ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է գրադարանների ստեղծման, գործունեության կազմակերպման եւ ֆինանսավորման հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է գրադարանների տեսակները, գործառույթները, գրադարանային հավաքածուների հաշվառման, համալրման, պահպանության եւ հանրային գրադարանի հավատարմագրման կարգը, գրադարանների եւ գրադարաններից օգտվողների իրավունքներն ու պարտականությունները:
Հոդված 2. Գրադարանների եւ գրադարանային գործի մասին Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը
1. Հայաստանի Հանրապետության գրադարանների եւ գրադարանային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից ու իրավական ակտերից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գրադարանների վրա` անկախ դրանց ստեղծման կարգից, ֆինանսավորման աղբյուրից, գործունեության բնույթից եւ իրավական կարգավիճակից:
Հոդված 4. Օրենքում օգտագործված հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`
1) գրադարան` տեղեկատվական, մշակութային, կրթական գործունեություն իրականացնող կազմակերպություն, որն ունի համակարգված հավաքածու, ինչը տրամադրում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ժամանակավոր օգտագործման համար:
2) գրադարանային համակարգ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գրադարանային-տեղեկատվական ծառայությունների կազմակերպված համալիր, որում ընդգրկված են բոլոր գրադարանները` անկախ սեփականության ձեւից, նշանակությունից, հավաքածուի կազմից, կիրառական նշանակությունից եւ կապված են համագործակցությամբ ու գրադարանային պաշարների միասնական օգտագործմամբ,
3) գրադարանային գործ` հասարակությանը տեղեկույթով ապահովելու ոլորտ, որը ներառում է գրադարանային համակարգի ստեղծումն ու զարգացումը, հավաքածուների ձեւավորումը եւ մշակումը, գրադարանից օգտվողների գրադարանային-տեղեկատվական ու մատենագիտական սպասարկման կազմակերպումը, գրադարանային կադրերի վերապատրաստումը, ինչպես նաեւ գրադարանների զարգացման գիտամեթոդական գործունեության ապահովումը,
4) գրավոր հուշարձան` ձեռագրեր, հնատիպ եւ հազվագյուտ գրքեր, տպագիր հրատարակություններ, որոնք ունեն բացառիկ հոգեւոր եւ նյութական արժեք, հատուկ պատմական, գիտական, մշակութային նշանակություն: Դրանց նկատմամբ սահմանվում է հաշվառման, պահպանության եւ օգտագործման հատուկ կանոնակարգ (ռեժիմ),
5) Հայաստանի ազգային գրադարան` մշակութային, կրթական, գիտա-տեղեկատվական կազմակերպություն, որը հանդիսանում է հայկական գրքային արտադրության եւ լեզվի տարածման ոլորտի հետ կապված նյութերի մշտական պահպանող, գրադարանագիտության, մատենագիտության հարցերով մեթոդական եւ համակարգող կենտրոն, հայկական տպագիր ժառանգություն ունեցող հավաքածուների հաշվառող` անկախ դրանց տեղակայման վայրից, որն իրականացնում է սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գործառույթները,
6) Հայաuտանի Հանրապետության գրադարանային հավաքածու` ընդհանուր տեղեկատվական համակարգի մեջ միավորված գրադարանների հավաքածուներ, որոնք նախատեսված են մշտական պահպանության եւ հանրային օգտագործման համար,
7) ազգային գրադարանային հավաքածու` ՀՀ գրադարանային հավաքածուի բաղկացուցիչ մաս, որն ունի առանձնահատուկ պատմական, գիտական, մշակութային նշանակություն եւ նախատեսված է հանրային օգտագործման ու մշտապես պահպանվում է պետության կողմից,
8) գրադարանային հավաքածու` տեղեկատվական նյութական տարբեր կրիչների ամբողջություն ներկայացնող համակարգված, գործառնապես փոխկապակցված, ամբողջական փաստաթղթերի հավաքածու, որը ենթակա է հաշվառման, համալրման, պահպանության եւ հանրային օգտագործման,
9) հանրային գրադարան` սույն օրենքով սահմանված կարգով կարգավիճակ ստացած մշակութային կազմակերպություն, որը գործում է որոշակի վարչատարածքում, ունի կանոնակարգված հավաքածու, տրամադրում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գրադարանային հավաքածուներն ու ծառայությունները առանց սահմնափակումների, ինչպես նաեւ իրականացնում է մշակութային, կրթական, գիտական եւ սույն օրենքի 7-րդ եւ 8-րդ հոդվածներով սահմանված գործառույթները,
10) գրադարանից օգտվող` գրադարանի ծառայություններից օգտվող ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
11) գրադարանային փաստաթուղթ՝ ելից տեղեկույթ ունեցող` պահպանության, հանրային oգտագործման, փոխանցման ենթակա տեքստային, թվանշանային, պատկերային, տեuա եւ (կամ) ձայնաշարային կամ համակցված նյութ պարունակող կրիչ,
12) պետական գրացուցակ` լիազոր մարմնի կողմից հաստատված կանոններով կազմված մատենագիտական գրառումների ամբողջություն, որը ներառում է գրադարանային հավաքածուների կազմը եւ բովանդակությունը: Պետական գրացուցակը կարող է գործել քարտային կամ մեքենաընթեռնելի ձեւով, միկրոկրիչներով, ինչպես նաեւ գրքային հրատարակություններով: Պետական գրացուցակում ընդգրկված է տպագիր կամ այլ փաստաթղթերի արտադրանք, այդ թվում` գրավոր հուշարձաններ, որոնք առկա են գրադարանային հավաքածուներում եւ կազմված են սահմանված սկզբունքով,
13) տեղեկատվական պաշարներ` տեղեկատվական համակարգերում` գրադարաններում, արխիվներում, տվյալների շտեմարաններում եւ այլ տեղերում հավաքված փաստաթղթերի ամբողջություն,
14) գրադարանի գլխավոր մատյան՝ գրադարանային հավաքածուների հաշվառման փաստաթուղթ, որը պարունակում է հիմնական տվյալներ գրադարանային հավաքածուի մասին եւ պարտադիր է բոլոր գրադարանների համար,
15) գրադարանային փաստաթղթի հաշվառում՝ նյութական բոլոր տեսակի կրիչների գրանցում գրադարանի գլխավոր մատյանում,
16) գրադարանային փաստաթղթի պահպանում՝ նպաստավոր պայմանների ստեղծում գրադարանային հավաքածուների ամբողջության ապահովման, ամրակայման եւ վերականգնման համար,
17) գրադարանային փաստաթղթի պաշտպանում՝ գրադարանային հավաքածուների պաշտպանում բոլոր տեսակի ռիսկերից,
18) գրադարանի տեղեկատու-որոնողական համակարգ՝ տեղեկատու եւ մատենագիտական հրատարակությունների քարտային եւ էլեկտրոնային գրացուցակ, տեղեկույթի ավտոմատացված տվյալների շտեմարանի ամբողջություն, որը նպատակաուղղված է գիտական, մշակութային եւ այլ բնույթի տեղեկույթի փնտրմանը,
19) ազգային մատենագիտություն՝ գրադարանային տեղեկույթի տվյալների շտեմարանի համապարփակ ամբողջություն,
20) գրադարանների գործերով խորհուրդ` հասարակական հիմունքներով գործող խորհրդատվական մարմին, որը նպաստում է գրադարանների զարգացմանը եւ համագործակցությանը, ձեւավորում է առաջարկություններ` դրանց գործունեությանը նպաստող պետական ռազմավարության ծրագրերի մշակման համար,
21) միջգրադարանային բաժնույթ` գրադարանային-տեղեկատվական սպասարկման տեսակ` հիմնված գրադարանային հավաքածուների փոխօգտագործման եւ գրադարանի տեղեկատու-որոնողական համակարգի վրա:
ԳԼՈՒԽ 2.
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 5. Գրադարանների ստեղծումը,
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գրադարանները ստեղծվում եւ գործում են սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Գրադարանները կարող են հիմնադրվել Հայաստանի Հանրապետության Կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից:
Հոդված 6. Գրադարանների տեսակները
1. Գրադարանային համակարգը ներառում է բոլոր գրադարանները` ըստ սեփականության ձեւի, տարածքային բաժանման եւ բնույթի:
1) Ըստ սեփականության ձեւի` գրադարանները լինում են`
ա. պետական գրադարաններ` հիմնադրված Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից,
բ. համայնքային գրադարաններ` հիմնադրված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից,
գ. ոչ պետական գրադարաններ` հիմնադրված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ քաղաքական, կրոնական եւ հասարակական կազմակերպությունների կողմից:
2) Ըստ տարածքային բաժանման` գրադարանները լինում են`
ա. հանրապետական` այդ թվում նաեւ ազգային համապարփակ, հատուկ եւ մասնագիտացված գրադարաններ, որոնք ամբողջացնում են գիտության, տեխնիկայի կամ արվեստի որեւէ ճյուղի տեղեկատվական պաշարները,
բ. մարզային` ապահովում է մարզի բնակչության գրադարանային-տեղեկատվական մատչելիությունը, համալրում է գրադարանային տեղեկույթի էլեկտրոնային շտեմարանը, օգտվում է ցանցի հնարավորություններից, ապահովում է մարզի կազմակերպությունների գրադարանային ծառայության մեթոդական, մասնագիտական եւ տեղեկատվական ծառայությունը,
գ. համայնքային` ապահովում է համայնքի բնակչության գրադարանային-տեղեկատվական մատչելիությունը, համալրում է գրադարանային հավաքածուն հանրապետական, մարզային, տեղական տեղեկույթ կրող համապատասխան նյութական կրիչով, ինչպես նաեւ էլեկտրոնային շտեմարանի միջոցով իրականացնում է դրանց պահպանումը:
3) Ըստ բնույթի` գրադարանները լինում են`
ա. մասնագիտացված` իրականացնում են գիտության եւ մշակույթի որեւէ ճյուղի ազգային եւ օտարերկրյա տպագիր արտադրանքի ու տեղեկատվական պաշարների համակարգված համալրումը, պահպանումը, մատչելիության ապահովմանն ողղված ծառայությունների մատուցումը,
բ. կրթական` համալսարանական եւ դպրոցական, որոնք գործում են ուսումնական հաստատությունների կառուցվածքում եւ դրանց բնույթին համապատասխան ձեւավորում են հավաքածուներ, մասնակցում ուսումնական ու գիտահետազոտական գործընթացներին, ապահովում են դասախոսների, ուսանողների, գիտական աշխատողների, մասնագետների եւ այլ անձանց գրադարանային-տեղեկատվական սպասարկումը,
գ. այլ գրադարաններ` գիտահետազոտական ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների, թանգարանների, արխիվների, հրատարակչությունների, առողջապահական կազմակերպությունների, եկեղեցիների, ազատազրկման վայրերի եւ հատուկ փաստաթղթերի հետ աշխատող գրադարաններ:
Հոդված 7. Գրադարանի պարտադիր գործառույթները
1. Գրադարանը իրականացնում է հետեւյալ գործառույթները`
1) հավաքում, կազմակերպում, պահպանում եւ օգտագործման են տրամադրում գրադարանային փաստաթղթեր, դրանց վերաբերյալ եւ այլ բնույթի տեղեկույթ,
2) ցուցակագրում, դասակարգում եւ կազմում է գրադարանի հավաքածուի մատենագիտությունը,
3) ապահովում է գրադարանի հավաքածուի եւ տեղեկատվական համակարգերի մատչելիությունը` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի,
4) ապահովում է գրադարանից օգտվողների որակյալ ծառայությունների մատուցումը,
5) նպաստում է կրթությանը, խթանում է ընթերցանությանը, ինքնակրթությանը եւ քաղաքացիների սոցիալական հաղորդակցման գործընթացներին,
6) տրամադրում է գրադարանի հավաքածուի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկույթ` Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուի պետական գրացուցակի համար,
7) ապահովում է գրադարանային հավաքածուում գտնվող գրավոր հուշարձանների պահպանումը եւ վերականգնումը,
8) ներդնում է նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ:
Հոդված 8. Հանրային գրադարանի հավատարմագրումը եւ կարգավիճակը
1. Գրադարանը կարող է հավատարմագրվել եւ ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանված կարգով:
2. Սույն օրենքով սահմանված կարգով հանրային գրադարանի կարգավիճակը տրվում է հինգ տարի ժամկետով, ինչի վերաբերյալ լիազորված պետական մարմինը տալիս է համապատասխան վկայական: Վկայականի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:
3. Գրադարանը ենթակա է հավատարմագրման, եթե համապատասխանում է հետեւյալ պահանջներին`
1) ունի իրավաբանական անձի կարգավիճակ,
2) ունի տպագիր արտադրանքի եւ այլ տեսակի փաստաթղթերի դասակարգված հավաքածու (իրականացվել է հաշվառում, ստեղծվել է գրադարանի տեղեկատվական համակարգը),
3) ունի պահպանության, հավաքածուների դասակարգման եւ գրադարանի գործունեության համար համապատասխան տարածք, գույք,
4) ապահովված է մշտական ֆինանսավորմամբ,
5) ունի որակավորված մասնագետներ,
6) իրականացնում է գրադարանային աշխատողների վերապատրաստում,
7) գրադարանից օգտվողներին մատուցում է գրադարանային-տեղեկատվական ծառայություններ` անկախ նրանց սեռից, տարիքից, ռասայից, ազգությունից, ֆիզիկական վիճակից, բնակության վայրից, գտնվելու վայրից եւ այլ գործոններից, ինչպես նաեւ ապահովում է համապատասխան գրադարանային սարքավորումներ տեսողական եւ շարժողական խնդիրներ ունեցող անձանց համար,
8) անդամակցում է պետական եւ միջազգային միջգրադարանային բաժնութային համակարգին:
4. Հանրային գրադարանի կարգավիճակ ստանալու դեպքում գրադարանը կարող է օգտվել.
1) գրադարանի հավաքածուների համալրման ծրագրից.
2) գրադարանի աշխատողների պետական վերապատրաստման ծրագրից եւ մեթոդական օգնությունից.
3) գրադարանային տեղեկույթի էլեկտրոնային միասնական շտեմարանին միանալու իրավունքից.
4) պետական աջակցության այլ աղբյուրներից:
5. Սույն հոդվածով նախատեսված նպատակների եւ կանոնադրական խնդիրների լուծման համար հանրային գրադարանը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության առանձին տեսակներ` հիմնադրի որոշման համաձայն:
6. Պետական եւ համայքային հանրային գրադարանների սեփականության ձեւի փոփոխումը, ինչպես նաեւ դրանց հավաքածուների, շենքերի եւ զբաղեցրած տարածքների օտարումը կարող է իրականացվել բացառիկ դեպքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:
Հոդված 9. Հայաստանի ազգային գրադարան
1. Հայաստանի ազգային գրադարանը հանրային գրադարան է:
2. Հայաստանի ազգային գրադարանը`
1) ձեւավորում, պահպանում եւ օգտագործում է հայատառ եւ Հայաստանի մասին տպագիր արտադրանքի լիակատար փաստաթղթերի հավաքածուները եւ այլ լեզուներով գիտական ու մշակութային նշանակության փաստաթղթերը,
2) տրամադրում է գրադարանային փաստաթղթեր եւ դրանց վերաբերյալ տեղեկույթ գրադարանից օգտվողներին, այդ թվում` միջգրադարանային բաժնույթի միջոցով,
3) իրականացնում է հայատառ տպագիր արտադրության եւ հայոց լեզվի շրջանակներում ստեղծված կամ հրապարակված փաստաթղթերի տարածումը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում եւ նրա սահմաններից դուրս,
4) ստեղծում է Հայաստանի Հանրապետության գրադարանների միասնական մատենագիտական համահավաք գրացուցակը` Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն,
5) ապահովում է խորհրդատվական եւ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը,
6) Հայաստանի Հանրապետությունում գրադարանագիտության,
մատենագիտության, գրքագիտության գիտահետազոտական կենտրոնն է,
7) իրականացնում է հայ տպագիր գրքի եւ հայագիտական հրապարակումների մատենագիտության ցանկերի կազմումը եւ հրատարակումը,
8) ապահովում է ֆիզիկապես մաշված, եզակի եւ (կամ) հազվագյուտ գրավոր հուշարձանների, գրադարանային փաստաթղթերի վերականգնումը, իրականացնում է դրանց էլեկտրոնային տարբերակի ստեղծումը: Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակի պատրաստումը եւ օգտվողներին տրամադրումը իրականացվում է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով,
9) Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է վերահսկողություն գրավոր հուշարձան համարվող գրադարանային փաստաթղթերի պահպանության եւ պաշտպանության նկատմամբ` անկախ նրանց գերատեսչական պատկանելությունից,
10) համալրման բոլոր աղբյուրների միջոցով ձեւավորում է համապարփակ նշանակություն ունեցող միջգրադարանային գրքափոխանակության հավաքածու,
11) կազմակերպում է գրադարանային կադրերի վերապատրաստումը` արդի պահանջներին համապատասխան,
12) ունի կառավարման խորհրդակցական մարմին` գիտական խորհուրդ, որի գործառույթները սահմանված են կանոնադրությամբ:
2. Արգելվում է Հայաստանի ազգային գրադարանի սեփականության ձեւի եւ բնույթի փոփոխումը, ինչպես նաեւ նրա հավաքածուների, շենքերի եւ զբաղեցրած տարածքների օտարումը:
ԳԼՈՒԽ 3.
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ
Հոդված 10. Ազգային գրադարանային հավաքածուի ձեւավորման, օգտագործման պայմանները
1. Ազգային գրադարանային հավաքածուների կազմում ընդգրկված են փաստաթղթի պարտադիր օրինակի կամ տարբեր աղբյուրների միջոցով համալրված գրավոր հուշարձաններ եւ Հայաuտանի Հանրապետության տարածքում գտնվող արժեւորված փաստաթղթեր:
2. Ազգային գրադարանային հավաքածուի գրացուցակում կարող են ընդգրկվել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող գրավոր հուշարձանները սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ` նրա եւ լիազորված պետական մարմնի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա:
3. Ազգային գրադարանային հավաքածուների կազմում ընդգրկված գրադարանային փաստաթղթերը ենթակա չեն մաuնավորեցման (uեփականաշնորհման), վաճառքի, փոխանակության, նվիրատվության, ինչպեu նաեւ չեն կարող հանդիսանալ այլ գործարքի առարկա:
4. Ազգային գրադարանային հավաքածուի` պետական սեփականություն հանդիսացող հավաքածուները ամրացվում են գրադարանին մշտական, անհատույց օգտագործման իրավունքով:
5. Ազգային գրադարանային հավաքածուին վերաբերող փաստաթղթերի պահպանության, օգտագործման եւ երկարաժամկետ պահպանվածության ապահովումը իրականացվում է գրադարանների, արխիվների, թանգարանների եւ ազգային հավաքածուներ ունեցող այլ կազմակերպությունների ու հաստատությունների միջոցով:
6. Ազգային գրադարանային հավաքածուի մաս կազմող գրավոր հուշարձանների հաշվառման, պահպանության, վերականգնման եւ օգտագործման կարգը սահմանում է Հայաuտանի Հանրապետության Կառավարությունը:
7. Արտակարգ իրավիճակում ազգային գրադարանային հավաքածուի տարհանման եւ դրա պաշտպանության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:
Հոդված 11. Գրադարանային հավաքածուների հաշվառումը, համալրումը, պահպանությունը, պաշտպանությունը եւ մատչելիությունը
1. Պետական սեփականություն հանդիսացող գրադարանային հավաքածուները գրադարաններին ամրացվում են մշտական եւ անհատույց օգտագործման իրավունքով:
2. Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուներում ընդգրկված գրադարանային փաստաթղթերը ենթակա են գրանցման գլխավոր մատյանում՝ անկախ դրանց նկատմամբ uեփականության իրավունքից եւ պահպանության վայրից: Գրադարանի հավաքածուների հաշվառման կարգը սահմանում է լիազոր պետական մարմինը:
3. Գրադարանների հավաքածուների համալրման կարեւորագույն սկզբունքը` անընդհատությունն է: Գրադարանը գնման, նվիրատվության, ժառանգության կամ փոխանակման պայմանագրերով կարող է ձեռք բերել ցանկացած նյութական կրիչ` ապահովելով գրադարանից օգտվողների պահանջարկը համալրվող նյութական կրիչի բովանդակությամբ, լեզվի, տեսակի բազմազանությամբ:
4. Հայաuտանի Հանրապետության գրադարանային հավաքածուի` իրավաբանական եւ ֆիզիկական անձանց uեփականություն համարվող գրադարանային փաստաթղթերը uույն oրենքով uահմանված կարգով պահպանում են դրանց uեփականատերերը: Հանրային գրադարաններին փաստաթղթերը ժամանակավոր պահպանության կարող են հանձնվել պայմանագրի հիման վրա:
5. Գրադարանային հավաքածուները գրադարանների կողմից վերցվում են մշտական պահպանության, որը ներառում է անվտանգ պահպանության ապահովում եւ վերականգնման աշխատանքների իրականացում` լիազորված պետական մարմնի կողմից սահմանված կարգով:
6. Գրադարանային հավաքածուների կազմում ընգրկված նյութական բոլոր տեսակի կրիչները անվճար, ժամանակավոր օգտագործման նպատակով տրամադրվում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:
7. Գրադարանային հավաքածուները մատչելի են հանրության բոլոր շերտերի համար:
8. Գրադարանային հավաքածուների մատչելիությունն իրականացվում է`
1) գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկված նյութական կրիչի առկայության վերաբերյալ տեղեկույթի, դրա աղբյուրների որոնման եւ ընտրության վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ, այդ թվում` տեղեկատու-որոնողական համակարգի միջոցով,
2) միջգրադարանային բաժնույթի միջոցով:
9. Գրադարանային հավաքածուների մատչելիության սահմանափակումը գրաքննություն կատարելու նպատակով արգելվում է:
10. Գրադարանային հավաքածուի սեփականատերը հավաքածուի մատչելիության վերաբերյալ կարող է սահմանել սահմանափակումներ միայն`
1) ֆիզիկական պահպանվածության ոչ բավարար վիճակի,
2) վերականգնման ընթացքում գտնվելու,
3) անձեռնմխելի հավաքածուներում գտնվելու, ինչպես նաեւ այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված դեպքերում:
ԳԼՈՒԽ 4.
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 12. Գրադարանային գործի ոլորտում Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազորությունները
1. Հայաստանի Հանրապետության Կառավարությունը`
1) ստեղծում, լուծարում եւ վերակազմակերպում է պետական գրադարանները,
2) ձեւավորում է գրադարանային գործի ոլորտում պետական քաղաքականությունը,
3) սահմանում է ազգային գրադարանային հավաքածուների արտակարգ իրավիճակում տարհանման եւ դրանց պաշտպանության կարգը,
4) սահմանում է ազգային գրադարանային հավաքածուի հաշվառման, պահպանության, վերականգնման եւ օգտագործման կարգը,
5) սահմանում է գրադարանային փաստաթղթերը արժեւորելու, ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը եւ հաստատում է գրացուցակը,
6) սահմանում է ազգային գրադարանային հավաքածուում ընդգրկված գրական հուշարձանների եւ գրադարանային փաստաթղթերի, հավաքածուների պահպանությունն ապահովող կարգը,
7) սահմանում է գրադարանների ոլորտում կադրերի պատրաստման եւ վերապատրաստման պետական քաղաքականության, աշխատանքի վարձատրության սկզբունքները,
8) ստեղծում եւ ֆինանսավորում է պետական ենթակայության ուսումնական հաստատություններ, որոնք իրականացնում են գրադարանային կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը եւ դրանց կառավարումը,
9) սահմանում է հանրային գրադարանների հավատարմագրման կարգը եւ հաստատում վկայականի ձեւը:
Հոդված 13. Գրադարանային գործի ոլորտում Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից լիազորված պետական մարմնի լիազորությունները
1. Լիազորված պետական մարմինը`
1) ապահովում է ոլորտի զարգացման պետական քաղաքականությունը,
2) սահմանում է գրադարանային փաստաթղթերի եւ հավաքածուների հաշվառման, պահպանման, վերականգնման ու ամրակայման (կոնսերվացման) աշխատանքների իրականացման կանոնները եւ կարգը,
3) հաստատում է գրադարանների հավաքածուների հաշվառման գլխավոր մատյանի վարման կարգը,
4) սահմանում է գրադարանային տեղեկատվական շտեմարանում գրադարանների հավաքածուների ընդգրկման կարգը,
5) ապահովում է արտակարգ իրավիճակներում գրադարանային հավաքածուի տարհանումը, ամբողջականությունը եւ անվտանգությունը,
6) սույն օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է որոշում պետական գրադարանի գործող հավաքածուի կազմից գրադարանային նյութական կրիչների օտարման կամ պահպանության ձեւի փոփոխման վերաբերյալ,
7) վերահսկում է պետական գրադարանային հավաքածուի պահպանությունը եւ օգտագործումը,
8) ապահովում է գրադարանների գործունեության վերաբերյալ վարչական վիճակագրական տվյալների մասնագիտական վերլուծությունը, ամփոփումը եւ հրատարակումը,
9) աջակցում է սոցիալապես առավել խոցելի խմբերի (երեխաներ, հաշմանդամներ, կենսաթոշակային տարիքի մարդիկ, փախստականներ, անաշխատունակներ, գյուղական` /հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերի բնակչություն/ գրադարանային սպասարկման զարգացմանը,
10) աջակցում է գրադարանային կադրերի վերապատրաստման, որակավորման բարձրացման համակարգի զարգացման ծրագրերի մշակմանը եւ դրանց իրականացմանը,
11) սահմանում է գրադարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշները,
12) սահմանում է հանրային գրադարանների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը:
Հոդված 14. Գրադարանային գործի ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները
1. Գրադարանային գործի ոլորտում տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են հետեւյալ պարտադիր լիազորությունները`
1) կազմակերպում եւ կառավարում են համայնքային ենթակայության գրադարանների գործունեությունը` ապահովելով համայնքի բնակչությանը գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների մատուցումը գրադարանի միջոցով,
2) ապահովում են համայնքային ենթակայության գրադարանների շենքերի պահպանման, շահագործման եւ նորոգման աշխատանքները:
Հոդված 15. Գրադարանների գործերով խորհրդի լիազորությունները
1. Գրադարանների գործերով խորհրդի կազմում ընդգրկվում են ազգային եւ պետական նշանակության, մարզային ու համայնքային գրադարանների, գրադարանային աշխատողների, հասարակական կազմակերպությունների, միությունների եւ ասոցիացիաների ներկայացուցիչներ, գիտնականներ ու մասնագետներ:
2. Խորհուրդը գրադարանների ռազմավարական զարգացման, գիտական ծրագրերի, դրանց ֆինանսավորման, բյուջետային միջոցների բաշխման հարցերի վերաբերյալ իր առաջարկությունները ներկայացնում է պետական լիազորված մարմնին:
3. Գրադարանային գործերով խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը լիազորված պետական մարմնի ներկայացմամբ` 3 տարի ժամկետով:
ԳԼՈՒԽ 5.
ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 16. Գրադարանների իրավունքները
1. Գրադարաններն իրավունք ունեն`
1) իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ պայմանագիր կնքելիս սահմանել գրադարանային հավաքածուի օգտագործման պայմանները,
2) ինքնուրույն որոշել իրենց գործունեության բովանդակությունը, ուղղություններն ու ձեւերը` գրադարանի կանոնադրությամբ սահմանված նպատակներին եւ խնդիրներին համապատասխան,
3) հիմնադրի հետ համաձայնեցնելով՝ հաստատել գրադարանից օգտվելու կանոնները,
4) սահմանել մշտական պահպանության համար նախատեսված հնատիպ գրքերի եւ այլ նյութերի սպասարկման, դրանց կրկնօրինակման, արտահանման սահմանափակումներ` գրադարանից օգտվելու կանոններին համապատասխան,
5) սահմանել գրադարաններին պատճառած վնասի փոխհատուցման տեսակը եւ չափը` գրադարանից օգտվելու կանոններին համապատասխան,
6) իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն գրադարանների կողմից մատուցվող ծառայությունների ցանկի ընդլայնման նպատակով` եթե այն վնաս չի պատճառի գրադարանի հիմնական գործունեությանը,
7) ստեղծել գրադարանային միավորումներ` գործող օրենսդրությամբ սահմանված կարգով,
8) դրամաշնորհային կամ այլ մրցութային ծրագրերի միջոցներով մասնակցել գրադարանային գործի զարգացման պետական եւ մարզային ծրագրերի իրականացմանը,
9) սահմանված կարգով իրականացնել համագործակցություն, այդ թվում` գրքափոխանակություն օտարերկրյա պետությունների գրադարանների եւ այլ կազմակերպությունների հետ, անդամակցել միջազգային կազմակերպություններին, մասնակցել միջազգային գրադարանային ծրագրերի իրականացմանը,
10) ինքնուրույն որոշել հավաքածուների համալրման աղբյուրները,
11) գրադարանային հավաքածուներից դուրս գրել եւ իրացնել` փաստաթղթերի դուրսգրման կարգին համապատասխան, բացառությամբ նրանց, որոնք համարվում են մշակութային հուշարձան` հնատիպ գրքեր կամ նյութեր` անկախ գրադարանի կազմակերպական իրավական տեսակից եւ սեփականության ձեւից,
12) գրադարանները ունեն ձեռքբերման առաջնահերթության իրավունք պետական ծրագրերով հրատարակված նյութերի նկատմամբ եւ արտահերթ` լուծարված գրադարանների հավաքածուների նկատմամբ:
Հոդված 17. Գրադարանների պարտականությունները
1. Գրադարաններն իրնեց գործունեությամբ ապահովում են քաղաքացիների իրավունքների իրականացումը, որոնք սահմանվում են սույն Հայաստանի Հանրապետության օրենքով: Գրադարաններից օգտվողների սպասարկումն իրականացվում է գրադարանի կանոնադրությամբ, գրադարանից օգտվելու կանոններով եւ գործող օրենսդրությամբ:
2. Գրադարանները պարտավոր են հաշվետվություն ներկայացնել հիմնադրին եւ ազգային վիճակագրական ծառայության մարմիններին` գործող օրենսդրությանը համապատասխան:
3. Պետական գրադարանները, գրադարանից օգտվողների պահանջին համապատասխան, պարտավոր են տրամադրել տեղեկույթ իրենց գործունեության, հավաքածուների օգտագործման եւ համալրման ուղղությամբ:
4. Գրադարաններն ապահովում են գրադարանային հավաքածուների կազմում ընդգրկված փաստաթղթերի հաշվառումը, համալրումը, պահպանությունը` լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով:
5. Գրադարանները պահպանում են գրադարանից օգտվողների, նրանց հարցումների գաղտնիությունը, եթե այդ տեղեկությունները օգտագործվում են գիտական նպատակների եւ գրադարանային սպասարկման կազմակերպման համար:
6. Գրադարանները, որոնց գրադարանային հավաքածուներում առկա են գրավոր հուշարձաններ (հնատիպ գրքեր, նյութեր), ապահովում են նրանց պահպանությունը, պետական հաշվառումը եւ դրանց վերաբերյալ տեղեկույթի տրամադրումը, հնատիպ գրքերի մատենագիտական պետական գրացուցակում գրանցելու համար:
7. Գրադարանները պարտավոր են իրազեկել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գրադարանի ծառայություններից օգտվելու կանոնների մասին:
8. Գրադարանները իրենց գործունեության մասին հաշվետու են հիմնադրին եւ (կամ) լիազորված պետական մարմնին:
ԳԼՈՒԽ 6.
ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 18. Գրադարանային ծառայություններից օգտվելու իրավունքը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում յուրաքանչյուր ոք ունի գրադարանային ծառայություններից օգտվելու իրավունք` անկախ սեռից, ազգությունից, տարիքից, կրթությունից, սոցիալական վիճակից, քաղաքացիական համոզմունքներից, դավանանքից:
2. Քաղաքացիների գրադարանային ծառայություններից օգտվելու իրավունքը ապահովվում է`
1) հանրային գրադարանների ցանցի ստեղծմամբ, որոնք անվճար իրականացնում են գրադարանի գործունեության հիմնական տեսակները,
2) գրադարանների տեսակների բազմազանությամբ, գրադարանների զարգացման գործում պետական հոգածությամբ` անկախ նրանց կազմակերպական-իրավական տեսակից, սեփականության ձեւից, բնույթից եւ գործունեության ծավալից:
Հոդված 19. Գրադարանից օգտվողների իրավունքները
1. Գրադարանից օգտվողները իրավունք ունեն՝
1) օգտվել գրադարանի հավաքածուից, հիմնական ծառայությունների ցանկից՝ սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված կարգին եւ գրադարանից օգտվելու կանոններին համապատասխան (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի),
2) օգտվել միջգրադարանային բաժնույթի ծառայություններից,
3) անվճար ստանալ տեղեկույթ գրադարանային հավաքածուներում ընդգրկված պահանջվող փաստաթղթի վերաբերյալ,
4) պահանջմունքներին եւ հետաքրքրություններին համապատասխան` օգտվել մատչելիության եւ գրադարանի ընտրության իրավունքից,
5) հանրային բնույթի գրադարաններում`
ա. օգտվել գրադարանից` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, իսկ անչափահասները` իրենց օրինական շահերը ներկայացնող անձի փաստաթղթի հիման վրա,
բ. անվճար ստանալ լիարժեք տեղեկույթ գրադարանային հավաքածուների կազմի մասին` գրացուցակների եւ տեղեկույթի տրամադրման այլ միջոցներով,
գ. անվճար ստանալ խորհրդատվություն տեղեկատվության աղբյուրների որոնման եւ ընտրության հարցերում,
դ. գրադարանային հավաքածուներից անվճար ստանալ ցանկացած փաստաթուղթ` ժամանակավոր օգտագործման համար,
ե. ստանալ փաստաթղթեր կամ նրանց կրկնօրինակը այլ գրադարաններից` միջգրադարանային բաժնույթի միջոցով,
զ. օգտվել նաեւ մատուցվող վճարովի ծառայություններից, որոնց ցանկը հաստատված է լիազոր մարմնի կողմից,
6) պետական եւ համայնքային գրադարաններում օգտվել գրադարանային հավաքածուների կազմում ընդգրկված հայերեն եւ այլ լեզուներով փաստաթղթերից,
7) կույր կամ վատ տեսնող անձինք իրավունք ունեն օգտվել գրադարանի ծառայություններից` տեղեկատվության հատուկ նյութական կրիչներից` գրադարանային մասնագիտացված համակարգի եւ այլ հանրային գրադարանների միջոցով,
8) գրադարանից օգտվողները, որոնք չեն կարող այցելել գրադարան տարիքի կամ ֆիզիկական սահմանափակումների պատճառով, իրավունք ունեն օգտվել հանրային գրադարանների հավաքածուների փաստաթղթերից ոչ առկա /ստացիոնար/ սպասարկման միջոցով («Ընտանեկան գրադարանավար»), որը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին,
9) երեխաները իրավունք ունեն օգտվել հանրային գրադարանների մանկական ստորաբաժանումների ծառայություններից եւ հանրակրթական ուսումնական հաստատությունների գրադարաններից:
Հոդված 20. Գրադարանից օգտվողների պարտականությունները
1. Գրադարանից օգտվողները պարտավոր են պահպանել գրադարանի ծառայություններից եւ գրադարանային հավաքածուից օգտվելու կանոնները:
2. Գրադարանին նյութական վնաս պատճառելու եւ գրադարանային հավաքածուներից օգտվելու կանոնները խախտելու դեպքում գրադարանից օգտվողները փոխհատուցում են` սահմանված գրադարանի ծառայություններից օգտվելու կանոններին համապատասխան, ինչպես նաեւ կրում պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 7.
ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 21. Գրադարանների ֆինանսավորումը
1. Պետական գրադարանների ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
2. Համայնքային գրադարանների ֆինանսավորումը իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
3. Պետությունն աջակցում է հանրային գրադարանների ցանցի ձեւավորման գործընթացներին:
4. Ֆիզիկական սահմանափակում ունեցող անձանց գրադարանայինտեղեկատվական սպասարկումը իրականացվում է նպատակային ֆինանսավորման պետական ծրագրերով:
5. Ազգային գրադարանային հավաքածուում ` գրադարանային փաստաթղթեր եւ (կամ) հավաքածուներ ընդգրկած գրադարանները կամ անհատները ստանում են պետական աջակցություն` պահպանության ծախսերի մասնակի փոխհատուցում, Հայաստանի Հանրապետության Կառավարության սահմանած կարգով:
ԳԼՈՒԽ 8.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 22. Պատասխանատվությունը գրադարանների եւ գրադարանային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար
Սույն օրենքի պահանջները խախտող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 9.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 23. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից: