Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-1160-04.05.2011,10.05.2011-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության  2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ 160-Ն  օրենքի  38-րդ  հոդվածի 3-րդ մասում 2-րդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝  հետեւյալ բովանդակությամբ.

«Բացառություն է կազմում «վաստակավոր մանկավարժի»  պատվավոր կոչում ստացած մանկավարժական աշխատողների կամ անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող այն տնօրենների հավաստագրումը, որոնց 61 եւ ավելի տարին լրանում  է մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Նրանց հավաստագրումը իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված  մարմնի սահմանած ընթացակարգով՝ թեստավորման միջոցով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական  հրապարակման  օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք-հիմնավորում

«Հանրակրթության մասին»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին

Անհրաժեշտությունը` Հաշվի առնելով վաստակաշատ  մանկավարժների ունեցած ավանդը կրթական համակարգի զարգացման  գործում եւ հանրակրթական ուսումնական հաստատության  կառավարման իրավունքի /հավաստագրի/ գործունեության 5 ամյա ժամկետի հետ հետագա  պաշտոնավարման տեւողության անհամապատասխանությունը` այդ կատեգորիայի տնօրենի պաշտոնի հավակնորդների  համար սահմանել հավաստագրման այլ ընթացակարգ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները` Գործող  օրենքի  համաձայն վերապատրաստված  բոլոր  քաղաքացիները,  անկախ իրենց տարիքից եւ ունեցած վաստակից  կրթության ոլորտում, միասնական չափանիշներին համապատասխան մասնակցում են վերապատրաստմանը եւ միասնական չափանիշներին համապատասխան  հավաստագրման քննություններին /գրավոր եւ հարցազրույց/:

Տվյալ բնագավառում  իրականացվող քաղաքականությունը` Ստեղծել բարենպաստ պայմաններ վաստակաշատ տնօրենների  եւ անորոշ ժամկետի պայմանագրերի լուծման պահին 61 տարին լրացած տնօրենների  համար:

Կարգավորման նպատակը եւ բնույթը` Սահմանել արտոնություններ 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ 61 տարին լրացած եւ  անորոշ ժամկետով պաշտոնավարող տնօրենների համար:

Ակնկալվող արդյունքները` 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ 61 տարին լրացած եւ  անորոշ ժամկետով պաշտոնավարող տնօրենների պարզեցված հավաստագրում: