Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1164-10.05.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 19-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից արտահայտված վիրավորանքից եւ զրպարտությունից` սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 1087.1 հոդվածը շարադրել հետեւյալ կերպ.

«Հոդված 1087.1. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները

1. Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

2. Վիրավորանքը անպարկեշտ խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված արտահայտությունն է:

Անպարկեշտ արտահայտությունը տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:

3. Զրպարտությունը անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով ակնհայտ սուտ փաստացի տվյալներ ներկայացնելն է:

4.  Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե`

1) դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում.

2) դա տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, եւ եթե փաստացի տվյալները ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը եւ հիմնավորվածությունը, ինչպես նաեւ հավասարակշռված եւ բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները.

3) այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից:

5. Անձը վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվություն չի կրում, եթե իր արտահայտած եւ(կամ) տարածած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաեւ այլ անձի արտահայտության, այլ անձի ներկայացրած եւ(կամ) տարածված տեղեկատվության, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, եւ դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):

6. Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետեւյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձեւը սահմանում է դատարանը.

2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը եւ ծավալը սահմանում է դատարանը.

3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ 500-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

7. Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետեւյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձեւը եւ պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին»2 Հայաստանի Հանրապետության օրենքով.

2) Եթե նշված տեղեկությունները պարունակվում են կազմակերպությունից ելնող փաստաթղթում, ապա նման փաստաթուղթը պետք է փոխարինվի կամ հետ կանչվի:

3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ 800-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

9. Եթե վիրավորանքը կամ զրպարտությունը տարածելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը տարածողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը:

10. Անձը չի կարող օգտվել սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներից, եթե նա մինչեւ դատարան դիմելը «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահանջել է հերքում եւ (կամ) իր պատասխանի հրապարակում, եւ լրատվական գործունեություն իրականացնողը կատարել է այդ պահանջը:

11. Սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետերով սահմանված փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ`

1) վիրավորանքի կամ զրպարտության եղանակը եւ տարածման շրջանակը.

2) վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը:

Սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված դեպքերում փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը չպետք է հաշվի առնի վիրավորանքի կամ զրպարտության հետեւանքով պատճառված գույքային վնասը:

12. Սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում: Մամուլով տարածված վիրավորանքը կամ զրպարտությունը համարվում է հրապարակման օրը հայտնի դարձած»:

Հոդված 3. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ  եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը նպատակ ունի ապահովել անձի պատվի եւ արժանապատվության ապահովումը, հստակեցնել զրպարտություն եւ վիրավորանք հասկացությունները, զրպարտության եւ վիրավորանքի համար պատասխանատու անձանց շրջանակը եւ համարժեք դարձնել պատասխանատվությունը:

1. ՀՀ Սահմանադրության`

- 14-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից,

- 3-րդ հոդվածի համաձայն` մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

ՀՀ ԱԺ-ն, սակայն, մինչ օրս ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չի լրացրել  բարոյական վնասի փոխհատուցման մասին օրինադրույթով (հոդվածով)` չապահովելով մարդու արժանապատվության պաշտպանությունը, իսկ 18.05.2010թ-ին ընդունված ՀՀ քաղաքացիական, քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ  եւ լրացում կատարելու մասին օրենսդրական փաթեթն (այսուհետ` օրենսդրական փաթեթ) էլ վերաբերում է վիրավորանք եւ զրպարտություն հանցակազմերն ապաքրեականացնելուն:

Օրենսդրական փաթեթով, սակայն, անձինք զրկվել են Սահմանադրությամբ երաշխավորված իրենց պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ հրապարակային վիրավորելու եւ զրպարտելու դեպքերում իրավական ու դատական պաշտպանության հնարավորությունից, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 եւ 1087.1 հոդվածները անձի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը ոչ հրապարակային արատավորելու համար պատասխանատվության որեւէ ձեւ (այդ թվում ոչ նյութական) չեն սահմանում, ինչն ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 3 եւ 14  հոդվածներին:

Նման հակասահմանադրական բացը լրացնելու համար էլ անհրաժեշտ է կատարել առաջարկվող փոփոխությունները, որոնք քաղաքացիաիրավական պատասխանատվություն են սահմանում անձի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը ոչ միայն հրապարակային արատավորելու դեպքերի համար:

2.  Որպես օրենսդրական փաթեթի ընդունման հիմնավորում, ներկայացվել էր, որ «ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ եւ 136-րդ հոդվածներով նախատեսված է պատասխանատվություն զրպարտության եւ վիրավորանքի համար, սակայն խոսքի ազատության որեւէ դրսեւորման կապակցությամբ քրեական պատասխանատվությունը միջազգային ժողովրդավարական չափանիշներով չի համարվում համաչափ: Նկատի ունենալով սույն հանգամանքը առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ եւ 136-րդ հոդվավածները ...»:

Ի հակառակ վերը նշված հիմնավորման, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում զրպարտություն եւ վիրավորանք հասկացություններից հանվել են արտահայտությանը վիրավորանքի եւ զրպարտության որակ տվող այնպիսի հատկություններ, ինչպիսիք են «անպարկեշտ»-ը վիրավորանքի դեպքում եւ «ակնհայտ սուտ»-ը զրպարտության դեպքում:

Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ցանկացած փաստական անճշտություն կամ գնահատող կարծիք կարող է որակվել որպես զրպարտություն կամ վիրավորանք, այն դեպքում, երբ այդ հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով:

Նման վիճակը օրենքի անորոշության հետեւանք է, ինչը հակասում է Սահմանադրության 1-ին հոդվածով երաշխավորված իրավական պետության բնույթին:

Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 135 հոդվածը զրպարտության համար անձի սեփականության իրավունքի միջամտություն (տուգանք) էր նախատեսում մինչեւ 1.000.000 դրամի չափով, իսկ 136 հոդվածը` վիրավորանքի համար`  մինչեւ 800.000 դրամի չափով, ինչը փաթեթի ընդունման հիմնավորման մեջ ներկայացվել էր որպես անհամաչափ պատասխանատվություն, սակայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով զրպարտության եւ վիրավորանքի համար  պատասխանատվություն սահմանվեց համապատասխանաբար մինչեւ 1.000.000 եւ 2.000.000 դրամի չափով, ինչը տուգանքի ձեւով քրեական պատասխանատվությունից շատ ավելի մեծ գումարի պատասխանատվություն է եւ էլ ավելի անհամաչափ միջամտություն է Սահմանադրությամբ երաշխավորված անձի սեփականության իրավունքին:

Օրենսդրական փաթեթի հիմնավորումներում նշված նման հակասահմանադրական շեղումները եւ իրավակիրառ պրակտիկայում դրանց հետեւանքները վերացնելու համար էլ առաջարկվում է որոշակիացնել «վիրավորանք» եւ «զրպարտություն» հասկացությունները, դրանց մեջ ներառելով համապատասխանաբար «անպարկեշտ» եւ «ակնհայտ սուտ» եզրույթները,  ինչպես նաեւ վիրավորանքի համար փոխհատուցում սահմանել մինչեւ 500.000, իսկ զրպարտության համար մինչեւ 800.000 դրամի չափով, ապահովելու համար վիրավորանքի եւ զրպարտության համար, որպես պատասխանատվություն սեփականության իրավունքին միջամտության համաչափությունը:

3. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի գործող տարբերակի 4-րդ եւ 12-րդ մասերի իրավակարգավորումը առաջարկվող նախագծով դադարեցվել է, քանի որ Արտիկլ 19 կազմակերպության «Սահմանել զրպարտությունը» հրապարակման 7-րդ սկզբունքում ամրագրված է, որ տեղեկությունները կեղծ լինելը ապացուցելու պարտականությունը պետք է կրի հայցվորը (տես` օրենսդրական փաթեթի տեղեկանք-հիմնավորումը), իսկ 12-րդ մասի իրավակարգավորումն արդեն իսկ առկա է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17 հոդվածում եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68 հոդվածում:

4. Սույն նախագծում հստակեցվել են «ներկայացնել» եւ «տարածել» հասկացությունները:

Օրինագիծը մշակվել է փաստաբան Կարեն Մեժլումյանի կողմից, որը ինձ առաջարկել է հանդես գալ համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ: