Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետ ության 2000 թվականի մայիսի 17-ի ՀO-60 oրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասի 8-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը» բառերից հետո լրացնել « - Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:» բառերով:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1 հոդվածով.
«Հոդված 2.1. Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը եւ ստուգումների պլանավորումը
1. Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը ստուգում իրականացնող մարմինների կողմից ստուգումների պլանավորման նպատակով իրականացվող միջոցառումների համալիր է:
Ռիսկը տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, պետության, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց գույքային շահերին, բնական եւ էներգետիկ պաշարների խնայողությանը վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը:
Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի միջոցով ստուգում իրականացնող մարմինը ստուգումները նպատակադրում է դեպի այն ոլորտները եւ վերահսկման օբյեկտները, որոնք առավել ռիսկային են:
2. Ստուգումները պլանավորելու նպատակով.
1) Ստուգում իրականացնող մարմինը հետազոտելով իր վերահսկման ոլորտը, մշակում է տվյալ ոլորտում տնտեսավարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները, որոնք պետք է ներառեն տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի ռիսկը եւ/կամ տնտեսավարող սուբյեկտի անհատական ռիսկերի հանրագումարը: Գործունեության ոլորտի ռիսկը ցուցանիշ է, որը հաշվարկելիս հիմք է ընդունվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի կարեւորությունն ու վտանգավորությունը` ըստ տվյալ գործունեությունից առաջացող հնարավոր բացասական հետեւանքների: Եթե տնտեսավարող սուբյեկտը գործունեություն է իրականացնում մի քանի ոլորտներում, ոլորտային ռիսկը հաշվարկվում է ամենառիսկային ոլորտի տվյալներով: Անհատական ռիսկը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, խախտումների պարբերականությունը, խախտումների վերացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաեւ տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող այլ ցուցանիշներ:
Ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը եւ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատվում են Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից, իսկ դրանց հաշվարկման եւ գնահատման կարգը հաստատում է ստուգում իրականացնող պետական մարմինը:
2) Ստուգում իրականացնող մարմինը վարում է տվյալների բազա, որը ներառում է տեղեկատվություն իր վերահսկման ոլորտում գործող բոլոր տնտեսավարող սուբյեկտների եւ ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշներով վերջիններիս տրված գնահատականի վերաբերյալ:
3) Ըստ ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների գնահատման տնտեսավարող սուբյեկտները դասակարգվում են հետեւյալ երեք խմբերից որեւէ մեկում.
ա. Բարձր ռիսկայնության,
բ. Միջին ռիսկայնության,
գ. Ցածր ռիսկայնության:
3. Ստուգում իրականացնող մարմինը բարձր ռիսկայնության խմբում ընդգրկում է իր կողմից ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների մինչեւ քսան տոկոսը:
4. Ստուգումնների տարեկան ծրագիրը կազմվում է` հաշվի առնելով տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը, եւ ներառում է հետեւյալ տեղեկությունները`
1) ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների լրիվ անվանումները,
2) յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտում անցկացված վերջին ստուգման ավարտի ամսաթիվը,
3) յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնություեւը,
4) յուրաքանչյուր ստուգման անցկացման ժամանակահատվածը:
5. Ստուգումների տարեկան ծրագիրը կազմվում է հետեւյալ համամասնությամբ.
1) բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտները կազմում են տվյալ տարում ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների առնվազն յոթանասուն տոկոսը,
2) ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտները կազմում են տվյալ տարում ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների առավելագույնը հինգ տոկոսը:
6. Ստուգումների տարեկան ծրագիրը մինչեւ ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի մեկը հաստատվում է ստուգում իրականացնող համապատասխան պետական մարմնի կողմից:
Ստուգումների տարեկան ծրագրում ըստ անհրաժեշտության կարող են կատարվել փոփոխություններ:
7. Սույն հոդվածի չորրորդ մասի առաջին եւ երկրորդ կետերով նախատեսված տեղեկատվությունը ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելիս եւ դրանում փոփոխություններ կատարելիս ենթակա է հրապարակման ստուգում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հաստատման պահից հետո եռօրյա ժամկետում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածը`
1. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1 մասով.
«1.1 Բոլոր ստուգումները, բացառությամբ հարկային եւ մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների, ինչպես նաեւ ՀՀ պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման /գնումների գործընթացի/ ճշտության եւ օրինականության նկատմամբ հսկողությանը, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից:
Ստուգաթերթերը մշակվում են յուրաքանչյուր համապատասխան ոլորտի եւ գործունեության տեսակի համար` հիմնվելով ստուգում իրականացնող յուրաքանչյուր մարմնի հսկողության ոլորտի եւ աշխատանքի առանձնահատկությունների վրա:
Ստուգաթերթի հարցերն ընդգրկում են տնտեսավարող սուբյեկտներին ՀՀ օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն պահանջների սպառիչ ցանկը, որոնց խախտումը կարող է վնաս հասցնել մարդու կյանքին կամ առողջությանը, կենդանիներին, շրջակա միջավայրին, քաղաքացիների, իրավաբանական անձանց կամ պետության գույքային իրավունքներին:
Ստուգաթերթերի հարցերը ձեւավորվում են նվազագույն բավարարության սկզբունքին համաձայն եւ չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը:
Ստուգաթերթերի հարցերը չեն կարող անմիջականորեն հղում պարունակել նորմատիվ իրավական ակտերին: Հարցի ձեւակերպման համար հիմք հանդիսացող իրավական նորմերը նշվում են առանձին սյունակով յուրաքանչյուր հարցի դիմաց:
Ստուգաթերթերը պարտադիր կարգով հրապարակվում են ստուգում իրականացնող համապատասխան մարմինների պաշտոնական ինտերնետային կայքերում:»
2. 2-րդ մասի առաջին պարբերությունում`
ա) «ստուգման հարցերը» բառերը փոխարինել «ստուգաթերթով նախատեսված այն հարցերի շրջանակը, որոնք անհրաժեշտ է պարզաբանել տվյալ ստուգման ընթացքում (հարկային եւ մաքսային մարմինների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաեւ ՀՀ պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման /գնումների գործընթացի/ ճշտության եւ օրինականության նկատմամբ հսկողության դեպքերում` ստուգման հարցերը)» բառերով,
բ) «ստուգման իրավական հիմքերը,» բառերից հետո լրացնել «սույն օրենքի չորրորդ հոդվածի երրորդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում` նաեւ ստուգումն անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները:»:
3. 4-րդ մասը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր պարբերությամբ`
«Ստուգում իրականացնող անձինք, բացառությամբ հարկային եւ մաքսային մարմինների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաեւ ՀՀ պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման /գնումների գործընթացի/ ճշտության եւ օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող անձինք, պետք է պատասխանեն բացառապես տվյալ գործունեության համար նախատեսված ստուգաթերթում ընդգրկված հարցերին եւ ստուգեն դրանք կարգավորող նորմերի կատարման պահանջները:»
Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածի.
1. 2-րդ մասում.
1) «իսկ հաշվետու տարվա արդյունքներով» բառերը փոխարինել «իսկ ստուգվող ժամանակաշրջանի որեւէ ֆինանսական տարվա արդյունքով» բառերով.
2) «օտարեկրյա պետություններ» բառից հետո լրացնել «եւ քրեական վարույթ իրակացնող մարմիներ» բառերով,
3) «հարցման պատասխանը ստանալուց հետո» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ ստուգմանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու դեպքում` դրանք վերադարձվելուց հետո» բառերով.
2. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3. Միեւնույն պետական մարմնի կողմից միեւնույն տնտեսավարող սուբյեկտում ստուգումները, կախված տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետեւյալ հաճախականությամբ.
1) Բարձր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ,
2) Միջին ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 3 տարին 1 անգամ,
3) Ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 5 տարին 1 անգամ:
Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված սահմանափակումները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ.
1) լրացել է ստուգում իրականացնող անձի կամ ստուգում իրականացնող պետական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտին օրենքով նախատեսված իր իրավասությունների շրջանակներում տրված նախկին ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունների եւ խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարականի (կարգադրագրի) ժամկետը.
2) ստուգում իրականացնող պետական մարմինը Հայաստանի Հանրապետության Վարչապետից ստացել է հանձնարարական, քաղաքացիներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ստացել է դիմում, իսկ պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից` գրավոր տեղեկատվություն կամ զանգվածային լրատվական միջոցների հրապարակումներից պարզվել է`.
ա. քաղաքացիների կյանքին, առողջությանը, իրավաբանական անձնաց, ֆիզիկական անձանց, պետության օրինական շահերին, կենդանիներին կամ շրջակա միջավայրին վնաս հասցնելու վտանգի, ինչպես նաեւ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման վտանգի մասին.
բ. քաղաքացիների կյանքին, առողջությանը, իրավաբանական անձնաց, ֆիզիկական անձանց, պետության օրինական շահերին, կենդանիներին կամ շրջակա միջավայրին վնաս հասցնելու, ինչպես նաեւ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման մասին.
գ. սպառողի իրավունքների խախտման մասին (այն քաղաքացիների դիմումի դեպքում, որոնց իրավունքները խախտվել են):
3) տնտեսավարող սուբյեկտի կողմից առնվազն երկու հաշվետու ժամանակաշրջանում չեն ներկայացվել օրենքով սահմանված հաշվետվությունները առանց այդ հաշվետվությունները ներկայացնելուն խոչընդոտող պատճառների վերաբերյալ գրավոր բացատրություններ ներկայացնելու,
4) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը դիմում է ներկայացրել իր մոտ ստուգում իրականացնելու վերաբերյալ,
5) իրականացվում են, ակցիզային դրոշմանիշների եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հաստատագրված վճարների մասին օրենքով սահմանված ելակետային տվյալների եւ դրանց ուղղիչ գործակիցների, ինչպես նաեւ չձեւակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումներ
6) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվում են ստուգումներ քաղաքաշինության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված բարձր կամ բարձրագույն ռիսկայնության շինարարության օբյեկտներում,
7) համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ստացած տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվում է վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպման ոլորտի գործունեություն.
8) տնտեսավարող սուբյեկտի կողմից խախտումներ կատարելու փաստը բացահայտվել եւ հիմնավորվել է այլ տնտեսավարող սուբյեկտում անցկացված ստուգման ընթացքում.
9) ստուգումը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության oրենսգրքին համապատասխան:
Սույն մասի 1-9-րդ կետերով նախատեսված դեպքերում անցկացվող ստուգումների ընթացքում պարզաբանվում են միայն այն հարցերը, որոնք հիմք են հանդիսացել այդ ստուգումներն իրականացնելու համար:
Այն դիմումները, որոնցով հնարավոր չէ ճշտել դիմումատուի անձը, ինչպես նաեւ սույն պարբերության 2-րդ կետով նախատեսված փաստերի մասին տվյալներ չպարունակող դիմումները ստուգում անցկացնելու հիմք չեն կարող հանդիսանալ:
Սույն մասով սահմանված տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին եւ ամսաթվին:
ՀՀ Կառավարությունը հաստատում է այն կազմակերպությունների ցանկը, որոնցում, կախված վերջիններիս գործունեության ոլորտի հանրության եւ պետության համար կենսական նշանակությունից, տվյալ ոլորտը վերահսկող ստուգում իրականացնող պետական մարմինների կողմից ստուգումներ բացառության կարգով կարող են իրականացվել վեց ամիսը մեկ անգամ:»
2. 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր առաջին պարբերությամբ.
«Եթե առկա են սույն օրենքով սահմանված վերստուգումներ անցկացնելու իրավական հիմքերը, ստուգող մարմինն իրավունք ունի սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով մեկ ստուգման համար սահմանված ժամանակահավածում իրականացնել կրկնակի ստուգում: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող տնտեսավարող սուբյեկտի համալիր կամ թեմատիկ ստուգումից հետո նույն տնտեսավարող սուբյեկտում նույն ժամանակաշրջանի համար կատարվող պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ցանկացած ստուգում համարվում է կրկնակի ստուգում:»:
Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածի առաջին պարբերությունում «մեկ տարվա ընթացքում» բառերը փոխարինել «սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված ժամանակահատվածում» բառերով:
Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 6. Ստուգման արդյունքների ամփոփում
1. Ստուգման հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետն ավարտվելուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում ստուգումն իրականացնող անձը ստուգաթերթի հարցերի պատասխանների, իսկ հարկային եւ մաքսային մարմինների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաեւ ՀՀ պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման /գնումների գործընթացի/ ճշտության եւ օրինականության նկատմամբ հսկողության դեպքերում` հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա ամփոփում է ստուգման արդյունքները` խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմում տեղեկանք, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում` ակտի նախագիծ: Տեղեկանքը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձեւով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Ակտի նախագիծը ստուգում իրականացնող անձը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` առարկություններ ներկայացնելու նպատակով:
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ակտի նախագիծը:
Սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից առարկություններ չներկայացնելու դեպքում ստուգող մարմինը կազմում է ակտը եւ դրա մեկ օրինակը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, ժամկետի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձեւով (առձեռն կամ փոստով) ներկայացնում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետում ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու դեպքում ստուգող մարմինը ուսումնասիրում է դրանք եւ առարկություններ ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ակտի մեկ օրինակը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, պատշաճ ձեւով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ստորագրմանը: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից ներկայացված առարկությունները կցվում են ակտին եւ կազմում նրա անբաժանելի մասը:
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից ակտը ստորագրելուց հրաժարվելու դեպքում ակտում այդ մասին կատարվում է համապատասխան գրառում:
Եթե տնտեսավարող սուբյեկտը պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություն է, ապա ակտի մեկ օրինակն ուղարկվում է պետական կառավարման վերադաս մարմնին:
Ստուգող մարմնի պաշտոնատար անձը ստուգման ակտի հիման վրա, օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակներում, տնտեսավարող սուբյեկտին տալիս է հանձնարարականներ (կարգադրագրեր) բացահայտված խախտումների եւ թերությունների վերացման ուղղությամբ` սահմանելով ժամկետներ դրանց վերացման համար:
2. Խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմված տեղեկանքում արձանագրվում են այն կազմելու ամսաթիվն ու տեղը, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի եւ տնտեսավարող սուբյեկտի անվանումները, ստուգող պաշտոնատար անձանց կազմը, ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները:
Ակտում նշվում է`
1) ակտի անվանումը, համարը, կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը եւ վայրը,
2) ստուգում իրականացնող պետական մարմնի անվանումը,
3) ստուգում նշանակելու մասին հրամանի կամ հանձնարարագրի ամսաթիվն ու համարը,
4) ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը,
5) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի անվանումը, ինչպես նաեւ վերջինիս պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի անունը, ազգանունը,
6) ստուգում անցկացնելու ամսաթիվը, վայրը եւ ժամանակահատվածը,
7) փորձագիտական եզրակացությունը՝ ստուգման ընթացքում փորձաքննություն անցկացնելու դեպքում: Փորձագիտական եզրակացությունը կցվում է ակտին եւ կազմում է դրա անբաժանելի մասը.
8) ստուգաթերթի անվանումը, ընդունման ամսաթիվը, հերթական համարը, որում ընդգրկված հարցերի շրջանակներում իրականացվել է ստուգումը, ինչպես նաեւ ստուգաթերթի այն հարցերը, որոնց պատասխանները հիմք են հանդիսացել խախտումն արձանագրելու համար, բացառությամբ հարկային եւ մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների, ինչպես նաեւ ՀՀ պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման /գնումների գործընթացի/ ճշտության եւ օրինականության նկատմամբ հսկողության դեպքերի,
9) ստուգման արդյունքում բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը, եթե հնարավոր է որոշել, եւ այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել,
10) պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը,
11) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից ներկայացված առարկությունների ընունման վերաբերյալ նշումներ:
Եթե ստուգման ընթացքում արձանագրված խախտումները եւ դրանց հիման վրա տնտեսավարող սուբյեկտին առաջադրված պատասխանատվությունը հիմնվում է համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների կողմից կամ նրանց միջեւ կիրառված գների վերաբերյալ ստուգումն իրականացնող մարմնի կողմից կատարված համեմատական ուսումնասիրությունների եւ վերլուծությունների վրա, ապա ստուգման ակտին կցվում է նաեւ նշված ուսումնասիրության եւ վերլուծության վերաբերյալ տեղեկանքը:
3, Ստուգումների հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:
Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «օրենքով սահմանված ժամկետներում» բառերը փոխարինել «երկու ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան չի նախատեսվում» բառերով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը եւ գործում է Օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված այն մարմինների համար, որոնք օրենքով սահմանված կարգով հաստատում եւ ներդնում են ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով մշակում, հաստատում եւ հրապարակում են իրենց հսկողության ոլորտի ստուգաթերթերը:
Սույն հոդվածի առաջին պարբերության պահանջներին չբավարարող ստուգում իրականացնելու իրավասությամբ օժտված մարմինները ստուգումն իրականացնում են սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված ցածր ռիսկայնության սուբյեկտների համար սահմանված հաճախականությամբ, բացառությամբ հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի: