ ստանձնած պարտավորությունների եւ սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի մասին: Սույն մասում նշված ժամկետում պարտավորությունների եւ գույքի վերաբերյալ տեղեկանք չներկայացնելու դեպքում համարվում է, որ տվյալ հարկ վճարողը պարտավորություն եւ գույք չունի, իսկ կազմակերպության գործունեության դադարեցումից կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանելուց հետո նրանց անվամբ հայտնաբերված գույքի հետ կապված խնդիրները լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Սույն մասում նշված ժամկետում հարկ վճարողները կարող են պետական ռեգիստր ներկայացնել գործունեությունը վերսկսելու կամ վերագրանցվելու մասին հայտարարություն, որի ներկայացման դեպքում պետական ռեգիստրը տվյալ հարկ վճարողին հանում է սույն հոդվածի 1-ին մասում նշված ցանկերից: Սույն մասով սահմանված ժամկետում տվյալ հարկ վճարողները, ինչպես նաեւ նրանց պարտատերերը կամ այլ պետական կառավարման մարմինները կարող են պետական ռեգիստր ներկայացնել առարկություններ: Սույն մասում նշված սահմանված ժամկետում տեղեկանքի կամ առարկության բացակայության դեպքում պետական ռեգիստրը երեք ամսվա ընթացքում գրանցում է կազմակերպության գործունեության դադարեցում կամ հանում է անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից:
5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետում պետական ռեգիստրի կողմից սահմանված կարգով հրապարակված ցանկերում ընդգրկված հարկ վճարողների պարտատերերից ստացվում է առարկություն, ապա պետական ռեգիստրը պարտավոր է օրենքով սահմանված կարգով մեկամսյա ժամկետում հայց ներկայացնել դատարան տվյալ կազմակերպության լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանման վերաբերյալ:
Հոդված 3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումից հանման կամ կազմակերպությունների լուծարման դեպքում մեկ ամսվա ընթացքում պետական ռեգիստրը տեղեկատվություն է տրամադրում հարկային մարմնին` հարկ վճարողին հարկային հաշվառումից հանելու նպատակով:
Հոդված 4. Սույն օրենքով սահմանված կարգով եւ հիմքով լուծարման ենթակա կազմակերպությունների եւ պետական հաշվառումից հանելու ենթակա անհատ ձեռնարկատերերի նկատմամբ հարկային հաշվետվություն չներկայացնելու համար վարչական վարույթ չի հարուցվում, իսկ հարուցված վարչական վարույթները ենթակա են կարճման:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի ս/թ. դեկտեմբերի 7-ին թիվ 02/23.2/15559-10 հանձնարարականի:
Նախագծի հիմնական նպատակը օրենքով սահմանված կարգով գրանցված եւ հարկային մարմիններում հաշվառված, սակայն ըստ էության չաշխատող (այդ թվում` տեսանելի ապագայում) տնտեսավարող սուբյեկտների լուծարումն է (գործունեության դադարեցումը)` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման տնտեսավարող սուբյեկտների զուտ իրավաբանական գոյությունից որեւէ տնտեսական օգուտներ չեն ակնկալում ինչպես դրանց հիմնադիրները (մասնակիցները), այնպես էլ պետությունը:
1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը.
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գրանցված եւ հաշվառված են ավելի քան 145 հազար հարկ վճարողներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում տարիներ շարունակ փաստացի գործունեություն չիրականացնող հարկ վճարողները, որոնց զգալի մասն իր հերթին հարկային մարմին չեն ներկայացրել եւ շարունակում են չներկայացնել որեւէ հաշվետվություն, հաշվարկ կամ հայտարարագիր:
Նախագիծը կարգավորում է մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը հարկային մարմին որեւէ հաշվետվություն, հաշվարկ կամ հայտարարագիր չներկայացրած եւ հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորություններ չունեցող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն չվերագրանցված եւ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ չունեցող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի լուծարման գործընթացը:
1.2 Առկա խնդիրները.
Uտեղծված իրավիճակում առկա խնդիրներ են`
- Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն իրականացնող հարկ վճարողների թվաքանակի խեղաթյուրված պատկերը:
- Ավելորդ վարչարարության ծախերի իրականացումը:
- Գործունեություն իրականացնող եւ չիրականացնող տնտեսվարող սուբյեկտների հստակ տարանջատման բացակայությունը:
1.3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Ներկայացվող նախագծով առաջարկվում է`
Հարկային մարմինը ներկայացված նախագծով սահմանված կարգով եւ ժամկետներում համապատասխան հարկ վճարողների ցանկը (ներառյալ հարկային մարմնում հաշվառված այն կազմակերպությունների ցանկը, որոնց հիմնադիր կազմակերպությունները լուծարված են) եւ հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների բացակայության մասին տեղեկանքը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ներկայացնում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը ներկայացված նախագծով սահմանված կարգով իրականացնում է անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման կամ կազմակերպությունների լուծարման գործընթացը:
2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը հարկային մարմին որեւէ հաշվետվություն, հաշվարկ կամ հայտարարագիր չներկայացրած եւ հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորություններ չունեցող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն չվերագրանցված եւ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ չունեցող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի լուծարման գործընթացի պարզեցումն ու հստակեցումն է:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի ՀՀ հարկային մարմիններում հաշվառված եւ տնտեսական գործունեություն իրականացոնղ հարկ վճարողների իրական թիվը, ինչպես նաեւ կնվազեն իրականացվող վարչարարական ծախքերը: